ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. |
Դատական ակտերի հրապարակումը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:»:
3. Դատական ակտերի` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետը «նրա» բառից հետո, իսկ 2-րդ մասի 3-րդ կետը «իր» բառից հետո լրացնել «կամ նրա մերձավոր ազգականի» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «նրան» բառից հետո լրացնել «կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին» բառերով.
3) 4-րդ մասը`
ա. «իրեն» բառից հետո լրացնել «կամ իր մերձավոր ազգականին» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամը չի մասնակցում նաև իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 107-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Արդարադատության խորհրդի նիստերի ժամանակ նիստը վարողը իրավունք չունի կարգապահական վարույթին ըստ էության վերաբերող հարցեր տալու զեկուցողներին:»:
Հոդված 4. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը «ավարտվելուց հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ խորհրդի անդամի կողմից արտահայտված դիրքորոշման շրջանակներում սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի դեպքի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 163-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Արդարադատության խորհուրդն անցնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվում է գործի քննության ավարտման օրը: Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման հետ մեկտեղ Արդարադատության խորհուրդը հայտարարում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման հրապարակման վայրը և ժամանակը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հրապարակվում է սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվանից հետո` 15 օրվա ընթացքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը Արդարադատության խորհրդի որոշման հետ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 |