ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0233/01/18 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
7 փետրվարի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Նարեկ Հայրապետի Գյոզալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի և տուժող Արփինե Արամի Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գ․Սահակյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 13103818 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
2018 թվականի փետրվարի 28-ին Նարեկ Հայրապետի Գյոզալյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ Նարեկ Գյոզալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 2-ի որոշմամբ Ն․Գյոզալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ Ն․Գյոզալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերով։
2018 թվականի ապրիլի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 6-ի դատավճռով Ն․Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ն․Գյոզալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ։ Նույն դատական ակտով վճռվել է ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարել և Ն․Գյոզալյանից հօգուտ տուժող Արփինե Արամի Մարտիրոսյանի բռնագանձել 864․882 (ութ հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով վերջինիս պատճառված գույքային վնասի հատուցում։
3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մերժելու, պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 6-ի դատավճիռը բեկանելու ու փոփոխելու մասին։ Ն․Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նույն դատական ակտով վճռվել է ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարել ու Ն․Գյոզալյանից հօգուտ տուժող Արփինե Մարտիրոսյանի բռնագանձել 468․000 (չորս հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով վերջինիս պատճառված գույքային վնասի հատուցում։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ն․Գյոզալյանի պաշտպան Ս․Խչեյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը և տուժող Ա․Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գ․Սահակյանը։ Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 16-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի ու տուժող Ա․Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գ․Սահակյանի վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել 1, իսկ ամբաստանյալ Ն․Գյոզալյանի պաշտպան Ս․Խչեյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
I. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի բողոքի փաստարկները.
5. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի ու մի շարք այլ գործերով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Այսպես՝ բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Ն․Գյոզալյանի արարքում ավազակության՝ բնակարան ապօրինի մուտք գործելու որակյալ հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր չէ։
Ըստ բողոքի հեղինակի՝ սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է հետևյալը. ամբաստանյալը, այլ անվամբ ներկայանալով և տուժողի կողմից մատուցվող մերսման ծառայությունից օգտվելու պայմանավորվածություն ձեռք բերելով, գնացել է վերջինիս բնակարան, սակայն մերսման ծառայությունից չի օգտվել և որոշակի խոսակցություն ունենալուց հետո կատարել է ավազակային հարձակում։ Վերոնշյալը, ըստ բողոքաբերի, բավարար է արձանագրելու, որ ամբաստանյալի մոտ ավազակությամբ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է նախքան տուժողի բնակարան մուտք գործելը, իսկ մերսման ծառայությունից օգտվելը եղել է ընդամենը պատրվակ, խաբեության միջոց՝ տուժողի բնակարան մուտք գործելու համար։
Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանների պնդումն առ այն, որ տուժողի բնակարան մուտք գործելիս ամբաստանյալի կողմից խոչընդոտ չի հաղթահարվել, անհիմն է։ Այսպես՝ բնակարան մուտք գործելու արգելքը հաղթահարվել է խաբեությամբ՝ տուժողի կամքի և գիտակցության վրա ներգործության, նրան մոլորության մեջ գցելու միջոցով, որի արդյունքում ստացվել է բնակարան մուտք գործելու թույլտվությունը, որպիսի հանգամանքը բավարար է արձանագրելու բնակարան մուտք գործելու ապօրինության փաստը։
5․1․ Հանցագործությամբ պատճառված վնասը հափշտակությունների համար նախատեսված խոշոր չափի նվազագույն շեմը չգերազանցելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման առնչությամբ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը, հիմք ընդունելով հափշտակված բջջային հեռախոսի արժեքի (468․000 ՀՀ դրամ) վերաբերյալ համապատասխան գրությունը, անտեսել է տուժողից նաև դրամական միջոցներ (192․000 ՀՀ դրամ) հափշտակված լինելու հանգամանքը։ Տվյալ դեպքում, հափշտակված գույքի ընդհանուր արժեքը կազմում է 660․000 ՀՀ դրամ, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, համարվում է խոշոր չափ։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը, ամբաստանյալ Ն.Գյոզալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերով, և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
II. Տուժող Ա․Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գ․Սահակյանի բողոքի փաստարկները.
7․ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ բողոքաբերն անդրադարձել է տուժողին պատճառված վնասի չափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝ ներկայացնելով սույն որոշման 5․1-րդ կետում շարադրված փաստարկները՝ ավելացնելով նաև, որ խախտվել է հանցագործության հետևանքով պատճառված վնասի ամբողջ ծավալով հատուցում ստանալու տուժողի իրավունքը։
8․ Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նարեկ Գյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար․ «[Նա] ավազակային հարձակմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2018 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Արփինե Արամի Մարտիրոսյանին պատկանող՝ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 11/4 շենքի թիվ 171 բնակարան, որտեղ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ընդհանուր խոշոր չափերով՝ 864.882 ՀՀ դրամին համարժեք 1.400 ԱՄՆ դոլար արժողությամբ «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը և 192.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:
Այսպես.
Ն․Գյոզալյանը, 2018 թվականի փետրվարի 23-ին համացանցի կայքից տեղեկանալով Ա․Մարտիրոսյանի կողմից Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 11/4 շենքի թիվ 171 բնակարանում գումարի դիմաց մերսման ծառայություններ մատուցելու մասին, նպատակադրվել է ավազակային հարձակմամբ հափշտակել վերջինիս գույքը: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ն․Գյոզալյանը 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ներկայանալով Արթուր անվամբ, հեռախոսազրույց է ունեցել Ա․Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում տեղեկանալով նրա միայնակ բնակվելու մասին, վերջինիս կողմից մատուցվող մերսման ծառայություններից օգտվելու նպատակով նշված բնակարան այցելելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել:
Դրան ից հետո, Ն․Գյոզալյանը պատահական տաքսի ավտոմեքենայով այցելել է Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտակայք, որտեղ խաբեությամբ՝ մերսում ստանալու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Ա․Մարտիրոսյանի բնակարան և հարձակում է գործել վերջինիս վրա, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի՝ իր հետ նախապես վերցրած սուր կտրող-ծակող գործիքի գործադրմամբ Ա․Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել՝ հիշյալ կտրող-ծակող գործիքը ցուցադրական կերպով վերջինիս ուղղությամբ պահելով ասել է. «կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ», որից հետո բնակարանից գտնելով վերցրել է Ա․Մարտիրոսյանին պատկանող, ընդհանուր խոշոր չափերով՝ 864.882 ՀՀ դրամին համարժեք 1.400 ԱՄՆ դոլար արժողությամբ «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը և 192.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:
Այնուհետև Ա․Մարտիրոսյանը սկսել է դիմադրել, ապա Ն․Գյոզալյանին հրելով, նրա ձեռքից վայր է գցել սուր կտրող-ծակող գործիքը, ինչից հետո փախել է բնակարանի մուտքի դռան մոտ և փորձել այն բացել, իսկ Նարեկ Գյոզալյանն իր վճռականությունը ցուցադրելու և տուժողի դիմադրությունը կոտրելու նպատակով նշված բնակարանից վերցրել է խոհանոցային դանակ, որով հետապնդելով և ձեռքով հետևից բերանը փակելով՝ Ա․Մարտիրոսյանի կրծքավանդակին հենելու և շարժումներ կատարելու, ինչպես նաև քաշքշելու արդյունքում նրան պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ պարանոցի աջ կեսի և զույգ կրծքագեղձերի շրջանների ճանկռվածքների, մակերեսային վերքի, աջ բազկի շրջանի արյունազեղումների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածքներ և միաժամանակ դանակով հարվածելու սպառնալիքով պահանջել է չաղմկել, իսկ երբ վերջինս ազատվելով դուրս է եկել պատշգամբ և օգնություն կանչել, Ն․Գյոզալյանը, վերցնելով Ա․Մարտիրոսյանից ավազակային հարձակմամբ հափշտակված «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը և 192.000 ՀՀ դրամ գումարը դիմել է փախուստի» 2։
10․ Տուժող Ա․Մարտիրոսյանն իր ցուցմունքով, ըստ էության, հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, հեռախոսազրույց է ունեցել Արթուր անունով անծանոթ տղամադրու հետ, ով հայտնել է, որ համացանցի միջոցով ծանոթացել է հայտարարությանը և ցանկանում է օգտվել մերսման ծառայությունից։ Մատուցվող ծառայության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո տեղեկացրել է մերսումը բնակարանում կատարելու մասին՝ հայտնելով իր բնակության հասցեն։ Այնուհետև, իր բնակարան է այցելել Արթուր անունով տղամարդը, ում հետ մոտ 15 րոպե զրուցել է, մի պահ դուրս է եկել սենյակից, իսկ երբ վերադարձել է, վերջինս պտուտակահանի գործադրմամբ իրեն վնասելու սպառնալիք է հնչեցրել՝ ասելով «կկոխեմ, հանի ինչ ունես» 3։
11. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) [Գ]ործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ ամբաստանյալ Ն․Գյոզալյանի մեղավորությունը` խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով առողջության համար վտանգավոր սպառնալիքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ապացուցված է:
(...) Ինչ վերաբերում է Ն․Գյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքին, ապա [Առաջին ատյանի] դատարանը փաստում է, որ դատաքննությամբ հետազոտված և գնահատված ապացույցների համակցությամբ չի հաստատվել Ն․Գյոզալյանի կողմից Ա․Մարտիրոսյանի բնակարան ապօրինի մուտք գործելու հանգամանքը, քանի որ տուժողն իր ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալը նախապես է զանգահարել իրեն և պայմանավորվել ծառայություններից օգտվելու համար այցելել իր բնակարան: Այսինքն` Ն․Գյոզալյանը տուժող Արփինե Մարտիրոսյանի բնակարան մտնելիս որևէ խոչընդոտ կամ արգելք չի հաղթահարել» 4։
12. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով [մեղադրողի] վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ նախաքննությամբ ձեռք բերված, մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցությունը բավարար էր, որպեսզի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով Առաջին ատյանի դատարանը հաստատեր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` նշված հանցավոր արարքի տվյալ որակյալ հատկանիշի առկայությունը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ դատաքննությամբ հետազոտված և գնահատված ապացույցների համակցությամբ չի հաստատվել Ն․Գյոզալյանի կողմից Ա․Մարտիրոսյանի բնակարան ապօրինի մուտք գործելու հանգամանքը, քանի որ տուժողն իր ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալը նախապես է զանգահարել իրեն և պայմանավորվել ծառայություններից օգտվելու համար այցելել իր բնակարան: Այսինքն` Ն․Գյոզալյանը տուժող Ա․Մարտիրոսյանի բնակարան մտնելիս որևէ խոչընդոտ կամ արգելք չի հաղթահարել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով չի հաստատվում Ն․Գյոզալյանի կողմից Ա․Մարտիրոսյանի նկատմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակությունը, քանի որ Վերաքննիչ դատարանում` բողոքների քննության ընթացքում, տուժող Ա․Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գարիկ Սահակյանի կողմից ներկայացվել է «Յուքոմ» ՓԲ ընկերության իրավաբանական տնօրեն Գ․Աթոյանի գրությունը, համաձայն որի` Ա․Մարտիրոսյանը 2017 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված թիվ 3782614 բաժանորդային պայմանագրի շրջանակներում կնքված «Հեռախոս հատուկ պայմաններով» համաձայնագրի հիման վրա ձեռք է բերել «Iphone 8 64Gb» հեռախոս, որը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ ընկերության կողմից վաճառվել է 468.000 ՀՀ դրամ արժեքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)» 5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Նարեկ Գյոզալյանի արարքում բացակայում են ավազակության` բնակարան ապօրինի մուտք գործելու և խոշոր չափերով գույք հափշտակելու ծանրացնող հանգամանքները:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ավազակությունը, որը կատարվել է՝
(…)
2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
3) բնակարան, (…) ապօրինի մուտք գործելով (…)»։
15․ Վճռաբեկ դատարանը հափշտակությունների՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքի իրավական հատկանիշներին անդրադարձել է գողության հանցակազմի մեկնաբանման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բնակարան մուտք գործելը կարող է կատարվել հանցավորի կողմից ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկական միջոցներով կամ տարատեսակ սարքերով, գաղտնի կամ բացահայտ եղանակով բնակարան ներթափանցելով: Ինչ վերաբերում է բնակարան մուտք գործելու ապօրինությանը, ապա այն ենթադրում է, որ հանցավորը հայտնվում է ուրիշի բնակարանում առանց համապատասխան իրավական հիմքերի, բնակարանի տիրոջ կամքին հակառակ, մասնավորապես` առանց նրա թույլտվությունը կամ համաձայնությունը ստանալու կամ նրա կամքն ընդհանրապես անտեսելով: Այսպես` ներթափանցումը կարող է իրականացվել ինչպես գաղտնի, այնպես էլ բռնություն գործադրելով, դրա սպառնալիքով կամ խաբեության միջոցով, այն է` հանցավորի կողմից բնակարանի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` բնակարան մուտք գործելու թույլտվությունը կամ համաձայնությունը ձեռք բերելը՝ վերջինիս մոլորության մեջ գցելու արդյունքում (օրինակ՝ ներկայանում է որպես իշխանության կամ սպասարկման ծառայության ներկայացուցիչ, էլեկտրաէներգիայի կամ գազի մատակարարման կազմակերպության աշխատակից, վերանորոգող-փականագործ և այլն): Ընդ որում, բնակարան ապօրինի մուտք գործելու վերոնշյալ եղանակներն արարքի քրեաիրավական որակման վրա որևէ կերպ չեն ազդում:
Միևնույն ժամանակ, գողության քննարկվող ծանրացնող հանգամանքը բացակայում է, եթե անձն օրինական հիմքերով է գտնվում բնակարանում (պայմանավորված, օրինակ, ազգակցական կամ ընկերական հարաբերություններով կամ այլ հանգամանքների բերումով), ինչպես նաև այն դեպքում, երբ հափշտակության դիտավորությունը ծագում է բնակարան մուտք գործելուց հետո` այնտեղ գտնվելու ընթացքում: Այնինչ, խնդրո առարկա որակյալ հանցակազմի առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է փաստել, որ հանցավորը մուտք է գործել բնակարան հենց ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, այսինքն` հափշտակության դիտավորությունը վերջինիս մոտ ծագել է նախապես` մինչև բնակարան մուտք գործելը:
(...) Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված գողությունը բնակարան ապօրինի մուտք գործելու ծանրացնող հանգամանքով որակելու համար անհրաժեշտ է հավաստել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը` բնակարան մուտք գործելը եղել է ապօրինի և հափշտակության դիտավորությունը ծագել է նախքան այնտեղ ներթափանցելը:
Անդրադառնալով խաբեությամբ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խաբեությունը դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելն է, անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելը, որը կարող է իրականացվել կոնկրետ փաստերը խեղաթյուրելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այլ եղանակներով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած բնակարանի սեփականատերը կամ այլ տիրապետողը թույլատրում է կամ չի խոչընդոտում հանցավորի մուտքը բնակարան: Այլ կերպ` թեև տվյալ դեպքում հանցավորը ստանում է տուժողի «համաձայնությունը», այնուամենայնիվ դա որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նման «համաձայնությունը» ձեռք է բերվում խաբեությամբ անձի կամքի և գիտակցության վրա ներազդելու, նրան դիտավորությամբ մոլորության մեջ գցելու արդյունքում, հետևաբար ցանկացած պարագայում պետք է դիտարկվի որպես անձի կամքին հակառակ վերջինիս բնակարան ապօրինի մուտք գործել» 6:
15.1. Ընդհանրացնելով նախորդ կետում մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ հափշտակությունների, այդ թվում՝ ավազակության պարագայում, բնակարան ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ հանցավորը մուտք է գործում տուժողի բնակարան նրա կամքին հակառակ (օրինակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և այլն), այլև այն իրավիճակում, երբ տուժողի կամքն անտեսվում է (օրինակ՝ գաղտնի ներթափանցելով, խաբեության միջոցով և այլն)։ Ընդ որում, խաբեության դեպքում հանցավորն իրականությունը խեղաթյուրելու միջոցով, այն է՝ կոնկրետ փաստերը ձևախեղելու, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելու, իրական մտադրության մասին լռելու կամ այլ եղանակներով, անձին դիտավորյալ մոլորության մեջ է գցում, անտեսում է վերջինիս իրական կամքը, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած բնակարանի սեփականատերը կամ այլ տիրապետողը թույլատրում է կամ չի խոչընդոտում հանցավորի մուտքը բնակարան:
Հարկ է նկատել, որ խաբեության համանման բնորոշում է տրվել նաև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 11-րդ կետով, որի համաձայն՝ «խաբեություն՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելը՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այնպիսի տեղեկություն չհաղորդելով, որն անձը պարտավոր էր հաղորդել.»։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը Ն․Գյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա խաբեությամբ` մերսման ծառայությունից օգտվելու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Ա.Մարտիրոսյանի բնակարան և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, ավազակային հարձակմամբ կատարել գույքի խոշոր չափերի հափշտակություն: Մասնավորապես՝ Ն․Գյոզալյանը, համացանցի միջոցով տեղեկանալով Ա․Մարտիրոսյանի կողմից իր բնակարանում մերսման ծառայություն մատուցելու մասին, վերջինիս հետ հեռախոսային խոսակցության ժամանակ ներկայացել է Արթուր անվամբ և պայմանավորվածություն ձեռք բերել հիշյալ ծառայությունից օգտվելու նպատակով տուժողի բնակարան այցելելու շուրջ։ Այնուհետև, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել տուժողի բնակարան և նախօրոք վերցրած սուր կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հափշտակել տուժողին պատկանող՝ 864․882 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և 192․000 ՀՀ դրամ կանխիկ գումարը՝ այդ կերպ Ա.Մարտիրոսյանին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս 7։
Ստորադաս դատարաններն արձանագրել են, որ ամբաստանյալ Ն.Գյոզալյանի արարքում բացակայում են տուժողի բնակարան մուտք գործելու ապօրինության և դրանով պայմանավորված` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները, քանի որ Ն․Գյոզալյանը տուժողի բնակարան է այցելել նախապես պայմանավորված ծառայությունից օգտվելու նպատակով, հետևաբար բնակարան մուտք գործելիս որևէ խոչընդոտ կամ արգելք չի հաղթահարել 8։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով չի հաստատվում Ն․Գյոզալյանի արարքում ավազակության՝ խոշոր չափի գույք հափշտակելու ծանրացնող հանգամանքի առկայությունը, քանի որ վերաքննիչ վարույթի շրջանակներում տուժողի կողմից ներկայացված՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գրության համաձայն՝ Ա․Մարտիրոսյանը հափշտակված բջջային հեռախոսը ձեռք է բերել 468.000 ՀՀ դրամով, ինչը ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով խոշոր չափ չի համարվում 9։
17․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15․1-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքում ավազակության՝ բնակարան ապօրինի մուտք գործելու որակյալ հանցակազմի հատկանիշների բացակայությունն արձանագրելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այսպես․
Գործի փաստական տվյալներից հետևում է, որ Ն.Գյոզալյանը, գիշերային ժամին կապ հաստատելով տուժողի հետ և հեռախոսազրույցի ընթացքում այլ անունով ներկայանալով ու հայտնելով, թե իբրև ցանկանում է օգտվել մերսման ծառայությունից, կեղծ տվյալներ է հաղորդել՝ այդ կերպ դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ինչի արդյունքում տուժողը, մոլորության մեջ ընկնելով, Ն.Գյոզալյանին է փոխանցել իր բնակության վայրի հասցեն, այնուհետև` ներս թողել նրան իր բնակարան։ Մուտք գործելուց որոշ ժամանակ անց, առանց մերսման ծառայությունից օգտվելու, Ն․Գյոզալյանն ավազակային հարձակում է կատարել։
Վերոնշյալ հանգամանքների վերլուծությունից ակնհայտորեն բխում է, որ ամբաստանյալը տուժողի բնակարան է մուտք գործել խաբեության արդյունքում` իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով և կեղծ տվյալներ ներկայացնելով առ այն, որ ցանկանում է օգտվել տուժողի կողմից մատուցվող մերսման ծառայությունից, իսկ տուժողի կողմից ամբաստանյալին բնակարան մուտք գործել թույլ տալը պայմանավորված է եղել բացառապես նշված հանգամանքով։ Նման պայմաններում, անհիմն է ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, թե սույն դեպքում տուժողի բնակարան մուտք գործելիս ամբաստանյալը որևէ խոչընդոտ կամ արգելք չի հաղթահարել․ տվյալ իրավիճակում թեև ամբաստանյալը ստացել է տուժողի «համաձայնությունը»` մուտք գործելու իր բնակարան, այնուամենայնիվ դա որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ մուտք գործելու «արգելքը» հաղթահարվել, այլ կերպ՝ «համաձայնությունը» ձեռք է բերվել խաբեությամբ` տուժողին դիտավորությամբ մոլորության մեջ գցելու արդյունքում, ինչը պետք է դիտարկվի որպես անձի կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործել:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի այն դատողությունը, որ գործի փաստական տվյալների համակցությունից բխում է, որ տուժողի բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությունն ամբաստանյալի մոտ ծագել է նախապես` մինչև վերջինիս բնակարան մուտք գործելը 10։
18․ Անդրադառնալով հափշտակության չափերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն ևս հիմնված չէ գործի փաստական հանգամանքների պատշաճ գնահատման վրա։
Այսպես՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է տուժողից նաև 192․000 ՀՀ դրամ կանխիկ գումար հափշտակված լինելու հանգամանքը 11։ Ընդ որում, վերոնշյալ փաստը ստորադաս դատարանների կողմից կասկածի տակ չի դրվել։ Ստացվում է, որ մի կողմից՝ Ն.Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել, բացի բջջային հեռախոսից, նաև դրամական միջոցների հափշտակության համար, մյուս կողմից` Վերաքննիչ դատարանը հափշտակված գույքի արժեքը որոշելիս այն հաշվի չի առել։
Վերոնշյալը հիմք է տալիս փաստելու, որ ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առկայությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել սույն գործի փաստական տվյալների ամբողջությունը։
19․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Նարեկ Գյոզալյանի արարքում բացակայում են ավազակության` բնակարան ապօրինի մուտք գործելու և խոշոր չափերով գույք հափշտակելու ծանրացնող հանգամանքները հիմնավոր չէ։
Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ն․Գյոզալյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ բնակարան ապօրինի մուտք գործելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ համաձայնվելով, ինչպես նաև Ն․Գյոզալյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշների բացակայությունն արձանագրելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 397-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանելու և քրեական գործն այդ մասով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և ամբաստանյալի արարքի որակման հարցում հանգի համապատասխան հետևության:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ չեն վերացել Նարեկ Գյոզալյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Նարեկ Հայրապետի Գյոզալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրիք 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Նարեկ Հայրապետի Գյոզալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 175-189:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 92-106:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 92-106:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 154-167:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՔԴ/0063/01/17 որոշման 10-12-րդ կետերը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերը:
9 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 5․1-րդ և 7-րդ կետերը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: