ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2020 թվականի N 417-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 359-L որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
(2-րդ կետը խմբ. 09.04.20 N 502-Լ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 31 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 31-ի N 417-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:
2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը՝ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների։
(2-րդ կետը լրաց. 06.04.20 N 487-Լ, խմբ. 09.04.20 N 502-Լ)
3. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով ունեցել են ամսեկան 2-ից 50 աշխատակից (ներառյալ 2 և 50), ընդ որում՝ հաշվի չառնելով 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թվաքանակը։
Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատակիցների քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):
(3-րդ կետը լրաց. 09.04.20 N 502-Լ)
4. Տնտեսավարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մարտ ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե տնտեսավարողի կողմից 2020 թվականի մարտ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների թիվը և վերջիններիս գծով այդ հաշվարկով նշված եկամուտների (այսուհետ` հաշվարկված եկամուտների) մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) հունվար և փետրվար ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հայտարարագրված աշխատակիցների թիվը և հաշվարկված եկամուտների մեծությունը՝ հաշվի չառած 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թիվն ու նրանց հաշվարկված եկամուտների մեծությունը, ինչպես նաև 2020 թվականի մարտի 26-ից հետո ներկայացված գրանցման հայտերում` 2020 թվականի մարտի 26-ին նախորդող ժամանակահատվածում աշխատանքի սկիզբ նշված աշխատակիցների թիվն ու նրանց հաշվարկված եկամուտների մեծությունը:
Սույն կարգի իմաստով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում արտացոլված աշխատակիցների գծով [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտների հանրագումարով:
Սույն կարգի իմաստով 2020 թվականի հունվար և փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ են համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հարկային հաշվարկները, իսկ 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:
(4-րդ կետը խմբ. 09.04.20 N 502-Լ)
5. ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին Միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։
Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:
(5-րդ կետը լրաց. 09.04.20 N 502-Լ)
6. ՀՀ ՊԵԿ կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։ Վճարման հանձնարարագրի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:
(6-րդ կետը լրաց. 09.04.20 N 502-Լ)
7. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՀՀ ՊԵԿ կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`
1) շահառուի անվանումը.
2) շահառուի ՀՎՀՀ-ն.
3) հաշվի համարը.
4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը.
(7-րդ կետը փոփ. 09.04.20 N 502-Լ)
8. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:
(հավելվածը լրաց. 06.04.20 N 487-Լ, խմբ., լրաց., փոփ. 09.04.20 N 502-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |