Գլխավոր տեղեկություն
Համար
N 3583-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3583-Ա

«18» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «Ի 1» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև 2024 թվականի հունվարի 16-ին կնքված թիվ ԵՔ-ԳՀԾՁԲ-24/47 ծածկագրով հերթագրման համակարգման ծառայությունների ձեռքբերման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի հերթագրման համակարգի սպասարկման ծառայությունների մատուցման պարտավորությունը` համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հ.1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից www.procurement.am կայքում հրապարակված` գնումներ գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված անձանց փոխկապակցված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ պարզվել է, որ «Ի 1» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «ԼԱՅՄ ՏԵԽ» ՍՊԸ-ն /ՀՎՀՀ 00256628/ 13.05.2023թ.-13.05.2025թ. ընկած ժամանակահատվածը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Այսպիսով, «Ի 1» ՍՊ ընկերության և «ԼԱՅՄ ՏԵԽ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 119-րդ կետի դրույթների:

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ...»:

Համաձայն Կարգի 119-րդ կետի 2-րդ ենթակետի` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով` ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,

դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի:

Համաձայն Կարգի 119-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`

ա. տվյալ անձը քվեարակելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,

բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ Օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրա ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ։

դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

(....)

Ընդ որում Կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:

Պայմանագրի 7.3 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, գնորդը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով վաճառողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով գնորդի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է:

Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով Պայմանագրի 7.3 կետի պահանջով, ինչպես նաև վերը նշված իրավական հիմքերով՝ միակողմանի /մասնակի/ լուծել է Պայմանագիրը։

Պայմանագրի մասնակի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 11-ին և պայմանագիրը սեպտեմբերի 12-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1․ «Ի 1» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան