ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/2224/05/13
դատարանի որոշում
2015թ.
Նախագահող դատավոր` Ա. Բաբայան
Դատավորներ` |
Ա. Աբովյան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱնտոնյանԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարինա Աբրամյանի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) (իրավանախորդ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Կարինա Աբրամյանի` ՀՀ պետական բյուջե 1.436.982 ՀՀ դրամ բռնագանձելու և պատասխանողին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության, Նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Ս. Սաֆարյանի (այսուհետ` Մաքսատան պետ)` Մաքսատան պետի 01.03.2013 թվականի թիվ 63 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Կարինա Աբրամյանից բռնագանձել 1.436.982 ՀՀ դրամ և պարտավորեցնել վերջինիս կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինա Աբրամյանը պահանջել է անվավեր ճանաչել Մաքսատան պետի 01.03.2013 թվականի թիվ 63 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Վերակազմակերպման հիմքով Կոմիտեն փոխարինվել է Նախարարությամբ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2014 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 09.12.2013 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինա Աբրամյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:
2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ, 105-րդ և 199-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարինա Աբրամյանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալը որևէ նշանակություն չունի սույն գործի լուծման համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արտոնությունը կապված է ոչ թե անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալու, այլ` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու հետ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման պետք է հանդիսանա այդ խախտման արդյունքում պետական բյուջե որոշակի չափով մաքսատուրքերի մուտք չլինելու հանգամանքը: Մինչդեռ սույն գործով Կարինա Աբրամյանը, ժամանելով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության համար, Հայաստանի Հանրապետություն է ներմուծել իր անձնական օգտագործման իրերը, որոնց համար վերջինս մաքսատուրք վճարելու պարտականություն չի կրում: Հետևաբար Կարինա Աբրամյանի կողմից ներմուծված ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպելը կրում է ձևական բնույթ, և վերջինիս նկատմամբ 1.436.982 ՀՀ դրամի չափով տուգանք չէր կարող կիրառվել: Բացի այդ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված կանոնները չեն կարող կիրառելի լինել Կարինա Աբրամյանի նկատմամբ, հակառակ պարագայում վերջինս, մշտապես բնակվելով Հայաստանի Հանրապետությունում, պետք է արտահանի իր անձնական օգտագործման կենցաղային իրերը, ինչը կզրկի նրան Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հնարավորությունից և կխախտի Կարինա Աբրամյանի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության շրջանակներում տուգանքի չափը կախված է ներմուծվող ապրանքների` «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպման արդյունքում գանձվող համապատասխան մաքսային վճարների մեծությունից: Մինչդեռ տվյալ դեպքում Կարինա Աբրամյանը, Հայաստանի Հանրապետություն ներմուծելով իր անձնական օգտագործման գույքը, ազատված է այն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպելու արդյունքում գանձվող մաքսատուրքից և մաքսային վճարներից: Հետևաբար հնարավոր չէ կատարել Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափի հաշվարկ, ինչը մատնանշվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2013 թվականի վճռին:
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Կարինա Աբրամյանի կողմից ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում չեն հանձնվել պատասխանատու պահպանության, չեն վերաարտահանվել, որի հետևանքով խախտվել է ապրանքի հետագա արտահանման պարտավորությունը` առաջացնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պատասխանատվություն: Նման պարագայում վճարման ենթակա մաքսային վճարների տարբերություն առաջանալու մասին խոսք լինել չի կարող: Վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով ամրագրված նորմը չի կարող կիրառելի համարվել մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց նկատմամբ, անհիմն է, քանի որ ո՛չ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով, ո՛չ մաքսային հարաբերությունները կարգավորորղ որևէ այլ իրավական ակտով նման դրույթ ամրագրված չէ:
Վիճարկվող որոշումը չի ընդունվել որևէ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման արդյունքում: Նույնիսկ Դատարանի վճռում առկա չէ հղում որևէ իրավական նորմի, որի խախտմամբ կամ սխալ կիրառմամբ ընդունվել է նշված որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կարինա Աբրամյանի կողմից Կոմիտեի «Զվարթնոց» մաքսատանը 09.07.2012 թվականին թիվ F 426 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր (ըստ մասնացուցակի` 25 կանոն ապրանք, այդ թվում` 3 հեռուստացույց, 2 փոշեկուլ, տեսախցիկ, համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և այլն)` 30 օր ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 11-20):
2) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 08.08.2012 թվականի թիվ 25/01-50615 և 21.03.2013 թվականի թիվ 22-19560 տեղեկանքների համաձայն` Կարինա Գուրգենի Աբրամյանը 06.08.2012 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և գործը գտնվում է քննարկման փուլում (հատոր 1-ին, գ.թ. 36, 39):
3) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 10.08.2012 թվականի թիվ Մ-488/8-2 գրության համաձայն` 09.07.2012 թվականին թիվ F 426 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների ժամկետը սահմանված կարգով երկարաձգվել է 180 օրով (հատոր 1-ին, գ.թ. 37):
4) Կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան 15.02.2013 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» թիվ 3 արձանագրության համաձայն` ՌԴ քաղաքացի Կարինա Աբրամյանը «Զվարթնոց» մաքսատանը 09.07.2012 թվականի թիվ F 426 ԲՄՀ-ով ձևակերպել է 362կգ քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 30 օր ժամկետով, որը երկարաձգվել է ևս 180 օր ժամկետով, սակայն մինչև վերաարտահանման պարտավորության ժամկետի ավարտը` 04.02.2013 թվականը, բեռը վերջնական մաքսային ձևակերպում չի ստացել (հատոր 1-ին, գ.թ. 8):
5) Մաքսատան պետի 01.03.2013 թվականի` «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 63 որոշման համաձայն` Կարինա Գուրգենի Աբրամյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 1.436.982 ՀՀ դրամով` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավախախտման կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու համար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվության կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի և 199-րդ հոդվածի 1-ին կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. սույն գործով վիճարկվող վարչական ակտով նշանակված տուգանքի չափը համապատասխանում է արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին այն պայմաններում, երբ այդ վարչական ակտով պատասխանատվության ենթարկված ֆիզիկական անձը, ՀՀ մաքսային տարածք ներմուծելով և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպելով անձնական օգտագործման իրեր, խախտել է այդ իրերի հետագա արտահանման պարտավորությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժը» կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով մաքսային վճարներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում նույն օրենսգրքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք: Նույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` մաքսային այս ռեժիմի շրջանակներում ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է`
ա) այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ`
բ) նույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս մաքսային մարմինների կողմից գանձվում են մաքսային վճարներ, այդ թվում` ա) մաքսատուրքեր, բ) մաքսավճարներ, գ) մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ ՀՀ մաքսային օրենսդրությամբ անձին իրավունք է վերապահված ընտրելու համապատասխան մաքսային ռեժիմ կամ փոփոխելու իր կողմից ընտրված մաքսային ռեժիմը: ՀՀ մաքսային օրենսդրությամբ նախատեսված այս իրավունքն անձանց համար երաշխավորում է հետևյալ իրավական հնարավորությունները. առաջին` ընտրել օրենքով սահմանված մաքսային ռեժիմներից որևէ մեկը` կրելով դրա համար օրենքով սահմանված բոլոր, այդ թվում` մաքսային վճարների վճարման հետ կապված պարտականությունները, երկրորդ` փոփոխել իր կողմից ընտրված մաքսային ռեժիմն օրենքով սահմանված մաքսային ռեժիմով` կրելով դրա համար օրենքով սահմանված բոլոր, այդ թվում` մաքսային վճարների վճարման հետ կապված պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է, որ ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, որը չի կարող մեկ տարուց ավելի լինել: Այդ ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է դրանք վերահայտարարագրել «վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի դեպքում միայն անձի կողմից հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված: Միաժամանակ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում այդ ապրանքները վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմներից որևէ մեկով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար սահմանված տույժերը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Լիլիթ Բաբասիևայի թիվ ՎԴ/7537/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է սահմանել մաքսային այն կանոնների խախտման համար, որոնք կապված են ապրանքների հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորության պատշաճ կատարման հետ և չեն առնչվում պետության ֆինանսական շահերին, մաքսային վճարների վճարման պարտականության կատարմանը, ինչպես նաև այդպիսի պարտականության կատարման ապահովմանը: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավախախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման՝ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով սահմանված կարգի դեմ: Խնդրո առարկա իրավախախտումը դրսևորվում է հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելու եղանակով: Նշված արարքների կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 50.000 ՀՀ դրամի չափով:
Վերը նշված իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ մաքսային տարածք ներմուծված և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների հետագա արտահանման պարտավորության խախտումը, որը դրսևորվում է այդ ապրանքներն օրենքով նախատեսված ժամկետում չարտահանելու ձևով, առաջացնում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվություն: Մաքսային կանոնների նշված խախտման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է ընտրել տուգանքը, որի չափը կախված է ներմուծված ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունից և կազմում է դրա 50 տոկոսը, բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամ: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցի՝ տուգանքի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ է նախևառաջ հաշվարկել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը, որի 50 տոկոսն էլ կկազմի նշանակվող տուգանքի չափը: Իսկ այն դեպքում, երբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսը պակաս է 50.000 ՀՀ դրամից, ապա ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցի՝ տուգանքի չափը կկազմի 50.000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի իմաստով մաքսային վճարներ են համարվում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված (ա) մաքսատուրքը, (բ) մաքսավճարը, ինչպես նաև (գ) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները: Հետևաբար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները կազմում են ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների տեղափոխման համար օրենքով սահմանված մաքսատուրքի, մաքսավճարի, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հանրագումարը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն` մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են նույն օրենսգրքով:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ մաքսատուրքը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է, որը վճարվում է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:
Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի իրավակարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված իրավադրույթով օրենսդիրը ֆիզիկական անձանց համար սահմանել է արտոնություն, այն է` առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը, և որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում,
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Վահե Հարությունյանի թիվ ՎԴ/5170/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական անձինք ազատված են մաքսատուրքի վճարման պարտականությունից ՀՀ մաքսային սահմանով այնպիսի ապրանքներ տեղափոխելու դեպքում, որոնք գտնվում են ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռում և չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսավճարը նույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն՝ մաքսավճարից ազատվում են ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար նույն օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը ֆիզիկական անձանց համար սահմանել է մաքսավճարի՝ մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով օգտագործվող պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճարի, վճարման արտոնություն: Այսպես՝ ֆիզիկական անձինք ազատված են մաքսավճարի վճարման պարտականությունից ՀՀ մաքսային սահմանով այնպիսի ապրանքներ տեղափոխելու դեպքում, որոնց համար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «բ» ենթակետի և 105-րդ հոդվածի 5-րդ կետի համադրված վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով անձնական օգտագործման իրերի տեղափոխման համար մաքսավճարի դեպքում ևս գործում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով մաքսատուրքի գծով սահմանված արտոնյալ ռեժիմը, որի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսավճարի վճարման տեղափոխել իրենց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռում գտնվող գործարանային փաթեթավորում ու պիտակավորում չունեցող ապրանքները:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ օրենսդրությամբ մաքսային մարմինների կողմից գանձվող ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծման համար այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ սահմանված չեն:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ֆիզիկական անձինք ազատված են ՀՀ մաքսային տարածք ներմուծված և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին բավարարող անձնական օգտագործման իրերի համար մաքսատուրքի և մաքսավճարի վճարման պարտականությունից: Ֆիզիկական անձինք միաժամանակ անձնական օգտագործման իրերի ներմուծման համար որևէ հարկային պարտավորություն չունեն: Հետևաբար ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրերի, այսինքն՝ ֆիզիկական անձանց հետ միաժամանակ ՀՀ մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ ՀՀ մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռում գտնվող գործարանային փաթեթավորում ու պիտակավորում չունեցող ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը հավասար է զրոի:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Մաքսատան պետի 01.03.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 63 որոշմամբ Կարինա Աբրամյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 1.436.982 ՀՀ դրամով` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավախախտման կատարման համար: Ըստ նշված վարչական ակտի` Կարինա Աբրամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող մաքսային կանոնների խախտումը հանգում է հետևյալին. վերջինս 09.07.2012 թվականին «Զվարթնոց» մաքսատան բեռնային բաժնով թիվ F-426 (M-389) ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել բեռ` 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր, 30 օր ժամկետով, որը երկարաձգվել է ևս 180 օր ժամկետով, սակայն մինչև վերաարտահանման պարտավորության ժամկետի ավարտը` 04.02.2013 թվականը, վերը նշված բեռը վերջնական մաքսային ձևակերպում չի ստացել:
Դատարանը Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցը բավարարելիս, սույն գործի լուծման համար էական համարելով Կարինա Աբրամյանի կողմից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու և իր անձնական ու օգտագործված իրերը ներմուծելու հանգամանքը, պատճառաբանել է, որ Կարինա Աբրամյանը չի կարող ծանրաբեռնվել ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված պարտավորություններով, քանի որ անձնական օգտագործման գույքի առումով ՀՀ օրենսդրությունն անձանց ազատել է մաքսատուրք վճարելու պարտականությունից, և ըստ այդմ՝ օգտագործված իրերի նկատմամբ որևէ մաքսային ռեժիմի կիրառումն այլ կերպ, քան ձևական պահանջների կատարում, չի կարող չմեկնաբանվել: Բացի այդ, Դատարանը գտել է, որ սույն վարչական գործի շրջանակներում տուգանքի չափը որոշելիս անհրաժեշտ էր պարզել Կարինա Աբրամյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման իրերի համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը: Մինչդեռ, ըստ Դատարանի, «(...) եթե (...) Կարինա Աբրամյանն իր անձնական օգտագործման (...) իրերն ի սկզբանե ձևակերպեր «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, ապա վերջինս անպայմանորեն կազատվեր մաքսատուրքից, հետևաբար (...) Կարինա Աբրամյանի նկատմամբ չէր կարող կիրառվել 1.436.982 ՀՀ դրամի չափով տուգանք (...)»։
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Նախարարության վերաքննիչ բողոքը և բեկանելով Դատարանի վճիռը, անհիմն է համարել Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրված Դատարանի այն պատճառաբանությունները, որոնք վերաբերում են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնության կիրառման անհրաժեշտությանը, քանի որ ըստ Վերաքննիչ դատարանի՝ Կարինա Աբրամյանի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի` օրենսդրորեն սահմանված պայմանների ու կարգի պահպանումը չի կարող կախվածության մեջ դրվել նշված արտոնության կիրառման կամ չկիրառման հանգամանքից: Այսպես՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման համաձայն՝ «(...) Կարինա Աբրամյանի կողմից խախտվել են [իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի] 37-րդ և 40-րդ հոդվածների պահանջները, քանի որ մինչև հայտարարագրման սահմանված ժամկետի ավարտը (...) նա չի դիմել մաքսային մարմիններին հայտարարագրման ժամկետի երկարաձգման կամ ներմուծված ապրանքն այլ մաքսային ռեժիմով հայտարարագրելու համար, ինչն իր հերթին առաջացրել է [իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի] 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվություն (...)»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու նպատակով Դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ այդ ակտով Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված տուգանքի գումարի չափի հաշվարկման իրավաչափության հարցը՝ պարզելու համար Կարինա Աբրամյանի կողմից մաքսային կանոնների խախտման օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ նշանակված տուգանքի գումարի չափի համապատասխանությունն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տուգանքի չափին:
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ մաքսային տարածք ներմուծված և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների հետագա արտահանման պարտավորության խախտումը, որը դրսևորվում է այդ ապրանքներն օրենքով նախատեսված ժամկետում չարտահանելու ձևով, առաջացնում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով՝ Մաքսատան պետի 01.03.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 63 որոշմամբ, Կարինա Աբրամյանը ենթարկվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվության և տուգանվել է 1.436.982 ՀՀ դրամով այն բանի համար, որ վերջինս 09.07.2012 թվականին «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել բեռ` 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր, և մինչև վերաարտահանման պարտավորության ժամկետի ավարտը` 04.02.2013 թվականը, նշված բեռը վերջնական մաքսային ձևակերպում չի ստացել:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի փաստերով հաստատվում է Կարինա Աբրամյանի կողմից վիճարկվող վարչական ակտով արձանագրված մաքսային կանոնների խախտում թույլ տալու հանգամանքը, քանի որ վերջինս պատշաճ կերպով չի կատարել իր կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծած 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստի և այլ անձնական իրերի հետագա արտահանման պարտավորությունը՝ դրանով իսկ խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածների պահանջները: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Կարինա Աբրամյանի արարքում առկա էր իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը:
Միաժամանակ սույն գործի փաստերով հաստատվում է նաև Կարինա Աբրամյանի կողմից ներմուծված ապրանքներն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված անձնական օգտագործման իրերի հասկացությանը համապատասխանելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինա Աբրամյանի կողմից թույլ տրված մաքսային կանոնների նշված խախտման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է ընտրել տուգանքը, որի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ է նախևառաջ հաշվարկել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների, այսինքն՝ ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների տեղափոխման համար օրենքով սահմանված մաքսատուրքի, մաքսավճարի, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հանրագումարի մեծությունը, որի 50 տոկոսն էլ (բայց ոչ պակաս, քան 50.000 ՀՀ դրամ) կկազմի նշանակվող տուգանքի չափը: Հետևաբար Մաքսատան պետի 01.03.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 63 որոշմամբ Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափի օրինականության հարցը պարզելու նպատակով նախ անհրաժեշտ է բացահայտել Կարինա Աբրամյանի կողմից ՀՀ ներմուծված 362կգ ընդհանուր քաշով ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների, այսինքն՝ ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների տեղափոխման համար օրենքով սահմանված մաքսատուրքի, մաքսավճարի, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հանրագումարի մեծությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով ֆիզիկական անձանց ազատել է մաքսատուրքի վճարման պարտականությունից, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «բ» կետի ուժով ֆիզիկական անձինք ազատված են նաև ՀՀ մաքսային սահմանով վերը նշված պահանջներին համապատասխանող անձնական օգտագործման իրերը տեղափոխելու համար մաքսավճարի վճարման պարտականությունից, իսկ ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման իրերի ներմուծման համար հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ սահմանված չեն:
Վերոգյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Կարինա Աբրամյանի կողմից 09.07.2012 թվականին «Զվարթնոց» մաքսատան բեռնային բաժնով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծված 362կգ ընդհանուր քաշով ապրանքների համար մաքսատուրքի և մաքսավճարի հաշվարկման վրա տարածվում են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով և 111-րդ հոդվածի «բ» կետով սահմանված արտոնությունները, հետևաբար Կարինա Աբրամյանն ազատված է այդ ապրանքները ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսատուրքի և մաքսավճարի վճարման պարտականությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինա Աբրամյանի կողմից 09.07.2012 թվականին «Զվարթնոց» մաքսատան բեռնային բաժնով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծված անձնական օգտագործման իրերի հետագա արտահանման պարտավորության խախտման դեպքում Կարինա Աբրամյանի նկատմամբ չէր կարող նշանակվել տուգանք՝ 1.436.982 ՀՀ դրամի չափով, քանի որ այդ ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը մաքսատուրքի և մաքսավճարի վճարման պարտականությունից ազատված լինելու, ինչպես նաև հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում հավասար է զրոյի: Այլ կերպ ասած՝ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված 1.436.982 ՀՀ դրամ տուգանքը չի համապատասխանում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, քանի որ Կարինա Աբրամյանի կողմից 09.07.2012 թվականին «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքները ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսատուրքի և մաքսավճարի մեծությունը հավասար է զրոյի:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերը հնարավորություն են տալիս արձանագրելու, որ վիճարկվող վարչական ակտը՝ Մաքսատան պետի 01.03.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 63 որոշումը, ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի, 111-րդ հոդվածի «բ» ենթակետի, ինչպես նաև 199-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ: Հետևաբար Մաքսատան պետի 01.03.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 63 որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա էր անվավեր ճանաչման, ինչը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, և ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից՝ գործը նոր քննության ուղարկելով:
Ինչ վերաբերում է Կարինա Աբրամյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով նոր քննության ուղարկելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձը նշված պահանջը հիմնավորում է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձանց խմբի համար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածները չեն կարող կիրառելի լինել:
Դատարանը, փաստելով, որ սույն գործով Կարինա Աբրամյանը չի կարող ծանրաբեռնվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածներով սահմանված պարտավորություններով, մերժել է Կոմիտեի կողմից ներկայացված և՛ գումարի բռնագանձման պահանջը, և՛ պատասխանողին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը կատարել պարտավորեցնելու պահանջը:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Կարինա Աբրամյանի կողմից խախտվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածների պահանջները, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության:
Մինչդեռ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածների դրույթները կիրառելի են Կարինա Աբրամյանի նկատմամբ, արդեն իսկ հաստատված է համարել վերջինիս կողմից նշված հոդվածների պահանջները չկատարելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձի համար սահմանել է երկու այլընտրանքային պարտավորություն, այն է՝ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով կամ արտահանել ապրանքները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինա Աբրամյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու մասին Նախարարության հայցապահանջի հիմնավորվածությունը ենթակա է պարզման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հետևաբար գործն այդ մասով ենթակա է նոր քննության:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կարինա Աբրամյանից 1.436.982 ՀՀ դրամ բռնագանձելու հայցապահանջի մասով, ինչպես նաև Մաքսատան պետի 01.03.2013 թվականի թիվ 63 որոշումն անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցապահանջի մասով, անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գումարի բռնագանձման պահանջի մասով Նախարարության հայցի և Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցի մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Կարինա Աբրամյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու հայցապահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատական ակտը անփոփոխ թողնելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտված պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցվոր Կարինա Աբրամյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 83.110 ՀՀ դրամի չափով պետական տուրք։ Տվյալ դեպքում սույն գործով քննության առարկա է հանդիսանում երկու ոչ գույքային և մեկ գույքային պահանջ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ մեկ ոչ գույքային և մեկ գույքային պահանջի մասով, այսինքն՝ Կարինա Աբրամյանի կողմից 63.110 ՀՀ դրամի ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վերջինիս դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինա Աբրամյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 63.110 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինա Աբրամյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով դատական ծախսերի, այդ թվում նաև՝ Կարինա Աբրամյանի կողմից այդ պահանջի մասով վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշման՝ գործը՝ Կարինա Աբրամյանից 1.436.982 ՀՀ դրամ բռնագանձելու ՀՀ ֆինանսների նախարարության հայցապահանջի մասով և ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Ս. Սաֆարյանի 01.03.2013 թվականի թիվ 63 որոշումն անվավեր ճանաչելու Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցի մասով, նոր քննության ուղարկելու մասերը, և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 09.12.2013 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշումը` Կարինա Աբրամյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասով, թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Կարինա Աբրամյանի բռնագանձել 63.110 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Կարինա Աբրամյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով դատական ծախսերի, այդ թվում նաև՝ Կարինա Աբրամյանի կողմից այդ պահանջի մասով վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |