Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.54
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4786/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4786/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արմֆրագազ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի` 38.127.000 ՀՀ դրամի վճարման պարտավորությունը կատարելուն Ընկերությանը պարտադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտը:

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությունից բռնագանձել Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտով առաջադրված 38.127.000 ՀՀ դրամ պարտավորության գումարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 2052-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, 86-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ստուգման ակտով նախատեսված շահութահարկի պարտավորությունը հարկային տեսուչների կողմից առաջադրվել է Ընկերության կրեդիտորական պարտքերը «դուրս գրված» ճանաչելու պատճառով։ Այդ պարտքերը դուրս գրված են ճանաչվել հարկային մարմնի նախաձեռնությամբ` առանց ստուգելու պարտքերն այդպիսին ճանաչելու իրավական հիմքերի առկայությունը։ Ավելին, ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրմանկարգը հաստատելու մասին» թիվ 2052-Ն որոշման 7-րդ կետը սահմանում է, որ անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում, հետևաբար «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժա» ենթակետով սահմանված կարգով դուրսգրման փաստը (եթե նույնիսկ պարտքերը դուրս գրված լինեին) չի կարող ճանաչվել որպես ներված պարտավորություններ:

Դատարանը, դատաքննության ընթացքում արձանագրելով գործում զրոյական հաշվետվության բացակայությունը, որի ապացուցման պարտականությունը կրում էր հարկային մարմինը, որևէ կերպ չի անդրադարձել այդ կարևորագույն ապացույցի բացակայությանը: Ընկերությունը բազմիցս արտահայտել է իր առարկությունը և հիմնավորումները կրեդիտորական պարտքը ներված չլինելու մասին, ավելին, Դատարանը, չունենալով կոնկրետ ապացույց` փաստական հանգամանք, կրեդիտորական պարտքերը ներված լինելու վերաբերյալ, և այդ հաշվետվության վերաբերյալ Ընկերության առարկությունների պայմաններում, այնուամենայնիվ հաստատված է համարել կրեդիտորական պարտքերի ներված լինելը, ինչն էլ հանգեցրել է Դատարանի կողմից ոչ օբյեկտիվ և իրավական հիմնավորումից զուրկ վճիռ կայացնելուն:

Դատարանի վճիռն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1462/ՏԴ և 21.12.2006 թվականի թիվ 3-2504/ՏԴ քաղաքացիական գործերով կայացված որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է բեկանել Դատարանի 01.04.2010 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության կողմից Ընկերությունում կատարվել է ստուգում, որի արդյունքում 22.09.2009 թվականին կազմվել է թիվ 1005093 ստուգման ակտը: Ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ Ընկերությունը, 23.02.2009 թվականից գտնվելով լուծարման գործընթացում, 2009 թվականից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 190.635.000 ՀՀ դրամի չափով, ինչի համար նրան առաջադրվել է լրացուցիչ պարտավորություն վերը նշված գումարի 20 տոկոսի չափով` 38.127.000 ՀՀ դրամ։ Ստուգող մարմինն այդ եզրահանգման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը հարկվող շահույթը որոշելիս 10.06.2009 թվականի դրությամբ ներկայացված լուծարային հաշվեկշռում համախառն եկամտի մեջ չի ներառել 204.979.000 ՀՀ դրամի ներված պարտավորությունը` խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժա» ենթակետի պահանջները (գ.թ. 12-14):

2) Գևորգ Չաքմիշյանի 10.07.2009 թվականի հայտարարության համաձայն` Գևորգ Չաքմիշյանը հայտնել է, որ «Գազ դե Ֆրանս» ընկերությունը հրաժարվում է Ընկերության բոլոր կրեդիտորական պարտքերից: Նշված գրությունը ստորագրելիս Գևորգ Չաքմիշյանը հանդես է եկել որպես «Գազ դե Ֆրանս» ընկերության ներկայացուցիչ (գ.թ. 27):

3) Գևորգ Չաքմիշյանի 25.06.2009 թվականի հայտարարության համաձայն` Գևորգ Չաքմիշյանը հայտնել է, որ Ընկերության հիմնադիրների ժողովի 27.01.2009 թվականի որոշման հիմքով ինքը Ընկերության լուծարող է ճանաչվել, և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայտարարություն է տվել Ընկերության լուծարման մասին և մեկամսյա ժամկետում որևէ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ պահանջ չի հայտնել Ընկերության կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (գ.թ. 46):

4) «Գազ դե Ֆրանս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Հաեստիերի 03.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` «Գազ դե Ֆրանս» ընկերությունը հայտնել է, որ «հաստատում է, որ որպես հայկական օրենսդրության համաձայն գործող «Արմֆրագազ» ընկերության բաժնետեր և պարտատեր, չի հրաժարվում Ընկերության 207.599.000 ՀՀ դրամ պարտքի պահանջից, որը հաշվառված է Ընկերության հաշվապահական հաշվեկշռում: Այդ պարտքն առաջացել է անտոկոս փոխառության պայմանագրերից» (գ.թ. 58):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-6-րդ և 9-րդ հոդվածների համաձայն` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը, որը հարկատուի համախառն եկամտի և նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է: Ընդ որում, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նույն օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից: Նույն oրենքի իմաստով ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը, բ) սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը, գ) ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը, դ) պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

Նույն հոդվածի 2-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն` նույն օրենքի իմաստով եկամուտների թվին են դասվում անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների։

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորությունների ներումը, որը հանգեցնում է հաշվետու տարվա ընթացքում հարկատուի պարտավորությունների նվազմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը, որակվում է որպես եկամուտ: Ընդ որում, նման բնույթի եկամտի առկայության համար անհրաժեշտ են հետևյալ հանգամանքները` 1. հարկատուի պարտավորության առկայությունը երրորդ անձի (պարտատիրոջ) հանդեպ, 2. հարկատուի կողմից պարտավորության կատարված չլինելը, 3. հարկատուի պարտավորության ներումը պարտատիրոջ կողմից:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքում կազմված ակտի 1-ին կետով պարզվել է, որ Ընկերությունը, 23.02.2009 թվականից գտնվելով լուծարման գործընթացում, 2009 թվականից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 190.635.000 ՀՀ դրամի չափով, ինչի համար նրան առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն վերը նշված գումարի 20 տոկոսի չափով` 38.127.000 ՀՀ դրամ։ Ընդ որում, վարչական մարմինն այդ եզրահանգման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը հարկվող շահույթը որոշելիս, 10.06.2009 թվականի դրությամբ ներկայացված լուծարային հաշվեկշռում համախառն եկամտի մեջ չի ներառել 204.979.000 ՀՀ դրամի ներված պարտավորությունը` խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժա» ենթակետի պահանջները:

Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 01.01.2009 թվականի հաշվապահական հաշվեկշռում որպես ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորություններ արտացոլվել է «Գազ դե Ֆրանս» ընկերության հանդեպ ունեցած 191.139.000 ՀՀ դրամ պարտքը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 6.004.600 ՀՀ դրամ պարտքը, «Արմենտել» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 210.400 ՀՀ դրամ պարտքը և Հայկ Բալասանյանի հանդեպ ունեցած 7.675.000 ՀՀ դրամ պարտքը: Իսկ 14.07.2009 թվականին հարկային տեսչություն ներկայացված` 01.01.2009-10.06.2009 թվականի ժամանակահատվածի համար ներկայացված լուծարային հաշվեկշռում Ընկերությունն արձանագրել է կրեդիտորական պարտքերի բացակայությունը, և քանի որ այդ պարտքերը փաստացի չէին մարվել, հետևաբար ակնհայտ է, որ դրանք դուրս են գրվել հաշվեկշռից` որպես ներված պարտավորություններ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը «Գազ դե Ֆրանս» ընկերության հանդեպ ունեցած 191.139.000 ՀՀ դրամ պարտքը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 6.004.600 ՀՀ դրամ պարտքը, «Արմենտել» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 210.400 ՀՀ դրամ պարտքը և Հայկ Բալասանյանի հանդեպ ունեցած 7.675.000 ՀՀ դրամ պարտքը պարտատերերի կողմից ներված լինելու հանգամանքները հաստատել է առանց բավարար ապացույցների առկայության: Մասնավորապես` Դատարանը նշված հանգամանքն ապացուցված է համարել Ընկերության կողմից 14.07.2009 թվականին հարկային տեսչություն ներկայացված լուծարային հաշվեկշռով, որը, սակայն, սույն գործի նյութերում առկա չէ:

Բացի այդ, Դատարանը «Գազ դե Ֆրանս» ընկերության հանդեպ ունեցած պարտքը ներված լինելու հանգամանքը հաստատված է համարել նաև Գևորգ Չաքմիշյանի 10.07.2009 թվականի հայտարարությամբ, այնինչ սույն գործով Դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկել Գևորգ Չաքմիշյանի` «Գազ դե Ֆրանս» ընկերության անունից հանդես գալու լիազորությունների առկայությունը ճշտելու ուղղությամբ, ավելին, սույն գործում առկա` «Գազ դե Ֆրանս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Հաեստիերի 03.02.2010 թվականի տեղեկանքով ուղղակիորեն հերքվում են Գևորգ Չաքմիշյանի 10.07.2009 թվականի հայտարարության մեջ նշված հանգամանքները:

 

Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով Դատարանի 01.04.2010 թվականի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Արմֆրագազ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան