ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2017 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
«ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» մասին հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթի 6-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող ակտերով կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ արտադրանք, տեխնիկական կանոնակարգ) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2019 թվականի հոկտեմբերի 18–ը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.
բ) մինչև 2019 թվականի հոկտեմբերի 18-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.
գ) մինչև 2019 թվականի հոկտեմբերի 18-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնելը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է շահագործման փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքի ծառայության նշանակված ժամկետի (նշանակված ռեսուրսի) ընթացքում: Տվյալ արտադրանքի՝ ըստ նշանակության շահագործումը (օգտագործումը) շահագործման փաստաթղթերով սահմանված՝ ծառայության նշանակված ժամկետը (նշանակված ռեսուրսը) լրանալուն պես թույլատրվում է տեխնիկական կանոնակարգի 84-90-րդ կետերով սահմանված կարգով մնացորդային ռեսուրսի գնահատումն անցկացնելուց հետո։
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ անդամ պետությունների հետ համատեղ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրն ապահովել հետևյալի մշակումն ու ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝
ա) միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար.
բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: