«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2158-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
ա) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն է,
բ) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող՝ 6-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումն է, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմանն աջակցությունը: «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամք ստացող երեխաներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումն է, կազմակերպությունում խնամք ստացող երեխաներին իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումն է, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը.
գ) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ., խմբ. 08.09.16 N 957-Ն)
3. Սահմանել, որ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 9.000.000 (ինը միլիոն) դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։
4. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
ա) երկամսյա ժամկետում հաստատել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,
բ) երկամսյա ժամկետում հաստատել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցում իրականացնող մարմին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|