Գլխավոր տեղեկություն
Номер
N 1040-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2007-11.05.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.08.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2007
Дата вступления в силу
13.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1040-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացությունն ստուգվում է թեստավորման միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստը (այսուհետ` թեստ)` համաձայն ձևի, կազմված է 30 հարցից: Թեստի յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտը:

3. Թեստը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձին է տրամադրվում այդ դիմումն ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից:

4. Թեստը լրացվում է տեղում, որի համար տրամադրվում է մեկ ժամ ժամանակ:

5. Թեստը լրացվում է հարցի ճիշտ պատասխանի դիմաց նշում կատարելու միջոցով: Եթե նշանը դրվում է հարցի մեկից ավելի պատասխանների դիմաց, ապա քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը կարող է բանավոր նշել, իր կարծիքով, ճիշտ պատասխանը, և եթե այդ պատասխանը ճիշտ է, ապա այդ հարցը համարվում է ճիշտ պատասխանած:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ծանոթ է համարվում այն անձը, ով ճիշտ է պատասխանել թեստի կեսից ավելի հարցերին:

7. Թեստի հարցերի կեսից ավելիին ճիշտ չպատասխանելու դեպքում տվյալ անձը կարող է հաջորդ օրը կամ, տվյալ անձի ցանկությամբ, ցանկացած այլ աշխատանքային օր կրկին անգամ լրացնել թեստը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը կարող է այնքան անգամ լրացնել թեստը` մինչև ճիշտ պատասխանի թեստի կեսից ավելի հարցերին:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը համարվում է հայերենով բացատրվել կարողացող, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ լրացնում է իր դիմումը և ճիշտ է պատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստի կեսից ավելի հարցերին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Թ Ե Ս Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Հարց 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է`

 

1) կուսակցություններին.

2) ժողովրդին.

3) անհատ ձեռնարկատերերին.

 

Հարց 2. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը`

 

1) ժողովրդավարական.

2) ավտորիտար.

3) տոտալիտար.

 

Հարց 3. Հայաստանի Հանրապետությունում ո՞րն է համարվում օրենսդիր մարմին`

 

1) դատարանները.

2) ՀՀ Ազգային ժողովը.

3) կուսակցությունները.

 

Հարց 4. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն`

 

1) արևմտահայերենն է.

2) գրական հայերենն է.

3) ռուսերենն է.

 

Հարց 5. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է`

 

1) կարմիր, կապույտ, սպիտակ գույներով.

2) կարմիր, կանաչ, սպիտակ գույներով.

3) կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով.

 

Հարց 6. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը`

 

1) Գյումրին է.

2) Երևանն է.

3) Էրեբունին է.

 

Հարց 7. Ո՞վ է նշանակում նախարարին`

 

1) կուսակցությունները.

2) ՀՀ Նախագահը.

3) ՀՀ արդարադատության նախարարը.

 

Հարց 8. Բոլորը հավասար են`

 

1) միմյանց առջև.

2) օրենքի առջև.

3) ՀՀ Ազգային ժողովի առջև.

 

Հարց 9. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ`

 

1) հանցանք կատարած անձի դեմ.

2) իր ընկերների դեմ.

3) իր ամուսնու և մերձավոր ազգականների դեմ.

 

Հարց 10. Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության Նախագահ`

 

1) երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք.

2) յուրաքանչյուր քաղաքացի.

3) ՀՀ վարչապետը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները.

 

Հարց 11. Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել պատգամավոր`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք.

3) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք.

 

Հարց 12. Քանի՞ տարի ժամկետով է ընտրվում պատգամավորը`

 

1) 5 տարի ժամկետով.

2) ցմահ.

3) 8 տարի ժամկետով.

 

Հարց 13. Նշվածներից որո՞նք են համարվում ՀՀ վարչատարածքային միավորներ`

 

1) շրջանները և գավառները.

2) շրջանները.

3) մարզերը և համայնքները.

 

Հարց 14. Ո՞վ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներքին քաղաքականությունը`

 

1) ՀՀ կառավարությունը.

2) ժողովուրդը.

3) դատարանը.

 

Հարց 15. Ո՞վ է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին որոշումը`

 

1) ՀՀ Ազգային ժողովը.

2) ՀՀ վարչապետը.

3) ՀՀ Ազգային ժողովը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ.

 

Հարց 16. Նշվածներից ո՞վ ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) յուրաքանչյուր ոք.

3) ոչ ոք.

 

Հարց 17. Նշվածներից ո՞վ ունի նամակագրության գաղտնիության իրավունք`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) յուրաքանչյուր ոք.

3) ոչ ոք.

 

Հարց 18. Ո՞վ ունի կրթություն ստանալու իրավունք`

 

1) յուրաքանչյուր ոք.

2) միայն ՀՀ քաղաքացիները.

3) միայն լավ սովորողները.

 

Հարց 19. Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք ունեն`

 

1) յուրաքանչյուր ոք.

2) սփյուռքահայերը.

3) օտարերկրյա քաղաքացիները.

 

Հարց 20. Նշվածներից ո՞վ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) յուրաքանչյուր ոք.

3) ոչ ոք.

 

Հարց 21. Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) օտարերկրացիները.

3) տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիները.

 

Հարց 22. Նշվածներից ո՞վ իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) յուրաքանչյուր ոք.

3) ոչ ոք.

 

Հարց 23. Նշվածներից ո՞վ ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) յուրաքանչյուր ոք.

3) ոչ ոք.

 

Հարց 24. Նշվածներից ո՞վ ունի խոսքի ազատության իրավունք`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2) յուրաքանչյուր ոք.

3) ոչ ոք.

 

Հարց 25. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է`

 

1) ազգային անվտանգության մարմինների կողմից.

2) օրենքով.

3) կուսակցությունների կողմից.

 

Հարց 26. Նշվածներից ո՞վ է պարտավոր օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը`

 

1) յուրաքանչյուր քաղաքացի.

2. օտարերկրացիները.

3) պաշտոնատար անձինք.

 

Հարց 27. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմված է`

 

1) ՀՀ վարչապետից և նախարարներից.

2) նախարարներից.

3) ՀՀ վարչապետից և մարզպետներից.

 

Հարց 28. Ի՞նչ կարգով են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերում ազգությամբ հայերը`

 

1) պարզեցված.

2) բարդ.

3) առանց որևէ կարգի.

 

Հարց 29. Ո՞վ է հրավիրում և վարում Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերը`

 

1) ՀՀ Ազգային ժողովի նախագահը.

2) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը.

3) ՀՀ վարչապետը.

 

Հարց 30. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվում է կամ դրանում փոփոխություններ են կատարվում`

 

1) ՀՀ կառավարության կողմից.

2) ՀՀ սահմանադրական դատարանի կողմից.

3) հանրաքվեի միջոցով:

 

 

ԴԻՄՈՂ

_______________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2022, N 1037-Ն 08.07.2022, N 1040-Ն
03.05.2018, N 529-Ն 11.05.2018, N 1040-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան