Գլխավոր տեղեկություն
Համար
N 1774-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2024 թվականի N 1774-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» (պետական գրանցման համարը` 271.140.00494) փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

1) «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (այսուհետ՝ քոլեջ), և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը նաև կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական կամ արհեստագործական կրթական ծրագրեր.

3) քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են`

ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,

բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,

գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,

ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,

զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

3. Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում կամ սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպվող կազմակերպության հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտը և քոլեջի կանոնադրությունը.

2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման և քոլեջի օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սեփականության իրավունքով պատկանող գույքի հանձնումը քոլեջին՝ համաձայն հաստատված հանձնման-ընդունման ակտի.

4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության սովորողների՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը քոլեջում:

6. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 02022018-01-0100 վկայական)՝ Երևան քաղաքի Բուռնազյան 143 հասցեում գտնվող, 3654.9 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 506.8 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 217.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 47.6 քառ. մետր մակերեսով պահակատունը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.67604 հեկտար հողատարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել քոլեջին:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ 2010 թվականի հուլիսի 23-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 25/0010 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում քոլեջի հետ կնքել Երևան քաղաքի Բուռնազյան 143 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են քոլեջի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


08.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական: