Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ/0176/01/11

Գործ թիվ ԱՐԴ/0176/01/11

 
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան  
                 Դատավորներ` Ս. Համբարձումյան  

                  Ա. Պետրոսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

մասնակցությամբ տուժող

Ա. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արևիկ Հակոբի Սահակյանի և Ծովինար Հակոբի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և տուժող Ա. Շահբազյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 48115110 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Արևիկ Հակոբի Սահակյանը և Ծովինար Հակոբի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նույն օրը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչի որոշումներով Արևիկ և Ծովինար Սահակյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2011 թվականի նոյեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 14-ի դատավճռով Արևիկ Հակոբի Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Ծովինար Հակոբի Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Վճռվել է քաղաքացիական հայցը թողնել առանց քննության և տուժող Անահիտ Գևորգի Շահբազյանին իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան:

3. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարիի 14-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալներ Արևիկ և Ծովինար Սահակյանների պաշտպան Ց.Մարգարյանը:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը Արևիկ Հակոբի Սահակյանի և Ծովինար Հակոբի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով բեկանվել է: Արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ ամբաստանյալներ Արևիկ Հակոբի Սահակյանը և Ծովինար Հակոբի Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ճանաչվել են անմեղ և արդարացվել են:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը և տուժող Ա.Շահբազյանը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, որոնք Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Արևիկ Սահակյանին և Ծովինար Սահակյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակչուհիներ Արևիկ և Ծովինար Հակոբի Սահակյանները իրենց մոր` Վալյա Հարությունյանի հետ բնակվել են իրենց հանգուցյալ հոր` Հակոբ Սահակյանի` Արմավիրի մարզի Արմավիր գյուղի տանը, որտեղ բնակվել է նաև Արևիկի և Ծովինարի հորաքույր Անահիտ Գևորգի Շահբազյանը:

Հակոբ Սահակյանի մահվանից հետո երեխաների` Արևիկի և Ծովինարի և կնոջ` Վալյա Հարությունյանի հարաբերությունները հանգուցյալի քրոջ` Անահիտ Գևորգի Շահբազյանի հետ մշտապես եղել են լարված, միմյանց հետ հաճախ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, դրա պատճառով Վալյա Հարությունյանն իր դուստրերի` Արևիկի և Ծովինարի հետ տեղափոխվել է եղբոր տուն: 2011թվականի օգոստոսի 10-ին` ժամը 17-ի սահմաններում, Վալյա Հարությունյանն իր եղբորորդի Կոլյա Հայկի Հարությունյանի և նրա ընկեր Արմեն Սրապի Կնյազյանի հետ վերջինիս «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղ` իրենց իրերը տեղափոխելու նպատակով: Անահիտ Շահբազյանը, տեսնելով Վալյա Հարությունյանին, Արևիկ և Ծովինար Սահակյաններին, սկզբում արգելել է վերջիններիս մտնել տան բակ, այնուհետև սկսել է վիճաբանել նրանց հետ` պատճառաբանելով, թե նրանք իրենց իրերի հետ իր ապրանքներն էլ են ցանկացել տանել, և պոլիէթիլենային շիշը նետել է Արևիկ Սահակյանի ուղղությամբ: Այդ ժամանակ Վալյա Հարությունյանը, գտնվելով տանը, իրենց հագուստներն է դասավորել, իսկ աղջիկները` Արևիկը և Ծովինարը, իրերն են տեղափոխել և դրել «ԶԻԼ» ավտոմեքենայի մեջ: Այդ ընթացքում Անահիտ Շահբազյանը փորձել է խանգարել Արևիկ և Ծովինար Սահակյաններին, որի պատճառով վիճաբանություն է սկսվել, և վերջիններս, ձեռքերով և ոտքերով հարվածելով, ծեծի են ենթարկել Անահիտ Շահբազյանին: Վալյա Հարությունյանը, բակից վիճաբանության ձայներ լսելով, դուրս է եկել տանից ու դուստրերի հետ միասին հեռացել են այդտեղից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 66, 75, 95):

6. Առաջին ատյանի դատարանում Արևիկ և Ծովինար Սահակյանները ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել և նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրոք իրենց հոր` Հակոբ Սահակյանի մահից հետո իրենց մոր` Վալյա Հարությունյանի հետ բնակվել են իրենց հայրական տանը, սակայն հորաքրոջ` Անահիտ Շահբազյանի հետ ունեցել են մշտապես լարված հարաբերություններ, հաճախ են վիճել կենցաղային հարցերի շուրջ, այդ պատճառով նրանք տեղափոխվել են Արմավիր քաղաքում բնակվող իրենց մորեղբոր տուն: 2011 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց մորեղբոր որդի Կոլյա Հայկի Հարությունյանի և նրա ընկեր Արմեն Սրապի Կնյազյանի հետ վերջինիս «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղ` իրենց իրերը վարձակալած բնակարան տեղափոխելու նպատակով: Անահիտ Շահբազյանը սկզբում արգելել է իրենց մտնել տան բակ, այնուհետև սկսել է վիճաբանել իրենց հետ` պատճառաբանելով, թե նրանք իրենց իրերի հետ իր ապրանքներն էլ են ցանկացել տանել և հեղուկով լցված պոլիէթիլենային շիշը նետել է Արևիկ Սահակյանի ուղղությամբ, սակայն վերջինիս չի դիպել: Երբ իրենք իրերն են տեղափոխել և դրել «ԶԻԼ» ավտոմեքենայի մեջ, Անահիտ Շահբազյանը փորձել է խանգարել, որի ժամանակ իրենց միջև վիճաբանություն է սկսվել, իսկ Ծովինար Սահակյանը հրել է Անահիտ Շահբազյանին: Այնուհետև իրենց մայրը` Վալյա Հարությունյանը, բակից վիճաբանության ձայներ լսելով, դուրս է եկել տանից ու միասին հեռացել են այդտեղից:

Իրենք Անահիտ Շահբազյանին չեն հարվածել, չեն ծեծել ու մարմնական վնասվածքներ չեն պատճառել, միայն Ծովինար Սահակյանն է հրել նրան` սաստելու համար (տե՛ս քրեական գործ հատոր 1, թերթ 187):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Քրեական պատասխանատվության հիմքի, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, քրեական դատավարության օրենսդրության խնդիրների, օրինականության, անմեղության կանխավարկածի, ապացույցների, դրանց ստուգման, իրավական գնահատության, ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության վերոհիշյալ հիմնարար իրավադրույթների պահանջների համատեքստում քննության առնելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված ճանաչված փաստական հանգամանքները առ այն, որ ամբաստանյալներ Արևիկ և Ծովինար Սահակյանները 2011թ. օգոստոսի 10-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակվող իրենց հորաքույր` գործով տուժող Անահիտ Գևորգի Շահբազյանի տան բակում, իրենց գույքը տեղափոխելու ժամանակ վիճաբանել են վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ են հասցրել և ծեծի ենթարկել Անահիտ Շահբազյանին, և Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով վերը նշված փաստական հանգամանքների հիմքում դրված ապացույցները, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով հնարավոր չէ հիմնավորված համարելու ամբաստանյալներ Արևիկ Սահակյանին և Ծովինար Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, մասնավորապես, դրա օբյեկտիվ կողմը:

Դատաբժշկական փորձագետի թիվ 231 եզրակացությամբ ամրագրվել է տուժող Ա.Շահբազյանի ստացած ոչ թե «մարմնական վնասվածքները», այլ «մարմնական վնասվածքը»:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալները և նկատի ունենալով, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատաքննությամբ չհաստատվեց ամբաստանյալներ Արևիկ Սահակյանի և Ծովինար Սահակյանի կողմից տուժող Ա.Շահբազյանին երեք և ավելի անգամներ հարվածելու փաստը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշն է, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, արտահայտելով միայն իրավունքի շահերը, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզմամբ հանգում է այն հետևության, որ տուժողի ցուցմունքներն արժանահավատ չեն, նա նպատակ է հետապնդում կենցաղային հողի վրա առաջացած վեճի հետևանքով, իր իսկ հակասական ցուցմունքների վրա ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Արևիկ Սահակյանին և Ծովինար Սահակյանին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով պատժելու, նրա` որպես շահագրգիռ անձի ցուցմունքները բավարար չեն ամբաստանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով որակելու համար» (տե՛ս քրեական գործ հատոր 2, թերթ 83, 85, 86):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները

8. Բողոքաբերը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը, նշել է, որ սույն գործով առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ հոդվածների և 397-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես, ճիշտ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, ինչի արդյունքում հանցանք կատարած երկու անձինք անհիմն ազատվել են քրեական պատասխանատվությունից և պատժից:

Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը») նախատեսված հետևանքները, և եզրակացություն արել այն մասին, որ հաստատված չհամարելով ամբաստանյալների կողմից տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելու հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության ամբաստանյալների արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայության վերաբերյալ: Բողոք բերած անձի պնդմամբ ծեծը ենթադրում է գործողությունների պարբերականություն, իսկ նույն հանցակազմի դիսպոզիցիայում նկարագրված «բռնի գործողություններ»-ը ներառում են անձին ֆիզիկական ցավ պատճառած մեկ հարվածը: Որպես նման «բռնի գործողություններ»-ի օրինակ՝ բողոք բերած անձը նշել է նաև կճմտելը, մազերը քաշելը և այլն:

10. Բողոքաբերը փաստարկել է, որ ծեծի համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունից երևում է, որ ծեծին քրեաիրավական գնահատական տալու և, հետևաբար, նշված հոդվածի կիրառման հարցում տարատեսակ մոտեցումներ են ցուցաբերվում: Մասնավորապես, ամբաստանյալի կողմից տուժողին մեկ հարված հասցնելու պարագայում դատարանները որոշ դեպքերում կայացրել են մեղադրական, այլ դեպքերում՝ արդարացման դատավճիռներ: Արդյունքում, բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ ծեծի համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի կապակցությամբ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 14-ի դատավճռին:

12. Բողոքաբերը տուժող Անահիտ Շահբազյանը, նշել է, որ սույն գործով վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է՝ սխալ է մենաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիան: Ուստի, խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 14-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքները վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծեծի համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Ծեծի համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը.

 

14. Նախքան սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքներում բարձրացված իրավական հարցերին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերլուծության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը՝ վերհանելով հատկապես դրա օբյեկտի, օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի մի շարք առանձնահատկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ սույն գործով ներկայացված բողոքներում բարձրացված հարցերը քննելիս:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը») նախատեսված հետևանքներ:

Մեջբերված քրեաիրավական դրույթը ներառված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ բաժնի՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող 16-րդ գլխում: Նշված գլխում ներառված առողջության դեմ հանցագործությունները հանրորեն վտանգավոր այն արարքներն են, որոնք ուղղված են մարդու առողջության դեմ:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը մարդու առողջությունն է, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ նաև մարդու պատիվն ու արժանապատվությունը:

Առողջությունը մարդու օրգանիզմի այնպիսի ֆիզիոլոգիական վիճակն է, երբ դրա բոլոր համակարգերը, մասերը և օրգանները նորմալ գործում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրության պրեամբուլայում առողջությունը բնորոշվում է որպես «ֆիզիկական, հոգևոր և սոցիալական լրիվ բարօրության վիճակ և ոչ թե միայն հիվանդությունների կամ ֆիզիկական արատների բացակայություն»:

Առողջության դեմ ուղղված ոտնձգության հետևանքով վնաս է պատճառվում անձի առողջությանը, խախտվում են անձի ինչպես ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, այնպես էլ նրա առողջության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Քրեաիրավական պաշտպանության օբյեկտի տեսանկյունից առողջությունը ոչ նյութական բարիք է, որը, ընդհանուր կանոնի համաձայն, բնորոշվում է որպես մարդու ֆիզիկական և հոգեկան բարօրության վիճակ: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական օրենքը պաշտպանում է ոչ թե առողջության իդեալական վիճակը, այն է՝ անձի ֆիզիկական և հոգեկան լրիվ բարօրության վիճակը, այլ անձի այն առողջական վիճակը, որն առկա է եղել նրա նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու պահին: Հետևաբար, «առողջության դեմ ուղղված» հասկացությունն անհրաժեշտ է մեկնաբանել՝ ելնելով ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրության պրեամբուլայում առողջությանը տրված ընդհանուր բնորոշումից, այնպես էլ այն անձի մոտ օբյեկտիվորեն առկա առողջական վիճակից, ում նկատմամբ կատարվել է հանցավոր ոտնձգությունը:

Ինչ վերաբերում է 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության լրացուցիչ օբյեկտին՝ արժանապատվությանը, ապա այն հանդիսանում է մարդու` որպես կենսաբանական և սոցիալական էության, անհրաժեշտ և անքակտելի հատկանիշ, որի հիման վրա մարդը դառնում է սոցիալական կենսագործունեության լիիրավ սուբյեկտ:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է՝

ա) տուժողին ֆիզիկական ցավ պատճառելով,

բ) տուժողի նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելով, որոնք չեն պարունակում դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ:

Նշված արարքների հետևանքով տուժողի ֆիզիկական վիճակը բացասական փոփոխությունների է ենթարկվում, որոնք բնորոշվում են որպես «առողջության դեմ ուղղված» ոտնձգության հետևանք: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշվում է ծեծելու կամ այնպիսի այլ բռնի գործողություններ կատարելու մասին, որոնք չեն պարունակում դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ, այնուամենայնիվ այն հանդիսանում է մարդու առողջության դեմ ուղղված ոտնձգություն, որը օժտված է հանրային վտանգավորության որոշակի բնույթով և աստիճանով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքերում, երբ կիրառված բռնության հետևանքով տուժողի հոգեկան վիճակը բացասական փոփոխությունների է ենթարկվում, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով («Խոշտանգում»):

18. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածում առկա՝ «այլ բռնի գործողություններ» ձևակերպմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել «բռնություն» հասկացության համատեքստում: Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներում նկարագրված են բռնության տարբեր դրսևորումներ, որոնց թվին են դասվում ծեծը, խոշտանգումը և ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներում որպես ինքնուրույն հանցակազմ կամ հանցակազմի որակյալ հատկանիշ կամ հանցանքի կատարման եղանակ նախատեսված բռնի այլ գործողությունները, որոնք նկարագրված են որպես բռնության կիրառում, բռնության սպառնալիք, այլ բռնություն, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն կամ դրանց կիրառման սպառնալիք, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կամ դրանց կիրառման սպառնալիք, ֆիզիկական ցավ, ուժեղ ցավ, հոգեբանական բռնություն և այլն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք:

19. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության համատեքստում մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիան՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծեծը կամ այլ բռնի գործողությունները բռնության տարատեսակներ են, որոնք կարող են դրսևորվել ֆիզիկական բռնությամբ: Հոգեբանական բռնության դեպքում արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

19.1. Ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին հարվածներ հասցնելով, ընդ որում, հարվածները կարող են հասցվել ինչպես ձեռքերով կամ ոտքերով, այնպես էլ բութ և կոշտ գործիքի գործադրմամբ՝ բազմաթիվ (մեկից ավելի) անգամ:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մեկնաբանության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն՝ ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմաթիվ (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:

19.2. Այլ բռնի գործողություններ են, օրինակ` ձեռքերը ոլորելը, մազերը քաշելը, կճմտելը և այլն:

20. Ծեծի կամ այլ բռնի գործողությունների մասին կարող են վկայել անձի վրա արյան զեղումների, քերծվածքների, կապտուկների և այլ նմանատիպ դրսևորումների առկայությունը: Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ծեծի կամ այլ բռնի գործողությունների արդյունքում անձի մարմնի վրա կարող է որևէ տեսանելի հետք չմնալ:

Այն դեպքում, երբ ծեծի կամ այլ բռնի գործողությունների հետևանքով տուժողի մարմնի վրա մնում են տեսանելի հետքեր, դրանք գնահատվում են ըստ ծանրության աստիճանի` ընդհանուր կանոններին համապատասխան: Գնահատումը տվյալ դեպքում իրականացվում է պատճառված վնասի ծանրության աստիճանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա:

Այն դեպքում, երբ ծեծի կամ այլ բռնի գործողությունների արդյունքում անձի մարմնի վրա որևէ տեսանելի հետք չի մնացել և դրանց հետևանքով անձին, օրինակ` ֆիզիկական ցավ է պատճառվել կամ դրանք անձի թեթև տկարության պատճառ են հանդիսացել, դատաբժշկական փորձագետն արձանագրում է տուժողի սուբյեկտիվ գանգատները` նշելով, որ վնասվածքների տեսանելի հետքերը բացակայում են, և չի որոշում առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը: Նման դեպքերում ծեծի կամ բռնի այլ գործողություն կատարելու, մասնավորապես՝ տուժողին ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքի բացահայտումն ամբողջովին դրված է վարույթն իրականացնող մարմնի վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի ճիշտ որակումը կոնկրետ հանրորեն վտանգավոր արարքի մեջ հանցակազմի բոլոր հատկանիշների առկայության հավաստումն է: Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմնի խնդիրն է բացահայտել այն հատկանիշները, տարրերը, որոնք կազմում են տվյալ տեսակի հանցագործության օրենսդրական մոդելը կամ որ նույնն է` հանցակազմը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով գործի քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի և պատշաճ իրավական գնահատության արժանացնի վկաների, տուժողի, ամբաստանյալների ցուցմունքները և գործի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք թույլ կտան սահմանազատել նախ՝ հանցավոր արարքը ոչ հանցավոր արարքից, ապա քրեորեն հետապնդելի մի արարքը մյուս արարքից և դրանց ճիշտ քրեաիրավական գնահատական տալ:

21. Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, այլ խոսքով՝ քննարկվող հանցակազմով նախատեսված ֆիզիկական բռնությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծեծը կամ բռնի այլ գործողությունները կարող են այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակել կամ դրանց կատարման միջոց լինել: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը այլ հանցագործություններից սահմանազատելու համար անհրաժեշտ է պարզել հանցավորի դիտավորության ուղղվածությունը և գործի կոնկրետ հանգամանքները և ըստ այդմ էլ որոշել, թե արարքը քրեական օրենքով պաշտպանվող որ օբյեկտի դեմ է ուղղված: Օրինակ, եթե խուլիգանության ժամանակ հանցավորի արարքը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ապա այն այլ հատկանիշների առկայության դեպքում պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Կամ անձի կյանքի կամ առողջության համար բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի («Ավազակությունը») պարտադիր հատկանիշ է, իսկ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքը կողոպուտի պարտադիր հատկանիշ է (ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդված) և այլն:

Ինչ վերաբերում է ծեծի կամ այլ բռնի գործողությունների շարժառիթին ու նպատակին, ապա դրանք կարող են տարբեր լինել և արարքի որակման վրա չեն ազդում:

 

II. Մեկ հարվածի քրեաիրավական նշանակությունը և հետևանքները.

 

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. կարո՞ղ է արդյոք մեկ հարվածը որակվել որպես ծեծ:

23. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ «(...) «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ: Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց»:

Վերոշարադրյալ, ինչպես նաև մի շարք այլ միջազգային-իրավական դրույթներ Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության են ենթարկվել Ա.Գզոյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ ընդգծվել է խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը (տե՛ս mutatis mutandis Արայիկ Էդուարդի Գզոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշումը):

24. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված դրույթների, մասնավորապես՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի վերլուծությունից երևում է, որ այն կիրառում է «մարմնական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք» ձևակերպումը: Նշված ձևակերպումը համադրելով սույն որոշման 18-րդ կետում մեկնաբանված «բռնություն» հասկացության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնության արդյունքում անձին ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է պատճառվում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով չեն կարող որակվել այն դեպքերը, երբ անձին ֆիզիկական ցավ չի պատճառվում: Միևնույն ժամանակ ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը պատասխանատվություն է առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրակացությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ եթե արարքը փաստացի չի առաջացրել ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք և այդպիսիք պատճառելու դիտավությամբ չի բնութագրվում, իր նվազ կարևորության պատճառով չի կարող հանցագործություն համարվել (ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս):

25. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոշարադրյալ եզրահանգումը հաստատվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը») և 119-րդ («Խոշտանգումը») հոդվածների կառուցվածքային և բովանդակային համեմատությամբ:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում, կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ:

ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում խոշտանգումը բնորոշվում է որպես ցանկացած այնպիսի գործողություն, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») և 113-րդ («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») հոդվածներով նախատեսված հետևանքներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ և 119-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների պարտադիր հատկանիշներից մեկը ֆիզիկական ցավի առկայությունն է: Նշված հոդվածների տարբերությունը պատճառված վնասի աստիճանն է: Մասնավորապես՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ անձին պատճառվել է ֆիզիկական ցավ, արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ուժեղ ցավ, մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

26. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց ֆիզիկական ցավի մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը և այլ բռնի գործողությունները իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու, ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հնարավոր են դեպքեր, երբ մեկ հարվածն ավելի ուժգին լինի, քան մի քանիսը: Հարվածների քանակը արարքը որակելու դեպքում էական նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ դրա հետևանքով որևէ հանցակազմի հատկանիշ համարվող ֆիզիկական վնաս չի առաջացել: Այսինքն՝ մեկ հարվածը, եթե առաջացնում է, օրինակ` առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթև վնաս, ապա որակվում է ըստ փաստացի վրա հասած հետևանքի, իսկ այն դեպքում, երբ մեկ հարվածը ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք չի պատճառել և այդպիսիք պատճառելու դիտավությամբ չի բնութագրվում, ապա իր նվազ կարևորության պատճառով այն չի կարող հանցագործություն համարվել:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մեկ հարվածով ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու կամ այդպիսիք պատճառելու դիտավորության առկայության հանգամանքը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել տուժողի տարիքը, առողջական վիճակը, ինչպես նաև հանցավորի ֆիզիկական տվյալները, հարվածի տեղակայումը, բնույթը և այլ հանգամանքները, որոնք իրենց համակցությամբ կարող են վկայել, որ տուժողին պատճառվել է ֆիզիկական ցավ:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 23-26-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ, ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում տուժողին ֆիզիկական ցավ է պատճառվել: Հետևաբար, տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում տուժողին ֆիզիկական ցավ չի պատճառվել, ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ որպես ծեծ:

Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողին մեկ անգամ ուժեղ ցավ պատճառելը կամ պարբերաբար մեկական հարված հասցնելը, անկախ հարվածի ուժգնությունից, կարող է որակվել որպես խոշտանգում (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված), եթե հանցավորը գիտակցել է, որ իր գործողություններով անձին դիտավորյալ կերպով պատճառել է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեկ հարվածը, որը չի որակվում որպես ծեծ և հետևաբար, քրեաիրավական պատասխանատվության չի հանգեցնում, կարող է քաղաքացիաիրավական պատասխանատվություն առաջացնել, եթե դրանով նվաստացվի անձի պատիվն ու արժանապատվությունը:

 

III. Ամբաստանյալներին մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատականը.

 

28. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով հնարավոր չէ հիմնավորված համարել ամբաստանյալներ Արևիկ և Ծովինար Սահակյանների արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի առկայությունը:

29. Ա.Պապյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 270-րդ հոդվածների վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը երկու դեպքում էլ օգտագործել է «մեղադրանքի ձևակերպում» եզրույթը, որի կառուցվածքն իրենից ներկայացնում է.

ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,

 բ) քրեական օրենքի կոնկրետ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը:

Վերոնշյալ դատողության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ կետը):

Գ.Ճաղարյանի և այլոց գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) մեղադրանքը հանդիսանում է քրեադատավարական այն ինստիտուտը, որի միջոցով ապահովվում է հանրային քրեական հետապնդման կառուցակարգի գործունեությունը: Մեղադրանքը հանցակազմը կոնկրետ հանցագործության հանգամանքների և այն կատարած անձի հետ կապող դատավարական միջոցն է, և այդ պատճառով էլ մեղադրանքը կարելի է դիտարկել որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, որից ածանցյալ է նաև քրեական արդարադատության իրականացման գործառույթը:

Քրեական դատավարությունում մեղադրանքը բնորոշվում է որպես կոնկրետ անձին մեղսագրվող հանցավոր գործողության կամ անգործության նկարագրություն դատավարական փաստաթղթերում: Կառուցվածքային առումով մեղադրանքը բաղկացած է գործով հաստատված՝ հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքների ամբողջությունից և քրեական օրենքի կոնկրետ նորմից, որի հատկանիշներին համապատասխանում է նշված փաստական հանգամանքների ամբողջությունը: Այլ խոսքով՝ մեղադրանքի տարրեր են կազմում մեղադրանքի ձևակերպումը և դրա իրավաբանական որակումը:

(…)

(…) համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը: Ավելին, մեղադրական եզրակացության մեջ շարադրվող առանձին հարցեր, մասնավորապես, արարքի փաստական նկարագրությունը, այդ նկարագրության հիմքում դրված ապացույցների շրջանակը, դրանց տրված գնահատականը, վճռորոշ նշանակություն ունեն անձի պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացման համար:

(…)

(…) գնահատելով մեղադրանքի ձևակերպմանը բովանդակային առումով ներկայացվող պահանջները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: Նույն կերպ անընդունելի է, երբ հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում հանցակիցներին ներկայացվում է միևնույն մեղադրանքը` առանց հստակեցնելու նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ գործողությունները, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը:

(…)

(…) հանցակիցներից յուրաքանչյուրի քրեական պատասխանատվության հարցը լուծելիս անհրաժեշտ է հաստատել, որ նա մասնակցել է այնպիսի հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը, որն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում և որի կապակցությամբ հաստատված է նրա մեղքը: Այլ խոսքով՝ հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս նրանցից յուրաքանչյուրի արարքը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ մյուս բոլոր հանցակիցների հետ համակցության մեջ՝ պարզելով հանցակիցներից յուրաքանչյուրի արարքի հանրային վտանգավորությունն ու հակաիրավականությունը և հետևաբար նաև հանցակիցներից յուրաքանչյուրի արարքում հանցագործության հատկանիշների և քրեական պատասխանատվության հիմքերի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի և գնահատի հանցակիցների կողմից համատեղ կատարված բոլոր արարքները, ինչպես նաև այդ արարքների հետևանքները՝ արդյունքում ուրվագծելով հանցակիցներից յուրաքանչյուրի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու սահմաններն ու ծավալները (տե՛ս Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 15-րդ, 19-րդ, 21-րդ և 24-րդ կետերը):

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Արևիկ և Ծովինար Սահակյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում առկա է հետևյալ ձևակերպումը՝ «Այդ ընթացքում Անահիտ Շահբազյանը փորձել է խանգարել Արևիկ և Ծովինար Սահակյաններին, որի պատճառով վիճաբանություն է սկսվել և վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածելով ծեծի են ենթարկել Անահիտ Շահբազյանին» (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանում Արևիկ և Ծովինար Սահակյանները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ Անահիտ Շահբազյանը սկզբում արգելել է իրենց մտնել տան բակ, այնուհետև սկսել է վիճաբանել իրենց հետ` պատճառաբանելով, թե նրանք իրենց իրերի հետ իր ապրանքներն էլ են ցանկացել տանել, և հեղուկով լցված պոլիէթիլենային շիշը նետել է Արևիկ Սահակյանի ուղղությամբ, սակայն վերջինիս չի դիպել: Երբ իրենք իրերն են տեղափոխել և դրել «ԶԻԼ» ավտոմեքենայի մեջ, Անահիտ Շահբազյանը փորձել է խանգարել, որի ժամանակ իրենց միջև վիճաբանություն է սկսվել, իսկ Ծովինար Սահակյանը հրել է Անահիտ Շահբազյանին: Այնուհետև իրենց մայրը` Վալյա Հարությունյանը, բակից վիճաբանության ձայներ լսելով, դուրս է եկել տանից ու միասին հեռացել են այդտեղից: Իրենք Անահիտ Շահբազյանին չեն հարվածել, չեն ծեծել ու մարմնական վնասվածքներ չեն պատճառել, միայն Ծովինար Սահակյանն է հրել նրան` սաստելու համար (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ արձանագրել է, որ «Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով կամ գոնե դրանց որոշակի համակցությամբ հնարավոր չէ միանշանակորեն հիմնավորված համարելու ամբաստանյալներ Արևիկ Սահակյանին և Ծովինար Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, մասնավորապես, դրա օբյեկտիվ կողմը:

Դատաբժշկական փորձագետի թիվ 231 եզրակացությամբ ամրագրվել է տուժող Ա.Շահբազյանի ստացած ոչ թե «մարմնական վնասվածքները», այլ «մարմնական վնասվածքը»:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալները և նկատի ունենալով, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատաքննությամբ չհաստատվեց ամբաստանյալներ Արևիկ Սահակյանի և Ծովինար Սահակյանի կողմից տուժող Ա.Շահբազյանին երեք և ավելի անգամներ հարվածելու փաստը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշն է, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, արտահայտելով միայն իրավունքի շահերը, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզմամբ հանգում է այն հետևության, որ տուժողի ցուցմունքներն արժանահավատ չեն, նա նպատակ է հետապնդում կենցաղային հողի վրա առաջացած վեճի հետևանքով, իր իսկ հակասական ցուցմունքների վրա ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Արևիկ Սահակյանին և Ծովինար Սահակյանին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով պատժելու, նրա` որպես շահագրգիռ անձի ցուցմունքները բավարար չեն ամբաստանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով որակելու համար» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

31. Սույն որոշման 29-րդ կետում շարադրված դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 30-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից սույն գործով ամբաստանյալներին առաջադրվել է միևնույն մեղադրանքը` առանց հստակեցնելու ենթադրյալ հանցավոր արարքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե նրանցից յուրաքանչյուրին մեղսագրված արարքն ինչպես է դրսևորվել և ինչում է արտահայտվել, նրանցից ով է հարվածել տուժողին և քանի անգամ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքը տեղեկանալու իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, հետևաբար չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի իրականացումը, որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրականացման պահանջները բավարարող երաշխիք: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հանցակիցների մեղավորության աստիճանը և քրեաիրավական նշանակություն ունեցող այլ հարցերի ճիշտ լուծումը:

32. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

ա) նախաքննական մարմինը բավարար ապացույցներ չի ներկայացրել տուժողին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելու վերաբերյալ,

բ) նախաքննական մարմնի կողմից ներկայացված մեղադրանքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով հստակեցված չէ, նախաքննական մարմինը դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվել է միայն տվյալ արարքով արգելված հանցակազմի ընդհանրական նկարագրությամբ:

33. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը»:

Սույն գործով, փաստորեն, չի հաստատվել ամբաստանյալներ Արևիկ Սահակյանի և Ծովինար Սահակյանի կողմից տուժող Ա. Շահբազյանին մեկից ավելի անգամ հարվածելու փաստը, ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կարող է համարվել ապացուցված միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, բոլոր կասկածները ամբաստանյալի օգտին փարատելով, միանշանակորեն հիմնավորվի յուրաքանչյուր ամբաստանյալի կատարած բոլոր գործողությունները` հասցված հարվածների քանակը, ինչով են դրանք հասցվել, տուժողի մարմնի որ մասերին, ինչը սույն գործով առկա չէ:

34. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով հնարավոր չէ հիմնավորված համարել ամբաստանյալներ Արևիկ և Ծովինար Սահակյանների արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի առկայությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս առումով Վերաքննիչ դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 25-րդ, 35-րդ, 124-127-րդ, 358-րդ և 365-րդ պահանջները, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ:

Անդրադառնալով բողոքաբեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի այն փաստարկին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «այլ բռնի գործողություններ» ձևակերպումն իրենում ներառում է նաև անձին հասցված մեկ հարվածը, որը ֆիզիկական ցավ է պատճառում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ մեկ հարվածը չի կարող նույնացվել այլ բռնի գործողությունների հետ (տե՛ս սույն որոշման 22-27-րդ կետերը):

35. Հիմք ընդունելով սույն որոշման 14-34-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքներում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-12-րդ կետերը) իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքները պետք է թողնել առանց բավարարման:

Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: Արևիկ Հակոբի Սահակյանին և Ծովինար Հակոբի Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան
 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան