Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.03/58(1238) Հոդ.761
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3654/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ/3654/05/13
2016թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի (այսուհետ` Նախարարի տեղակալ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալվարդ Եղիազարյանի, Տելեմակ Եղիազարյանի ընդդեմ Հանձնաժողովի` Հանձնաժողովի 07.07.2012 թվականի որոշումն իրենց ընտանիքի մասով անվավեր ճանաչելու, բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում իրենց ընտանիքն ընդգրկելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանի նախագիծը կազմելու և Նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ղազար, Ալվարդ, Տելեմակ Եղիազարյանները և Լյուդմիլա Պետրոսյանը պահանջել են իրենց ընտանիքի մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 07.07.2012 թվականի որոշումը և պարտավորեցնել Հանձնաժողովին իրենց ընտանիքի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում իրենց ընտանիքին ընդգրկելու մասին Նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել Նախարարի հաստատմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 14.08.2014 թվականի որոշմամբ Ղազար Եղիազարյանի և Լյուդմիլա Պետրոսյանի մասով վարչական գործի վարույթը կարճվել է:

Դատարանի 29.08.2014 թվականի վճռով Ալվարդ և Տելեմակ Եղիազարյանների հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2015 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.08.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տելեմակ Եղիազարյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման (այսուհետ` թիվ 1337-Ն որոշում) 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 2-րդ և 3-րդ կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ, 124-րդ, 146-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորները երկրաշարժի պահին` 07.12.1988 թվականի դրությամբ, թե՛ համայնքում, թե՛ թիվ 133 տնտեսությունում հաշվառված չեն եղել և, այդ տնտեսությանը պատկանող բնակելի տան դիմաց թիվ 1337-Ն որոշման համաձայն, բնակելի տուն ստանալու իրավունք չեն կարող ունենալ: Հետևաբար չեն կարող համապատասխանել թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված Կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին: Մինչդեռ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով նշված որոշման 1-ին կետով հաստատված Կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները, հայցվորների մասով անվավեր են ճանաչել Հանձնաժողովի որոշումը:

Թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն անմիջականորեն չեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, չեն պատճառաբանել դատական ակտը և չեն հիմնավորել դատարանի համոզմունքի ձևավորումը:

Ստորադաս դատարանները պարտավորեցրել են Հանձնաժողովին հայցվորների ընտանիքի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում իրենց ընտանիքին ընդգրկելու մասին Նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել Նախարարի հաստատմանը` դրանով Հանձնաժողովի վրա դնելով ոչ իրավաչափ պարտավորություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման, քանի որ երկրաշարժի պահին Լեռնապատ համայնքում անձնագրային հաշվառում են ունեցել հայցվորների հայրը և մայրը` Անուշավան և Շողակաթ Եղիազարյանները, տնտեսական գրքում գրանցված են եղել և՛ Անուշավան ու Շողակաթ Եղիազարյանները, և՛ հայցվորները: Անուշավան և Շողակաթ Եղիազարյանների մահից հետո աղետից տուժած ընտանիքների հերթացուցակում Եղիազարյանների ընտանիքը գլխավորում է Տելեմակ Եղիազարյանը: Ընտանիքի կազմի որոշման ժամանակ հաշվի են առնվել ցուցակագրման պահին ընտանիքի փաստացի անդամների թիվը և բոլորին հաշվառել հերթացուցակում, ինչպես պահանջել է գործող կարգը, և իրավացիորեն Լեռնապատ համայնքի ղեկավարն անձի մահանալուց հետո մահացողին հանել է հերթացուցակից` մյուսներին թողնելով հերթացուցակում:

Սույն գործով թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը հանգել են իրավաչափ եզրակացության առ այն, որ երկրաշարժի պահին հայցվորների անձնագրային հաշվառում չունենալը հիմք չէ նրանց բնակարան ստանալու իրավունքից զրկելու համար:

ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված` Հանձնաժողովի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 11-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ գործադիրն իմպերատիվ կերպով սահմանել է հերթացուցակում հաշվառված քաղաքացուն բնակարան ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում չընդգրկելու իրավական հիմքերը և հանգամանքները, հետևաբար Հանձնաժողովն այդ հիմքերից բացի որևէ այլ հիմքով քաղաքացուն նշված ցուցակում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնել չի կարող, իսկ կայացնելու դեպքում այդ որոշումը կլինի ոչ իրավաչափ:

Կարգի 11-րդ կետում նախատեսված չէ այնպիսի իրավական հիմք, ինչպիսին է երկրաշարժի պահին անձնագրային հաշվառում չունենալը, հետևաբար այդ հիմքով վարույթի մասնակցին բնակարան ստանալու իրավունքից զրկելն իրավաչափ չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Սույն գործով հայցվորները պահանջել են իրենց ընտանիքի մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի` 07.07.2012 թվականի որոշումը և պարտավորեցնել վերջինիս կազմել իրենց ընտանիքի մասով բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը (հատոր 1-ին, գ.թ. 2-9).

2. Սույն գործում առկա չէ Հանձնաժողովի` 07.07.2012 թվականի վիճարկվող որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ, 124-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի` գործում բացակայության պայմաններում դրա իրավաչափության ստուգման խնդրին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործում էր 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իսկ գործի քննությունն իրականացվել է 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Մինչև 07.01.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, հայցադիմումին կցվում են նաև վիճարկվող ակտը կամ դրա պատճենը:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու կամ փոփոխելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է, հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Հետևաբար առանց վիճարկվող ակտի հետազոտման ոչ միայն անհնարին է ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջի կատարումը, այլև հայցի նյութական օբյեկտի` վիճարկվող վարչական ակտի բացակայությունն ընդհանրապես բացառում է այդ ակտի իրավաչափությունը գործում առկա ապացույցների միջոցով գնահատելու հնարավորությունը:

07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական դատավարությունում առանցքային նշանակություն ունի գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության և լուծման միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատավարական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու գործով օբյեկտիվ ճշմարտությունը և արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը: Ընդ որում, վիճարկման հայցի պարագայում գործով առաջնային նշանակություն ունեցող ապացույց է վիճարկվող վարչական ակտը, քանի որ դրա բացակայությունը փաստացի անհնարին է դարձնում այդ ակտի իրավաչափության գնահատումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող գործողության իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործողության կատարման հայցի քննության համար էական նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանք է հայցվող գործողության իրավաչափությունը, քանի որ վարչական մարմնին կարող է պարտադրվել բացառապես իրավաչափ գործողության կատարում:

Սույն գործով հայցվորները ներկայացրել են վիճարկման և գործողության կատարման հայց` խնդրելով մասնակի` իրենց ընտանիքի մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 07.07.2012 թվականի որոշումը և պարտավորեցնել Հանձնաժողովին իրենց ընտանիքի մասով կազմելու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում իրենց ընտանիքն ընդգրկելու վերաբերյալ Նախարարի հրամանի նախագիծ և այն ներկայացնել վերջինիս հաստատմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորների կողմից իրենց ընտանիքի մասով վիճարկվող Հանձնաժողովի 07.07.2012 թվականի որոշումը սույն գործում առկա չէ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` թույլ տալով դատավարական նորմի խախտում: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված` փաստերն ի պաշտոնե պարզելու վարչադատավարական սկզբունքի բովանդակության վերաբերյալ վերն արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Դատարանն այդ սկզբունքի պահանջներին համապատասխան պարտավոր էր միջոցներ ձեռնարկել վիճարկվող ակտի առկայությունը գործում ապահովելու ուղղությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի, 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցը, այն է` վիճարկվող վարչական ակտը ձեռք բերելու ուղղությամբ, և վարչական ակտի բացակայության պայմաններում գնահատել է դրա իրավաչափությունն ու այն ճանաչել անվավեր:

Ստորադաս դատարանների կողմից վերը նշված դատավարական նորմերի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում և վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ գործի քննության ներկա փուլում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան