ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2020 թվականի N 181-Ա
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշմամբ`
1. Ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
2. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
(4-րդ կետը խմբ. 23.04.20 N 489-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թվականիփետրվարի 12-ի N 181-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե. Կիրակոսյան |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Բադասյան |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
Ա. Թաթոյան |
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
Վ. Վարդանյան |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Հովակիմյան |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ) |
Գ. Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ) |
Տ. Սիմոնյան |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ) |
Վ. Քոչարյան |
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Մանասյան |
իրավաբան-գիտնական (համաձայնությամբ) |
Ա. Ղամբարյան |
իրավաբան-գիտնական (համաձայնությամբ) |
Ա. Մազմանյան |
իրավաբան-գիտնական (համաձայնությամբ) |
Ա. Թավադյան |
իրավաբան-գիտնական (համաձայնությամբ) |
Լ. Գևորգյան |
իրավաբան-գիտնական (համաձայնությամբ) |
Տ. Մարկոսյան |
իրավաբան-գիտնական (համաձայնությամբ) |
Դ. Իոաննիսյան |
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Կ. Զադոյան |
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թվականիփետրվարի 12-ի N 181-Ա որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) խնդիրները, գործառույթները, աշխատանքների կազմակերպման, իրականացման և որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
3. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:
4. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
5. Հանձնաժողովն իր աշխատանքների իրականացման ընթացքում կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, ինչպես նաև առանձին առաջադրանքների իրականացման նպատակով կարող է ներգրավել մասնագետների, փորձագետների և (կամ) խորհրդատուների:
6. Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից:
7. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունելու օրը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը, սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը, սահմանադրական բարեփոխումների գործընթացի համակարգմանն աջակցելը, ինչպես նաև իրեն վերապահված խնդիրների շրջանակում այդ գործընթացին հանրության մասնակցության ապահովումը:
9. Հանձնաժողովը`
1) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.
2) հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանը.
3) մշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովում է դրա հանրային քննարկումը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկությունների և (կամ) առարկությունների հաշվառմամբ լրամշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.
5) սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հաստատվելուց հետո դրա հիման վրա մշակում (լրամշակում) և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը.
6) շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների և անձանց հետ քննարկում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը.
7) ամփոփում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի կապակցությամբ ստացված կարծիքները, առաջարկությունները և եզրակացությունները.
8) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկությունները.
9) հանձնաժողովի աշխատանքային պլանին համապատասխան` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ անցկացնում է հանրային քննարկումներ և հանդիպումներ շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների և անձանց, այդ թվում` իրավունքի ոլորտի գիտական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կամ նրանց մասնակցությամբ.
10) իրականացնում է սույն աշխատակարգից և իր գործունեությունից բխող այլ գործառույթներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ
10. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են հանձնաժողովի առաջին նիստում հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքային պլանին համապատասխան (այսուհետ` աշխատանքային պլան):
11. Աշխատանքային պլանում սահմանվում են սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախանշված ուղղությունների շրջանակներում և դրանց հաշվառմամբ, աշխատանքների իրականացման փուլերը, վերջնաժամկետները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունների շրջանակում հանձնաժողովի անդամներին առաջադրված խնդիրները, նրանց միջև աշխատանքների ու գործառույթների բաշխումը:
12. Մինչև աշխատանքային պլանը հանձնաժողովի առաջին նիստում հաստատվելը հանձնաժողովի անդամները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի նախագահին՝ աշխատանքային պլանի կազմման, դրա բովանդակության՝ ներառյալ սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունների, աշխատանքների իրականացման փուլերի և վերջնաժամկետների վերաբերյալ: Ստացված առաջարկներն ամփոփելուց հետո աշխատանքային պլանի նախագիծը հանձնաժողովի քարտուղարության միջոցով ներկայացվում է հանձնաժողովի առաջին նիստին` հաստատման:
13. Աշխատանքային պլանի նախագիծը կարող է լրամշակվել հանձնաժողովի առաջին նիստում քննարկումների արդյունքում և քվեարկության դրվել լրամշակված տարբերակով:
14. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում, ըստ անհրաժեշտության, կարող է փոփոխություններ կատարել աշխատանքային պլանում:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
16. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի ստեղծման պահից` տասնհինգօրյա ժամկետում: Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տասնհինգ օրը մեկ անգամ, եթե հանձնաժողովը այլ բան չի որոշել կամ այլ բան նախատեսված չէ սույն աշխատակարգով: Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի քարտուղարության առաջարկությամբ, որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
17. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կատարվող հարցման և պատասխանի (այսուհետ՝ գրավոր հարցում և գրավոր պատասխան) միջոցով:
18. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը, որպես կանոն, հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ, եթե հարցի քննարկման հրատապությունից ելնելով՝ նիստը նախաձեռնողն այլ ժամկետ չի սահմանել:
19. Գրավոր հարցման միջոցով հանձնաժողովի նիստ անցկացվելու դեպքում հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ քվեարկում են գրավոր պատասխան ներկայացնելով՝ հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, եթե հանձնաժողովի նախագահն այլ բան չի սահմանել: Սահմանված ժամկետում գրավոր պատասխան չներկայացնելու դեպքում հանձնաժողովի անդամը համարվում է հանձնաժողովի նիստին չմասնակցած:
20. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների (չներառելով հանձնաժողովի լրացուցիչ անդամներին) կեսից ավելին:
21. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հարցման միջոցով:
22. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն աշխատակարգով: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
23. Գրավոր հարցման միջոցով հանձնաժողովի նիստ անցկացվելու դեպքում հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների գրավոր պատասխանների հիման վրա` սահմանված ժամկետում գրավոր պատասխան ներկայացրած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
24. Քվեարկության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշումներ:
25. Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը:
26. Հանձնաժողովի թույլտվությամբ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այլ անձինք, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
27. Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը՝ հանձնաժողովի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստերը կարող են ձայնագրվել:
28. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ու ձայնագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը:
29. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և ձայնագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
30. Հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է քննարկումներ շահագրգիռ մարմինների, անձանց և կազմակերպությունների մասնակցությամբ.
4) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.
5) համակարգում է աշխատանքային խմբերի, ինչպես նաև մասնագետների, փորձագետների և խորհրդատուների աշխատանքները.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաղորդումներ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ.
7) կրում է հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականություններն այնքանով, որքանով կիրառելի են իր նկատմամբ.
8) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
31. Հանձնաժողովի անդամները պարտավոր են՝
1) անձամբ մասնակցել հանձնաժողովի նիստերին.
2) անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ ներառյալ.
ա. աշխատանքային պլանին և հանձնաժողովի որոշումներին համապատասխան՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի կազմման և լրամշակման աշխատանքներին,
բ. շահագրգիռ մարմինների և անձանց հետ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին, այդ թվում՝ աջակցել դրանց կազմակերպմանը,
գ. սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի կապակցությամբ ստացված կարծիքների ու առաջարկությունների ամփոփմանը.
3) մասնակցել որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.
4) իրականացնել սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
32. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) մասնակցելու հանձնաժողովի նիստերին և կարծիք հայտնելու քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) ծանոթանալու հանձնաժողովի աշխատանքային պլանին և հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին.
3) ներկայացնելու հարցեր հանձնաժողովի քննարկմանը.
4) հանձնաժողովի նախագահի միջոցով պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից հայցելու հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.
5) իրականացնելու սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
33. Հանձնաժողովի նախագահը և անդամները կարող են դուրս գալ հանձնաժողովի կազմից` այդ մասին առնվազն քսան օր առաջ գրավոր դիմում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:
34. Հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հանձնաժողովը կարող է քվեարկության դնել հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը: Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի նախագահը չի մասնակցում քվեարկությանը:
35. Հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք և ավելի նիստերից ոչ հարգելի պատճառներով բացակայելու, ինչպես նաև աշխատանքային պլանին համապատասխան՝ իրեն վերապահված աշխատանքները և գործառույթները չկատարելու կամ ոչ պատշաճ և ոչ ժամանակին կատարելու դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է քվեարկության դրվել հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը: Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
36.Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ թվում` կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
37. Հանձնաժողովի քարտուղարությունը`
1) կազմակերպում է նիստերի հրավիրման և անցկացման աշխատանքները.
2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին, իսկ սույն աշխատակարգով նախատեսված դեպքերում՝ նաև նիստին մասնակցող այլ անձանց.
3) ապահովում է հանձնաժողովի որոշումների նախագծերի կազմումը.
4) կազմակերպում է նիստերի արձանագրումը թղթային և էլեկտրոնային եղանակներով, հնարավորության դեպքում՝ նաև ձայնագրումը.
5) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
6) արձանագրում է հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները, կարծիքները և պահպանում դրանք.
7) ամփոփում է աշխատանքային խմբերի և մասնագետների եզրակացությունները, տեղեկանքները և դրանք ներկայացնում հանձնաժողովին.
8) ամփոփում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները և դրանք ներկայացնում հանձնաժողովին.
9) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին, շահագրգիռ մարմիններին, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` այլ անձանց և կազմակերպություններին.
10) ապահովում է հանձնաժողովի գործունեության լուսաբանումը, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում շահագրգիռ անձանց և կազմակերպություններին.
11) ապահովում է հանձնաժողովի կողմից անցկացվող հանրային քննարկումների կազմակերպումը.
12) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |