21.06.23 N 204-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
600.0061.01.03.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 մարտի 2023 թվականի |
N 61-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
1. Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 519-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)`
1) N 1 հավելվածի՝
ա․ 3-րդ կետում «24 ամսվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով,
բ․ 27-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «, կամ սույն պայմանագրով, օրենքներով, ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված այլ» բառերը, իսկ «՝ այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով» բառերը փոխարինել «, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար կանխավճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը» բառերով․
2) N 3 հավելվածի՝
ա․ 3-րդ կետում «24 ամսվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով,
բ․ 16-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) Բաշխողի կողմից միակողմանի`
ա․ Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու դեպքերում, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար Միացման վճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը,
բ․ օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:»։
2. Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների մասին Որոշման N 1 և N 3 հավելվածներով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող այն սպառողների և դիմող անձանց պատշաճ ծանուցումը (Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների իմաստով), ովքեր սույն որոշման ուժի մեջ մտնելու պահին ամբողջությամբ չեն վճարել միացման համար անհրաժեշտ կանխավճարը կամ միացման վճարը։
(2-րդ կետը փոփ. 21.06.23 N 204-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 1-ին կետը որոշման 2-րդ կետում նշված սպառողների և դիմող անձանց համար ուժի մեջ է մտնում և սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությամբ փոփոխվող ժամկետի հաշվարկի սկիզբը հաշվարկվում է վերջիններիս՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պատշաճ ծանուցմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
1 մարտի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2023 թվական: