ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24.
1. Հյուպատոսական հաշվառումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց անհատական տվյալները լիազոր պետական մարմնին կամավոր հայտնելու գործընթաց է:
2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար իրենց անհատական տվյալները կարող են ներկայացնել անձամբ, փոստով կամ հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:
4. Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-91-Ն |