ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5828/05/12 2013 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/5828/05/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
|
Դատավորներ` Հ. Բեդևյան |
|
Ա. Բաբայան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հոկտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Զազյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի 11.10.2012 թվականի թիվ Մ-4264/11-5 որոշումն անվավեր ճանաչելու և վերջինիս բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է` անձնական օգտագործման «Mercedes Benz CL» մակնիշի ավտոմեքենան «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առանց մաքսատուրքի վճարման վերաձևակերպել թույլատրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արթուր Զազյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.10.2012 թվականի թիվ Մ-4264/11-5 որոշումը և պարտավորեցնել վերջինիս ընդունելու բարենպաստ վարչական ակտ, այն է` պարտավորեցնել թույլատրելու վերաձևակերպել անձնական օգտագործման «Mercedes Benz CL» մակնիշի ավտոմեքենան «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առանց մաքսատուրքի վճարման:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2013 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.12.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «իա» կետը, ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետը, ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ և 133-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արթուր Զազյանը պարտավոր էր ներկայացնել ավտոմեքենան վերջին անգամ ԱՄՆ-ում հաշվառումից հանված կամ հաշվառումը դադարեցված լինելու փաստը հաստատող ապացույց: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 2008 թվականին ձեռք բերված ավտոմեքենայի նկատմամբ մինչև 16.06.2011 թվականը` Արթուր Զազյանի կողմից վերջինիս արժեքն ամբողջությամբ վճարելու օրը, Սուսքեահաննա բանկին է պատկանել գրավի իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կացության թիվ AG 0000584 քարտի համաձայն` Արթուր Զազյանը Հայաստանի Հանրապետությունում ունի մշտական կացության կարգավիճակ (հատոր 1-ին, գ.թ. 17)։
2) «Պորշե Աուդի Ուեսթ Հյուսթոն» ընկերության 06.02.2012 թվականի գրության համաձայն` Արթուր Զազյանի կողմից 2008 թվականին իրենց ընկերությունից ձեռք բերված ավտոմեքենայի արժեքն ամբողջությամբ վճարվել է 16.06.2011 թվականին, և այն արտահանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից (հատոր 1-ին, գ.թ. 14):
3) Տեխասի ՄՏՄ բաժնի 01.02.2012 թվականի հաշվետվության համաձայն` «Mercedes Benz CL» մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերվել Արթուր Զազյանի կողմից, և մեքենայի նկատմամբ գրանցված է եղել գրավի իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 15)։
4) Կոմիտեի 11.10.2012 թվականի թիվ Մ-4264/11-5 գրության համաձայն` «Mercedes Benz CL» մակնիշի ավտոմեքենան «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առանց մաքսատուրքի վճարման վերաձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել ավտոմեքենան Արթուր Զազյանի անվամբ հաշվառված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (հատոր 1-ին, գ.թ. 42)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման ավտոմեքենան ներմուծելու պայմանների հարցին:
ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «իա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ:
ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության` «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, և (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:
Նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր և տեղեկություններ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք օրենքի ուժով իրավունք ունեն առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, որպիսի գույքի մեջ է մտնում նաև ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենան, որը սակայն ֆիզիկական անձի կողմից պետք է ձեռք բերված և հաշվառված լինի նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը։ Ավելին, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` մինչև Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը։ Նշված իրավունքից օգտվելու համար անձը (հայտարարատուն) պարտավոր է մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Արթուր Զազյանը, հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն` մշտական բնակության։ Վերջինս Հայաստանի Հանրապետություն է ներմուծել նաև «Mercedes Benz CL» մակնիշի ավտոմեքենա, որը, ձեռք բերելով 2008 թվականին` «Պորշե Աուդի Ուեսթ Հյուսթոն» ընկերությունից, ավտոմեքենայի ամբողջական վճարումը կատարել է 16.06.2011 թվականին։ Արթուր Զազյանը 24.09.2012 թվականին դիմել է Կոմիտե` ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով առանց մաքսատուրքի վճարման իր անձնական օգտագործման ավտոմեքենան ձևակերպելու խնդրանքով։ Ի պատասխան նշված դիմումի` Կոմիտեն 11.10.2012 թվականի թիվ 4264/11-5 գրությամբ հայտնել է, որ անհրաժեշտ է ներկայացնել ավտոմեքենան ԱՄՆ-ում Արթուր Զազյանի անվամբ հաշվառված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ, որպիսի փաստաթուղթը ներկայացնելու պահանջը բխում է ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ և 133-րդ հոդվածների մեկնաբանությունից:
Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելով` Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է. «...սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Տեխասի ՄՏՄ բաժնի 01.02.2012 թվականի հաշվետվությամբ և «Աուդի Վեստ Հյուսթոն» ընկերության 06.02.2012 թվականի գրությամբ հաստատվում են այն փաստական հանգամանքները, որ հայցվոր Արթուր Զազյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված «MERCEDES BENZ CL63» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է նրա սեփականությունը, վերջինիս կողմից այն ձեռք է բերվել 2008 թվականին` «Պորշե Աուդի Ուեստ Հյուսթոն» ֆիրմայից, ինչպես նաև նշված ավտոմեքենան արտահանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այսինքն` սույն գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ հայցվոր Արթուր Զազյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման ավտոմեքենան վերջինս ձեռք է բերել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը, և այն վերջին անգամ հաշվառումից հանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` այն երկրում, որտեղ հայցվորը` որպես Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձ, վերջին անգամ մշտապես բնակվել է` մինչև Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը։ Հետևաբար, հայցվոր Արթուր Զազյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձ, օգտվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով իրեն վերապահված անձնական օգտագործման ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման ներմուծելու իր իրավունքից»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մաքսային ձևակերպման կատարումը կախվածության մեջ չի դրվում միայն սեփականության իրավունքի ծագման փաստի հետ: Այսինքն` բացի ավտոմեքենայի սեփականատեր լինելու պահանջից, անհրաժեշտ են լրացուցիչ այլ պայմաններ, որպեսզի ավտոմեքենան ներմուծվի ազատ շրջանառության համար: Մասնավորապես` գույքն անձնական օգտագործման համար ձեռք բերելը, գույքն օտարերկրյա պետությունում ձեռք բերելը, գույքն այն երկրում հաշվառումից հանելը, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ սույն գործում բացակայում է Արթուր Զազյանի կողմից իր վերջին բնակության վայրում` ԱՄՆ-ում, ավտոմեքենան հաշվառումից հանված լինելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.05.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. Արթուր Զազյանի հայցը մերժել:
2. Արթուր Զազյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ, որից 20.000 ՀՀ դրամը` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, 40.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |