040.0654.19.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2001 թվականի N 654
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշմամբ հաստատված ցանկի 209-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 537 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 19-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է բնակավայրերի, հիմնարկների և կազմակերպությունների հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետությունում պետական հրդեհային հսկողություն իրականացնող ստորաբաժանումները գտնվում եմ պետական հակահրդեհային ծառայության կազմում և ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգում: Նշված մարմինները պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են իրենց տարածքային ստորաբաժանումների միջոցով:
Անտառներում, ստորգետնյա հանքերում, երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան մարմինները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է նշված նախարարությունների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ համագործակցված:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսուչ, իսկ նրա տեղակալները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսչի տեղակալներ:
Պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված բաժինների, ջոկատների և մասերի պետերը, ինչպես նաև պետական հրդեհային հսկողության բաժանմունքների, տեսչությունների պետերն ի պաշտոնե հանդիսանում են հրդեհային հսկողության ավագ պետական տեսուչներ:
Պետական հրդեհային հսկողության մարմինների ինժեներատեսչական աշխատողներն ի պաշտոնե հանդիսանում են նաև հրդեհային հսկողության պետական տեսուչներ:
(2-րդ կետը փոփ. 01.08.02 N 1141-Ն)
3. Պետական հրդեհային հսկողությունն իրականացնող մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Պետական հրդեհային հսկողության մարմինների հիմնական խնդիրը հակահրդեհային քարոզչություն իրականացնելու և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պահպանելն է:
5. Պետական հրդեհային հսկողության մարմիններն իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան`
ա) հսկողություն են իրականացնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ.
բ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում են շենքերի, շինությունների, շինարարության և դրանց շահագործման հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը, որոնց պահանջները (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտցնելուց հետո) պարտադիր են կատարման պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից.
գ) եզրակացություններ են տալիս բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման, շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման վերաբերյալ:
Շինարարությամբ, վերակառուցմամբ և տեխնիկական վերազինմամբ ավարտված օբյեկտները, այդ թվում` շենքերը և շինությունները, չեն կարող շահագործման հանձնվել, եթե կատարված չեն նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները:
Նորմատիվ փաստաթղթերով չսահմանված հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ տալիս են եզրակացություն.
դ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, դրանց մասերի կամ համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ քանդման), արդիականացման նախագծերը համաձայնեցնում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ.
ե) մասնակցում են շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.
զ) մասնակցում են բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանն ու լուծմանը.
է) իրականացնում են հրդեհների հաշվառում և դրանց պատճառների վերլուծություն` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջոցառումների մշակման համար.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են հետաքննություն` հրդեհների և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումների վերաբերյալ գործերով.
թ) իրականացնում են հակահրդեհային քարոզչություն` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
6. Պետական հրդեհային հսկողության մարմիններն իրավունք ունեն`
ա) կատարելու հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև բնակելի շենքերի (տների) հրդեհատեխնիկական հետազոտություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքներից ելնելով օբյեկտների հրդեհային անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին հանձնում են կարգադրագրեր հակահրդեհային միջոցառումների կատարման մասին:
Պետական հրդեհային հսկողության կարգադրագրերը ենթակա են պարտադիր կատարման հրդեհային անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից.
բ) հիմնարկներից և կազմակերպություններից պահանջելու օբյեկտների հակահրդեհային վիճակի մասին տեղեկություններ և փաստաթղթեր.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտման վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով նախատեսված է վարչական պատասխանատվություն.
դ) օբյեկտներում հրդեհի սպառնալիք ստեղծող հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի խախտումների, ինչպես նաև դրանց նախագծման, շինարարության, վերակառուցման, ընդլայնման կամ տեխնիկական վերազինման ժամանակ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների չկատարման դեպքում մասնակի կամ լրիվ դադարեցնելու օբյեկտի կամ դրա առանձին արտադրամասերի, տեղամասերի, աշխատանքները, արգելելու շենքի կամ շինության շահագործումը` համապատասխան որոշում ընդունելով և այն հանձնելով տվյալ օբյեկտի ղեկավարին:
Հիմնարկի, կազմակերպության պաշտոնատար անձը, քաղաքացին կարող են պետական հրդեհային հսկողության մարմնի կարգադրագիրը և որոշումը բողոքարկել պետական հրդեհային հսկողության վերադաս մարմին կամ դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կարգադրագրերի և որոշումների բողոքարկումը չի դադարեցնում դրանց կատարումը:
Հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները, հրդեհային հսկողության ավագ պետական տեսուչներն իրավունք ունեն մասնակի կամ լրիվ դադարեցնելու օբյեկտի (առանձին արտադրամասի, տեղամասի, սենյակի կամ ագրեգատի) աշխատանքը, արգելելու շինության, շենքի շահագործումը:
Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսուչը հանրապետական նշանակության օբյեկտների աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ:
Օբյեկտի աշխատանքների դադարեցման, շենքի, շինության շահագործումն արգելելու մասին որոշում ընդունած պետական հրդեհային հսկողության մարմինն այդ որոշման մասին տեղյակ է պահում այն կազմակերպությանը, որին ենթակա է տվյալ օբյեկտը.
ե) արգելելու նորմատիվ փաստաթղթերով սահմանված հակահրդեհային պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների արտադրությունը, իրացումն ու օգտագործումը:
(6-րդ կետը փոփ. 01.08.02 N 1141-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային հսկողության մարմիններն իրավասու են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու առաջարկություններ ենթակա օբյեկտներում հրդեհները կանխելու վերաբերյալ և պահանջելու տեղեկություններ ձեռնարկված միջոցների մասին:
(7-րդ կետը փոփ. 01.08.02 N 1141-Ն)
8. Պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու են իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ արձակում և հրապարակում է սույն կանոնադրության կիրառման վերաբերյալ համատեղ հրամաններ և հրահանգներ` ելնելով օբյեկտների առանձնահատկություններից:
(9-րդ կետը փոփ. 01.08.02 N 1141-Ն)
10. Հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(կանոնադրությունը փոփ. 01.08.02 N 1141-Ն)