ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 11-ին
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում յոթերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ինքնաբուխ հրապարակային միջոցառում` կոնկրետ երևույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող` մինչ այդ երևույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին և առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:».
2) 4-րդ մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «պաշտոնական» բառից հետո ավելացնել «հիմնավորված» բառը, իսկ «Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաև սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում» բառերը հանել.
3) 4-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն.
«Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».
4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ մաս.
«6.1. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տևել վեց ժամից ավելի: Նույն երևույթի կամ իրադարձության առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել և պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Զանգվածային» բառից առաջ ավելացնել «Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների,» բառերը.
2) 2-րդ մասի «անցկացնելու» բառից հետո ավելացնել «այլ միջոցառումներ և» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե» բառից հետո ավելացնել «իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ.
«1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.».
2) 3-րդ մասի վերջին պարբերությունում «սահմանելով» բառից առաջ ավելացնել «նշելով դադարեցման պահանջի իրավական հիմքը և» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-74-Ն |