Գլխավոր տեղեկություն
Номер
N 172-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (17.03.2005-06.10.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.16/18(390) Հոդ.302
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2005
Дата вступления в силу
17.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.10.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 3 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 17 փետրվարի 2005 թվականի N 172-Ն


ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 151 -րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագետի գործուղման կարգը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «Դիվանագետի գործուղման կարգը հաստատելու մասին» N 251 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 25
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 172-Ն որոշման




Կ Ա Ր Գ
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ



1. Սույն կարգով սահմանվում են դիվանագետի գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագետը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմին (այսուհետ` պետական մարմին) գործուղվում է իր համաձայնությամբ` նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:

3. Դիվանագետի կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն գործուղմամբ զբաղեցնելը հնարավոր է միայն տվյալ պետական մարմնի արտաքին կապերի ստորաբաժանման մեջ ընդգրկված քաղաքացիական ծառայության պաշտոններում և կատարվում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված կարգով ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, եթե գործուղվող դիվանագետն ունի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք:

4. Գործուղման վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանավորվածությունը ձեռք բերելիս նշվում է նաև գործուղման ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 տարին:

5. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանմամբ պայմանավորվածության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է որոշում դիվանագետին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու և տվյալ պետական մարմին գործուղելու մասին, իսկ պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` համապատասխան պաշտոնում նշանակելու մասին:

6. Դիվանագետը գործուղման դեպքում պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:

7. Գործուղման ժամկետը մտցվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

8. Գործուղման ընթացքում դիվանագետի նկատմամբ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խրախուսանքի միջոցներն ու կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից կիրառվում են պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ գործուղված դիվանագետի նկատմամբ` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա:

9. Գործուղման ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համապատասխան հրամանով դիվանագետը վերականգնվում է մինչև գործուղումն իր զբաղեցրած պաշտոնում:

10. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան ծառայողների` նախարարություն գործուղման հարցերը կարգավորվում են սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան:

Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պահանջների պահպանմամբ պայմանավորվածության ձեռքբերումից հետո պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է որոշում համապատասխան ծառայողին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու և նախարարություն գործուղելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` համապատասխան պաշտոնում նշանակելու մասին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան