ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 հունիսի 2011 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 7 հունիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի մայիսի 19-ին:
Ըստ Վարկային համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը համաձայնում է իր Հատուկ ֆոնդերի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրել երեսուն միլիոն ինը հարյուր ութսունինը հազար Փոխառության հատուկ իրավունքին (30,989,000 ՓՀԻ) համարժեք գումարով վարկ` տարբեր արտարժույթներով:
Ըստ Համաձայնագրի` Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի նպատակը քաղաքային համայնքների համար տնտեսական հնարավորությունների և հանրային ու սոցիալական ծառայությունների մատչելիությունը բարելավելն է, տնտեսական աճի ներուժը մեծացնելը և մասնավոր հատվածի ներգրավվածությունն ընդլայնելը:
Ծրագիրն ուղղված է Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի և ծառայությունների բարելավմանը:
Ծրագիրը պետք է բաղկացած լինի հետևյալ հիմնական բաղադրիչներից.
ա) Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի բարելավում, ներառյալ` հետևյալ Ենթածրագրերը`
1. Արգավանդի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհ (արևմուտք), և
2. Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհ և Թամանցիների փողոցի հատված (հարավ-արևմուտք).
բ) Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում.
գ) Ծրագրի կառավարում և կարողությունների զարգացում:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.
- Ասիական զարգացման բանկին վճարել տոկոս` արտոնյալ ժամկետի ընթացքում տարեկան 1%-ի, իսկ դրա ավարտից հետո` տարեկան 1,5%-ի չափով` վարկային հաշվից առհանված և չվճարված գումարի դիմաց,
- սկսած 2019 թվականի հուլիսի 15-ից մինչև 2043 թվականի հունվարի 15-ը վարկի տոկոսավճարը և այլ վճարումները կատարել կիսամյակային հիմունքներով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին,
- հետ վճարել Վարկային հաշվից առհանված Վարկի մայր գումարը` Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածում (Մարման ժամանակացույց) սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան,
- վարկի տրամադրման կանոնների բաժին 4.03(ա)-ի և 4.04-ի նպատակներից ելնելով` վարկի մայր գումարը հետ վճարել և տոկոսը վճարել դոլարով,
- Ասիական զարգացման բանկին բավարարող պայմաններով Երևանին հասանելի դարձնել վարկի միջոցները և ապահովել, որ Երևանն օգտագործի այդ միջոցները Ծրագրի ծախսերի ֆինանսավորման համար` Վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան,
- վարկի գումարները բաշխել և առհանել Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածի (Վարկի գումարների բաշխումը և առհանումը) դրույթներին համապատասխան, որը Վարկառուի և Ասիական զարգացման բանկի միջև համաձայնությամբ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել,
- գնել կամ ապահովել, որ գնվեն ծախսային ապրանքները` Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածի (Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնում) կիրառելի դրույթներին համապատասխան, եթե Ասիական զարգացման բանկն այլ համաձայնություն չի տվել,
- վարկային հաշվից ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների մասով առհանումները կատարել միայն այն ծախսերի հաշվով, որոնք վերաբերում են այն ապրանքներին, որոնք արտադրվում կամ մատակարարվում են, և ծառայություններին, որոնք տրվում են Ասիական զարգացման բանկի այն անդամ պետությունների կողմից, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ նշվել Ասիական զարգացման բանկի կողմից` որպես գնումների ընդունելի աղբյուր, և այն ապրանքներին, աշխատանքներին և խորհրդատվական ծառայություններին, որոնք համապատասխանում են ընդունելի լինելու այլ պահանջների, որոնք ժամանակ առ ժամանակ սահմանվել են Ասիական զարգացման բանկի կողմից,
- Ծրագրի իրականացման և Ծրագրի գործիքների գործարկման ընթացքում կատարել կամ ապահովել, որ կատարվեն Վարկային համաձայնագրի 5-րդ հավելվածում (Ծրագրի իրականացում և Ծրագրային գործիքների գործողություն, ֆինանսական հարցեր) սահմանված բոլոր պարտավորությունները,
- Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ստուգելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները, ինչպես նաև հարակից գրառումներն ու փաստաթղթերը,
- ապահովել, որ Երևանն ունենա կամ ապահովի Ծրագրի համար առանձին հաշիվների վարումը, այդ հաշիվները և հարակից ֆինանսական հաշվետվությունները ենթարկել ամենամյա աուդիտի` շարունակաբար կիրառվող համապատասխան աուդիտորական ստանդարտների համաձայն` անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձն ու իրավասությունների շրջանակն ընդունելի են Ասիական զարգացման բանկի համար,
- հասանելի լինելուն պես, սակայն ոչ ուշ, քան համապատասխան հաշվետու տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, Ասիական զարգացման բանկին տրամադրել աուդիտի ենթարկված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների հաստատված պատճենները, ինչպես նաև դրանց վերաբերող` աուդիտորի հաշվետվությունը (ներառյալ` վարկի միջոցների օգտագործման և Վարկային համաձայնագրի ֆինանսական պայմանավորվածություններին համապատասխանության վերաբերյալ աուդիտորի կարծիքը), բոլորը` անգլերենով,
- Ասիական զարգացման բանկին տրամադրել այդ հաշիվներին և ֆինանսական հաշվետվություններին և դրանց աուդիտին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք Ասիական զարգացման բանկը կարող է ժամանակ առ ժամանակ ողջամիտ կերպով պահանջել,
- Ասիական զարգացման բանկի խնդրանքով վերջինիս հնարավորություն ընձեռել Երևանի կողմից նշանակված աուդիտորների հետ ժամանակ առ ժամանակ քննարկելու Երևանի` Ծրագրի համար ֆինանսական հաշվետվությունները և Ծրագրին առնչվող ֆինանսական գործերը,
- ձեռնարկել իրենից պահանջվող բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորություն ընձեռի Երևանին` կատարելու Ծրագրի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, և չձեռնարկել կամ թույլատրել այնպիսի գործողություն, որը կմիջամտի նման պարտավորությունների կատարմանը,
- Երևանին նշանակել որպես իր գործակալ` Վարկային համաձայնագրի բաժին 3.03-ով և Վարկի տրամադրման կանոնների 5.01, 5.02 և 5.03 բաժիններով պահանջվող կամ թույլատրվող գործողությունների իրականացման և պայմանագիր կնքելու նպատակով,
- Վարկային համաձայնագրի 6.01 բաժնով տրված լիազորությունների համաձայն` Երևանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն կամ կնքված ցանկացած համաձայնագիր իր համար պարտադիր ճանաչել, քանի որ այն ունի նույն ուժն ու գործողությունը, ինչը կունենար, եթե ձեռնարկված լիներ Վարկառուի կողմից:
Վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում դրա հետևյալ վերտառությամբ հավելվածները` 1-ին հավելված` Ծրագրի նկարագրություն, 2-րդ հավելված` Մարման ժամանակացույց, 3-րդ հավելված` Վարկի գումարների բաշխումը և առհանումը, 4-րդ հավելված` Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնում, 5-րդ հավելված` Ծրագրի իրականացում և Ծրագրային գործիքների գործողություն, ֆինանսական հարցեր:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 հունիսի 2011 թ. |