ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2008 թվականի N 106-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, որի գործունեության նպատակներն ու խնդիրներն են`
1) հատուկ քննչական ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովումը.
2) հատուկ քննչական ծառայության և աշխատակազմի ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ու տնտեսական ապահովման, կազմակերպական, տեխնիկական սպասարկման, ներքին աուդիտի, պետական գույքի կառավարման, անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման պետական գնումների, աշխատակազմում պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականության և այլ բնույթի գործառույթների իրականացումը` ուղղված հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ու աշխատողների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծմանը.
3) հատուկ քննչական ծառայության պետի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական գործառույթների իրականացումը.
4) օտարերկրյա կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչների հետ հատուկ քննչական ծառայության համագործակցությունը, հատուկ քննչական ծառայության և աշխատակազմի արտաքին կապերին վերաբերող այլ գործընթացների ապահովումը.
5) զանգվածային տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ հատուկ քննչական ծառայության կապի ապահովումը, մամուլի ասուլիսների, հարցազրույցների նախապատրաստումը.
6) հատուկ քննչական ծառայության միասնական արխիվային գործի կազմակերպումը.
7) հատուկ քննչական ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտերի հաշվառումը.
8) աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների ներդրման և շահագործման ապահովումը.
9) գործավարության միասնականության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, էլեկտրոնային գործավարության և դրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման ու պահպանման ապահովումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 16 Երևան |