Գլխավոր տեղեկություն
Համար
N 708-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2015 թվականի N 708-Ա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԽՈՏԱՆՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարել 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ գալու (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու, իրավախախտում կատարվելու կամ դրա օգտագործումը որևէ այլ կերպ փաստվելու) դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատված, և գույքահարկի գծով պարտավորություններն ամբողջ ծավալով ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ բերելու դեպքում դրա մասին գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը, ինչպես նաև յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տարածքային ստորաբաժանումների հետ կատարել տվյալների համեմատություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հրապարակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական համացանցային կայքում, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ քաղաքացիներին տրամադրել իրավական խորհրդատվություն սույն որոշման վերաբերյալ.

2) սույն որոշման 1-ին կետով չնախատեսված տրանսպորտային միջոցների, բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնց համար 2015 թվականի մարտի 31-ի դրությամբ կամ դրանից հետո առկա է եղել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, սեփականատերերի նկատմամբ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր չունենալու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության կիրառումը հետաձգել մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը.

3) մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգի տեղեկությունների համադրման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու համար անհրաժեշտ ծրագրային համակարգի ստեղծումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան