Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1341
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.122
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 փետրվարի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 16.01.2017 թվականին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմի իրավական կանոնակարգումը:

3. Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերի պետությունների քաղաքացիները, այդ թվում երրորդ պետությունների տարածքներում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են առանց մուտքի արտոնագրի` արտասահման ուղևորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերի հիման վրա մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով` սկսած առաջին անգամ երկիր մուտք գործելու ամսաթվից:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն փոխանակել գործող ճամփորդական փաստաթղթերը փոփոխելու մասին: Փոխանակել այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը գործողության մեջ դնելուց 30 օր առաջ (հոդված 2, կետ 2),

 ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Մոլդովայի քաղաքացիներին տրամադրեն փաստաթղթերի կորստի մասին հայտարարությունը հաստատող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում (հոդված 6, կետ 1),

 ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները ՀՀ քաղաքացիներին տրամադրեն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար ճամփորդական փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդված 6, կետ 2),

 դիվանագիտական ուղիներով Մոլդովայի Հանրապետությանը ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, ելքի, գտնվելու պայմանների փոփոխության մասին, բայց ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ (հոդված 7),

 անհապաղ տեղեկացնել Մոլդովայի Հանրապետությանը Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման և դրանց վերացման մասին` նման որոշում ընդունելուց 15 օր առաջ (հոդված 10, կետ 2):

5. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը՝ ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի իրացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1341