ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:»:
Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 8-րդ կետի «հիմնավորող» բառից հետո «փաստարկները» բառը փոխարինել «իրավական դիրքորոշումները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1) սույն օրենքի 10-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին.
9.2) սույն օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի 1.1-ին կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում` որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը.»:
Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) 1-ին կետը «ակտը» բառից հետո լրացնել «կամ դրա վիճարկվող դրույթը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:»:
Հոդված 4. Օրենքի 69-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Սույն հոդվածի 12-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք սահմանադրական դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-268-Ն |