Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-261
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.04.2023-10.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
11 նոյեմբերի 1998 թ.

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

(վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

 

1. Սույն օրենքը կարգավորում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ՝ հուշարձան) հայտնաբերման, վավերագրման, ուսումնասիրման, պետական հաշվառման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման, ինչպես նաև դրանց պատմական միջավայրի պահպանության և օգտագործման գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները պետության պահպանության ներքո են:

(1-ին հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 1.1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձան՝ պետական հաշվառման վերցված և հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական կամ հնագիտական կամ ճարտարապետական կամ մոնումենտալ արվեստի կամ գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող հնագիտական շերտերը, քարեդարյան կայանները, քարայր-կացարանները, կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց զբաղեցրած և պատմականորեն դրանց հետ կապված տարածքով, դրանց մաս կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, որմնանկարները, պատմամշակութային արգելոցները, պատմական լանդշաֆտները և հիշարժան վայրերը, պատմական բնակավայրերի քաղաքաշինական և պատմական կենտրոնները՝ անկախ պահպանվածության աստիճանից.

2) պատմամշակութային օբյեկտ՝ նոր հայտնաբերված և պետական հաշվառման վերցված օբյեկտ, որը դեռևս չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ.

3) նորահայտ հուշարձան՝ մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող որոշակի կարգավիճակ ստացած՝ նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտ.

4) հուշարձանի տարածք՝ հուշարձանի տարածքն իր զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածք.

5) պատմական միջավայր՝ մարդու գործունեությամբ ձևավորված պատմական և մշակութային որոշակի արժեք ունեցող միջավայր.

6) հուշարձանի պահպանական գոտիներ՝ հուշարձանի պահպանության, կառուցապատման կարգավորման կամ տեղանքապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիների տարածքներ և դրանցում օգտագործման պայմանակարգ (ռեժիմ) սահմանող փաստաթուղթ.

7) հուշարձանի պահպանության գոտի՝ հուշարձանի պատմական միջավայրի անմիջական ազդեցության և (կամ) հնարավոր հնագիտական շերտերի որոշակի պահպանության պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք.

8) կառուցապատման կարգավորման գոտի՝ հուշարձանի քաղաքաշինական միջավայրի պահպանության, ներդաշնակ և բարենպաստ տեսողական ընկալման պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք.

9) տեղանքապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտի՝ հուշարձանի պատմական միջավայրի բնական կամ պատմականորեն ձևավորված բնապատմական ռելիեֆի, ջրային մակերեսների և բուսականության պահպանության ռեժիմ ունեցող տարածք.

10) հուշարձանի ուսումնասիրություն՝ հուշարձանի ու դրա տարածքի մատենագրական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի վավերագրում, հավաքում, հնագիտական, երկրաբանական, ինժեներական (նյութագիտական, կոնստրուկտորական, տեխնիկական վիճակի և այլ) հետազոտություններ.

11) հնագիտական հետախուզում՝ որոշակի տարածքների համալիր հետազոտություն հնագիտական օբյեկտների հայտնաբերման, քարտեզագրման, նկարագրության նպատակով, վերգետնյա կառույցների կամ այլ բաղկացուցիչների՝ տարբեր մեթոդներով վավերագրում կամ փոքրածավալ ստուգողական պեղումների իրականացում.

12) հնագիտական պեղում՝ մշակութային շերտերի, հնագիտական օբյեկտների ու հուշարձանների՝ դաշտային պայմաններում կատարվող գիտահետազոտական և գիտագործնական համալիր ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են տարածքների վերգետնյա, ստորգետնյա և ստորջրյա տեղազննության, մշակութային շերտերի բացման, հայտնաբերված նյութական մնացորդների ու հետքերի՝ տարբեր եղանակներով փաստագրման և վավերագրման միջոցով.

13) հուշարձանի վերականգնողական աշխատանք՝ հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գործունեության իրականացում.

14) հուշարձանի պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգ (ռեժիմ)՝ հուշարձանների պահպանական գոտիների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման պայմաններին, պահանջներին և սահմանափակումներին վերաբերող պարտադիր դրույթներ.

15) պատմամշակութային հիմնավորման նախագիծ՝ պատմական բնակավայրերի, դրանց կենտրոնների կամ առանձին հատվածների պահպանության և օգտագործման պայմանակարգ, ինչպես նաև կառուցապատման թույլատրելի դրույթներ սահմանող նախագիծ (ծրագրային փաստաթուղթ).

16) հուշարձանների պետական կադաստր՝ պետական տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների և դրանց տարածքների, պահպանական գոտիների և դրանցում առկա հողատեսքերի, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, պետական հաշվառման փաստաթղթերի և վավերագրերի մասին.

17) մշակութային շերտ՝ մարդկային գործունեությամբ առաջացած, այդ գործունեության մասին վկայող նյութական մնացորդներ պարունակող վերգետնյա, ստորգետնյա կամ ստորջրյա շերտ.

18) պատմական բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մշակութային ինքնատիպության պահպանության համար կարևոր նշանակություն ունեցող՝ հնագիտական, պատմական, ճարտարապետական, քաղաքաշինական, գեղագիտական, գիտական կամ սոցիալ-մշակութային այլ արժեքներ ներառող բնակավայր.

19) հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն՝ հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման կանխարգելիչ միջոցառումների համակարգ.

20) արգելոց-թանգարան՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, գիտալուսավորչական, կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն, որն ստեղծվում է ավանդական և պատմական (մշակութային և բնական) միջավայրում անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև անշարժ հուշարձանախմբերի, պատմական, բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերի (լանդշաֆտի) ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով.

21) հնագիտական պարկ՝ հնագիտական այն համալիր հաստատությունները, որոնք ստեղծվել են հնագիտական ժառանգության թանգարանացման իրագործման համար հնագույն ժամանակներում պատմականորեն ձևավորված տարածքների վրա հստակ տեղայնացված հուշարձանների սահմաններում` ապահովելու վերջիններիս հնագիտական, մշակութային և բնական ամբողջական արժեքների պահպանությունը, հետազոտումը և հանրահռչակումը.

 22) համամարդկային նշանակության հուշարձան՝ հայ ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների առավել բարձրարժեք, բացառիկ նմուշները, որոնք ունեն պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք, կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային ժառանգության ցանկում:

(1.1-ին հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 2. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Սահմանադրությունը, սույն օրենքը, այլ օրենքներ ու իրավական ակտեր:

 

Հոդված 3. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿը և ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակն է`

ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.

բ) այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը:

Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`

ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների սահմանումը.

բ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.

գ) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.

դ) հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականատիրության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:

 

Հոդված 4. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներն են`

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց պահպանական գոտիներով, դրանց շրջապատող պատմական միջավայրը` կառուցապատումը, բնական կամ արհեստական լանդշաֆտը:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացվում է այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:

 

Հոդված 5. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.

դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

 

Հոդված 6. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:

Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:

Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`

ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, պետական գերեզմանատներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր.

բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, պետական գերեզմանատներ.

գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ.

դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:

(6-րդ հոդվածը փոփ. 29.04.15 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 7. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ՌԱՍԱՅԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 8. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ իրավասությունները

(վերնագիրը փոփ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական և մարզային պետական ծրագրերը.

գ) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.

դ) հաստատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը.

դ1) հաստատում է պետական սեփականություն համարվող հուշարձանների գույքային իրավունքների պետական գրանցման կարգը.

ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ, արգելոց-թանգարաններ, հնագիտական պարկեր և հաստատում դրանց կանոնադրությունները.

զ) միջազգային նորմերի սահմաններում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանման, ամրակայման, նորոգման, վերականգնման և քարոզչական միջոցառումների իրականացմանը.

է) թույլտվություն է տալիս հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու և փոփոխելու համար.

է1) հաստատում է հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները.

ը) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 9. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ իրավասությունները

(վերնագիրը փոփ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

 

Լիազորված մարմինը`

ա) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում և վերահսկում է դրանց իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը.

գ) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.

ե) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.

զ) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.

է) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում կատալոգներ, ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում է հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.

է1) հաստատում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը.

է2) հաստատում է հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը.

ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).

թ) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը.

ժ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում է հուշարձանների անվթարության ապահովումը.

ժբ) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.

ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.

ժդ) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.

ժե) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 10. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինները`

ա) մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

բ) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում.

գ) միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

դ) մասնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին:

 

Հոդված 11. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը.

բ) աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը.

գ) սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները.

դ) հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին.

զ) լիազորված մարմնի համաձայնությամբ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերը և շինությունները.

է) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիս կասեցնում են այդ աշխատանքներն ու այդ մասին անհապաղ հայտնում լիազորված մարմնին` օրենսդրությամբ սահմանված կարգով.

ը) ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.

թ) հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիազորված մարմնին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձևից:

Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:

Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են անժամկետ:

 

Հոդված 13. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄը և ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ և իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության վերցնելու համար:

Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ հուշարձանի գտնվելու վայրի, և հուշարձանի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հոդված 14. Հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը և ցուցակներից հանելը

(վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

 

1. Հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը, ցուցակներից հանելը կատարվում են ըստ համապատասխան չափորոշիչների՝ լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հուշարձանների պետական ցուցակում նոր հուշարձան՝ պատմամշակութային օբյեկտ ընդգրկելու առաջարկություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և օտար երկրների պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության գիտական, մշակութային կազմակերպություններն ու ստեղծագործական միությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունները` համապատասխան հիմնավորմամբ և տեղեկատվությամբ դիմելով լիազոր մարմին:

3. Հուշարձանը պետական ցուցակից հանվում է միայն այն դեպքում, երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր պատմամշակութային և գիտական արժեքը:

(14-րդ հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 15. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է`

ա) հուշարձանների հայտնաբերումը և պետական հաշվառումը.

բ) հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը.

գ) պատմամշակութային արգելոցների ստեղծումը.

դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.

ե) հուշարձանների և դրանց տարածքի պահպանության ապահովումն ու վերահսկումը.

զ) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը.

է) հուշարձանների պեղումների, ամրակայման, վերականգնման, նորոգման աշխատանքների և օգտագործման կարգերի սահմանումը.

ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:

 

Հոդված 16. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:

Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել`

ա) հուշարձանի պահպանության գոտին.

բ) կառուցապատման կարգավորման գոտին.

գ) լանդշաֆտի պահպանման գոտին:

Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև դրանց պահպանության գոտու և պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 17. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

 

Պատմամշակութային արգելոցները հուշարձանների այն համակառույցները, համալիրներն ու հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում:

Պատմամշակութային արգելոցն ստեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական և պատմականորեն ձևավորված արհեստական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի և դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով:

Պատմամշակութային արգելոց ստեղծելու առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:

Պատմամշակութային արգելոցի տարածքի հողօգտագործումը կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Բնության հատուկ պահպանվող տարածքներում հուշարձանների պահպանությունն ապահովում են այդ տարածքները տնօրինող պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված տարածքների սահմաններում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

 

Հոդված 19. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ

 

Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից` կազմվում է բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծ:

Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերի առաջադրանքները կազմում է լիազորված մարմինը և սահմանված կարգով հաստատում պետական կառավարման տարածքային մարմնի (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) հետ համատեղ:

(19-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-222-Ն)

 

Հոդված 20. ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:

Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ:

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:

(21-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-222-Ն)

 

Հոդված 22. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՆԵՐԱՌՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ և ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ և ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:

 

Հոդված 23. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց անմիջական մասնակցությամբ, նախաձեռնությամբ, հովանավորությամբ, նվիրատվությամբ, ֆինանսական և նյութատեխնիկական օգնությամբ կարող են աջակցել հուշարձանների հայտնաբերման, պետական հաշվառման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման աշխատանքներին, կարող են ներկայացնել և քննարկման դնել բնագավառի վերաբերյալ մասնակի կամ համալիր առաջարկներ, ծրագրեր:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 24. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարվում են`

ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության և արվեստի պատմության, ազգագրության և այլ բնագավառներում` գիտության զարգացման նպատակով.

բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով.

գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման և դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու և իրականացնելու նպատակով:

 

Հոդված 25. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվություն տալիս է լիազորված մարմինը` միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

 

Հոդված 26. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովում ընդգրկվում են պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

 

Հոդված 27. ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ

 

Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողն աշխատանքների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանսավորողն ու կազմակերպողն է: Նա սահմանված կարգով պատասխանատու է աշխատանքների ընթացքում հուշարձանների անվթարության ապահովման և պեղումներով հայտնաբերված հուշարձանների ամրակայման, գիտական վավերագրման և նյութերի ու արդյունքների հրապարակման համար:

Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք: Հետախուզության և հնագիտական պեղումների կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող չի կարող լինել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը:

 

Հոդված 28. ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը տվյալ հուշարձանը պեղելու համար թույլտվություն (բաց թերթիկ) ունեցող մասնագետն է:

Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը պատասխանատու է ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանությունը և անվթարությունն ապահովելու համար:

 

Հոդված 29. ՀՆԱՎԱՅՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի, ամրոցների ամբողջական պեղումը: Դրանց տարածքի մի մասն անհրաժեշտ է պահպանել հաջորդ սերունդների` առավել կատարելագործված մեթոդներով ուսումնասիրությունների համար:

Բացառություն են կազմում այն հնավայրերը, որոնք բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ դատապարտված են անխուսափելի և արագ ոչնչացման:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 30. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հուշարձանների ամրակայման նպատակը տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հետագա քայքայման կամ ավերման կանխումն է:

Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է` առանց հուշարձանի տեսքի փոփոխության:

Նորոգում է համարվում նաև հուշարձանների հարմարեցումը (ադապտացիան), որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից օգտագործման համար:

Հուշարձանների վերականգնման հիմնական նպատակը հուշարձանների սկզբնական կամ պատմականորեն ձևավորված կերպարի մասնակի կամ լրիվ ամբողջացումն է` փաստագրական նյութերի գիտական, վերլուծական հիմնավորմամբ:

Քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով:

Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

 

Հոդված 31. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատուներ են հուշարձանների սեփականատերերը և օգտագործողները:

Պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատու կարող են լինել լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

 

Հոդված 32. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն:

 

Հոդված 33. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում են, եթե դրանք տարվում են հաստատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական սկզբունքների խախտումներով, կամ եթե դրանց շարունակումը կարող է վտանգել հուշարձանի անվթարությունը: Աշխատանքները կարող են վերսկսվել բացահայտված խախտումները կատարողի հաշվին վերացվելուց հետո:

Աշխատանքները դադարեցնելու իրավունք ունեն լիազորված մարմինը և պետական կառավարման տարածքային մարմինը` տեղյակ պահելով լիազորված մարմնին:

 

Հոդված 33.1. Պետական տուրքը

 

Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված թույլտվության համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(33.1-ին հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-126-Ն)

 

Հոդված 33.2. Պետական տուրքի վճարումը

 

1. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

4. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

(33.2-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-126-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 34. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հուշարձանների նկատմամբ սեփականության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 35. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում:

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(35-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-530-Ն)

 

Հոդված 35.1. Հուշարձանների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

 

1. Հուշարձանների վերաբերյալ բոլոր գործարքների մասին տվյալները գրանցում է լիազոր մարմինը:

2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը՝

1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.

2) հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության մասին տեղեկությունը տրամադրում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի լիազոր մարմնին:

(35.1-ին հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 36. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հուշարձանի սեփականատերը պարտավոր է`

ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.

բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.

գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.

դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.

զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:

(36-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-222-Ն)

 

Հոդված 37. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ

 

Հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:

Հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 38. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:

Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:

Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ:

Բացառապես գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով են օգտագործվում հին և միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդշեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները և այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման և օգտագործման` իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպես նաև դրանց հետ առնչվող մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները:

Հուշարձանների օգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Հուշարձանն օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը:

 

Հոդված 39. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Հուշարձաններն օգտագործման են տրամադրում դրանց սեփականատերը կամ օգտագործողը` կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ: Թույլատրվում է նաև հուշարձանի ենթավարձակալություն, եթե այն նախատեսված է վարձակալական պայմանագրով:

Հուշարձանն օգտագործման է տրամադրվում իր տարածքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 40. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հուշարձանն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Այդ պայմանները չկատարելու դեպքում`

ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում:

Օգտագործման իրավունքը կարող է նաև դադարեցվել, եթե 3 տարվա ընթացքում հուշարձանը չի օգտագործվում համապատասխան պայմանագրում նշված նպատակով:

 

Հոդված 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ համաձայնությամբ:

Հուշարձանները զբոսաշրջիկության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջիկային կազմակերպությունները համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:

Նշված նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 42. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը ֆինանսավորվում է`

ա) պետական և համայնքի բյուջեների միջոցներով.

բ) հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների միջոցներով.

գ) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.

դ) օրենքով չարգելվող այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 43. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվում են`

ա) հուշարձանների պետական հաշվառման, հետազոտման, գիտատեղեկատու և քարոզչական աշխատանքները.

բ) պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանության, անվթարության, ապահովման` ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:

Պետական բյուջեի միջոցներով անհրաժեշտության դեպքում ֆինանսավորվում են նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների անվթարության ապահովման` ամրակայման և վերականգնման աշխատանքները:

Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառման, ուսումնասիրման և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 44. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության և հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 45. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻն ԿԱՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ և ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 46. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 47. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքը և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1977 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքի կիրարկման կարգի մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-261

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան