Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-241-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.06.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2023
Дата вступления в силу
20.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «անձանց վրա» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում՝ նաև մինչև ուսումնառության ավարտը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը «կամ անհայտ են» բառերից հետո լրացնել «, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել» բառերով.

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, որը խնամք է ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատանը) և դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ, ինչպես նաև 19 տարին լրանալու կապակցությամբ դուրս գրված անձը, որը տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթության իրավունքը չի իրացրել ավելի վաղ, համարվում են մանկատան շրջանավարտ:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատների) շրջանավարտների անկախ կյանքի անցման համար նպաստավոր պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրվելուց հետո շրջանավարտներն անցնում են անկախ կյանքի փուլ, որը, սույն օրենքի իմաստով, նշանակում է հաստատությունից դուրս ինքնուրույն ապրելակերպ՝ լիարժեք սոցիալականացման համար անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրմամբ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատների) շրջանավարտ հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման կարգերը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից, 6-րդ հոդվածի 2-րդ մասից, 9-րդ հոդվածի 1-ին մասից և 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառը:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ» բառերով.

2) 2-րդ մասը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի մինչև 150 տոկոսի չափով: Կրթաթոշակի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Սահմանված կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:

6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:»:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «գտնվելու կամ բնակվելու,» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կրթաթոշակի վճարմանն առնչվող կարգավորումների, որոնք ուժի մեջ են մտնում կրթաթոշակի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուսումնառության մեջ գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-241-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: