Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-243-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.06.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2023
Дата вступления в силу
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննություն հարուցելու նպատակով միջնորդություն է ներկայացնում կարգապահական հանձնաժողով.»:

 

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 34. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 

 1. Սույն օրենքով սահմանված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են նախնական ուսումնասիրությունը և կարգապահական վարույթը:

2. Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն հարուցվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի, ինչպես նաև դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:

3. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական քննություն իրականացնելու կարգը, ներառյալ կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը, կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը:

5. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի դատախազ անդամի՝ «Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորության իրականացման շրջանակներում, ապա նա նույն գործի շրջանակներում չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

6. Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նա «Հանրային ծառայության մասին» օրենքով վարույթի մասնակցի հետ փոխկապակցված անձ է կամ առնչվում է քննարկվող հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ կամ որևէ կերպ շահագրգռված է տվյալ գործի ելքով:

7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում կարգապահական հանձնաժողովն ընդունում է որոշում կարգապահական հանձնաժողովի անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին չթույլատրելու վերաբերյալ: Կարգապահական հանձնաժողովի անդամը, որի վերաբերյալ կայացվում է որոշումը, որոշման կայացման գործընթացին չի մասնակցում:

8. Կարգապահական վարույթը հարուցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո:

9. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել մեկ ամիսը, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:

10. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը:

11. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև վարույթի նյութերին, կարգապահական վարույթ իրականացնող անձին հայտնելու բացարկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով, առանձին գործողություններ կատարելու համար ներկայացնելու միջնորդություններ, բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում՝ հանդես գալու ներկայացուցչի (ներառյալ փաստաբանական ծառայություններ մատուցողի) միջոցով:

12. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակում մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

13. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժը կարող է կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

14. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

15. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

16. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող: Սույն մասի դրույթը չի տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

17. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը և պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ հարցեր:

18. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:

19. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել են խախտումը, խախտման հետևանքները, նախկինում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները:

20. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

21. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

22. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

23. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-ին հոդվածով.

 

«Հոդված 34.1. Կարգապահական հանձնաժողովը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննությունն իրականացնում է կարգապահական հանձնաժողովը:

2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից: Հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, գլխավոր դատախազության ներկայացրած մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան գիտնական, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամներն ստանձնում են իրենց լիազորությունները կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը: Կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարգապահական հանձնաժողովի նոր անդամները նշանակվում և ստանձնում են իրենց լիազորությունները պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

3. Կարգապահական հանձնաժողովի՝ վիճակահանությամբ ընտրվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վիճակահանության անցկացման կարգը, ինչպես նաև իրավաբան գիտնականի ընտրության կարգը, կարգապահական հանձնաժողովի անհատական կազմը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

6. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

7. Կարգապահական հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:

8. Կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Կարգապահական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 34.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին տրվող խորհրդատվությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի հակակոռուպցիոն կոմիտեի բարեվարքության հարցերով կազմակերպչից ստանալու «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգին առնչվող խորհրդատվություն:

2. Խորհրդատվության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման և այլ անձանց փոխանցման ենթակա չէ:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները գործելու են սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտերը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

5. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական քննություն իրականացնելու կարգը և կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանող որոշումն ընդունվում են կարգապահական հանձնաժողովի ձևավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովի առաջին կազմում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած անձը, իրավաբան գիտնականը, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի ներկայացուցիչները նշանակվում են երկու, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, գլխավոր դատախազության ներկայացրած դատախազը՝ մեկ տարի ժամկետով:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման նպատակով անդամները նշանակվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովը համարվում է ձևավորված հանձնաժողովի առաջին կազմի բոլոր անդամների նշանակվելու օրվան հաջորդող օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-243-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: