ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
(գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և նպատակը |
Սույն օրենքը կարգավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման, միջուկային տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության, իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության, միջուկային վնասի, դրա փոխհատուցման և ատոմային էներգիայի օգտագործման հետ կապված այլ հարաբերություններ` անձնակազմի, բնակչության, շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:
Հոդված 2. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորումը |
Կառավարությունը և պետական կառավարման մարմինները սույն օրենքին համապատասխան իրականացվող ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորման գործընթացում`
ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերը մշակելիս և ընդունելիս ապահովում են դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ճանաչում և կիրառում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները.
գ) օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են կիրառել օտարերկրյա պետությունների` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող և իրավասու մարմինների տված սերտիֆիկատները, հավաստագրերը:
(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
անձնակազմ` անձինք, ովքեր ժամանակավոր կամ մշտապես աշխատում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում.
անվտանգություն (միջուկային և ճառագայթային)` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հատկություն` օբյեկտի բնականոն շահագործման և բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ` վթարների) դեպքում անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունները թույլատրված սահմաններով սահմանափակելը.
անվտանգության կուլտուրա` հիմնարկների, կազմակերպությունների գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.
ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ` օբյեկտ, որը նախատեսված է միջուկային էներգիայի և իոնացնող ճառագայթման օգտագործման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների արտադրության ու պահման, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար.
ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը.
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոն` պաշտոն, որը զբաղեցնող անձի ընդունած որոշումները կամ գործողությունները կարող են անմիջականորեն ազդել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգության մակարդակի վրա.
դիտարկման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման գոտուց դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողություն.
գեներացնող ճառագայթման աղբյուր` սարք, որն ունակ է առաջացնել իոնացնող ճառագայթում.
թույլտվություն` կարգավորող մարմնի կամ կառավարման այլ մարմնի տված գրավոր թույլտվություն (սերտիֆիկատ, թույլտվություն, գրանցում, համաձայնեցում, հավանություն և այլն).
իոնացնող ճառագայթում` կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր.
իոնացնող ճառագայթման աղբյուր` սարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակելու ազատման մակարդակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում.
կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման և թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ.
կարգավորող վերահսկողություն` կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման համար կատարվող ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, հետազոտություններ և պատասխանատվության միջոցների կիրառում.
(պարբերությունն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-109-Ն)
միջուկային նյութ` ուրան-233, ուրան-235, բնական ուրան (U), թորիում (Th), պլուտոնիում-239, պլուտոնիում-241 ռադիոիզոտոպներն առանձին կամ ցանկացած համակցությամբ պարունակող նյութ.
միջուկային տեղակայանք` միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեստարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ.
միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով.
միջուկային վնաս` վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով կարող է հասցվել մարդու և նրա սերունդների առողջությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ պետության կամ համայնքի սեփականությանը, ինչպես նաև կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.
ճառագայթային վթար` վթար, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման և (կամ) թույլատրված սահմանների գերազանցմամբ անձնակազմի և (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման.
ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս.
ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման.
ռադիոակտիվ թափոնների պահեստարան` ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ.
ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ.
ռադիոակտիվ թափոնների կառավարում` ռադիոակտիվ թափոնների հավաքման, կարճաժամկետ պահման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում երկարաժամկետ պահման և (կամ) գերեզմանոցներում թաղման հետ կապված գործունեություն.
անոմալիա (շեղում)՝ միջուկային նյութի կորուստ կամ ավելցուկ, կնիքի վնասում (կոտրում), միջուկային նյութերի պահպանության, պահեստավորման, օգտագործման, փոխադրման ընթացակարգերի խախտում.
աղքատացված ուրան՝ ուրան, որում U-235 իզոտոպի զանգվածային մասնաբաժինը փոքր է բնական ուրանում առկա զանգվածային մասնաբաժնից.
առաքողի և ստացողի միջև միջուկային նյութերի քանակության տարբերություն՝ առաքվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում գրանցված և ստացվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում կատարված չափումների միջև միջուկային նյութերի քանակության տարբերություն.
բարձր հարստացման ուրան՝ ուրան, որի U-235 իզոտոպով հարստացումը գերազանցում է 20 տոկոսը.
բնական ուրան՝ ուրան, որը պարունակում է իզոտոպների բնական խառնուրդ՝ 99.3% U-238 և 0.7% U-235.
արդյունավետ(effective) կիլոգրամ՝
●
պլուտոնիումի դեպքում՝ պլուտոնիումի զանգվածը կիլոգրամով,● 0,01 (1%) և ավելի հարստացված ուրանի դեպքում՝ ուրանի զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած մասերով արտահայտված հարստացման մեծության քառակուսիով,
● 0,01 (1%)-ից ցածր և 0,005 (0.5%)-ից բարձր հարստացված ուրանի դեպքում՝ ուրանի զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած 0.0001-ով,
● 0,005 (0.5%) և ցածր հարստացված ուրանի և թորիումի դեպքում` դրանց զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած 0,00005-ով.
իզոտոպներ՝ միևնույն քիմիական տարրի տարբեր միջուկներ, որոնք ունեն նույն ատոմային կարգաթիվը, բայց տարբեր զանգվածային թվեր.
միջուկային նյութերի հաշվառում՝ միջուկային նյութերի քանակի, դրանց շարժի և քանակական փոփոխության վերաբերյալ տեղեկատվության հավաքում, գրանցում և վերլուծություն, հաշվառման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում ու վարում.
միջուկային նյութերի հաշվեկշիռ՝ փաստացի առկա և հաշվառված միջուկային նյութերի քանակների համեմատական հանրագումար.
միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի՝ միջուկային տեղակայանքի տարածքում սահմանված գոտի, որտեղ կարելի է որոշել միջուկային նյութերի գույքաքանակը (Inventory) ու շարժը՝ միջուկային նյութերի հաշվեկշիռը կազմելու համար.
միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք՝ տեղակայանք, որտեղ օգտագործվում է մեկ արդյունավետ կիլոգրամից պակաս քանակությամբ միջուկային նյութ.
միջուկային տեղակայանքի (կամ միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի) օպերատոր՝ միջուկային նյութերի հետ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.
միջուկային նյութերի հաշվառված քանակություն՝ միջուկային նյութերի հաշվառման գոտում նախորդ գույքագրման արդյունքում որոշված միջուկային նյութի փաստացի առկա քանակների և ընթացիկ գույքագրումից հետո միջուկային նյութի բոլոր քանակական փոփոխությունների հանրահաշվական հանրագումար.
միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի միջուկային բնութագրերի (բաժանում, ռադիոակտիվություն) օգտագործումը.
ոչ միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի ընդհանուր բնութագրերի օգտագործումը (ճառագայթային պաշտպանություն, ամրության տարր, քիմիական ռեակտիվություն և այլն).
ներպետական փոխադրում՝ պետության ներսում միջուկային նյութերի հաշվեկշռի գոտիների միջև իրականացվող փոխադրումներ.
չափման կետ՝ տարածք միջուկային նյութի հաշվեկշռի գոտում, որտեղ միջուկային նյութը գտնվում է այնպիսի վիճակում, որ կարելի է չափել` որոշելու դրա շարժը կամ քանակը.
չհաշվառված միջուկային նյութի քանակություն՝ փաստացի առկա և հաշվառված միջուկային նյութերի քանակների տարբերություն.
պահպանման և վերահսկողության միջոցառումներ՝ միջոցառումներ, որոնց կիրառումն ուղղված է ստուգելու միջուկային կամ այլ նյութերի, սարքավորումների և փորձանմուշների տեղաշարժը կամ պահպանելու երաշխիքների կիրառման հետ կապված տվյալների ամբողջականությունը.
փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակ (PIL - Physical Inventory Listing)՝ միջուկային նյութերի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի վերաբերյալ հաշվետվություն.
միջուկային նյութի փաստացի առկա գույքաքանակ (Phisical Inventory)՝ չափումներով կամ հաշվարկային մեթոդներով որոշված, տվյալ պահին հաշվառման գոտում ֆիզիկապես առկա միջուկային նյութերի զանգվածների հանրագումար.
ֆիզիկական գույքագրում՝ միջուկային նյութի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի որոշումը.
կնիք` միջամտություն մատնանշող սարք, որն օգտագործվում է միացնելու պահպանման համակարգի շարժունակ տարրերը, կանխելու մուտքը այդ համակարգ՝ առանց կնիքը կոտրելու (վնասելու) կամ պահպանման միջոցները վնասելու.
միջուկային նյութի հաշվառման կասեցում՝ պետության հայտի հիման վրա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից ժամանակավոր դուրսբերում.
միջուկային նյութի հաշվառման դադարեցում՝ պետության հայտի հիման վրա ԱԷՄԳ համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից դուրսբերում.
վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միավորում:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.09 ՀՕ-72-Ն, լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 4. | Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ օրենքներից, ինչպես նաև իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. | Անվտանգության գերակայությունը |
Հայաստանի Հանրապետությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որի դեպքում գերակայությունը տրվում է անվտանգությանը:
Հոդված 6. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը |
1. Միջուկային տեղակայանքները և միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը և կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո:
Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունները լուծարման ենթակա չեն անվճարունակության (սնանկության) հիմքով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային տեղակայանքներում առաջացած աշխատած միջուկային վառելիքն ու ռադիոակտիվ թափոնները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
(գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարությունը`
ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը.
բ) կազմակերպում է պետական նպատակային ծրագրերի մշակումը, հաստատումը, միջոցառումներ է մշակում դրանց կատարման ապահովման ուղղությամբ.
գ) (կետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-109-Ն)
դ) (ենթակետը հանվել է 21.03.00 ՀՕ-44)
ե) (ենթակետը հանվել է 21.03.00 ՀՕ-44)
դ) կազմակերպում է միջոցառումներ բնակչությանը, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմերին և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ.
ե) կազմակերպում է միջոցառումներ ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և ձեռնարկությունների պատրաստվածության ապահովման ուղղությամբ.
զ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողության համակարգ և սահմանում է այդ համակարգում ընդգրկված պետական մարմինների գործունեության կարգը.
է) կազմակերպում է միջուկային վնասի փոխհատուցման համար` սույն օրենքի 36 հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրումը.
ը) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.
թ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը և կանոնները.
ժ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկը.
ժա) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.
ժբ) համակարգում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջազգային գործունեությունը.
ժգ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ.
ժդ) անվտանգության տեսակետից կարևոր նշանակության օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.00 ՀՕ-44, փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն, խմբ., փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 8. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների իրավասությունը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինները`
ա) իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականությունը.
բ) ապահովում են պետական սեփականություն համարվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կառավարումը.
գ) մշակում են անվտանգության նորմերը և կանոնները` համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ.
դ) մշակում և իրականացնում են իրենց ենթակա օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները.
ե) մշակում և իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հրդեհային, տեխնիկական, սանիտարական և էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները.
զ) մշակում և իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցառումները.
է) կազմակերպում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող կապերի պատրաստումը.
ը) ապահովում են իրենց ենթակա ձեռնարկությունների պատրաստվածությունն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարները հակազդելու և պաշտպանական միջոցառումներ իրականացնելու գործում.
թ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և դրանց դիտարկման գոտիներում կազմակերպում և իրականացնում են ճառագայթային իրավիճակի հսկողություն.
ժ) կազմակերպում և իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների պետական հաշվառում ու հսկողություն.
ժա) կազմակերպում և իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման և արտահանման հսկողություն.
ժբ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(8-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Հոդված 9. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասությունը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինները իրենց իրավասության շրջանակներում`
ա) մարզերում ապահովում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.
բ) մասնակցում են ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների հակազդման պլանների մշակմանը.
գ) ճառագայթային վթարների դեպքում կազմակերպում և իրականացնում են մարզի բնակչության պաշտպանությանն ու վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:
Հոդված 10. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
ա) ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը համայնքի տարածքում կառուցվելիք ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի հասարակական քննարկումներին և փորձաքննություններին.
բ) օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով թույլատրում են համայնքի տարածքում տեղական նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կառուցում.
գ) ճառագայթային վթարների դեպքում կազմակերպում և իրականացնում են համայնքի բնակչության պաշտպանությանն ու վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 11. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունքը |
Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունք ունեն սահմանված կարգով լիցենզավորված անձինք, որոնց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և լիցենզիայի պայմաններով ու պահանջներով:
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
(11-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն)
Հոդված 12. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղեկություններ ստանալու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն պետական իրավասու մարմիններից ստանալ տեղեկություններ` նախագծվող, կառուցվող, շահագործվող և շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի վերաբերյալ, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում:
Հոդված 13. | Միջուկային վնասի փոխհատուցման իրավունքը |
1. Միջուկային վնաս կրած իրավաբանական և ֆիզիկական անձինք վնասի փոխհատուցման իրավունք ունեն:
2. Միջուկային վնասի փոխհատուցման չափը, կարգը և պայմանները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 14. | Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա հիվանդների իրավունքները |
1. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթարկվելու մասին որոշման իրավունքը տրվում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:
2. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա կամ ճառագայթահարված քաղաքացուն բուժող բժիշկը պարտավոր է տեղեկություն տալ պլանավորվող կամ փաստացի ստացված ճառագայթահարման դոզայի վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 4.
(գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 15. | Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա են`
ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործումը և շահագործումից հանումը.
բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեությունը.
գ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների ներմուծումը, արտահանումը.
դ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների հաշվառումը և վերահսկումը.
ե) ռադիոակտիվ թափոնների կառավարումը.
զ) միջուկային նյութերի և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.
է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:
(15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն, 07.02.18 ՀՕ-109-Ն)
Հոդված 16. | Կարգավորող մարմինը |
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:
(16-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 17. | Կարգավորող մարմնի լիազորությունները |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածում նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը`
1) մշակում և վարչապետին է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծեր.
2) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորումը.
3) օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.
4) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում և անցկացնում է փորձաքննություն.
5) կազմակերպում և անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.
6) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.
7) վերահսկողություն է իրականացնում լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում խախտումներին վերաբերող նյութերը ներկայացնում է իրավապահ մարմիններ.
9) վերահսկողություն է իրականացնում միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ.
10) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր.
11) տարեկան մեկ անգամ Կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.
12) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և լրատվության միջոցներին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.
13) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.
14) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներին.
15) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.
16) կազմակերպում և համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի և այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.
17) իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը և պետական ռեգիստրի վարումը.
18) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.
19) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը.
20) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում և հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.
21) համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության և տեղեկատվության փոխանակման հարցերով.
22) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն.
23) իր իրավասության սահմաններում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ համատեղ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորում:
2. Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման լիազորությունը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին:
(17-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն, 07.02.18 ՀՕ-109-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 171. | Կարգավորող վերահսկողությունը |
1. Կարգավորող մարմնի պետական տեսուչներն իրավունք ունեն`
ա) անարգել անցկացնելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող սարքեր (ներառյալ` ձայնագրող և տեսագրող).
բ) անարգել մուտք գործելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր:
գ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)
դ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)
զ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)
է) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)
2. Պետական տեսուչները պարտավոր են`
ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի վերաբերյալ պետական, ծառայողական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.
գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.
դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց և պետական տեսուչների իրավունքներին ու պարտականություններին.
ե) պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը:
3. Կարգավորող վերահսկողության աշխատանքներում օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և օտարերկրյա մասնագետներ:
4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները պլանավորվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:
(171-ին հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, 12.05.16 ՀՕ-74-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 172. | Գիտատեխնիկական աջակցությունը |
1. Կարգավորող մարմինն իր իրավասություններն իրականացնելու համար պետք է ապահովված լինի գիտատեխնիկական աջակցություն իրականացնող կազմակերպությամբ, որին վերապահվում են`
ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության փորձաքննության իրականացումը.
բ) միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման, գրանցման, պետական ռեգիստրի վարման աշխատանքների տեխնիկական աջակցությունը.
գ) գիտատեխնիկական այլ աջակցություն` ըստ կարգավորող մարմնի հայտի:
2. Կարգավորող մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված անվտանգության փորձաքննության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ «բ» և «գ» կետերում նշված գիտատեխնիկական աջակցության ֆինանսավորումը` պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներից:
(172-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն)
(գլուխը խմբ., լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
(գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 18. | Լիցենզավորումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում |
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կարգավորող մարմինը որոշակի ժամկետով լիցենզիա տալիս է գործունեության հետևյալ տեսակների համար`
ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում.
բ) միջուկային նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում.
գ) ռադիոակտիվ նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում.
դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում և կարգաբերում, փոխադրում, պահեստավորում.
ե) գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում, կարգաբերում.
զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.
է) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաստում.
ը) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն.
թ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել իրավաբանական անձինք:
2. Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների, ներմուծման և արտահանման լիցենզիան տալիս է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիան տրվում է, եթե ներմուծողն ունի դրանց օգտագործման կամ պահման լիցենզիա:
3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում են տվյալ գործունեությամբ զբաղվելու` լիցենզավորված անձի իրավունքը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն:
Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների կառուցման, շահագործման և շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը կարգավորող մարմինը դրանք քննարկում է ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում:
4. Անվտանգության նոր նորմեր և կանոններ գործողության մեջ մտցնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին ու կանոններին, լիցենզավորված անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել համապատասխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ:
5. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը:
6. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական ստուգման կարգը սահմանում է Կառավարությունը:
7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են լիցենզավորման կարգերով:
(18-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-8-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-119-Ն, 19.05.08 ՀՕ-70-Ն, 19.03.09 ՀՕ-72-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-234-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-162-Ն, փոփ. 27.10.17 ՀՕ-173-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն)
(գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 19. | Շահագործող կազմակերպությունը |
1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի սեփականատիրոջ կողմից այդ օբյեկտի շահագործման համար լիազորված կամ որպես այդպիսին ճանաչված իրավաբանական անձն է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է օբյեկտի հրապարակ ընտրելու, օբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու աշխատանքներ:
2. Ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտն անվտանգ շահագործելու ողջ պատասխանատվությունը կրում է շահագործող կազմակերպությունը:
3. Արգելվում է միջամտել շահագործող կազմակերպության գործունեությանը` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործման մասով, բացառությամբ` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
(19-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն)
Հոդված 191. | Միջուկային տեղակայանքի անվտանգության ապահովման ֆինանսական միջոցները |
1. Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեության համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սակագնի հաշվարկում պարտավոր է նախատեսել միջուկային, ճառագայթային, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանն ուղղված ծախսերի կատարումն ապահովող մասհանումներ:
Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացված հատուկ հաշվին:
2. Արգելվում է այդ ֆինանսական միջոցների այլ նպատակներով օգտագործումը:
(191-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, խմբ. 08.04.09 ՀՕ-75-Ն, 07.02.18 ՀՕ-109-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 20. | Շահագործող կազմակերպության իրավասությունը |
1. Շահագործող կազմակերպությունը`
ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգությունն ապահովող միջոցառումներ.
բ) ապահովում է անվտանգության կուլտուրայի ներդրումը.
գ) սահմանված կարգով, կարգավորող մարմնին պարբերաբար ներկայացնում է օբյեկտի անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվություններ.
դ) ապահովում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի նպատակային օգտագործումը.
ե) ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների ֆիզիկական պաշտպանությունը.
զ) մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի կենսական ցիկլի բոլոր փուլերի համար (հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում, շահագործումից հանում) որակի ապահովման ծրագիր և ապահովում է դրա կատարումը.
է) սահմանված կարգով կազմակերպում է անձնակազմի ճառագայթահարման դոզաների հաշվառում.
ը) կազմակերպում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հաշվառում և հսկում.
թ) սահմանված կարգով կազմակերպում և կատարում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննություն.
ժ) սահմանված կարգով մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վթարների հակազդման պլան և ապահովում է դրա կատարման համար անձնակազմի և անհրաժեշտ միջոցների պատրաստվածությունը.
ժա) մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հակահրդեհային պաշտպանության միջոցառումների ծրագիր և ապահովում է դրա կատարումը.
ժբ) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող անձնակազմի հավաքագրում ու պատրաստում.
ժգ) ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անձնակազմի համար արտադրությունում գործող նորմերին համապատասխան սանիտարակենցաղային պայմաններ.
ժդ) պարբերաբար անցկացնում է օբյեկտի անվտանգության գնահատում` պարզելու համար նրա համապատասխանությունն անվտանգության նորագույն պահանջներին.
ժե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:
2. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտը շահագործող կազմակերպությունը`
ա) ստեղծում է միջուկային և ճառագայթային անվտանգությունը հսկող ծառայություններ.
բ) կազմակերպում է ճառագայթային իրավիճակի մշտական հսկողություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման և դիտարկման գոտիներում.
գ) սահմանված կարգով, պարբերաբար տեղեկություններ է տալիս ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի դիտարկման գոտում ընդգրկված տարածքի մարզպետին (Երևանի քաղաքապետին) դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մասին:
(20-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-119-Ն, 07.02.18 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
(վերնագիրը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)
Հոդված 21. | Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման ու հսկման պետական համակարգը |
1. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները և Հայաստանի Հանրապետությունում առկա կամ առաջացող ռադիոակտիվ թափոնները պետք է պետականորեն գրանցվեն, հաշվառվեն և հսկվեն:
2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման համար պատասխանատու են լիցենզավորված այն անձինք, ովքեր տնօրինում են նշված իոնացնող ճառագայթման աղբյուրները, կամ որոնց գործունեության արդյունքում են ստացվել ռադիոակտիվ թափոնները:
3. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների ցանկը, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:
(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 22. | Միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրելը, ներմուծելը և արտահանելը |
1. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումն իրականացվում է անվտանգության նորմերի և կանոնների, ինչպես նաև փոխադրման հատուկ կանոնների համաձայն, որոնք հաստատում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:
2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն այլ պետություններից ռադիոակտիվ թափոններ ներմուծելը, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համար այլ պետության կողմից որոշակի ծառայության իրականացման արդյունքում առաջացած թափոնների, եթե դրանց ներմուծումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, և ռադիոակտիվ թափոնների քանակն ու ընդհանուր ակտիվությունը պետք է համապատասխանի տվյալ տեխնոլոգիական գործընթացով նախատեսված չափին:
3. Ռադիոակտիվ թափոնների փոխադրելը, ներմուծելը և արտահանելը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(22-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 23. | Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելումը և հակազդումը |
Միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրող տրանսպորտային ձեռնարկություններն այդ նյութերն առաքողների և ստացողների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ, պարտավոր են մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել ճանապարհային միջադեպերի և վթարների կանխարգելման, դրանց հետևանքների տեղայնացման և վերացման, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների աշխատողների, բնակչության, շրջակա միջավայրի և նյութական արժեքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների պլաններ: Դրանց մշակման և համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:
(23-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 24. | Ռադիոակտիվ թափոնների պահեստավորումը և թաղումը |
1. Ռադիոակտիվ թափոնների պահեստավորումը և թաղումը թույլատրվում է միայն այդ նպատակով ստեղծված հատուկ պահեստարաններում և գերեզմանոցներում:
2. Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը հաստատում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:
(24-րդ հոդվածը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն, լրաց. 19.03.09 ՀՕ-72-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովումը |
1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը տեխնիկական և կազմակերպական միջոցառումների համալիր է, որի նպատակն է`
ա) կանխել կողմնակի անձանց մուտքն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների պահման կետերի տարածք.
բ) արգելել կողմնակի անձանց մոտենալը միջուկային, ռադիոակտիվ նյութերին, ռադիոակտիվ թափոններին.
գ) ժամանակին հայտնաբերել ու կանխել միջուկային, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ թափոններ հափշտակելու կամ փչացնելու ցանկացած փորձ.
դ) ժամանակին հայտնաբերել և կանխել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունները.
ե) հայտնաբերել և վերադարձնել կորած կամ հափշտակված միջուկային, ռադիոակտիվ նյութերը, ռադիոակտիվ թափոնները:
2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համար, իրենց իրավասության սահմաններում, պատասխանատու են լիցենզավորված անձինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել պետական կառավարման մարմինների կողմից հատուկ լիազորված կազմակերպությունների ծառայություններից:
3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումն իրականացնում է կարգավորող մարմինը:
4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացվում է դրանք նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու բոլոր փուլերում:
(25-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Հոդված 26. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները |
1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները սահմանվում են անվտանգության նորմերով և կանոններով:
2. Արգելվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործումը, ինչպես նաև արտադրության, օգտագործման, վերամշակման, փոխադրման ու պահման ցանկացած փուլում գտնվող միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ իրականացվող աշխատանքները, եթե դրանց ֆիզիկական պաշտպանությունն ապահովված չէ:
(26-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 27. | Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեղադրման վայրում հատուկ իրավական ռեժիմ սահմանելը |
1. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեղադրման վայրում կարող է սահմանվել հատուկ իրավական ռեժիմ:
2. Հատուկ իրավական ռեժիմի սահմանման կարգը, համապատասխան գոտիների չափերի և դրանցում գործող սահմանափակումների բնույթը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:
3. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեղադրման վայրում սահմանված հատուկ իրավական ռեժիմի պահպանման համար իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում շահագործող կազմակերպությունը:
Հոդված 28. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձանց իրավունքները սահմանափակելը |
1. Ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, ինչպես նաև միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձնակազմը, գործուղված անձինք, այցելուները, ինչպես նաև նրանց անձնական իրերն ու տրանսպորտային միջոցները ենթակա են հատուկ միջոցների կիրառմամբ ստուգման` զինամթերքի, զենքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, ահաբեկչական գործողությունների համար պիտանի այլ իրերի հայտնաբերման նպատակով:
2. Արգելվում է առանց համապատասխան թույլտվության մուտք գործել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների շուրջ ստեղծված արգելագոտիներն ու անցակետերը, կատարել ճարտարագիտական ու տեխնիկական պաշտպանական համակարգերի ու միջոցների տեսանկարահանում, կինոնկարահանում և ֆոտոնկարահանում:
(28-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Հոդված 29. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում աշխատելու իրավունքը սահմանափակելը |
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատելու իրավունք չունեն`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների բժշկական հակացուցումների ցուցակով նախատեսված հիվանդություններով տառապող անձինք.
գ) տվյալ աշխատանքի կատարման համար պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք չունեցող անձինք.
դ) տվյալ աշխատանքներն իրականացնելու համար հուսալիության ստուգման պահանջներին չհամապատասխանող անձինք:
Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատում է Կառավարությունը:
(29-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 30. | Միջուկային տեղակայանքի և (կամ) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում ու դրանցից դուրս հասարակական միջոցառումների անցկացման իրավունքը սահմանափակելը |
1. Միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի օպերատիվ անձնակազմին արգելվում է կազմակերպել և անցկացնել գործադուլներ:
2. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ:
3. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքից դուրս կազմակերպել և անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ, եթե դրանք կարող են բերել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի աշխատանքի խաթարման, խանգարել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, կարգավորող մարմնի աշխատողների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը, ստեղծել բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակ:
4. Նշված գործողությունների հետևանքով պետությանը և (կամ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի սեփականատիրոջը և (կամ) քաղաքացիներին հասցված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-85-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10.
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Հոդված 31. | Միջուկային նյութերի հաշվառման ու վերահսկման պետական համակարգը |
(վերնագիրը փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերը ենթակա են պետական հաշվառման և վերահսկման:
2. Միջուկային նյութերի հաշվառում իրականացնում են դրանք ներմուծող, արտահանող, օգտագործող, պահեստավորող և փոխադրող իրավաբանական անձինք և կարգավորող մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության պետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր միջուկային նյութերի գրանցմամբ: Միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունը սկսվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութի ներմուծման պահից և դադարում են այլ պետություն միջուկային նյութի արտահանման պահին, կամ երբ որոշում է կայացվում միջուկային նյութի ոչ միջուկային օգտագործման մասին:
(31-րդ հոդվածը խմբ. 30.09.13 ՀՕ-107-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Հոդված 31.1. | Միջուկային նյութերի պետական հաշվառման և վերահսկման պետական համակարգի նպատակները |
1. Միջուկային նյութերի պետական հաշվառումը և վերահսկումը նպատակ ունեն ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին (այսուհետ՝ Երաշխիքների կիրառման համաձայնագիր), ինչպես նաև «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությանը (այսուհետ՝ Լրացուցիչ արձանագրություն) համապատասխան.
2) հաշվառման և վերահսկման ենթակառուցվածքի ստեղծումը.
3) միջուկային նյութերի հաշվառման և վերահսկման տեխնիկական, վարչական, կազմակերպական ընթացակարգերի ներդրումը պետական և իրավաբանական անձանց մակարդակով:
(31.1-ին հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 31.2. | Միջուկային նյութերի հաշվառման կազմակերպումը |
1. Միջուկային նյութերի հաշվառումն իրականացվում է երկու մակարդակներով՝ իրավաբանական անձանց մակարդակով և պետական մակարդակով: Իրավաբանական անձանց մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է միջուկային տեղակայանքի (միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի) օպերատորը:
2. Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է կարգավորող մարմինը:
(31.2-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 31.3. | Միջուկային նյութերի հաշվառման նախապատրաստական միջոցառումները |
1. Միջուկային նյութի հաշվառման հիմքում ընկած է միջուկային նյութի հաշվեկշռի գոտիների սահմանումը, որոնցում որոշվում են միջուկային նյութի քանակը և շարժը:
2. Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային նյութի հաշվեկշռի յուրաքանչյուր գոտում իրականացվում է՝ գրանցելով միջուկային նյութի քանակի ու շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, ֆիզիկական գույքագրումից հետո կազմելով միջուկային նյութերի հաշվեկշիռը, որոշելով չհաշվառված միջուկային նյութի քանակը, եթե այդպիսին առկա է:
3. Չհաշվառված միջուկային նյութի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
MUF=BI-PI= (PB+I-D)-PE
որտեղ BI-ն միջուկային նյութերի հաշվառված քանակն է, PI-ն՝ միջուկային նյութերի փաստացի առկա քանակը, PB-ն գույքագրման սկզբում հաշվառման փաստաթղթերում գրանցված միջուկային նյութի քանակն է հաշվեկշռի գոտում, I-ն միջուկային նյութի որոշված և հաշվառման փաստաթղթերում գրանցված աճն է հաշվեկշռի գոտում տվյալ միջհաշվեկշռային ժամանակահատվածում, D-ն միջուկային նյութի որոշված և հաշվառման փաստաթղթերում գրանցված նվազումն է հաշվեկշռի գոտում տվյալ միջհաշվեկշռային ժամանակահատվածում, PE-ն գույքագրման վերջում փաստաթղթերով հաշվառված միջուկային նյութի քանակն է հաշվեկշռի գոտում:
4. Միջուկային նյութի հաշվեկշռի գոտում յուրաքանչյուր միջուկային նյութ ենթակա է հաշվառման և վերահսկողության, եթե դրա քանակը հավասար է կամ գերազանցում է աղյուսակում ներկայացված միջուկային նյութի հաշվառման միավորին:
Միջուկային նյութերի հաշվառման միավորների աղյուսակ.
Միջուկային նյութեր |
Հաշվառման միավորը |
Pu |
1 գ ամբողջ տարրի համար |
U-233 |
1 գ U-233 իզոտոպի համար |
U-235 իզոտոպով հարստացված ուրան |
1 գ U-235 իզոտոպի համար և 1 գ ամբողջ տարրի համար |
բնական կամ աղքատացված ուրան |
1 կգ ամբողջ տարրի համար |
թորիում |
1 կգ ամբողջ տարրի համար |
5. Միջուկային նյութերի հաշվառման նպատակով միջուկային տեղակայանքի օպերատորը ձեռնարկում է հետևյալ նախապատրաստական միջոցառումները՝
1) նշանակում է միջուկային նյութերի հաշվառման և հսկման պատասխանատու(ներ).
2) կարգավորող մարմնի հետ համաձայնեցնելով՝ սահմանում է միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի և չափման կետեր.
3) կարգավորող մարմին է ներկայացնում ԱԷՄԳ-ի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան լրացված տեղակայանքի նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը (DIQ - Design Information Questioner): Պլանավորվող կամ կառուցվող տեղակայանքների համար նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը պետք է ներկայացվի կառուցումը սկսվելուց առնվազն 180 օր առաջ, բայց ոչ ուշ, քան միջուկային նյութը տեղակայանք բերելուց 180 օր առաջ.
4) ստեղծում է հաշվետվությունների և միջուկային նյութերի քանակական բնութագրերի ու շարժի վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգ.
5) ստեղծում է միջուկային նյութերի չափումների համակարգ.
6) ստեղծում է միջուկային նյութերի պահպանման և հսկողության միջոցառումների համակարգ.
7) մշակում և հաստատում է միջուկային նյութերի հաշվառման և հսկման որակի ապահովման ծրագիր.
8) հագեցնում է միջուկային նյութերի հաշվառումը և հսկումը մեթոդական, տեխնիկական և ծրագրային համակարգերով.
9) իրականացնում է աշխատակիցների մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում:
6. Միջուկային նյութերի հաշվառման նպատակով միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը ձեռնարկում է հետևյալ նախապատրաստական միջոցառումները՝
1) նշանակում է միջուկային նյութերի հաշվառման և հսկման պատասխանատու(ներ).
2) կարգավորող մարմին է ներկայացնում ԱԷՄԳ-ի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան լրացված տեղակայանքի նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը: Պլանավորվող կամ կառուցվող տեղակայանքների համար նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը պետք է ներկայացվի կառուցումը սկսվելուց առնվազն 180 օր առաջ, բայց ոչ ուշ, քան միջուկային նյութը տեղակայանք բերելուց 180 օր առաջ.
3) ստեղծում է միջուկային նյութերի քանակական բնութագրերի և շարժի վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգ.
4) ստեղծում է միջուկային նյութերի պահպանման և հսկողության միջոցառումների համակարգ:
(31.3-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 31.4. | Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային տեղակայանքներում |
1. Միջուկային տեղակայանքներում միջուկային նյութերի հաշվառման և հսկման համակարգը ներառում է հետևյալ տարրերը՝
1) միջուկային նյութերի հաշվառումը, հսկողությունը և ֆիզիկական գույքագրումը.
2) միջուկային նյութերի միջազգային և ներպետական փոխադրումների վերաբերյալ գրանցումները և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմումը.
3) միջուկային նյութերի նկատմամբ երաշխիքների կիրառման կասեցման, կասեցման վերացման և դադարեցման փաստաթղթերի ձևակերպումը:
2. Միջուկային նյութերի ներպետական փոխադրման դեպքում առաքողը փոխադրման օրվանից մեկ շաբաթ առաջ կարգավորող մարմին է ներկայացնում նախնական տեղեկատվություն առաքվող միջուկային նյութերի տեսակի ու քանակի, ստացող միջուկային տեղակայանքի միջուկային նյութի հաշվեկշռի գոտու անվանման և կոդի վերաբերյալ:
3. Միջուկային նյութը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, ստացողը պետք է կատարի ստացված միջուկային նյութերի ստուգողական չափումներ: Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում ստացողը հաստատում է առաքողի՝ միջուկային նյութերի վերաբերյալ տվյալները և այդ մասին տեղյակ է պահում առաքողին և կարգավորող մարմնին: Առաքողի ու ստացողի՝ միջուկային նյութերի հաշվեկշիռների գոտիների գրանցամատյաններում (GL-General Ledger) կատարվում են միջուկային նյութերի գույքաքանակների համապատասխան փոփոխությունները, և դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմին գույքաքանակի փոփոխության օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:
4. Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում (երբ առաքողի-ստացողի տվյալների տարբերության բացարձակ արժեքը գերազանցում է չափման ճշտությունը), ստացողը միջոցներ է ձեռնարկում տարբերությունների պատճառները բացահայտելու համար և այդ մասին տեղյակ է պահում կարգավորող մարմնին: Տարբերությունների հարցը լուծվում է կարգավորող մարմնի ստուգողական չափումների հիման վրա:
5. Միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում ստացողը ներմուծման նախատեսված օրվանից երկու շաբաթ առաջ ներմուծման մասին նախնական տեղեկատվություն է ներկայացնում կարգավորող մարմին: Կարգավորող մարմինը նախնական տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, ԱԷՄԳ-ին ծանուցում է միջուկային նյութի ստացման մասին:
6. ԱԷՄԳ-ն կարող է միջուկային նյութի ստացումը ստուգելու որոշում ընդունել:
7. Միջուկային նյութը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, ստացողը պետք է կատարի ստացված միջուկային նյութերի ստուգողական չափումներ:
8. Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում ստացողը հաստատում է առաքողի` միջուկային նյութի վերաբերյալ տվյալները և տեղեկացնում է առաքողին և կարգավորող մարմնին: Միջուկային նյութ ստացողը միջուկային նյութերի հաշվեկշիռների գոտիների գրանցամատյանում կատարում է միջուկային նյութերի գույքաքանակների համապատասխան փոփոխությունները և դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնում կարգավորող մարմին գույքաքանակի փոփոխության օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:
9. Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում (երբ առաքողի-ստացողի տվյալների տարբերության բացարձակ արժեքը գերազանցում է չափման ճշտությունը), ստացողը միջոցներ է ձեռնարկում տարբերությունների պատճառները բացահայտելու համար և այդ մասին տեղյակ է պահում կարգավորող մարմնին տարբերությունը հայտնաբերվելու օրվանից հետո՝ 3-օրյա ժամկետում: Տարբերությունների հարցը լուծվում է կարգավորող մարմնի կամ անհրաժեշտության դեպքում ԱԷՄԳ-ի ստուգողական չափումների հիման վրա:
10. Միջուկային նյութի արտահանման դեպքում առաքողը առաքման համար նախատեսված օրվանից երկու շաբաթ առաջ առաքման մասին նախնական տեղեկատվություն է ներկայացնում կարգավորող մարմին: Կարգավորող մարմինը նախնական տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, ԱԷՄԳ-ին ծանուցում է միջուկային նյութի արտահանման մասին: ԱԷՄԳ-ն կարող է միջուկային նյութի առաքումը ստուգելու որոշում ընդունել:
11. Արտահանվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտու գրանցամատյանում կատարվում են համապատասխան գրառումներ, և միջուկային նյութի գույքաքանակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմին գույքաքանակի փոփոխության օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:
12. Միջուկային նյութի հաշվեկշռի գոտում միջուկային նյութերի ֆիզիկական գույքագրումն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ:
13. Միջուկային նյութերի հաշվառումը կասեցվում է ԱԷՄԳ-ի համաձայնությունը ստանալուց հետո՝
1) երբ դրանք օգտագործվում են գրամներով կամ ավելի փոքր քանակությամբ՝ որպես չափման սարքերի գրանցիչ.
2) ոչ միջուկային գործունեության մեջ կիրառվող միջուկային նյութերի նկատմամբ, եթե դրանք վերականգնվող են.
3) պլուտոնիումի նկատմամբ՝ եթե դրանում պլուտոնիում-238-ի կոնցենտրացիան գերազանցում է 80 տոկոսը:
14. Միջուկային նյութի հաշվառման կասեցումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձևակերպվում է միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության հաշվետվության մեջ՝ որպես գույքաքանակի փոփոխություն և ներկայացվում կարգավորող մարմին:
15. Սույն օրենքի 31.4-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաև կասեցված միջուկային նյութի արտահանման դեպքում կարգավորող մարմնի որոշմամբ և ԱԷՄԳ-ի համաձայնությամբ միջուկային նյութերի հաշվառման կասեցումը վերացվում է:
16. Միջուկային նյութի կասեցման վերացումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձևակերպվում է միջուկային նյութի գույքաքանակի փոփոխության հաշվետվությունում՝ որպես գույքակազմի փոփոխություն և ներկայացվում կարգավորող մարմին:
17. Միջուկային նյութերի նկատմամբ հաշվառումը դադարեցվում է ԱԷՄԳ-ի համաձայնությունը ստանալուց հետո, երբ միջուկային նյութը սպառվել է կամ ֆիզիկապես, քիմիապես լուծվել է այնպես, որ այլևս չի կարող օգտագործվել միջուկային գործունեության մեջ կամ գործնականում դարձել է չվերականգնվող:
18. Միջուկային նյութի հաշվառման դադարեցումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձևակերպվում է միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության հաշվետվության մեջ՝ որպես գույքաքանակի փոփոխություն և ներկայացվում է կարգավորող մարմին:
(31.4-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 31.5. | Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքներում |
1. Միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքները միավորվում են հաշվառման մեկ ընդհանուր գոտում:
2. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք հանդիսանում է չափման կետ միջուկային նյութերի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտում:
3. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք պետք է գրանցի ներպետական ու միջազգային փոխադրումների, ֆիզիկական գույքագրման վերաբերյալ և երաշխիքների կասեցման ու դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը:
4. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք վերոհիշյալ տեղեկատվությունը պետք է ներկայացնի կարգավորող մարմին յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը:
5. Միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը միջուկային նյութերի հաշվառման ընթացքում իրականացնում է սույն օրենքի 31.4-րդ հոդվածի 1-17-րդ մասերում նշված գործառույթները, բացառությամբ հաշվետվություններ կազմելու:
(31.5-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 31.6. | Միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունը պետական մակարդակով |
1. Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն ու վերահսկումն իրականացնում է կարգավորող մարմինը:
2. Կարգավորող մարմինը՝
1) գնահատում է իրավաբանական անձանց կողմից ներկայացված միջուկային նյութերի հաշվառման նպատակով իրականացված գրանցումները և հաշվառման հաշվետվությունները, վերլուծում ստացված տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը.
2) սահմանում է միջուկային նյութերի հաշվառման գրանցումների և հաշվառման հաշվետվությունների ձևի և բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև միջուկային նյութերի ֆիզիկական գույքագրման նկատմամբ պահանջները.
3) գրանցումների և հաշվետվությունների հիման վրա վարում է միջուկային նյութերի պետական ռեգիստրը, որը միջուկային նյութերի հաշվառման հիմնական փաստաթուղթն է: Պետական ռեգիստրից օգտվելու կարգը սահմանում է կարգավորող մարմինը.
4) վարում է միջուկային նյութի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտու գրանցամատյան.
5) կազմում է միջուկային նյութի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտու միջուկային նյութերի հաշվառման հաշվետվությունները.
6) ԱԷՄԳ-ի հետ համատեղ որոշում է տվյալ միջուկային նյութերի նկատմամբ երաշխիքների կիրառման սկիզբը, կիրառումից ազատելը և վերսկսելը.
7) միջոցներ է ձեռնարկում վերացնելու միջուկային նյութերի հաշվառման հետ կապված թերությունները և դրանց պատճառները.
8) Երաշխիքների կիրառման համաձայնագրից ու Լրացուցիչ արձանագրությունից բխող միջուկային նյութերի հաշվառման հաշվետվություններ ու տեղեկատվություն է ներկայացնում ԱԷՄԳ.
9) համակարգում է ԱԷՄԳ-ի կողմից իրականացվող ստուգումների նախապատրաստման և անցկացման հետ կապված կազմակերպական հարցերը.
10) Երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան՝ հաշվառման կասեցման վերաբերյալ հայտը ներկայացնում է ԱԷՄԳ.
11) Լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող հայտարարագրում ներառում է տեղեկություններ կասեցված միջուկային նյութերի կատեգորիայի, քանակի և գտնվելու վայրի մասին.
12) կասեցված միջուկային նյութերի արտահանման դեպքում դիմում է ԱԷՄԳ՝ կասեցման վերացման և երաշխիքների կիրառման վերականգնման համար.
13) Երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան՝ հաշվառման դադարեցման վերաբերյալ հայտը ներկայացնում է ԱԷՄԳ.
14) եթե միջուկային նյութը, որի հաշվառումը դադարեցվել է, պլուտոնիում կամ բարձր հարստացված ուրան պարունակող միջին կամ բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոն է, ապա կարգավորող մարմինը դրանց վերաբերյալ Լրացուցիչ արձանագրությամբ սահմանված ձևի և բովանդակության հաշվետվություն է ներկայացնում ԱԷՄԳ.
15) անցկացնում է միջուկային նյութերի հաշվառմանն ուղղված ստուգումներ:
3. Ստուգումները կազմակերպվում և իրականացվում են սույն օրենքի 17.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
4. Ստուգման ժամանակ կարգավորող մարմինը ստուգում է՝
1) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի և տրված լիցենզիաների, կարգադրագրերի պահանջների կատարումը.
2) միջուկային նյութերի նպատակային օգտագործումը.
3) լիցենզավորված անձի՝ միջուկային նյութերի հաշվառման համակարգի իրականացման կարողությունը.
4) միջուկային նյութի հաշվեկշռի գոտիներում միջուկային նյութի ֆիզիկական առկայությունը.
5) միջուկային նյութերի հաշվառման ու հսկման որակի ապահովման ծրագրի կատարումը:
(31.6-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն, փոփ. 12.05.16 ՀՕ-74-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն)
Հոդված 31.7. | ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումները |
1. Համաձայն Երաշխիքների կիրառման համաձայնագրի՝ միջուկային նյութերի հաշվառման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում նաև ԱԷՄԳ-ի տեսուչները՝ տեսչական ստուգումների և միջուկային նյութի չափումների միջոցով:
2. Տեսչական ստուգման արդյունքների մասին ԱԷՄԳ-ն կարգավորող մարմին է ներկայացնում իր եզրակացությունը, որը փոխանցվում է համապատասխան օպերատորներին:
(31.7-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 31.8. | ԱԷՄԳ տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելը |
1. Երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան՝ կարգավորող մարմինը ԱԷՄԳ է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը և հաշվետվությունները՝
1) նախագծի վերաբերյալ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր ծրագրվող, կառուցվող կամ գործող տեղակայանքի համար ներկայացվում է նախագծի վերաբերյալ հարցաթերթիկ: Տեղակայանքի շահագործման կամ կառուցման ընթացքում երաշխիքների կիրառման հետ կապված փոփոխությունների դեպքում համապատասխանաբար ներկայացվում է նախագծի վերաբերյալ փոփոխված հարցաթերթիկը.
2) յուրաքանչյուր միջուկային նյութի հաշվեկշռի գոտու համար ներկայացվում են հետևյալ հաշվետվությունները և ծանուցումները.
ա. միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության վերաբերյալ հաշվետվություններ (ICR - Inventory Change Report) ներկայացվում են 30 օրվա ընթացքում՝ սկսած այն ամսվա ավարտից, երբ տեղի է ունեցել միջուկային նյութի քանակի փոփոխություն,
բ. միջուկային նյութի հաշվեկշռի վերաբերյալ հաշվետվությունը (MBR - Material Balance Report) և փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակը (PIL) ներկայացվում են միջուկային նյութի գույքագրումից հետո՝ 30 օրվա ընթացքում,
գ. միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության, միջուկային նյութի հաշվեկշռի և փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակի վերաբերյալ հաշվետվություններին կից համառոտ տեղեկանք՝ հաշվետվությունների պարզաբանումներով,
դ. հատուկ հաշվետվություններ` անոմալիայի դեպքում.
3) ուղղումներ նախորդ հաշվետվություններում՝
ա. նախորդ հաշվետվությունների սխալներն ու անհամապատասխանություններն ուղղվում են հաջորդ հաշվետվությամբ՝ ներառելով ճշգրտված տեղեկատվությունը,
բ. սխալների ու անհամապատասխանությունների պատճառների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների մասին ԱԷՄԳ է ներկայացվում համառոտ տեղեկանք.
4) ծանուցումներ՝
ա. նախնական ծանուցում մեկ արդյունավետ կիլոգրամը գերազանցող միջուկային նյութի միջազգային փոխադրումների վերաբերյալ,
բ. տեղեկատվություն միջուկային նյութերի պլանավորված գույքագրման ամսաթվերի մասին, միջուկային նյութերի ներպետական փոխադրումների, միջուկային նյութերի հետ կապված միջոցառումների տարեկան ժամանակացույցը և ԱԷՄԳ պահանջով այլ տեղեկություն:
(31.8-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)
Հոդված 32. | Միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանման սահմանափակումները |
(վերնագիրը փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
1. Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից այն պետություններ, որոնք`
ա) պարտավորություն չեն ստանձնել օգտագործելու այդ նյութերը բացառապես խաղաղ նպատակներով.
բ) չեն երաշխավորում դրանց ֆիզիկական պաշտպանությունը.
գ) չեն հավաստել իրենց պետությունում միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման պետական համակարգի առկայությունը.
դ) պարտավորություն չեն ստանձնել երրորդ պետություններ միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների վերաարտահանման պայմանների վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքով միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
(32-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11.
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 33. | Միջուկային վնասի և դրա փոխհատուցման պատասխանատվությունը |
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված միջուկային վնասի համար պատասխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնող լիցենզավորված անձը:
2. Փոխհատուցման է ենթակա ճառագայթային, ինչպես նաև ճառագայթային և այլ վնասակար գործոնների միասնական ազդեցությամբ իրավաբանական ու ֆիզիկական անձանց, նրանց սեփականությանը և շրջակա միջավայրի հասցված վնասը:
3. Եթե տուժող կողմը միջուկային վնասի հետ միաժամանակ կրել է նաև այլ վնաս, որը չի կարելի միջուկային վնասից հիմնավորված ձևով տարանջատել, ապա նման վնասը ենթակա է փոխհատուցման:
Հոդված 34. | Միջուկային վնասի և դրա փոխհատուցման պատասխանատվության հիմնավորումը |
1. Սույն օրենքի համաձայն` միջուկային վնասի համար լիցենզավորված անձի պատասխանատվությունն առաջ է գալիս այն պահից, երբ ապացուցվում է, որ վնասը հասցվել է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
2. Լիցենզավորված անձի պատասխանատվությունն առաջ է գալիս նաև այն դեպքում, երբ ապացուցվում է, որ վնասը հասցվել է նրա տնօրինության տակ գտնվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի համար ստացված կամ այդ օբյեկտում արտադրված միջուկային և (կամ) ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ կապված միջադեպի հետևանքով, եթե լիցենզավորված անձը մինչև միջադեպը համապատասխան գրավոր համաձայնությամբ ստանձնել է այդ նյութերի կամ թափոնների նկատմամբ պատասխանատվությունը կամ դա դեռ չի փոխանցել մեկ այլ կազմակերպության:
3. Լիցենզավորված անձն ազատվում է միջուկային վնասի և դրա փոխհատուցման պատասխանատվությունից, եթե միջուկային վնասն առաջացել է ռազմական գործողությունների, զինված հակամարտության, տարերային աղետի կամ այլ իրավաբանական անձանց կամ քաղաքացիների դիտավորյալ գործողության հետևանքով:
4. Եթե լիցենզավորված անձն ապացուցում է, որ հասցված միջուկային վնասն ամբողջությամբ կամ մասնակիորեն հետևանք է տուժող անձի դիտավորյալ գործողության, ապա նա ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվում է այդ անձին հասցված միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվությունից: Լիցենզավորված անձը հասցված միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվությունից ազատվում է դատական կարգով:
Հոդված 35. | Միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ձևերը և չափերը |
1. Լիցենզավորված անձի կողմից միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ձևերը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Ցանկացած միջադեպի նկատմամբ միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության չափերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված չափերից ոչ պակաս:
Հոդված 36. | Միջուկային վնասի փոխհատուցման ֆինանսական ապահովումը |
1. Լիցենզավորված անձինք պարտավոր են միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ապահովման համար ունենալ բավարար ֆինանսական միջոցներ, որոնց ստեղծման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Եթե միջուկային վնասի համար պատասխանատվությունը կրում է լիցենզավորված անձը, և վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները գերազանցում են սույն օրենքի 35 հոդվածով նախատեսված չափերը, ապա անհրաժեշտ լրացուցիչ գումարների վճարումն ապահովում է Կառավարությունը:
(36-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12.
ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 37. | Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք և քաղաքացիները խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|