040.0096.02.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 96
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետի և 17-րդ հոդվածի հինգերորդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հաuտատված է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի N 96 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետև` քաղաքաշինական փաստաթղթեր) փորձաքննության իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում է փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները:
2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական նպատակն է ընտրված նախագծային լուծումների համապատասխանության ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց համաձայնեցումը և հաստատումը, ենթակա են փորձաքննության` բացառությամբ շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների, եթե վերջիններս չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը կամ չեն հակասում սահմանված սերվիտուտներին և (կամ), որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի պահանջվում շինարարության թույլտվություն:
Շինարարության թույլտվություն չպահանջող շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշման, դասակարգման և դրանց իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական ակտով:
(3-րդ կետը խմբ. 29.06.05 N 982-Ն)
4. Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում՝ սույն կետով սահմանված շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով (այսուհետ` երաշխավորագիր)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ, եթե նման պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրում:
Այդ թվում`
ա) մինչև 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող`
անհատական բնակելի տներն ու դրանց օժանդակ նշանակության կառույցները, բլոկացված կառուցապատման բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ,
մինչև 2 բլոկ-սեկցիաներից կազմված` բնակարաններ, ընդհանուր օգտագործման շենքեր և ոչ բնակելի տարածքներ ներառող բազմաբնակարան բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկ-սեկցիան առանձնացված ելքեր ունի դեպի դուրս.
բ) սույն կարգի 5.1-ին և 5.3-րդ կետերում չներառված, 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող մինչև 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող`
հասարակական նշանակության օբյեկտները,
սանիտարապահպանական գոտու կազմակերպում չպահանջող արտադրական նշանակության օբյեկտները.
գ) ոչ հիմնական օբյեկտները.
դ) օբյեկտների վերակառուցման, կապիտալ նորոգման աշխատանքները, եթե դրանք չեն հանգեցնում շենքերի, շինությունների սեյսմակայունությունն ու հուսալիությունն ապահովող կոնստրուկցիաների փոփոխությանը, չեն վատթարացնում շինարարության օբյեկտների կոնստրուկտիվ և անվտանգության այլ բնութագրերը (ցուցանիշները):
(4-րդ կետը խմբ. 29.06.05 N 982-Ն)
4.1. Սույն կարգին համապատասխան փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի կրկնակի (բազմակի) կիրառման դեպքում, փորձաքննության են ենթակա միայն օբյեկտի զրոյական նիշից ներքև տեղակայված կառուցվածքների նախագծային փաստաթղթերը (տեղակապման նախագծերը): Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետով սահմանված օբյեկտների տեղակապման նախագծերի փորձաքննությունը նույնպես կարող է փոխարինվել երաշխավորագրով:
(4.1-ին կետը լրաց. 29.06.05 N 982-Ն)
5. Ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի կարևորությունից, ինչպես նաև դրանցով իրականացվող քաղաքաշինական օբյեկտների բարդությունից` իրականացվում են փորձաքննության հետևյալ տեսակները`
5.1. Հատուկ համալիր փորձաքննություն
Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դեպքում փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:
Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների ներգրավմամբ:
5.2. Համալիր փորձաքննություն
Համալիր փորձաքննության ենթակա են քաղաքաշինական այն նախագծային փաստաթղթերը, որոնցով պահանջվում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
Համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում իրականացվում է բնապահպանական փորձաքննության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) մասնակցությամբ:
Համալիր փորձաքննության պարտադիր ենթակա են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` վարկային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող օբյեկտների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքերի) նախագծային փաստաթղթերը.
բ) հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` սահմանված կարգով հաստատված պետական ցանկերում ընդգրկված օբյեկտների նախագծային փաստաթղթերը.
գ) փորձարարական, բազային և բազմակի օգտագործման օբյեկտների նախագծային փաստաթղթերը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 882 որոշմամբ հաստատված հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների (NN 1 և 2 հավելվածներ) նախագծային փաստաթղթերը.
ե) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը.
զ) ջրային համակարգերի նախագծային փաստաթղթեր:
Համալիր փորձաքննություն կարող է իրականացվել սույն կարգի 9.1-ին կետով սահմանված նաև պատվիրատուի նախաձեռնությամբ` համապատասխան պայման ամրագրելով փորձաքննություն իրականացնողի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրում:
(5.2-րդ կետը լրաց. 17.04.03 N 415-Ն, 29.06.05 N 982-Ն)
5.3. Պարզ փորձաքննություն
Պարզ փորձաքննության ենթակա են սույն կարգի 3-րդ կետում և 5.1-ին ու 5.2-րդ ենթակետերում չնշված նախագծային փաստաթղթերը:
(պարբերությունն ուժը կորցրել է 29.06.05 N 982-Ն)
Նախագծի փորձաքննությունը պարտադիր է (կամ սույն կարգի 4-րդ կետում նախատեսված դեպքերում` կապալառուի գրավոր երաշխավորագիրը) օբյեկտի հուսալիության, կայունության, ինչպես նաև մարդկանց առողջության և անվտանգության ապահովման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության առումով:
(պարբերությունն ուժը կորցրել է 29.06.05 N 982-Ն)
(5.3-րդ կետը փոփ. 29.06.05 N 982-Ն)
II. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործունեության տեսակով լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, ինչպես նաև հատուկ համալիր փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական մարմինը:
7. Համալիր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը նախապատրաստում է փորձաքննական եզրակացություն` հաշվի առնելով բնապահպանական փորձաքննության, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների դրական եզրակացությունները:
(7-րդ կետը խմբ. 29.06.05 N 982-Ն)
8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, պետական պատվերի շրջանակներում մշակվող քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության իրականացման համար կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ՝ նախագծային փաստաթղթերի համատեղ քննարկման և համալիր եզրակացության նախապատրաստման համար` քաղաքաշինական փաստաթղթերի փորձագիտական մարմնի և այլ շահագրգիռ մարմինների ներգրավմամբ:
Նման հանձնաժողովներ կարող են ստեղծվել նաև փորձաքննություն իրականացնելու օրենքով սահմանված իրավասություն ունեցող մարմինները, փոխադարձ համաձայնությամբ (անհրաժեշտության դեպքում՝ համաձայնեցնելով պատվիրատուի հետ):
Եթե այդպիսի հանձնաժողով չի ստեղծվում, ապա շահագրգիռ մարմինները, ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատուին և համալիր փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը:
(8-րդ կետը խմբ. 29.06.05 N 982-Ն)
9. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննությանը:
9.1. Քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով:
(9.1-րդ կետը լրաց. 29.06.05 N 982-Ն)
10. Քաղաքաշինական փաստաթղթերը պատվիրատուի կողմից համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծման համար գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված լրիվ ծավալով:
Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներկայացվում է նախագծման համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը հետևյալ նախագծերի համար՝
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (Երևանի գլխավոր հատակագիծ, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր).
ինժեներապաշտպան միջոցառումների (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում ու ամրացում).
սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերում նախատեսված օբյեկտների ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշման NN 1 և 2 հավելվածներում թվարկված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների: Նշված օբյեկտների նախագծերի համար տվյալ բնակավայրի տարածքի նոր գլխավոր հատակագծի հաստատումից հետո ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննություն չի իրականացվում:
(10-րդ կետը լրաց. 04.09.03 N 1530-Ն)
11. Սույն կարգի 5.3-րդ ենթակետով իրականացվող օբյեկտների նախագծային փաստաթղթերը ներկայացվում են փորձաքննության այն ծավալով, որն անհրաժեշտ է մարդկանց առողջության և անվտանգության, քաղաքաշինական օբյեկտի հուսալիության, կայունության ապահովմանն ուղղված նախագծային լուծումների գնահատման համար:
12. Քաղաքաշինական փաստաթղթերը պատվիրատուի կողմից փորձաքննության են ներկայացվում մեկ, անհրաժեշտության դեպքում` երկու օրինակից:
13. Մշակված քաղաքաշինական փաստաթղթերի հետ համատեղ ներկայացվում են նախագծման համար հիմք հանդիսացող ելակետային փաստաթղթերն ու սահմանված կարգով համաձայնեցված օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:
Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է հիդրավլիկական մոդելային հետազոտությունների կամ այդպիսի հետազոտությունների ոչ անհրաժեշտ լինելու մասին հիմնավորումը:
(13-րդ կետը լրաց. 17.04.03 N 415-Ն)
14. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը կատարվում է պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
(14-րդ կետը փոփ. 29.06.05 N 982-Ն)
15. Մինչև պայմանագրի կնքումը փորձաքննություն անցկացնողը պարտավոր է ստուգել ներկայացվող քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի կազմը և ծավալը և, սույն կարգի ու նորմատիվային պահանջներին համապատասխանության դեպքում, կնքել պայմանագիրը: Անհամապատասխանության դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով:
(15-րդ կետը փոփ. 29.06.05 N 982-Ն)
16. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, ինչպես նաև փորձագիտական եզրակացության դիտողությունների համաձայն լրամշակված նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալը և աշխատատարությունը:
Սույն կարգի 5.1-ին կետով և 8-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված դեպքերում փորձաքննության իրականացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ամեն մի առանձին դեպքի համար:
(16-րդ կետը խմբ. 29.06.05 N 982-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 29.06.05 N 982-Ն)
18. Փորձաքննության սկզբի ժամկետ է համարվում փորձաքննության պայմանագրի ստորագրման ամսաթիվը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` պատվիրատուին եզրակացությունը հանձնելու օրը:
19. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետների խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:
III. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
20. Քաղաքաշինական փաստաթղթերի դիտարկման արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն:
21. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`
նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.
ելակետային փաստաթղթերին և օբյեկտի նախագծման տեխնիկական պայմաններին նախագծային լուծումների համապատասխանության վերաբերյալ կատարված եզրահանգումները.
հիմնական նախագծային լուծումների վերլուծության արդյունքները և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշերը.
ընդունված նախագծային լուծումների վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները, նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականները, առաջարկվող ճշտումների հիմնավորումները.
փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները.
քաղաքաշինական փաստաթուղթը երաշխավորելու, այն լրամշակման վերադարձնելու կամ մերժելու մասին որոշման հիմնավորումները:
22. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով`
ա) «Երաշխավորվում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին», որից հետևում է, որ նախագիծը կարող է պատվիրատուի կողմից սահմանված կարգով ներկայացվել համաձայնեցման և հաստատվել:
Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հիմնական նախագծային լուծումների փոփոխում, ապա նախագիծը ճշտվում և լրացվում է աշխատանքային կարգով, որից հետո տրվում է վերջնական փորձագիտական եզրակացությունը: Այդ դեպքում նախագիծը կրկնակի փորձաքննության չի ներկայացվում.
բ) «Նախագիծը վերադարձվում է լրամշակման», որից հետևում է, որ նախագիծը ենթակա է լրամշակման` ըստ եզրակացությունում շարադրված դիտողությունների և առաջարկությունների, որից հետո ճշտված և լրամշակված նախագծային փաստաթղթերի մասով, այն պետք է պատվիրատուի կողմից ներկայացվի կրկնակի փորձաքննության:
Լրամշակված նախագծի կրկնակի փորձաքննության համար ներկայացվում են`
փորձաքննության դիտողություններով փոփոխված նախագծային նյութերի վերաբերյալ բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով,
նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված նախագծային փաստաթղթերը.
գ) «Նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին», որից հետևում է, որ տվյալ նախագիծը ենթակա է հիմնավոր վերանախագծման և պետք է փորձաքննության ներկայացվի որպես նոր նախագիծ:
23. Եզրակացությունը հաստատվում է փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից և ուղարկվում պատվիրատուին ու նախագծային փաստաթղթերը մշակողին:
24. եթե ճարտարապետաշինարարական փաստաթղթերի փորձաքննություն կատարելուց հետո 3 տարվա ընթացքում օբյեկտի շինարարությունն սկսված չէ, ապա տվյալ եզրակացությունը համարվում է ուժը կորցրած:
25. Նախագծողի կողմից նորմատիվային պահանջների կոպիտ և (կամ) պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում փորձաքննություն իրականացնողն իրավունք ունի միջնորդագրով դիմելու լիցենզավորող մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը մշակողների լիցենզիայի կասեցման (դադարեցման) առաջարկությամբ:
26. Տրված փորձագիտական եզրակացության համար փորձաքննություն իրականացնող (երաշխավորագիր տվող) մարմնի պատասխանատվությունը սահմանվում է օրենքներով:
(26-րդ կետը լրաց. 29.06.05 N 982-Ն)
27. Փորձաքննության եզրակացությունը կարող է վիճարկվել դատական կարգով:
(կարգը լրաց. 17.04.03 N 415-Ն, 04.09.03 N 1530-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.06.05 N 982-Ն)