ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ԿԴ/0029/01/19 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
13 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Վիգեն Միշայի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի օգոստոսի 30-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 49103618 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վիգեն Միշայի Խաչատրյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև` Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Էլմիրա Միքայելի Հախումյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Վերգուշ Ժորայի Հայրապետյանի, Արամ Գառնիկի Հովհաննիսյանի, Սուսան Հակոբի Ղուլյանի:
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Վիգեն Խաչատրյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
3. Դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
5.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Վիգեն Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Գործող քրեական օրենքով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Վիգեն Խաչատրյանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վիգեն Խաչատրյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ‹‹[Ն]ա, 2016 թվականի օգոստոսի 1-ից հանդիսանալով Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի առաջին կարգի մասնագետ, ունենալով հողի հարկի և գույքահարկի հավաքագրման լիազորություններ, իրեն վերապահված գույքահարկի և հողի հարկի գումարների հավաքագրման լիազորություններն օգտագործելով, բնակիչներից գանձված գույքային հարկերի գումարները հողի հարկի և գույքահարկի անդորրագրերի երկրորդ օրինակում նվազ չափով գրառելու եղանակով, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր առմամբ 4.326.445 ՀՀ դրամ գումար՝ Հրազդանի համայնքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»1։
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը գտնում է, որ Վիգեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը լուծելիս կիրառման ենթակա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու վերջինին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, իսկ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները Վիգեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են ամբաստանյալի իրավական վիճակը։
(...)
(...) [Օ]րենսդրի կողմից փոփոխության են ենթարկվել հափշտակության ձևով հանցակազմերի առարկա կազմող գույքի խոշոր և առանձնապես խոշոր չափերը։ Ըստ այդմ, եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի իմաստով 3.000.000 ՀՀ դրամը գերազանցող գույքի հափշտակությունը համարվել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն և որակվել համապատասխան հոդվածի առանձնապես ծանրացնող որակյալ մասով, ապա 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ 500.000 ՀՀ դրամից մինչև 5.000.000 ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակությունը համարվում է խոշոր չափի հափշտակություն և որակվում համապատասխան հոդվածի ծանրացնող որակյալ մասով, իսկ առանձնապես խոշոր չափի գույք է համարվում 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող արժեքով գույքը։
Հարկ է նաև արձանագրել, որ կատարված օրենսդրական փոփոխությունը էականորեն բարելավում է ամբաստանյալ Վիգեն Խաչատրյանի իրավական վիճակը և նրա նկատմամբ կիրառելի է։ Այսպես, Վիգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 4.326.445 ՀՀ դրամ գումար։ Մինչդեռ, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ Վիգեն Խաչատրյանի կողմից ենթադրաբար յուրացված գումարն առանձնապես խոշոր չափ համարվել չի կարող, տվյալ գումարը համապատասխանում է խոշոր չափին, հետևաբար՝ նրա արարքը ենթակա է որակման (...) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի կամ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետով (կետերով), ինչն արդեն իսկ համարվում է միջին ծանրության հանցագործություն։
(...)
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Վիգեն Խաչատրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը՝ վերջինին վերագրվող արարքը դիտարկելով որպես միջին ծանրության հանցագործություն։
(...)
(...) Դատարանն արձանագրում է, որ նոր քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով նախատեսում է անձի վիճակն ակնհայտորեն վատթարացնող նորմեր՝ ի համեմատ նախկին քրեական օրենսգրքի (...)։ Այլ խոսքով՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը Վիգեն Խաչատրյանի վիճակն այլ կերպ վատթարացնող նորմ է, որին հետադարձ ուժ տալն անթույլատրելի է։
(...)
(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որպիսի պայմաններում Վիգեն Խաչատրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»2։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն էության մեջ իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշման հետևությունների հետ (...):
(...) Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով Վիգեն Խաչատրյանի կողմից պատճառված վնասի չափը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը։ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
Տվյալ դեպքում (...) Վիգեն Խաչատրյանին վերագրվող արարքը (...) առավել որակյալ հանցակազմից փոխվել է և համապատասխանում է որակյալ հանցակազմին, որը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Այսինքն (...) 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի հաշվառմամբ կիրառելի է արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքների համար նախատեսված վաղեմության ժամկետները։
Անդրադառնալով մեղադրողի վերանայման բողոքում նշված այն փաստարկին, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգիրքը տվյալ դեպքում նախատեսում է միայն այլ կերպ բարելավող կանոններ, և նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն հետադաձ ուժ չունի, անհիմն են (...)։ Ինչ վերաբերվում է վերանայման բողոքում բերված այն փաստարկին, որ վաղեմության ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով խստացվել են և նոր օրենքը հետադարձ ուժ չունի, ապա հարկ է նշել, որ այս փաստարկը նույպես չի բխում վերը նշված օրենքի 9-րդ հոդվածի իրավակարգավորումներից։ Մասնավորապես, պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասոով, որը մեղմացնում է պատասխանատվությունը։ Իսկ այդ դեպքում, ինչպես վերը նշվեց, անձն ամբողջությամբ ազատման է ենթակա քրեական պատասխանատվությունից, որը պատիժը մեղմացնող օրենքի դրսևորումներից մեկն է։
(...)
(...) [Տ]վյալ պարագայում Վիգեն Միշայի Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելով պայմանավորված, դադարեցնելու հիմքն առկա է, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են (...), իսկ ներկայացված հատուկ վերանայման բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման:
(...)
(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ին կայացված «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» թիվ ԿԴ/0029/01/19 որոշմամբ թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և ըստ էության կայացրել է հարցը ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Վ.Խաչատրյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « (…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` (…) խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
(…)
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
(…)
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝
(…)
2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝
(…)
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝
(…)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:
12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն իրավիճակին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ4:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վիգեն Խաչատրյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով5,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ Վիգեն Խաչատրյանի կողմից ենթադրաբար յուրացված գումարն առանձնապես խոշոր չափ համարվել չի կարող, տվյալ գումարը համապատասխանում է խոշոր չափին, հետևաբար՝ նրա արարքը ենթակա է որակման 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի կամ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետով, ինչն արդեն իսկ համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով6,
- Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումները զուգակցված կիրառելու հնարավորությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ համապատասխանեցման արդյունքում Վիգեն Խաչատրյանին վերագրվող արարքը համարվում է միջին ծանրության հանցագործություն՝ դրանից բխող բոլոր քրեաիրավական հետևանքներով, այդ թվում՝ միջին ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների օրենսդրական կարգավորումներից բխող7։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վիգեն Խաչատրյանին վերագրվող՝ 4.326.445 ՀՀ դրամի յուրացումը թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Վիգեն Խաչատրյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ հինգ տարի անց Վ.Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը։
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ Վ.Խաչատրյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.1-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները8։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով Վիգեն Խաչատրյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։
18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Դատալեքս» իրավական-տեղեկատվական կայքի ուսումնասիրությունից երևում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 28–ի որոշմամբ թիվ ԿԴ/0029/01/19 քրեական գործն9 ըստ մեղադրանքի Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի և Սուսան Հակոբի Ղուլյանի, ուղարկվել է ըստ ընդդատության՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան և դատավոր Տիգրան Դավթյանի` 2024 թվականի մարտի 7–ի որոշմամբ ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթ` ՀԿԴ/0038/01/24 համարի ներքո:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վիգեն Խաչատրյանի վերաբերյալ վարույթը ևս պետք է փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ըստ էության նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վիգեն Միշայի Խաչատրյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ըստ էության նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 44։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 67-72։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 29-38։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: