ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2009 թվականի N 907-Ն
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):
(1-ին կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)
2. Սահմանել, որ`
1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետն է.
2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ինտեգրման հարցերի բաժնի պետն է.
3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).
4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը:
(2-րդ կետը փոփ., լրաց. 17.12.09 N 1472-Ն, փոփ. 28.08.14 N 893-Ն)
3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման մասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց իրազեկելը:
(6-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն)
7. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
(7-րդ կետը փոփ. 05.04.12 N 402-Ն, 06.02.14 N 104-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 10 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 06.02.14 N 104-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:
(1-ին կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողով: Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքները դադարելուց հետո 15 աշխատանքային oրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
(3-րդ կետը փոփ. 06.02.14 N 104-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում (այսուհետ` լիազոր մարմին) հաշվառված ինչպես նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված այն անձանց աշխատանքային ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
(4-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)
5. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը, իսկ բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.
2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.
3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:
(5-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն)
III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
6. Հանձնաժողովն անձի գրավոր դիմում-հայտարարությունն ստանալուց հետո այն քննարկում և ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով`
1) անձն իր գրավոր դիմումը հանձնում (կամ փոստով առաքում) է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն) կամ այն մարզի մարզպետարանի աշխատակազմ, որտեղ ինքը բնակվում է.
2) մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը դիմումները հաշվառում է և առաքում ստաժ սահմանող հանձնաժողովին:
(6-րդ կետը փոփ.17.12.09 N 1472-Ն)
7. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:
Հանձնաժողովը գրավոր հարցման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական արխիվից ստանում է Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալներ:
(7-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն)
8. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է`
1) բռնագաղթած անձանց դեպքում` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար, բայց լիազոր մարմնում նրա հաշվառվելու ժամկետից ոչ ավելի.
2) բռնի տեղահանված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած ժամանակաշրջանի համար:
(8-րդ կետը խմբ. 08.07.10 N 835-Ն)
9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր oրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել 2003 թ. ապրիլի 10-ին և դրանից հետո` այդ հանգամանքը ճշտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:
(10-րդ կետը փոփ. 06.02.14 N 104-Ն)
11. Հանձնաժողովն աշխատանքային ստաժը սահմանելուց հետո անձի աշխատանքային գրքույկում կատարում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տալիս է որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Աշխատանքային գրքույկում, որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու oրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով:
(11-րդ կետը փոփ. 06.02.14 N 104-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:
14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 oր առաջ: Հանձնաժողովն իր նիստերը գումարում է միգրացիոն պետական ծառայությունում, անհրաժեշտության դեպքում` այն մարզերի մարզպետարաններում, որտեղ բռնագաղթվածներից դիմումներ են ստացվել:
(14-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու oրվա, ժամի և տեղի մասին.
2) նիստի oրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 oր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.
4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.
5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.
7) ստաժը սահմանվելու դեպքում անձի աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում:
19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 oրինակից:
21. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարեցնելուց հետո 10 աշխատանքային oրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների (որոշումների) մեկ oրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:
22. Հանձնաժողովի ընդունած որոշման մասին, անձի ցանկությամբ, նրան տրվում է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք:
23. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաև հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:
24. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց oրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի oրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:
25. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:
26. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:
27. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը և մարզպետարանների աշխատակազմերը:
(հավելվածը փոփ.17.12.09 N 1472-Ն, լրաց., խմբ. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.01.2016, N 24-Ն | 28.01.2016, N 907-Ն | |
13.11.2014, N 1268-Ն | 27.11.2014, N 907-Ն | |
28.08.2014, N 893-Ն | 20.09.2014, N 907-Ն | |
06.02.2014, N 104-Ն | 20.02.2014, N 907-Ն | |
05.04.2012, N 402-Ն | 19.04.2012, N 907-Ն | |
08.07.2010, N 835-Ն | 31.07.2010, N 907-Ն | |
17.12.2009, N 1472-Ն | 31.12.2009, N 907-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|