ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4969/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4969/05/11 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Դատավորներ՝ |
Ա. Առաքելյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հովհաննես Նահապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշման դեմ, ըստ Հովհաննես Նահապետյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն)` 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 477254 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հովհաննես Նահապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 15.07.2011 թվականին կազմված վարչական իրավախախտման թիվ ԱԳ 477254 արձանագրությունը և դրա հիման վրա կայացված որոշումը։
ՀՀ վարչական դատարանի 22.09.2011 թվականի որոշմամբ հայցադիմումը որոշման վիճարկման մասով ընդունվել է վարույթ, իսկ արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով դրա ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է` Ոստիկանության 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 477254 որոշումը ճանաչվել է անվավեր։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2012 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.03.2012 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Նահապետյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից բխում է, որ նշված հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսված առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ`ԱՊՊԱ) կտրոնը սահմանված տեղում փակցնելու տրանսպորտային միջոց վարելու համար, այսինքն` նշված հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կտրոնը սահմանված տեղում փակցված լինելու հանգամանքի պարզումը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ի թիվս այլոց նաև չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոց վարելու համար, այսինքն` տվյալ դեպքում նշանակություն չունի կտրոնի փակցված լինել կամ չլինելու հարցը, այլ իրավական նշանակություն ունի կտրոնի առկայությունը:
Մինչդեռ սույն գործով վարչական ակտը կայացրած պաշտոնատար անձը չի պարզել ԱՊՊԱ կտրոնի առկայության փաստը, այլ միայն բավարարվել է` պարզելով դիմապակուն այն փակցված չլինելու և ժամկետանց կտրոն փակցված լինելու փաստերը, ինչի արդյունքում խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.03.2012 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ 15.07.2011 թվականին արձանագրվել է Հովհաննես Նահապետյանի կողմից «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 համարանիշի մեքենան չգործող ԱՊՊԱ կտրոնով վարելու և երթևեկության գոտիների սահմանները նշող հոծ գիծ գծանախշերը հատելու փաստը։ Արձանագրությունում Հովհաննես Նահապետյանի կողմից կատարվել է նշում. «Պետավտոտեսուչը տրանսպորտային միջոցը կանգնեցրել է հոծ գիծը խախտելու համար, սակայն խախտել է իր որոշումը 94 կետով, որը չի համապատասխանում իրականությանը» (գ.թ. 44)։
2. Վարչական իրավախախտման վերաբերյալ 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 477254 որոշման համաձայն՝ Հովհաննես Նահապետյանը չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոցը վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ենթարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի (գ.թ. 6)։
3. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 218901 պայմանագրի համաձայն՝ Հովհաննես Նահապետյանի կողմից «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 հաշվառման համարանիշի մեքենան ապահովագրվել է 12.07.2011 թվականին (գ.թ. 9)։
4. «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 հաշվառման համարանիշի մեքենայի ԱՊՊԱ կտրոնը տրվել է Հովհաննես Նահապետյանին: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 12.07.2011 թվականից մինչև 11.10.2011 թվականը (գ.թ. 10)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոցներ վարելու և առանց ԱՊՊԱ կտրոնի տրանսպորտային միջոցներ վարելու զանցակազմերի տարանջատման խնդրին` հաշվի առնելով այդ իրավախախտումների տարածվածությունը և իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնը (այսուհետ` ԱՊՊԱ կտրոն) սահմանված տեղում փակցնելու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 համարանիշի մեքենայի սեփականատերը Հովհաննես Նահապետյանն է։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 218901 պայմանագրի և թիվ SG 218901 կտրոնի համաձայն` «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 հաշվառման համարանիշի մեքենան ապահովագրվել է 12.07.2011 թվականին, և պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 12.07.2011 թվականից մինչև 11.10.2011 թվականը։ Վարչական մարմինը, արձանագրելով հիշյալ ավտոմեքենայի դիմապակուն չգործող կտրոն փակցված լինելու փաստը, Հովհաննես Նահապետյանին վարչական պատասխանատվության է ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սանկցիայով: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Հովհաննես Նահապետյանը վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ առարկություն է ներկայացրել վարչական մարմնին` նշելով, որ արձանագրված խախտումը չի համապատասխանում իրականությանը։
Դատարանը հայցը բավարարել է` գտնելով, որ սույն գործով վարչական մարմինը չի պարզել ԱՊՊԱ կտրոնի առկայության փաստը, այլ միայն բավարարվել է դիմապակուն այն փակցված չլինելու և ժամկետանց կտրոն փակցված լինելու փաստերը պարզելով, որով խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ արարքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար անհրաժեշտ է ԱՊՊԱ կտրոնի համար սահմանված տեղում չգործող կտրոն փակցված լինելու հանգամանքը` անկախ գործող պայմանագրի առկայության:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համեմատական վերլուծության արդյունքում եզրահանգում է, որ նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ունեն տարբեր զանցակազմեր, որոնց օբյեկտիվ կողմն իրարից էապես տարբերվում է, ուստի տարբեր են նաև նշված մասերից յուրաքանչյուրի խախտման համար նախատեսված սանկցիաները: Մասնավորապես` 129.1-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվությունը վրա է հասնում առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցնելու տրանսպորտային միջոց վարելու համար: Առանց ԱՊՊԱ կտրոնի տրանսպորտային միջոցի վարումը կարող է դրսևորվել երկու պարագայում` նախ կնքված է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիրը, առկա է գործող կտրոնը, որը սակայն փակցված չէ սահմանված տեղում: Այս դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար:
Երկրորդ` պայմանագիրն ու կտրոնն ընդհանրապես առկա չեն, ինչի պատճառով էլ կտրոնը փակցված չէ սահմանված տեղում: Այս դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի շրջանակներում, որտեղ անձը ցուցաբերում է անգործություն և չի կնքում ԱՊՊԱ պայմանագիր` այդ կերպ ոտնձգելով ճանապարհային երթևեկության ոլորտում առաջացող հարաբերությունների նկատմամբ:
Վերոնշյալից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կտրոնը սահմանված տեղում փակցված չլինելու հանգամանքի պարզումը։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայմանն առկա կտրոնի կեղծված, չգործող և տվյալ տրանսպորտային միջոցի համար տրված չլինելու հանգամանքի պարզումն է:
Իրավակիրառ պրակտիկայում, ինչպես նաև վարչական վարույթների ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի կիրառման միասնական պրակտիկա ապահովելու անհրաժեշտությամբ Վճռաբեկ դատարանը նշված հոդվածը հարկ է համարում մեկնաբանել երկու և ավելի վարչական իրավախախտումների համար պատասխանատվության իրավակարագավորման համատեքստում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
Հիշատակված իրավադրույթը առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները:
Այդուհանդերձ հարկ է նկատել, որ հնարավոր են դեպքեր, երբ երկու զանցանքների զուգորդումը լինի նվազ հանրային վտանգավորություն առաջացնող, թեկուզև դրանում ներառված լինեն առավել և նվազ հանրային վտանգավորություն ունեցող զանցակազմեր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառումը պրակտիկայում առաջ է բերում խնդիրներ, որոնք արդյունք են այդ հոդվածներով նախատեսված զանցանքների բովանդակության ոչ միատեսակ ընկալման:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված զանցանքն օրենսդիրը նախատեսել է այն հաշվով, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն սուբյետկները, ովքեր, կնքելով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, ձեռք են բերել կտրոն, սակայն այն չեն փակցրել ավտոտրանսպորտային միջոցի դիմապակուն: Հարկ է նկատել, որ այս դեպքում զանցանք կատարող սուբյեկտը ցուցաբերում է դիտավորություն առ այն, որ ունենալով գործող ԱՊՊԱ կտրոն` այն չի փակցնում տրանսպորտային միջոցի դիմապակուն: Այնուամենայնիվ, զանցանքի սուբյեկտիվ կողմի դրսևորմանն օրենսդիրը նշանակություն չի տվել և անկախ այն հանգամանքից` արարքը սուբյեկտիվ կողմի առումով ինչպես է դրսևորվել, անձը ենթակա է պատասխանատվության: Մյուս կողմից նշված զանցանքը չունի հանրային մեծ վտանգավորություն, քանի որ անձը փաստացի կնքել է երրորդ անձանց հանդեպ իր պատասխանատվության ապահովագրման պայմանագիր և ապահովագրական պատահարի վրա հասնելու դեպքում տուժողը կստանա համապատասխան փոխհատուցում:
Նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված զանցանքը և դրա համար սահմանված սանկցիան շատ ավելի խիստ է, ինչը պայմանավորված է արարքի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով: Ի տարբերություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` այս դեպքում անձը չի ապահովագրում երրորդ անձանց հանդեպ իր պատասխանատվությունը և շարունակում է երթևեկել չգործող (ժամկետանց) կտրոնով կամ կեղծում է կտրոնի վրա առկա թվանշաններն այնպես, որ արտաքուստ տպավորություն ստեղծվի, թե կտրոնը գործում է, և կամ էլ տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնում է մեկ այլ տրանսպորտային միջոցի համար տրամադրված կտրոն: Ակնհայտ է, որ այս դեպքում անձը միջոցներ է ձեռնարկում խուսանավել իր պատասխանատվությունն ապահովագրելուց, ինչը ենթադրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վրա հասնելու դեպքում տուժող կողմի վրա է ընկնում ապահովագրական հատուցում չստանալու ռիսկը:
Նշված վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի արարքները զուգորդմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե վարչական հարաբերություններում գործող առավելագույնի սկզբունքով, այլ համաչափության սկզբունքով, երբ նպատակին հասնելու համար օգտագործվող միջոցները կլինեն ոչ միայն պիտանի, այլև անհրաժեշտ և չափավոր: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ երկու արարքների զուգորդման դեպքում նվազում է այն հանրային վտանգավորությունը, որը կարող էր առկա լինել բացառապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի դեպքում:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իրավիճակներում, երբ անձը վարում է տրանսպորտային միջոցը, որի դիմապակուն փակցված է չգործող ԱՊՊԱ կտրոն, և միաժամանակ անձի մոտ է գտնվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի հիման վրա տրված գործող ԱՊՊԱ կտրոնը, սակայն այն փակցված չէ սահմանված տեղում, ապա արարքը պետք է որակվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Համադրելով վերոնշյալ մեկնաբանությունները սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրակացության, որ Հովհաննես Նահապետյանը չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոցը վարելու համար Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ենթարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի, թեև վերջինիս ավտոմեքենայում առկա էր թիվ 218901 ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա տրված գործող կտրոն: Այսինքն` գործող ԱՊՊԱ կտրոնն առկա էր, սակայն փակցված չէր սահմանված տեղում, որպիսի պարագայում արարքը ենթակա էր որակման Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում վարչական մարմինը չպետք է սահմանափակվի տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցված կտրոնի գործող լինելու փաստը պարզելով, այլ ելնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից` պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12.03.2012 թվականի վճռին։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |