Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-34-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (15.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ռազմական նշանակության արտադրանք՝ զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության գույք, ռազմական աշխատանքներ և ծառայություններ, ռազմակրթական, ռազմատեխնիկական կամ ռազմակիրառական գիտական կամ ռազմական նշանակության համար կիրառվող տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).

2) զենք՝ սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային և դեկորատիվ նշանակություն.

3) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված հրաձգային զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, հարվածային մեխանիզմը և փակաղակը.

4) ակոսափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր.

5) ողորկափող հրազեն՝ հրազեն, որն ունի ողորկ անցուղով փող կամ փողեր, այդ թվում՝ 140 մմ-ից ոչ ավելի երկարություն ունեցող ակոսավոր մասով.

6) սառը զենք՝ կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.

7) նետողական զենք՝ (ներառյալ աղեղներ՝ 27 կգ/ուժ-ից բարձր ձգողության ուժ ունեցող, և արբալետներ՝ 43 կգ/ուժ-ից բարձր ձգողության ուժ ունեցող) սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.

8) օդաճնշիչ զենք՝ սարք, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին նպատակաուղղված շարժում հաղորդելու միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.

9) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր և նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն.

10) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառոդ) և նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ և այլն).

11) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առևտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում և դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, պահում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում և արտահանում), տարանցիկ փոխադրում և առևտրի միջնորդական գործունեություն.

12) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

13) զենքով պարգևատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

14) զենքի պարագաներ՝ զենքի կոթը, նշանոցը, պահեստատուփը, մաքրման հարմարանքները, բոցամարիչի և փողաբերանի արգելակի փողհատուցիչի տեսակները կամ այն լրասարքը, որը նախագծված կամ հարմարեցված է զենքը պահելու, տեղադրելու, փոխադրելու կամ զենքին կցելու, ամրացնելու միջոցով օպտիկական, գիշերային կամ ջերմատեսիլ սարքի միջոցով զենքի նշանառության հնարավորությունները բարելավելու համար: Զենքի պարագա է համարվում նաև զենքի ցանկացած այլ լրասարք, որը չի համարվում զենքի հիմնական բաղկացուցիչ մաս կամ չի փոխարինում դրան.

15) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու և կրելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության վայրում, զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձի զենք պահելու զետեղարանում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

16) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենք տեղափոխել չհամարվող արարքը և զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված և դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.

17) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ (առանց փամփուշտի) պահեստատուփով, ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, նետողական զենքի դեպքում՝ փաթեթավորված և անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.

18) ուսումնական զենք՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար պիտանի: Ուսումնական զենք կարող է հանդիսանալ նաև մալած զենքը.

19) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը կամ այլ դետալները փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

20) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի հիմնական բաղկացուցիչ մասերը և մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

21) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որը կարող է ունենալ սիրողական, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն.

22) մալած զենք՝ կրակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.

23) գազային զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտները կամ փչող (ցրող) սարք, որը նախատեսված է կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

24) գազային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը և Կառավարության սահմանած՝ օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար.

25) լուսաձայնային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը) և լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.

26) ուսումնական փամփուշտ՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից և բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին և կառուցվածքին համապատասխան, և որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը, կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինեն տարբերակիչ սեղմվածքներ․

27) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կամ ազդանշանային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար, և որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, և որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան, կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմերից, թղթից) փոխարինողը.

28) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.

29) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված և որոշակի պայմաններում պայթելու ունակ ցանկացած սարք.

30) ազդանշանային զենք՝ սարք, որը նախատեսված է անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար.

31) ազդանշանային փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.

32) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության՝ առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի՝ ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը.

33) էլեկտրահարող զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ ատրճանակի նմանվող սարք, կայծային պարպիչ և այլ կրովի սարք, որոնք նախատեսված են էլեկտրահարության միջոցով կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

34) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն՝ կարճափող զենք և անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի, վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար.

35) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և վնասվածքային գործողության նետվող առարկան.

36) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են զենք օգտագործելու կամ գործադրելու հետ կապված գործառույթներ.

37) պետական ռազմականացված կազմակերպություններ՝Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, պետական սուրհանդակային ծառայություն.

38) հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից վերցված (հայտնաբերված) ակոսափող հրազեններից կրակված պարկուճների, գնդակների և հետքեր ունեցող փամփուշտների, Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող ակոսափող զենքի (մինչև 12,7 մմ տրամաչափի), ինչպես նաև առգրավված, հայտնաբերված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված) զենքերի ձգաբանական հետազոտման ենթարկված և նմուշառված գնդակների, պարկուճների հավաքածու, որտեղ հաշվառումն իրականացվում է բնօրինակներով և էլեկտրոնային եղանակով.

39) քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

40) զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելների ցանկի հրապարակային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

41) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական և ծառայողական զենքի, փամփուշտների և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

42) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ), որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին․

43) հրաձգարան` իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ և փակ:»։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «զենք համարվող հրազենը» բառերը փոխարինել «զենքն իր կառուցվածքով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական զենքի տեսակներն են՝

1) ողորկափող հրազեն.

2) համակցված հրազեն, այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

3) երկար ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավելի երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավելի տրամաչափ ունեցող փողով.

4) օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.

5) գազային զենք.

6) ազդանշանային զենք.

7) սառը զենք.

8) էլեկտրահարող զենք․

9) նետողական զենք։»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում սույն օրենքով սահմանված կարգով:».

2) 9-րդ մասի «Պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական» բառերը փոխարինել «Ծառայողական» բառով։

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մարտական է համարվում այն զենքը, որը նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար և, օրենսդրությանը համապատասխան, ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ, բացառությամբ քաղաքացիական և ծառայողական զենքի: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն: Կրակահերթով կրակելու հնարավորություն ունեցող մարտական զենք կարող են ունենալ նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք՝ առանձնահատուկ ծառայողական խնդիրների լուծման համար:».

2) 3-րդ մասի «Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական» բառերը փոխարինել «Մարտական» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա․ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 250 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսավոր փողով, 400 մմ-ից պակաս երկարություն ունեցող ողորկ փողով կամ փողային տուփով և փողով և 600 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող երկարափող հրազեն, ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 600 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.»,

բ․ 2-րդ կետի «ինքնաշեն հրազեն» բառերը փոխարինել «ինքնաշեն զենք» բառերով, «նմանեցված հրազեն» բառերը՝ «նմանեցված զենք» բառերով,

գ․ 5-րդ կետի «սարք» բառը փոխարինել «զենք» բառով,

դ․ 8-րդ կետի «և էլեկտրահարող» բառերը հանել, «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,

ե․ 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, որի շեղբը կամ սայրը դուրս է գալիu բռնակից հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով կամ ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ և ինքնաբերաբար ամրակցվում, բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դրանց պատճենների և կրկնօրինակների:».

2) 2-րդ մասում՝

ա․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության նպատակով կառուցված կամ արտադրված հարմարանքներ տեղադրելը.»,

բ․ 7-րդ կետի «սարք» բառը փոխարինել «զենք» բառով,

գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը.»,

դ․ 11-րդ կետի «5000» թիվը փոխարինել «3000» թվով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պաշտոնական» բառից հետո լրացնել «հրապարակային» բառով.

2) 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերը հանել, իսկ նույն մասերը «փամփուշտների» բառից առաջ լրացնել «դրանց» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիցենզիա տրամադրող պետական մարմինը:»:

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա․1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով, «փամփուշտներ» բառը հանել,

բ․ 2-րդ կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով,

գ․ 3-րդ կետի «զենք պահելու և օգտագործելու թույլտվություն» բառերը փոխարինել «քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և օգտագործելու թույլտվություն (այսուհետ՝ զենք պահելու և օգտագործելու թույլտվություն)» բառերով.

2) 3-րդ մասում՝

ա․ 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով,

բ․ 3-րդ կետի «քաղաքացիական» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ նույն կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ զենք պահելու և կրելու թույլտվություն)» բառերով,

գ․ 8-րդ կետի «մարտական կամ ծառայողական» բառերը հանել, իսկ նույն կետը «դեպքում» բառից հետո լրացնել «՝ զենք» բառով.

3) 4-րդ մասի 1-ին կետի «թույլտվություն» բառը փոխարինել «թույլտվություններ» բառով.

4) 5-րդ մասի «քաղաքացիական հրազեն» բառերը փոխարինել «զենք» բառով.

5) 9-րդ մասը «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, որի ընթացքում ստուգվում է նաև քաղաքացու բնակության վայրում զենքի պահպանման պայմանների առկայությունը,» բառերով, իսկ նույն մասի «զենք կրելու,» բառերը փոխարինել «զենք» բառով.

6) 11-րդ մասում՝

ա․ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ․ 5-րդ կետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն» բառերով,

գ․ 7-րդ կետը «զենքի» բառից առաջ լրացնել «առաջին անգամ զենք ձեռք բերելիս» բառերով.

7) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում նաև թույլտվությունների ժամկետները երկարաձգելու կամ զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություններ ստանալու համար։»։

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա․ 4-րդ կետի «մյուս» բառը հանել,

բ․ 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ.»,

գ․ 10-րդ կետը «դիտավորյալ» բառից հետո լրացնել «կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված» բառերով, «անձի նկատմամբ» բառերից առաջ՝ «տվյալ» բառով.

2) 2-րդ մասը «համապատասխան լիցենզիայից» բառերից հետո լրացնել «և թույլտվությունից» բառերով.

3) 4-րդ մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «, կասեցման» բառով։

 

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա․ 1-ին կետը «գործողությունը» բառից հետո լրացնել «կասեցվել կամ» բառերով,

բ․ 3-րդ կետը «կամ փամփուշտներ» բառերից առաջ լրացնել «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր» բառերով,

գ․ 5-րդ կետի «քաղաքացիական կամ ծառայողական զենքի կամ որպես պարգև տրված» բառերը հանել.

2) 9-րդ մասը «Զենքի» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետը «զենքի» բառից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով.

3) 2-րդ մասի «հատկացվում է» բառերը փոխարինել «և ուսումնական փամփուշտներ հատկացվում են» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15. Զենքի շրջանառությունը պետական ռազմականացված կազմակերպություններում

 

1. Պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «ձեռք բերել» բառերից հետո լրացնել «առավելագույնը» բառով.

2) 6-րդ մասի «Քննությունից ազատվում է այն քաղաքացին, որը ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում և ունի զենք պահելու և կրելու իրավունք:» նախադասությունը փոխարինել «Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, կամ նրանք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի:» նախադասությամբ.

3) 8-րդ մասի «օդաճնշիչ սարքը» բառերը փոխարինել «օդաճնշիչ զենքը» բառերով, «էլեկտրահարող սարքերը» բառերը՝ «էլեկտրահարող զենքը» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «մեկ միավոր զենք» բառերից հետո լրացնել «, մեկ միավոր հրազենի հիմնական բաղկացուցիչ մաս» բառերով, իսկ նույն մասի «տրվում է» բառերից հետո «զենքի» բառը հանել.

2) 5-րդ մասի «օդաճնշիչ սարքը» բառերը փոխարինել «օդաճնշիչ զենքը» բառերով, «էլեկտրահարող սարքերը» բառերը՝ «էլեկտրահարող զենքը» բառերով․

3) 9-րդ մասը «տարեկան» բառից հետո լրացնել «առավելագույնը» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

 ա․ 1-ին կետը «սերտիֆիկատ» բառից հետո լրացնել «, ակոսափող զենքի դեպքում՝ նաև գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանք» բառերով,

բ․ 2-րդ կետի «զենք ձեռք բերելու թույլտվություն» բառերը փոխարինել «թույլտվությունը» բառով,

գ․ 5-րդ կետը «տվյալները» բառից հետո լրացնել «, ակոսափող զենքի դեպքում՝ նաև գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանքի պատճենը,» բառերով, «ոստիկանությունից» բառից հետո՝ «զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու» բառերով,

դ․ 6-րդ կետը «տրամադրել» բառից հետո լրացնել «կամ վաճառել փամփուշտներ» բառերով, «տրամադրած՝» բառից հետո՝ «տվյալ տեսակի» բառերով, «դեպքում» բառից հետո՝ «, իսկ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) քաղաքացիական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառելը՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, փամփուշտներ վաճառելը՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.»:

 

Հոդված 17. Օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը «փամփուշտների» բառից հետո լրացնել «վերալիցքավորում և» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «համապատասխան պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական ռազմականացված կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «համաձայն» բառից հետո լրացնել «, որից հետո տրվում է համապատասխան տեղեկանք՝ զենքի հաշվառման վերաբերյալ» բառերով.

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացվելուց և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենքը հաշվառում և տրամադրում է քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ:».

3) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Իրավաբանական անձը զենք պահելու զետեղարանի գտնվելու վայրի հասցեն, իսկ քաղաքացին զենքն իր մշտական բնակության վայրից տեղափոխելիս, եթե գերազանցելու է 10 օրը, ապա տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ զետեղարանը կամ զենքը նոր հասցեում հաշվառելու համար:».

4) 12-րդ մասում՝

ա․ «օդաճնշիչ սարքը» բառերը փոխարինել «օդաճնշիչ զենքը» բառերով, «էլեկտրահարող սարքերը» բառերը՝ «էլեկտրահարող զենքը» բառերով,

բ․ «պարպիչները,» բառից հետո լրացնել «մինչև 27 կգ/ուժ (ներառյալ) ձգողության ուժ ունեցող աղեղները, մինչև 43 կգ/ուժ (ներառյալ) ձգողության ուժ ունեցող արբալետները,» բառերով,

գ․«և քաղաքացին դրանք առանց թույլտվության կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» բառերը փոխարինել «և դրանք վաճառելու իրավունք ունեն միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ և փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն անվտանգության կանոններին համապատասխան: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաև գնդակի արգելակման խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչև բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորություն:».

2) 7-րդ մասի «սարքեր» բառը փոխարինել «զենքեր» բառով.

3) 10-րդ մասի «, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները» բառերը հանել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Արգելվում է կառուցել, նախագծել բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորությամբ: Հրաձգարանների վրայով քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքների նորմերը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը:»:

 

Հոդված 21. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած և» բառերը հանել.

2) 5-րդ մասի «ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների» բառերը հանել:

 

Հոդված 22. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով․

2) 7-րդ մասի «մեկ տարվա» բառերը փոխարինել «երկու տարվա» բառերով, «տվյալ անձի մոտ» բառերը հանել, «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը առգրավում կամ վերցնում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը» բառերով։

 

Հոդված 23. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն օրենքի ընդունմանը հաջորդող չորս ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. փետրվարի 2

Երևան

ՀՕ-34-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան