Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1182/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1182/02/11

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Տ. Նազարյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան  
  Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 28-ին,

քննարկելով ըստ հայցի «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գուրգեն Խաչատրյանի, Հովհաննես Գրիգորյանի` պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների կատարման 317.567,20 ՀՀ դրամ գումարի, պայմանագրի 2.6 և 3.1.4 կետերով սահմանված կարգով օգտագործված` 156.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 22 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսների գումարի, պայմանագրի 2.12 կետով սահմանված` ավել օգտագործված օվերդրաֆտի` 154.598 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 36 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսների գումարի և նախապես վճարված պետական տուրքի` 6.355 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, 

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գուրգեն Խաչատրյանից, Հովհաննես Գրիգորյանից բռնագանձել պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների կատարման 317.567,20 ՀՀ դրամ գումարը, պայմանագրի 2.6 և 3.1.4 կետերով սահմանված կարգով օգտագործված 156.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 22 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսները, պայմանագրի 2.12 կետով սահմանված` ավել օգտագործված օվերդրաֆտի` 154.598 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 36 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսները և նախապես վճարված պետական տուրքի` 6.355 ՀՀ դրամ գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Գուրգեն Խաչատրյանից բռնագանձվել  է 317.568,20 ՀՀ դրամ գումար, որից 156.000 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկային գծի` օվերդրաֆտի գումար, 6.969,20  ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի տոկոսագումար, իսկ 154.598 ՀՀ դրամը` որպես կուտակված օվերլիմիտի գումար: Օվերդրաֆտի սահմաններում օգտագործված 156.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ տարեկան 22 տոկոս դրույքաչափով հաշվեգրվել և Գուրգեն Խաչատրյանից բռնագանձվել է տոկոսագումար` սկսած 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը: Գուրգեն Խաչատրյանից բռնագանձվել է 6.351,34 ՀՀ դրամ գումար` որպես Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Ընկերության հայցն ընդդեմ Հովհաննես Կարապետի Գրիգորյանի` պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների կատարման 317.567,20 ՀՀ դրամ գումարի, պայմանագրի 2.6 և 3.1.4 կետերով սահմանված կարգով օգտագործված` 156.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 22 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսների գումարի, պայմանագրի 2.12 կետով սահմանված` ավել օգտագործված օվերդրաֆտի` 154.598 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 36 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսների գումարի և նախապես վճարված պետական տուրքի` 6.355 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների, ինչպես նաև Գուրգեն Խաչատրյանի դեմ ներկայացված` պայմանագրի 2.12 կետով սահմանված` ավել օգտագործված օվերդրաֆտի` 154.598 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 24.05.2011 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տարեկան 36 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսների գումարի և նախապես վճարված պետական տուրքի` 3,66 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու մասին, մերժվել է, իսկ Դատարանի 30.09.2011 թվականի վճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը Դատարանի 30.09.2011 թվականի վճիռը ստացել է 13.10.2011 թվականին, հետևաբար բողոքարկման մեկամսյա ժամկետը պետք է հաշվարկվեր վճիռը ստանալու, այլ ոչ թե հրապարակման պահից: Հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է Ընկերության` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարեր և բավարարեր վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողման միջնորդությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Դանիել Բարսեղյանի, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի, «ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Ռոստոմ, Ասատուր և Ստելլա Բարսեղյանների, Ալվարդ Քիթոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի «ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0716/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 30.09.2011 թվականին, որի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 31.10.2011 թվականը, սակայն վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 10.11.2011 թվականին: Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կից ներկայացված բաց թողնված ժամկետի պատճառները հարգելի համարելու մասին միջնորդությամբ բողոք բերած անձը հայտնել է, որ Դատարանի վճիռը ստացել է 13.10.2011 թվականին և վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ բողոք բերած անձի նշված փաստարկը և հիմնավորումը չի կարող վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ համարվել, քանի որ Ընկերությունը Դատարանի 30.09.2011 թվականի վճիռը ստացել է 13.10.2011 թվականին, և վերջինս վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ունեցել է 18 օր ժամանակ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 30.09.2011 թվականին (գ.թ. 71), այն Ընկերությունը ստացել է 13.10.2011 թվականին (գ.թ. 79-80),  վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 10.11.2011 թվականին (գ.թ. 90),  իսկ Դատարանի կողմից վճիռն Ընկերությանը հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ: Ավելին, համաձայն Դատարանի 03.10.2011 թվականի (11.10.2011 թվականի) Ընկերությանը հասցեագրված թիվ Ե-27643 գրության (գ.թ. 78) և «Հայփոստ» ՓԲԸ-ի 12.10.2011 թվականի թիվ PR054653306AM փոստային անդորրագրի (գ.թ. 79)` Դատարանի կողմից վճիռը փոստային ծառայությանն է հանձնվել 12.10.2011 թվականին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ օրենսդիրը բողոքարկման համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի սկիզբ է համարել ոչ թե վճիռը բողոքաբերի կողմից ստանալու պահը, այլ դրա հրապարակման պահը, ուստի բողոքաբերի կողմից վճիռը ստանալուց հետո մեկամսյա ժամկետն ավարտված չլինելու պայմաններում դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողման պատճառն այն հիմնավորմամբ, որ վճիռը 12 օր ուշ է ստացվել, չի կարող համարվել հարգելի, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդրության նման տրամաբանությունը պետք է դիտարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ հոդվածների հետ համադրությամբ` մասնավորապես հաշվի առնելով, որ բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ նման դիրքորոշումն ընդունելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջների պահպանված լինելու դեպքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով Ընկերությանն ուղարկելու իմպերատիվ պահանջը, ինչի արդյունքում վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան