Գլխավոր տեղեկություն
Номер
N 3596-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 23.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
19.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.09.2024
Дата вступления в силу
24.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3596-Ա

«19» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

 Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սուրեն Նահապետյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-105779-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

 Դիմումի քննության կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Սուրեն Նահապետյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը (հիմք՝ փոստային առաքանի թիվ LO124179605AM), սակայն չի ներկայացել լսումներին:

Ուսումնասիրելով 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-105779-24 դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

 2. Վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-105779-24 դիմումով ներկայացված փաստերի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 9-ին ժամը 02:15-ին, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 63 շենքի մոտ (թիվ 68 շենքի դիմաց) Սուրեն Նահապետյանի սեփականությունը հանդիսացող, սակայն Կարեն Սաֆարյանի կողմից վարած՝ «Nissan Teana 2.3» մակնիշի «36 LG 432» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ինքնավթար), որի հետևանքով նշված ավտոմեքենան վնասվել է:

2019 թվականի օգոստոսի 10-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PF381066 վկայագրի համաձայն՝ «Nissan Teana 2.3» մակնիշի «36 LG 432» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Սուրեն Նահապետյանի սեփականությունը:

Սուրեն Նահապետյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-105779-24 դիմումով ներկայացված փաստական հանգամանքներն ու ապացույցները, խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի անգործությունը՝ պայմանավորված 2024 թվականի ապրիլի 9-ին, ժամը 02:15-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 63 շենքի մոտ (68 շենքի դիմաց) տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ճանապարհի վրա աշխատանք կազմակերպելիս ճանապարհը և ճանապարհային ենթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները՝ ճանապարհային նշանները, երթևեկության համար անվտանգ վիճակում՝ ճանապարհային ենթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան չապահովելու հետ:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից Հայկ Սուքիասյանի կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին կազմվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի, այն է՝ ք.Երևան, Իսակովի պողոտայի թիվ 63 շենքի մոտ, սխեմա (գծագիր), որում պատկերված են ճանապարհի քանդված մասը (ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված քանդված մաս), վնասված և կողաշրջված արգելապատնեշները, ինչպես նաև կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 226975 արձանագրությունը, որի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում «Nissan Teana 2.3» մակնիշի «36 LG 432» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարող Կարեն Սաֆարյանի կողմից գրավոր հայտնվել է հետևյալը. «ՏՄ1 - Ես երթևեկել եմ թույլատրելի արագությամբ (ավելացվել է «60կմ/ժ» արտահայտությունը), ճանապարհի շինարարության պատճառով, նշանների բացակայության պատճառով մեքենան հայտնվել է շինարարության կիսատ թողնված փոսի մեջ, վնասվել է դիմացի և հետևի անվադողերը, որի արդյունքում կորցրել է կառավարումը և բախվել արգելապատնեշներին:»:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 3-ին կազմված թիվ ՎՊ-24-138-ԱՎ եզրակացության «4. Հետևություններ» բաժնում նշված է հետևյալը. «1.,2. և 3. Ներկայացված պայմաններում ճանապարհի և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների՝ ճանապարհային նշանների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք և ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը, դեպքի վայրի ճանապարհահատվածում՝ Իսակովի պողոտայի 68 շենքի դիմաց՝ 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներում առկա ճանապարհի քանդված հատվածների դիմաց ճանապարհը և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները՝ ճանապարհային նշանները, չպահպանելով երթևեկության համար անվտանգ վիճակում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան, ինչպես նաև՝ ճանապարհի վրա աշխատանքը կազմակերպելիս՝ չապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, մասնավորապես՝ ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված շինարարական նյութերը, կառուցվածքները չնշելով համապատասխան ճանապարհային նշաններով ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով՝ անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես չսահմանափակելով կամ չարգելելով ճանապարհային երթևեկությունը, որի արդյունքում օրվա մութ ժամանակ Nissan Teana 2.3» մակնիշի 36 LG 432 հ/հ ավտոմոբիլն ընկնելով ճանապարհի քանդված հատվածը՝ ենթարկվել է վթարի, որից հետո ընդհարվել է նաև բաժանարար բետոնե արգելապատնեշին, տեխնիկական տեսակետից թույլ են տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ դրանցով իսկ պայմանավորելով տվյալ պատահարի առաջացումը:

Ներկայացված պայմաններում Nissan Teana 2.3» մակնիշի 36 LG 432 հ/հ ավտոմոբիլի վարորդը տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորված լինեին տվյալ պատահարի առաջացումը՝ չեն դիտվում»:

 «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 1-ին տրված թիվ ՎՊ-24-136-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ «Nissan Teana 2.3» մակնիշի «36 LG 432» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա հետքերը, վնասվածքներն ու անսարքություններն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով կարող էին առաջանալ տվյալ պատահարի հետևանքով՝ օտար պինդ մարմնի՝ դեպքի վայրի ասֆալտի քանդված սուր եզրի հետ անմիջական փոխազդեցության արդյունքում և դրանից հետո ավտոմոբիլը կառավարելիությունը կորցրած վիճակում օտար պինդ մարմնի՝ դեպքի վայրի բաժանարար բետոնե արգելապատնեշի հետ անմիջական հարվածային բնույթի փոխազդեցության մեջ մտնելու արդյունքում, այն է՝ տեղի ունեցած պատահարի և նշված ավտոմեքենայի հետքերի, վնասվածքների և անսարքությունների միջև առկա է պատճառահետևանքային կապ:

 2024 թվականի հուլիսի 1-ին տրված թիվ ՎՊ-24-136-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացությունը կազմելիս՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը նշել է, որ բերված հետևությունները հիմնված են փորձաքննությանը տրամադրված տվյալների և նյութերի հետազոտության վրա՝ առանց այդ տվյալների և նյութերի հավաստիությունն ու թույլատրելիությունը երաշխավորելու:

 «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հուլիսի 3-ի թիվ ՎՊ-24-137-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Nissan Teana 2.3» մակնիշի «36 LG 432» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի ապրիլի 9-ի դրությամբ, կազմել է շուրջ 1,964,000 (մեկ միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ:

 3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

 Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:

 Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից և դրա հետ կապված իրականացված վարչարարության (գործողություն կամ անգործություն) շուրջ ծագած վեճերով Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 3-ի թիվ ՎՊ-24-138-ԱՎ ավտոտեխնիկական եզրակացությամբ փորձագետը եկել է այն հետևության, որ «Nissan Teana 2.3» մակնիշի 36 LG 432» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը քննարկվող պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, սակայն նշված եզրակացության համար փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալները բավարար չեն եղել նման հետևության հանգելու համար, քանի որ փորձագետը չի տիրապետել ավտոմեքենայի ընթացքի արագության մասին հավաստի տվյալի: Դիմումատուի կողմից չի ներկայացվել փորձագիտական եզրակացություն, որով, ելնելով պատահարի վայրում արգելակման հետքերի և ավտոմեքենայի արագաչափի ուսումնասիրության տվյալներից, որոշվել է պատահարին նախորդած պահին ավտոմեքենայի արագությունը: Նշված հանգամանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պատահարի կանխմանն ուղղված գործողություններ կատարելը տեխնիկապես հնարավոր լինել-չլինելը մեծապես կախված է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի արագությունից, ինչի վերաբերյալ հավաստի և արժանահաված ապացույցի փորձագետը չի տիրապետել, ավելին՝ փորձագետն իր հաշվարկներում կիրառել է «V1=60կմ/ժ» պայմանական միավորը՝ հաշվի առնելով բացառապես շահագրգիռ անձ հանդիսացող վարորդի գրավոր բացատրության մեջ նշված տվյալը, որպիսին չի հանդիսանում հավաստի, օբյեկտիվ և տվյալ փաստի հաստատման համար չունի ապացուցողական նշանակություն:

Գնահատման ենթարկելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 3-ի թիվ ՎՊ-24-138-ԱՎ ավտոտեխնիկական եզրակացության վերաբերելիության հարցն և ապացուցողական նշանակությունը՝ հարկ է նշել, որ այն չի հանդիսանում քննարկվող փաստական հանգամանքն ապացուցող ապացույց, քանի որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել պատահարի վայրում առկա ասֆալտ-բետոնյա ծածկույթի վրա «Nissan Teana 2.3» մակնիշի 36 LG 432» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի թողած հետքերի, այդ թվում՝ արգելակման հետքերի, դրանով պայմանավորված ընթացքի արագության հետազոտության վերաբերյալ նյութատեխնիկական և տրանսպորտային միջոցի թողած հետքերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև նման եզրակացություններով ստացված տվյալների հիման վրա՝ տեխնիկական տեսակետից վարորդի գործողությունները ճանապարհային երթևեկության կանոններին կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կազմված փորձագիտական եզրակացություններ:

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի՝ վերը մեջբերված կարգավորումներից հետևում է, որ 2024 թվականի ապրիլի 9-ի դրությամբ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (պատահարի վայրում) անվտանգ երթևեկության ապահովման պարտավորություն համայնքի ղեկավարը չի կրել, հետևաբար անհիմն է վարչական մարմնին վերագրել մի անգործություն, որի առարկան չի մտնում վերջինիս լիազորությունների և պարտականությունների մեջ:

Ինչ վերաբերում է պատահարի վայրում շինարարական աշխատանքներ իրականացվելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռնարկված չլինելու հանգամանքին, ապա այդ կապակցությամբ ծագող հարաբերությունները կարգավորված են «Քաղաքաշինության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 7.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը պարտավոր է շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, դրանց համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծով տրված լուծումներին և պահանջներին («ա» ենթակետ), շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին և ստուգման արդյունքներն արձանագրել կատարողական փաստաթղթերում («բ» ենթակետ), պահպանել շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման կարգով սահմանված պահանջները («դ» ենթակետ):

«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, շինարարության իրականացումը, շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, ինժեներական հետազննումը և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կարող են կատարել միայն համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանց կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն, 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն, 2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն, 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշումներով սահմանված կարգով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Նույն կարգի 12-րդ կետով սահմանված է, որ նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանությունն ապահովվում է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուի (ենթակապալառուի) և տեխնիկական հսկողություն (օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` նաև հեղինակային հսկողություն) իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածով (այսուհետ՝ N 4 հավելված) սահմանված միջին ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող (Il կատեգորիայի) պարզ և փոքրածավալ օբյեկտների համար` միայն շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուի կողմից:

2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-105779-24 դիմումով Երևանի քաղաքապետարանին վերագրված անգործության առարկան համայնքի ղեկավարի լիազորությունների և գործառույթների շրջանակներում չգտնվելու հանգամանքից բացի հարկ է անդրադառնալ դիմումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու հարցին:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել՝ վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել:

 Քննարկվող պարագայում՝ դիմումատուն չի հիմնավորել թիվ Դ-105779-24 դիմումով նկարագրված՝ վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին պահանջը, սակայն հաշվի առնելով, որ պատահարը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 9-ին, իսկ վարչական մարմնի ենթադրյալ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը ներկայացվել է 2024 թվականի օգոստոսի 20-ին, այսինքն սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա պահանջը ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու մասին միջնորդություն ներկայացված չլինելու և այդ կապակցությամբ որոշում կայացված չլինելու պայմաններում՝ առկա են բավարար հիմքեր դիմումն առանց քննարկման թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ և 7.1-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ և 12-րդ կետերի դրույթները, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 71-րդ, 73-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Սուրեն Նահապետյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանի՝ վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին 2024 թվականի 20-ի թիվ Դ-105779-24 դիմումը թողնել առանց քննարկման՝ պահանջը ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնված լինելու հիմքով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան