ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերությունում, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-ին կետերում, 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում և 4-րդ մասում, 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 5-րդ մասում, 17-րդ հոդվածում «վկայագիր» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը՝ հայտատուի ցանկությամբ.»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պարզեցված կարգով՝ առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանվում են առանց սահմանափակումների ենթակա մշակութային արժեքները և մշակութային նշանակության առարկաները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 1 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-201-Ն