Ընդունված է 2010 թվականի մայիսի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3.1-րդ և 3.2-րդ բաժինները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.3-րդ բաժնով.
«Ե Ր Ր Ո Ր Դ3 Բ Ա Ժ Ի Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.30. |
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
Հոդված 204.31. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք |
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները.
2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք:
Հոդված 204.32. | Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը |
Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապoրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ
4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Հոդված 204.33. | Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը |
Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Հոդված 204.34. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
2. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու oրվանից:
4. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
Հոդված 204.35. | Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը |
1. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հարցը դատարանը լուծում է կոլեգիալ:
2. Դատարանը պարտավոր է հարուցել նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ, եթե բողոքը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին:
3. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով բողոքը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:
4. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:
5. Դատարանը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում, այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:
6. Դատարանը պարտավոր է բողոքը քննել ողջամիտ ժամկետում:
Հոդված 204.36. | Բողոքի բովանդակությունը |
Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`
1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է.
2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.
4) բողոքով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր հանգամանքի.
5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հոդված 204.37. | Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը |
1. Բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում համապատասխան դատարանը որոշում է կայացնում դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին: Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
2. Դատական ակտի վերանայման վերաբերյալ բողոքը կարող է մերժվել, եթե`
1) բողոքում նշված դատական ակտը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է բողոքը.
2) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.
3) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և դատարանը լրացուցիչ պարզել է, որ այդպիսի հանգամանք չկա:
Հոդված 204.38. | Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները |
Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 14 Երևան ՀՕ-94-Ն |
|