ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/1254/06/20 |
ԵԴ/1254/06/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
2021 թվականի նոյեմբերի 9-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58153220 քրեական գործը, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին):
2020 թվականի նոյեմբերի 30-ին Նախաքննության մարմինը թիվ 58153220 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 59106220 համարը: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 59106220 քրեական գործը միացվել է թիվ 58153220 քրեական գործին՝ նախաքննությունը շարունակելով 58153220 համարի ներքո:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումներով Հասմիկ Ստեփանի Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Հ.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
3. Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ.Ադոնցի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Հասմիկ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ «(...) նա, 2006թ. զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սմբատյանի օժանդակությամբ, դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասն ապօրինի կերպով դարձել է մասնավոր սեփականություն` հնարավորություն ընձեռնելով ապօրինի տնօրինողին մասնավոր սեփականություն դարձած արժեքն անարգել տնօրինելու` ընդհուպ մինչև օտարել:
Այսպես.
Հասմիկ Պողոսյանը, 2006թ. մայիս ամսից զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, միաժամանակ Արմեն Սմբատյանի նախագահությամբ գործող «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության փոխնախագահի պաշտոնները, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր գործունեության ընթացքում, քաջատեղյակ լինելով ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի թիվ 1616 որոշմամբ սահմանված ՀՍՍՌ մինիստրների սովետի 1955թ. նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության հաշվեկշռին փոխանցված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը ՀՀ պատմամշակութային հանրապետական հուշարձանների ցանկում ընդգրկված լինելու հանգամանքի մասին, ի պաշտոնե ստանձնած լինելով նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ֆունկցիոնալ պարտականությունը, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը դիտավորությամբ ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006թ. հունիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ստացել է քննարկվող հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ բովանդակությամբ գրություն, որի հիման վրա հիշյալ անշարժ գույքի նկատմամբ 2008թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ապօրինի գրանցվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը:
Այնուհետև` Հասմիկ Պողոսյանը, Արմեն Սմբատյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելով և տնօրինելով, դրա իրական բնույթն ու նշանակությունը, ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու եղանակով, հանցավոր ճանապարհով, այն է` 27.06.2012թ. ձևական գործարքի արդյունքում 550.000 ԱՄՆ դոլարով փոխանցվել է (օտարել է) օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, իր մերձավորին պատկանող ընկերությանը` դրանով իսկ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը, խեղաթյուրելով գույքի իրական բնույթը ու ծագման աղբյուրը:
Այսպես.
Հասմիկ Պողոսյանը, խախտելով Երևանի քաղաքապետի 2004թ. դեկտեմբերի 1-ի թիվ 2288-Ա որոշման հիման վրա 2004թ. դեկտեմբերի 17-ին կնքված հողամասի անհատույց մշտական օգտագործման պայմանագրի դրույթները, որով արգելվել է հողամասի անհատույց մշտական օգտագործման իրավունքն այլ անձի փոխանցելը կամ զիջելը, երրորդ անձանց օգտագործման իրավունքով տրամադրելը, ինչպես նաև հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը կամ ներդնելն այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, 2011թ. նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 201.000.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 526.9 քմ. մակերեսով շենքը և 0,0467 հա մակերեսով հողամասը, որպես ավանդ, ներդրել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը, որից հետո «ԱՕԿՍ» ՍՊ ընկերությունը գրանցել է սեփականության իր իրավունքն Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի և հողամասի նկատմամբ:
Այնուհետև` 2012թ. հունիսի 27-ին, ՀԿ նախագահ Արմեն Սմբատյանը ՀԿ փոխնախագահ Հ.Պողոսյանի հետ նախնական համաձայնության պայմաններում ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի արդյունքում, նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում, որը նպատակ է հետապնդել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, գույքը ձեռք բերելը և տնօրինելը, օտարել է օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, գրանցված «Օշըն փըսիֆիք Գլոբըլ Լիմիթիդ» ընկերության տնօրեն, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին: Վերջինս իր հերթին 20.03.2014թ. 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոսը 100.525.000 ՀՀ դրամով վաճառել է Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին, իսկ 25 տոկոս բաժնեմասը` 50.0262.500 ՀՀ դրամով «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին, այնուհետև` 10.12.2015թ., Սարգիս Մարտիրոսյանը իր 50 տոկոս բաժնեմասը իր հերթին վաճառել է իր և Արմեն Սմբատյանի ընդհանուր ընկեր Գագիկ Սայադյանին (…)»1:
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «(...) Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության հարցին՝ Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ, ինչպես նաև դրան կից նյութերում առկա չեն այնպիսի բավարար փաստական տվյալների համակցություն, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լինի հանցանք: (…) Դատարանն արձանագրում է, որ կալանավորման վերաբերյալ սույն միջնորդությունը չի պարունակում այն անհրաժեշտ ապացույցների ամբողջությունը, որոնց գնահատման դեպքում հնարավոր կլիներ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարման ողջամիտ ենթադրությունը հաստատել: (…) [Ս]ույն դեպքում առկա չեն անձի՝ իրեն մեղսագրվող արարքին առնչություն ունենալու վերաբերյալ այնպիսի փաստական տվյալների ամբողջություն, որոնք կհիմնավորեին հիմնավոր կասկածի առկայությունը: Այս համատեքստում Դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետին ուղղված 2006 թվականի հունիսի 5-ի գրությունն ուղարկվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի փոխնախագահի անունից, և ոչ թե ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի անունից, այսինքն՝ թեև նույն ժամանակահատվածում Հ.Պողոսյանը հանդիսացել է նաև պաշտոնատար անձ՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, սակայն նշված փաստը դեռևս բավարար չէ արձանագրելու, որ նա գործել է ի պաշտոնե: Բացի այդ դատարանին չեն ներկայացվել նաև այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին, որ նախարարն ունեցել է որևէ լիազորություն հողամասի տնօրինման գործընթացքում հսկողություն իրականացնելու: Ավելին՝ վերը նշված գրությանն ի պատասխան պետական մարմնի կողմից, ի դեմս Երևանի քաղաքապետարանի տրամադրվել է 2006թ. թիվ18-66/2-2313 գրությունն այն մասին, որ նշված հողամասերը ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և կարող են օտարվել: Վերոնշվածի հաշվառմամբ՝ Դատարանն արձանագրում է, որ [ՀՀ քրեական օրենսգրքի] 308-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտի և օբյեկտիվ կողմի վերաբերյալ փաստական տվյալները առնվազն բավարար չեն հիմնավոր կասկածի հարցը քննարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում մեղադրյալի առնչության բացակայությունը:
Բացի վերոնշյալը, Դատարանն արձանագրում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքը (…):
(…) Դատարանը գտնում է, որ Հասմիկ Պողոսյանին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, որը քրեական դատավարության [օրենսգրքի] 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է հանդիսանում, միջնորդությունը քննելու պահին անցել է:
Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքով ընդհատված լինելու հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
(…) Հասմիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատված չպետք է համարել, քանի որ առկա չէ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նշված հանցավոր արարքները նրա կողմից կատարված լինելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Դատարանի նման դիրքորոշումը համահունչ է ՀՀ վճռաբեկ դատարանի 07.11.2019թ. թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը (…)։ Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ հիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև նախաքննության ընթացքում վաղեմության ժամկետը նոր հանցանքով ընդհատված լինելուն, քանզի վերաբերում է վաղեմության ժամկետի ինստիտուտին, որը բնորոշ է թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության փուլերին:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությանը՝ Դատարանն փաստում է, որ այն դեպքում, երբ արձանագրվում է նախորդող հանցագործության՝ այս դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցանքում հիմնավոր կասկածի բացակայությունը, ավելին՝ արձանագրելով նաև առերևույթ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը, որի դեպքում վարույթը բացառապես կարող է շարունակվել հավանական հանցանք կատարած անձի իրավունքն իրացնելով, հետևաբար Դատարանի գնահատմամբ բացառվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի վերաբերյալ հիմնավոր կասկածը, այն պատճառաբանությամբ, որ բոլոր դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկան հանդիսանում է նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքը, այսինքն՝ նախորդող հանցագործությանն առնչություն ունենալու վերաբերյալ բավարար փաստական տվյալների բացակայության և հետևաբար հիմնավոր կասկածը հաստատված չհամարելու պայմաններում և միևնույն ժամանակ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցանքի՝ նախորդող հանցագործություններով պայմանավորված լինելը, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությանը կասկածն այն չափ հիմնավոր չէ, որի շրջանակներում հնարավոր կլինի քննարկել անձի նկատմամբ կալանավորումը, որպես բացառիկ խափանման միջոց ընտրելու հարցը:
Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության մեջ նշված «ձևական գործարքներ» ձևակերպմանը, որոնք ըստ միջնորդության նախորդել են ՀՀ քրեական օրենգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցանքին, դատարանը փաստում է, որ ձևական գործարքների կնքումը չի կարող հանդիսանալ հանցավոր արարք, քանի որ դրանք կրում են քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա են կարգավորման իրավունքի այդ ճյուղի նորմերով:
Վերոգրյալի հիման վրա, արձանագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասով հիմնավոր կասկածի բացակայությունը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքը, Դատարանը կալանավորման հիմքերին չանդրադառնալով արձանագրում է, որ քննիչի միջնորդությունը ենթակա է մերժման (…)»2:
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանն արձանագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասով հիմնավոր կասկածի բացակայությունը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքը, կալանավորման հիմքերին չանդրադառնալով, օրինական և հիմնավորված որոշում է կայացրել նախաքննության մարմնի որոշումը մերժելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում բերված փաստարկներին, ապա բողոքում մեջբերված՝ վկաներ Հրանտ Հովսեփյանի, Գոռ Դավթյանի, Ստեֆան Դրեսսլերի, Սարգիս Մարտիրոսյանի ցուցմունքներով, ինչպես նաև որպես ապացույց հանդիսացող ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացված փաստաթղթերով Հ.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածը չի հաստատվում:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` վերաքննիչ բողոքում ներկայացված մյուս փաստական հանգամանքները Հ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքին չեն առնչվում և այդ պատճառով դատարանը նպատակահարմար չի գտնում դրանց անդրադառնալ:
Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում նաև կալանավորման հիմքերի վերաբերյալ վերաքննիչ բողոքի պնդումներին՝ նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով՝ առանց կալանավորման հիմքերին անդրադառնալու (...)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական օրենքների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Բողոքի հեղինակը գտել է, որ ներկայացված փաստական տվյալները ողջամտորեն տեղեկություններ են պարունակում այն մասին, որ Հ.Պողոսյանն առնչություն ունի իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման հետ, ինչպես նաև տվյալ դեպքը (իրադարձությունը) առերևույթ համընկնում է մեղադրյալին տվյալ հոդվածներով մեղսագրվող առերևույթ հանցանքների հատկանիշներին:
8.1. Բողոք բերած անձը գտել է, որ սույն գործի փաստական հանգամանքներն ուղղակիորեն վկայում են Հ.Պողոսյանի կողմից զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակության օգտագործմամբ առերևույթ հանցանքը կատարելու հիմնավոր ենթադրության մասին։
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Հ.Պողոսյանը 2006 թվականին Երևանի քաղաքապետարան գրություն հասցեագրելիս միաժամանակ հանդիսացել է և՛ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ նաև Հասարակական կազմակերպություն) փոխնախագահ, և՛ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, հետևաբար հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ, ևս իրավացիորեն Վերաքննիչ դատարանի մոտ կասկած չի հարուցել։ Ակնհայտ է, որ ՀՀ մշակույթի նախարարն ի պաշտոնե ունի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացնելու ֆունկցիոնալ պարտականություն, հետևաբար Հասարակական կազմակերպության փոխնախագահ հանդիսացող Հ.Պողոսյանը, ով միաժամանակ հանդիսացել է մշակույթի նախարար, հենց պաշտոնեական դիրքը, այսինքն՝ մշակույթի նախարար հանդիսանալու հանգամանքն օգտագործելով է որպես Հասարակական կազմակերպության փոխնախագահ հասցեագրել գրություն Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար մի հանգամանք, որը չէր կարող հայտնի չլինել մշակույթի նախարարին։ Այսինքն՝ ի պաշտոնե քաջատեղյակ լինելով նշված հողամասի օտարման ենթակա չլինելու հանգամանքի մասին, Հ.Պողոսյանը հողամասի սեփականաշնորհման համար օրինական հիմք ստեղծելու համար գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան, որը պետք է ստորագրեր Հասարակական կազմակերպության փոխնախագահը, այլ ոչ թե մշակույթի նախարարը, քանի որ հողամասը սեփականաշնորհվելու էր հենց Հասարակական կազմակերպության կողմից։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պողոսյանը, ով միաժամանակ հանդիսացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, գիտակցելով, որ իր՝ որպես Հասարակական կազմակերպության փոխնախագահի գրության հիման վրա ստացված պատասխանն իրականությանը չի համապատասխանում, այն է՝ դրանում նշված օբյեկտը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ, առնվազն դրսևորել է անգործություն։
Անդրադառնալով պնդմանը, որ չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին, որ նախարարն ունեցել է որևէ լիազորություն հողամասի տնօրինման գործընթացում հսկողություն իրականացնելու հարցում, բողոքաբերը փաստել է, որ Հ.Պողոսյանին նման մեղադրանք չի առաջադրվել։ Միաժամանակ բողոքի հեղինակը նշել է, որ նախարարն ի պաշտոնե ունեցել է բոլոր պատմամշակույթային հուշարձանների պահպանության պարտականություն, ինչն իր հերթին ենթադրում է, որ նախարարը, հանդես գալով որպես Հասարակական կազմակերպության փոխնախագահ, իրավունք չուներ նախաձեռնելու պատմամշակույթային հուշարձան հանդիսացող շինության հողամասն օտարելու գործընթաց։
8.2. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի հետևությանն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է գրություն այն մասին, որ նշված հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և կարող են օտարվել, բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ նշված գրությունը պատրաստած անձին՝ Սամվել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականին զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարագետ-ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, կազմել է 2006 թվականի հունիսի 21-ին Հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պողոսյանին տրամադրված կեղծ փաստաթուղթը:
Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ Հ.Պողոսյանը հենց իր պաշտոնեական դիրքի ազդեցությամբ է ստացել նշված կեղծ գրությունը, որը տրամադրելու համար սույն քրեական գործի շրջանակներում ևս մեղադրանք է առաջադրված։
9. Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ մեղադրյալ Հ.Պողոսյանը ենթադրաբար կատարել է ծանր հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս), որից հետո ենթադրաբար կատարել է նաև առանձնապես ծանր հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Ստորադաս դատարանները նշել են, որ Հ.Պողոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման փաստը չի կարող հաստատված համարվել՝ նկատի ունենալով, որ առկա չէ այն հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ նշված արարքը ենթադրաբար կատարելու համար մեղադրանք առաջադրելը դեռևս չի կարող վկայել հանցանքի կատարման և հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքներն ավարտված համարվելու օրվանից հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին։
Ըստ բողոքաբերի՝ Հ.Պողոսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերը միևնույն վարույթի շրջանակներում քննվելու պայմաններում, նրան մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարմամբ պետք է ընդհատված համարել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի վաղեմության ժամկետի հոսքը։
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով որոշման բովանդակությունից բխում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընդհատման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատողությունները վերաբերելի են միայն միևնույն անձի վերաբերյալ տարբեր վարույթներում քրեական գործեր քննվելու դեպքերին, այնինչ միևնույն անձին վերագրվող տարբեր հանցագործությունների դեպքերով մեկ քրեական գործ և մեկ վարույթ ունենալու պայմաններում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքը պետք է ընդհատված համարել նոր կատարված հանցագործությամբ։
10. Բողոքի հեղինակը գտել է նաև, որ ստորադաս դատարանները պետք է քննարկեին Հ.Պողոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը ոչ միայն նախորդող հանցագործությանը նրա մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկածի մակարդակով բավարար տվյալների առկայության, այլև՝ բացակայության պայմաններում, որի արդյունքում պատճառաբանված որոշում կայացնեին նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, այնինչ՝ տվյալ պարագայում բավարարվել են նախորդող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրելով և դրանով ուղղակիորեն պայմանավորելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը։ Ընդ որում, ստորադաս դատարաններին ներկայացված փաստական տվյալները բավարար են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության առարկան հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, և բավարարել մեղադրյալ Հ.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդությունը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Հասմիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող հանցանքներում հիմնավոր կասկածի բացակայության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վաղեմության ժամկետն անցած լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։
13.1. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի4, Հարություն Խաչատրյանի5 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ6։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից7, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ՝ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել8, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)9։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Նախաքննության մարմինը Հասմիկ Պողոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով10,
- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով Հ.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող հանցանքներում հիմնավոր կասկածի բացակայությունը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վաղեմության ժամկետն անցած լինելը, կալանավորման հիմքերին չանդրադառնալով, Նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Հ.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժել է11,
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն օրինական և հիմնավորված որոշում է կայացրել Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերաքննիչ բողոքում մեջբերված վկաներ Հրանտ Հովսեփյանի, Գոռ Դավթյանի, Ստեֆան Դրեսսլերի, Սարգիս Մարտիրոսյանի ցուցմունքներով, ինչպես նաև որպես ապացույց հանդիսացող՝ ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացված փաստաթղթերով Հ.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածը չի հաստատվում: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` վերաքննիչ բողոքում ներկայացված մյուս փաստական հանգամանքները Հ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքին չեն առնչվում և այդ պատճառով դատարանը նպատակահարմար չի գտել դրանց անդրադառնալ: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև կալանավորման հիմքերի վերաբերյալ վերաքննիչ բողոքի պնդումներին՝ նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով՝ առանց կալանավորման հիմքերին անդրադառնալու12:
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Հ.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նյութերում առկա փաստական տվյալները բավարար են դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Հ.Պողոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունները կատարած լինելու հիմնավոր կասկածը: Նման հետևության Վճռաբեկ դատարանը հանգում է՝ հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նաև՝
- փաստաթղթերի պատճենները զննելու մասին 2020 թվականի ապրիլի 18-ի արձանագրությունը, համաձայն որի՝ 1997 թվականի դեկտեմբերի 24-ին կազմվել է Հասարակական կազմակերպության վարչության նիստ, որի ընթացքում որպես Հասարակական կազմակերպության փոխնախագահ է ընտրվել Հ.Պողոսյանը13,
- փաստաթղթերի պատճենները զննելու մասին 2020 թվականի մարտի 24-ի արձանագրությունը, ըստ որի՝ 2001 թվականի հուլիսի 3-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 613909 վկայականի լուսապատճենի համաձայն՝ Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի անշարժ գույքը «պետական սեփականության իրավունքով» տրվել է Հասարակական կազմակերպությանը: «Պետական սեփականություն» ձեռագիր գրառումներից՝ «պետական» գրառման վրա առկա է գծիկով կատարված ջնջում: Ըստ վկայականի՝ ընկերությանը օգտագործման իրավունքով տրվել է 0,07945 հա հողամաս և 1056,19 քմ շինություն․ շենքի տվյալների բաժնում իրավունքի տեսակը ձեռագիր նշված է «պետական սեփականություն», իսկ «պետական» գրառման վրա առկա է գծիկով կատարած ջնջում: Որպես լրացուցիչ նշումներ և փոփոխություններ առկա են կատարված ձեռագիր հետևյալ գրառումները՝ 794,5 քմ հողը տրվել է անհատույց օգտագործման իրավունքով14,
- ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդականի՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N ՔՓ-1/6869 գրությունը, համաձայն որի՝ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի 613909 վկայականում իրավունքի տեսակը պետական սեփականությունից ուղղվել է սեփականության, քանի որ 2001 թվականի հունվարի 22-ի Ա-97 տեղեկանքի համաձայն՝ նշված անշարժ գույքը Հասարակական կազմակերպության հաշվեկշռում է գտնվել: Թե ինչ պատճառով ուղղումը համապատասխան ստորագրությամբ և կնիքով հաստատված չէ, հայտնել չեն կարող15,
- Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանին 2006 թվականի հունիսի 5-ին հասցեագրված հարցմամբ Հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պողոսյանը գրությամբ խնդրել է հայտնել, թե կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը (կամ դրանց որևէ մասերը) հանդիսանում են արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում թվարկված կարգավիճակներից մեկը ունեցող հողամասեր16, որին ի պատասխան Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ-ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ս.Դանիելյանը 2006 թվականի հունիսի 21-ի գրությամբ հայտնել է, որ այդ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և կարող են օտարվել17,
- փաստաթղթերի պատճենները զննելու մասին 2020 թվականի ապրիլի 18-ի արձանագրությունը, համաձայն որի՝ Հասարակական կազմակերպության խորհրդի՝ 2011 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ հիմնադրվել է «ԱՕԿՍ» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն), որի միակ մասնակից է հանդիսացել Հասարակական կազմակերպությունը՝ 100 տոկոս բաժնեմասով18,
- փաստաթղթերի պատճենները զննելու մասին 2020 թվականի ապրիլի 18-ի արձանագրությունը, համաձայն որի՝ 2011 թվականի նոյեմբերի 22-ին Հասարակական կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 526,9 քմ մակերեսով վարչական շենքից, 0,003621 հա հողամասից, որպես ավանդ ներդրել է Ընկերության կանոնադրական կապիտալում։ Վերջինիս է փոխանցվել նաև շենքի տակ գտնվող 0,0467 հա մակերեսով հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Ավանդի արժեքը կազմել է 201.000.000 ՀՀ դրամ19,
- ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդականի՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N ՔՓ-1/6869 գրությունը, համաձայն որի՝ 2011 թվականի նոյեմբերի 25-ին «ք.Երևան, Կենտրոն Աբովյան փողոց 3» հասցեով անշարժ գույքի (հողամասեր՝ 0,0467հա և 0,003621հա ու շինություն՝ 526,9քմ) նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը20,
- փաստաթղթերի պատճենները զննելու մասին 2020 թվականի ապրիլի 18-ի արձանագրությունը, համաձայն որի՝ Հասարակական կազմակերպության խորհրդի ժողովի՝ 2011 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Ընկերության կանոնադրական կապիտալը ավելացվել է 201.000.000 ՀՀ դրամով։ 2012 թվականի հունիսի 27-ին Ընկերության 100 տոկոս բաժնեմաասը, որը պատկանել է Հասարակական կազմակերպությանը, 550.000 ԱՄՆ դոլարով վաճառվել է «ՕՇԸՆ ՓԸՍԻՖԻՔ ԳԼՈԲԸԼ ՓՐՈՓԸՐԹԻԶ ԼԻՄԻԹԻԴ» ԲՎԿ ընկերությանը, որի տնօրենը և միակ բաժնետերը Ֆրանչեսկա Քուտրուպին է։ Ըստ պայմանավորվածության՝ գումարը պետք է փոխանցվեր 2 մասով՝ 275.000 ԱՄՆ դոլար մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ մնացած մասը՝ մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը։ 2014 թվականի մարտի 20-ին Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասի 25 տոկոսը՝ 50.262.500 ՀՀ դրամով, Ֆրանչեսկա Քուտրուպին վաճառում է Ադելա Ստեփանյանին, իսկ 50 տոկոսը՝ 100.525.000 ՀՀ դրամով՝ Սարգիս Մարտիրոսյանին։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին Սարգիս Մարտիրոսյանը ձեռք բերված բաժնեմասը նույն արժեքով վաճառում է Գագիկ Սայադյանին21։
- վկա Հրանտ Հովսեփյանի ցուցմունքը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի գրությունն այն մասին, որ հաշվի առնելով Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության շենքի՝ որպես պատմամշակութային հուշարձանի տարածքի տվյալը՝ հուշարձանի իրավունքի գրանցման վկայականի հողամասի հատակագծում նշված 794,5 քմ (0,07945 հա) հողամասի չափից մոտ 576 քմ տարածքը ենթակա չէր քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելու: Հաշվի առնելով, որ Ընկերության սեփականության իրավունքը գրանցված Աբովյան փողոցի 3 հասցեով անշարժ գույքի հատվածի հողամասը ևս ծանրաբեռնված է եղել հուշարձան շենքով, ինչպես նաև Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածքների նախագծով՝ հուշարձանի տարածքով, այդ տարածքը ենթակա չէր օտարման քաղաքացիներին և իրավաբանական անձանց22,
- վկա Ստեֆան Դրեսսլերի ցուցմունքն այն մասին, որ Հասարակական կազմակերպությունը փաստացի ղեկավարել է փոխնախագահ Հասմիկ Պողոսյանը, ով հայտնել է, որ Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը հանդիսացել է պատմամշակութային հուշարձան: Մի քանի անգամ տարբեր ժամանակներում Հ.Պողոսյանի կարգադրությամբ և լիազորագրով Հասարակական կազմակերպության անունից հանդես է եկել կադաստրում, Հասարակական կազմակերպության անունից ինքը ինքնուրույն որևէ գործարք չի կատարել, բոլոր գործարքները կատարել է Հասմիկ Պողոսյանի ցուցումներով: Բացի այդ, իր իմանալով, Գագիկ Սայադյանն Արմեն Սմբատյանի կողմից ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելու ժամանակ հանդիսացել է դեսպանատան աշխատակից23,
- վկա Գոռ Դավթյանի ցուցմունքն այն մասին, որ 2011 թվականից հանդիսանում է Ընկերության տնօրենը։ Ընկերությունը ստեղծվել է հանրապետական նշանակության հուշարձան համարվող՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի ընթացիկ պահպանության համար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։ Ընկերության կանոնադրային կապիտալի համալրման նպատակով որպես ավանդ ներդրվել է Հասարակական կազմակերպությանը պատկանող ամբողջ գույքը, որի արդյունքում այն կազմել է 201.000.000 ՀՀ դրամ, որ համարժեք էր ներդրված գույքի շուկայական արժեքին։ Հասարակական կազմակերպությունը հանդիսացել է ընկերության միակ բաժնետերը՝ տնօրինելով ընկերության կողմից ստացված ամբողջ եկամուտը։ Շենքի հիմնանորոգման համար միջոցներ ներգրավելու նպատակով բանակցություններ է տարվել «OPGP» միջազգային ներդրումային կազմակերպության հետ, որի ընթացքում վերջինիս կողմից առաջարկվել է 550.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերել ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչն արժանացել է Հասարակական կազմակերպության նախագահության հավանությանը։ Ըստ պայմանավորվածության՝ գումարը պետք է վճարվեր երկու փուլով՝ 50-50 տոկոսով։ Գումարի առաջին մասը գնորդ ընկերության հիմնադիր տնօրեն Ֆրանչեսկա Քուտրուպին 2012 թվականի սեպտեմբերի երեք տարբեր օրերին առձեռն փոխանցել է իրեն և յուրաքանչյուր դեպքում անմիջապես գումարն իր կողմից մուտքագրվել է Հասարակական կազմակերպության հաշվեհամարին։ Հայտնել է նաև, որ տեղյակ չէ, թե գումարի մյուս մասն ում միջոցով և ինչ եղանակով է Ֆրանչեսկա Քուտրուպին փոխանցել Հասարակական կազմակերպությանը։ Գումարի մի մասն իր իմանալով ծախսվել է կազմակերպության աշխատակազմի պահպանության համար, իսկ մյուս մասը գտնվում է Հասարակական կազմակերպության տրամադրության տակ24,
- Արմեն Սմբատյանից լրացուցիչ բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ 1997 թվականից հանդիսացել է Հասարակական կազմակերպության նախագահ։ Հասարակական կազմակերպության փոխնախագահ և խորհրդի նախագահ է հանդիսացել Հասմիկ Պողոսյանը, ով զբաղվել է կազմակերպության հիմնական հարցերով։ Աբովյան 3 հասցեի շենքի և հողամասի պետական գրանցման հարցերով զբաղվել է Հասմիկ Պողոսյանը, հետագայում նաև՝ Գոռ Դավթյանը։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերած ընկերության ներկայացուցիչ Ֆրանչեսկա Քուտրուպին հանդիսացել է Հասմիկ Պողոսյանի որդու կինը։ Հետագայում բաժնեմասի 25 տոկոսը վաճառվել է Գոռ Դավթյանին, իսկ 50 տոկոսը՝ իր ընկեր Սարգիս Մարտիրոսյանին, ով հետագայում իր բաժնեմասը վաճառել է իրենց ընդհանուր ընկեր Գագիկ Սայադյանին։ Հայտնել է նաև, որ Հասարակական կազմակերպության և Ընկերության հաշվապահական հարցերով զբաղվել է Գոռ Դավթյանը25,
- վկա Սարգիս Մարտիրոսյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը և Արմեն Սմբատյանը 1991 թվականից ընկերներ են, իսկ Հասմիկ Պողոսյանի հետ պարզապես ծանոթներ։ Արմեն Սմբատյանի միջոցով ծանոթացել է Գոռ Դավթյանի հետ, վերջինս, իր հերթին, իրեն ծանոթացրել է Ֆրանչեսկա անունով աղջկա հետ։ Նրանից տեղեկացել է, որ ցանկանում է Աբովյան 3 շենքում իրականացնել կոմերցիոն գործունեություն, որի համար ցանկանում է վաճառել իր ընկերության բաժնեմասի 50 տոկոսը մոտ 200.000 ԱՄՆ դոլարով՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, ինքը համաձայնվել է և այդ գումարով ձեռք է բերել նրան պատկանող ընկերության 50 տոկոսը, իսկ գործարքի կատարման վերաբերյալ մանրամասները չի հիշում։ Հետագայում ցանկացել է վերադարաձնել ձեռք բերված բաժնեմասը և ստանալ դրա դիմաց վճարված գումարը։ Այդ նպատակով դիմել է Գոռ Դավթյանին, ով հայտնել է, որ բաժնեմասը կօտարի և իրեն կվերադարձնի դրա դիմաց վճարված 200.000 ԱՄՆ դոլարը։ Բաժնեմասի օտարման պայմանագիրը կնքելու ժամանակ տեղեկացել է, որ ձեռք բերողն իր և Արմեն Սմբատյանի ընդհանուր ընկեր Գագիկ Սայադյանն է։ Փաստաթղթավորման ժամանակահատվածում ինքը և Գագիկ Սայադյանը չեն հանդիպել, ողջ գործընթացը կազմակերպել է Գոռ Դավթյանը։ Հայտնել է նաև, որ ընկերության բաժնեմասը ձեռք բերելիս Աբովյան 3 շենք չի այցելել և չի ուսումնասիրել տարածքը։ Իր տեղեկություններով Գոռ Դավթյանը հանդիսանում է ոչ միայն Ընկերության տնօրեն, այլ նաև բաժնետերը26,
- վկա Սամվել Բաղդասարյանի ցուցմունքն այն մասին, որ 2013-2017 թվականներին, որպես գլխավոր հաշվապահ, աշխատել է Հասարակական կազմակերպությունում։ Այդ ընթացքում Հասարակական կազմակերպության դրամարկղում գումար չի եղել, իսկ հաշվեհամարներում գումարի առկայության վերաբերյալ տեղեկացված չէ։ Իր աշխատելու ժամանակահատվածում Հասարակական կազմակերպությունը որևէ մեկին շենքի վերանորոգման համար գումար չի փոխանցել։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ընկերության բաժնեմասի վաճառքի պայմանագրով նախատեսված ժամկետներում մուտքագրվել են համապատասխան գումարներ, հայտնել է, որ նման մեծ գումարներ իր աշխատելու ժամանակ Հասարակական կազմակերպությանը մեկ անգամով չի փոխանցվել, եթե նման մեծ գումար փոխանցված լիներ, ինքը կհիշեր, հնարավոր է մաս-մաս է փոխանցվել, սակայն հստակ չի կարող պատասխանել։ Ընկերության բաժնեմասի 25 տոկոսը Գոռ Դավթյանի մորը՝ Ադելա Ստեփանյանին վաճառելու մասին տեղեկություն չունի27։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը, մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրառելու հարցի քննության շրջանակներում, բավարար է Հ.Պողոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություններ կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է սույն գործի փաստական տվյալներում առկա այն տեղեկատվությամբ, որ Հ.Պողոսյանը, հանդիսանալով մշակույթի նախարար, գիտակցելով Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի պատմամշակութային արժեք ներկայացնելու հանգամանքը, ի պաշտոնե ունենալով Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն և որպես Հասարակական կազմակերպության փոխնախագահ, իր հարցման հիման վրա, Երևանի քաղաքապետարանից ստացել է Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանով ծանրաբեռնված հողամասը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրված չլինելու վերաբերյալ փաստաթուղթ։ Նշված փաստաթղթի հիման վրա, այդ հողամասի նկատմամբ գրանցվել է Հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը, որից հետո, նշված հողամասը և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որպես ավանդ ներդրվել է Ընկերության կանոնադրական կապիտալում և գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։ Այնուհետև, Ընկերության բաժնեմասի 100 տոկոսը վաճառվել է օֆշորում գրանցված կազմակերպությանը, որի միակ բաժնետերը հանդիսացել է Հ.Պողոսյանի որդու կինը, ով ձեռք բերված բաժնեմասից 25 տոկոսը վաճառել է Ընկերության տնօրեն Գոռ Դավթյանի մորը, իսկ 50 տոկոսը՝ Հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին։ Վերջինս, իր հերթին, այն օտարել է իր և Արմեն Սմբատյանի ընկեր Գագիկ Սայադյանին։
16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, արձանագրելով, որ մեղադրյալ Հ.Պողոսյանը քննարկվող իրադարձություններում հանդես է եկել Հասարակական կազմակերպության փոխնախագահի անունից, ուստի նույն ժամանակահատվածում նախարարի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը բավարար չէ եզրահանգելու, որ վերջինս գործել է ի պաշտոնե, առհասարակ ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել նաև պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով28։
17. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների պնդմանն առ այն, որ Նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ Հ.Պողոսյանը խնդրո առարկա անշարժ գույքի տնօրինման գործընթացում ունեցել է հսկողություն իրականացնելու լիազորություն, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի փաստարկին առ այն, որ Հ.Պողոսյանին նման բան չի մեղսագրվել։
18. Անդրադառնալով ստորադաս դատարանների մատնանշած այն հանգամանքին, որ խնդրո առարկա հողամասն օտարելու վերաբերյալ առկա է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված համապատասխան գրություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում՝ վկա Հ.Հովսեփյանի ցուցմունքը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի` 2019 թվականի նոյեմբերի 1-ի գրությունը, բավարար են կասկածի տակ դնելու քաղաքապետարանի կողմից տրված տեղեկանքի բովանդակության իսկությունը, ինչը սույն գործով քննության առարկա է:
19. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը չի կարող դիտարկվել որպես վաղեմության ժամկետը ընդհատող, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի դիրքորոշումն29 առ այն, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընդհատման առնչությամբ Կարեն Հարությունյանի գործով30 Վճռաբեկ դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումը վերաբերելի է միայն միևնույն անձի վերաբերյալ տարբեր վարույթներում քրեական գործեր քննելու դեպքերին, մինչդեռ սույն դեպքում Հ.Պողոսյանին մեղսագրված արարքների վերաբերյալ քննությունը կատարվում է մեկ վարույթի շրջանակներում։
20. Ինչ վերաբերում է փողերի լվացմանը նախորդող հանցագործությանը Հ.Պողոսյանի առնչությունը բավարար փաստական տվյալներով հաստատված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների պնդմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում փողերի լվացման հանցակազմի ինքնավար բնույթից. տվյալ դեպքում բավարար է գործի փաստերից բխող որոշակի տվյալների, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համադրման արդյունքում գալու ողջամիտ եզրահանգման առ այն, որ անձը գիտակցել է փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հանցավոր ծագումը31։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա փաստական տվյալները դատավարության տվյալ փուլում, բավարար են ողջամիտ ենթադրություն անելու, որ Հ.Պողոսյանը գիտակցել է փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հանցավոր ծագումը՝ հաշվի առնելով Նախաքննության մարմնի միջնորդությանը կից նյութերում առկա տեղեկատվությունն առ այն, որ ենթադրյալ փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի՝ պատմամշակութային շենքի սեփականության վկայականում սեփականության տեսակի վերաբերյալ առկա են ձեռագիր ուղղումներ, որոնք համապատասխան ստորագրությամբ և կնիքով հաստատված չեն, իսկ հողամասը ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ենթակա չէ, ինչպես նաև այն, որ Հ.Պողոսյանը 1997 թվականից հանդիսացել է Հասարակական կազմակերպության փոխնախագահ՝ փաստացի ղեկավարելով այն և լինելով մշակույթի նախարար ի պաշտոնե ունեցել է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն։
21. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն պնդմանը, որ ձևական գործարքի կնքումը քաղաքացիաիրավական բնույթի իրավահարաբերություն է և չի կարող հանդիսանալ հանցավոր արարք, հարկ է նշել, որ պայմանավորված տվյալ հանցագործության լատենտային բնույթով` հանցավոր գույքի ու եկամուտների օրինականացումը կարող է ունենալ բազմապիսի դրսևորում, այդ թվում՝ նաև օրինական քաղաքացիաիրավական գործարքի արհեստական կատարման արդյունքում հանցավոր ծագում ունեցող գույքի օրինական շրջանառության մեջ ներդնելով32։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հասմիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող հանցանքներում հիմնավոր կասկածի բացակայության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վաղեմության ժամկետն անցած լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
22. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի և Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումները բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, ապահովելով անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, ինչպես նաև դատական վերանայման սահմանների վերընթաց նվազման սկզբունքի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության33:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր
Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 33-35:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 167-183:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 68-107:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
8 Այդ առումով մանրամասն տե՛ս օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
13 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 60, 81-88 (կետ 7):
14 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 72-80 (կետ 1):
15 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 60-62 (կետ 1):
16 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 134:
17 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 134:
18 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 60, 81-88 (կետ 16):
19 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 60, 81-88 (կետ 19):
20 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 60-62 (կետ 15):
21 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 60, 81-88 (20, 25-26, 28-29 և 31 կետերը):
22 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 40-42, 66-68:
23 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 49-55:
24 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-46:
25 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 55-57:
26 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 36-39:
27 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 46-49:
28 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԳԴ5/0004/01/16 որոշումը:
29 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
30 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշումը:
31 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Սուքիասյանի գործով 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ԵԷԴ/0054/01/15 որոշումը:
32 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գևորգյանի և Հրաչյա Չանախչյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0161/01/15 որոշումը:
33 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ե . ԴԱՆԻԵԼՅԱՆ |
Լ. Թ ադևոսյան Ա. ՊողոսյանՍ. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: