ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1396-Ն
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1622-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հողի բերրի շերտի օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1622-Ն որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 65-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի (այսուհետ` բերրի շերտ) նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Բերրի շերտի արդյունավետ օգտագործումը ներառում է նաև դրա հանումը, տեղափոխումը, պահպանումը և հաշվառումը:
3. Բերրի շերտը հողային ծածկույթի վերին շերտի բուսահողն է, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով: Այն կարող է օգտագործվել նաև ջերմոցային տնտեսությունների վարման նպատակներով:
4. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը:
5. Բերրի շերտի օգտագործման ժամանակ պետք է բացառվեն բարելավվող տարածքների աղտոտումը վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում` թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
6. Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն:
7. Բերրի շերտը կարող է հանվել քաղաքաշինական գործունեության իրականացման, օգտակար հանածոների արդյունահանման դեպքերում, ինչպես նաև այն գյուղատնտեսական նշանակության հողամասերից, որոնց հզորությունը կազմում է 1,5 մետր և ավելի:
8. Այն դեպքերում, երբ օգտագործվող հողամասը գյուղատնտեսական շրջանառության վերադարձնել հնարավոր չէ (քաղաքաշինական և այլ շինարարական աշխատանքների դեպքերում), ապա բերրի շերտը տեղափոխվում է այնտեղ, որտեղ հողի բարելավման կամ իրացման անհրաժեշտություն կա:
9. Այն դեպքերում, երբ հողամասը ենթակա է վերականգնման (օգտակար հանածոների արդյունահանում, երկրաբանահետախուզական և այլ ժամանակավոր աշխատանքներ), ապա բերրի շերտը տեղափոխվում և պահպանվում է վերականգնվող հողամասի մոտ, որպես կանոն, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի վրա:
10. Այն դեպքերում, երբ բերրի շերտը հանվում է գյուղատնտեսական հողամասերից, որոնց հզորությունը կազմում է 1,5 մետր և ավելի, ապա բերրի շերտի հանելուց հետո հողի հզորությունը չի կարող պակաս լինել քան 1.0 մետրը:
11. Բերրի շերտի պահպանությունն իրականացվում է հողի սեփականատիրոջ կամ օգտագործողի միջոցների հաշվին:
12. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից բերրի շերտը հանելու դեպքում բերրի շերտի տեղափոխումն իրականացվում է այն անձի հաշվին, ում կարիքների համար օգտագործվելու է բերրի շերտը, այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերից բերրի շերտը հանելու դեպքում բերրի շերտի տեղափոխման ծախսերի բաշխումն իրականացվում է պայմանագրով սահմանված կարգով:
13. Մեկ հողամասի կամ նույն սեփականատիրոջը պատկանող տարբեր հողամասերի սահմաններում գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար հողի բերրի շերտը կարելի է հանել ու տեղափոխել առանց սահմանափակման:
14. Բերրի շերտը հողամասից հողամաս տեղափոխելու համար, դրա նախաձեռնողը, համապատասխան գրավոր համաձայնություն է ստանում հողամասի սեփականատիրոջից, որտեղ նշվում են տեղափոխվող բերրի շերտի ծավալը, տեղափոխելու նպատակն ու ժամկետները: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից բերրի շերտի տեղափոխման համաձայնությունը տալիս է համայնքի ղեկավարը, իսկ պետական սեփականության հողամասերից` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը:
15. Եթե հողամասի սեփականատերը հանդիսանում է պետությունը կամ համայնքը, ապա համապատասխան համայնքի ղեկավարը կամ մարզպետը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է նախաձեռնողին` բերրի շերտը հողամասից հողամաս տեղափոխելու համար իր համաձայնության կամ անհամաձայնության մասին: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում չպատասխանելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված՝ բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշված հողերի:
16. Բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը չի կարող տրվել այն դեպքում, երբ սեփականատերն ունի`
1) հողերի յուրացման ծրագիր.
2) վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա խախտված հողեր.
3) գյուղատնտեսական նշանակության հող, որի հզորությունը 1,5 մետրից պակաս է.
4) աղտոտված հող` վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում` թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
17. Հողամասի սեփականատերը բերրի շերտի տեղափոխման գրավոր համաձայնության մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին՝ մինչև տեղափոխման գործընթացն սկսելը` նշելով տեղափոխվող բերրի շերտի ծավալը, տեղափոխելու նպատակն ու ժամկետները:
18. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տվյալները հաշվառվում ու գրանցվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում` տարեկան տվյալների հաշվառման համապատասխան մատյանում:
19. Հաշվառման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում կատարվում է նշում էջերի քանակի մասին և կնքվում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից:
20. Հաշվառման մատյանը պարունակում է բերրի շերտը հողամասից հողամաս տեղափոխելու նպատակով դրա նախաձեռնողի անունը, ազգանունը, հասցեն, սեփականատիրոջ կողմից տրված համաձայնության ամսաթիվը և բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևի հերթական համարը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշման N 2 հավելվածի:
21. Սույն կարգին համապատասխան բերրի շերտը հանելիս` դրա տեղափոխման և պահպանման աշխատանքները չիրականացնող հողի սեփականատերը և օգտագործողը պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշման |
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ձ ԵՎ
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Մարզը (համայնքը) ___________________________________________________
Հանված հողի բերրի շերտի`
մակերեսը (քառ. մետր) _________________________________________
ծավալը (խոր. մետր) ___________________________________________
Տեղափոխված բերրի հողի ծավալը (խոր. մետր) ____________________________
Կուտակված (պահպանվող)
բերրի հողի ծավալը (խոր. մետր) ___________________________
Ում է թույլատրվել ____________________________________________________
Թույլտվության ամսաթիվը _____________________________________________
Մարզպետը _________________________________ _______________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կատարողը _________________________________ _______________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |