ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հունիսի 2011 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 6 մայիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի կողմից:
Նախ, հարկ է արձանագրել, որ 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2003թ. սեպտեմբերի 10-ի թիվ Ն-018-3 որոշմամբ (ՀՀ սահմանադրական դատարանի 22.04.2003թ. ՍԴՈ-415 որոշում):
Ըստ Արձանագրության նախաբանի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ կատարվել են դրա 27-րդ հոդվածին համապատասխան, իսկ փոփոխությունների և լրացումների մասին Արձանագրությունները հանդիսանում են Կանոնադրության անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում 26-րդ հոդվածով հաստատված կարգով, այն է` ստորագրող պետությունների` վավերացման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու պահից:
Քննարկվող միջազգային պայմանագրի նախաբանում ամրագրված է, որ Արձանագրության հիմնական նպատակն է բարձրացնել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության արդյունավետությունը և հնարավորությունները, ինչպես նաև նպաստել միջազգային, արտաքին քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական (ռազմատնտեսական), իրավական և այլ գործունեության ոլորտներում, նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդման ոլորտում Կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա զարգացմանը:
Վերը նշված նպատակների իրագործման համար` Արձանագրությամբ հստակեցվում և էապես ընդլայնվում են Կազմակերպության գործունեության կոնկրետ ուղղությունները, բարենորոգվում են դրա ներքին կազմակերպական կառուցվածքն ու ֆինանսավորման կարգը, ներդրվում է Կազմակերպության Խորհրդի կողմից սահմանափակ ձևաչափով որոշումների կայացման և ընդունման իրավական հնարավորությունը:
Արձանագրությամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվում Կանոնադրության 1-ին, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 24-րդ հոդվածներում, իսկ 5-րդ գլուխն ամբողջովին շարադրվում է նոր խմբագրությամբ, Կանոնադրությունը լրացվում է նաև 161 և 181 հոդվածներով:
Կազմակերպության շրջանակներում իրականացվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ մեծանալու են ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու` Կազմակերպության իրական հնարավորությունները` դրանով իսկ նպաստելով ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության, անվտանգության ամրապնդմանը:
2. Խնդրո առարկա Արձանագրության 11-րդ հոդվածի լրացմամբ` նախատեսվում են Կազմակերպության Մշտական խորհրդի, իբրև կանոնադրական մարմնի, ձևավորման ընթացակարգը, գործունեության հիմնական ուղղությունները, հստակեցվում են նրա խնդիրները և գործառույթները (հոդված 161): Սահմանվում է, որ Մշտական խորհուրդը հանդիսանում է Կազմակերպության համակարգող մարմինը` կազմված մշտական ներկայացուցիչներից, որոնք նշանակվում են անդամ պետությունների ղեկավարների կողմից` իրենց ներպետական ընթացակարգերի համաձայն, գործում է Խորհրդի կողմից հաստատվող Կանոնակարգի համաձայն:
Հիշատակված հոդվածի վերլուծությունը վկայում է, որ Կազմակերպության մշտական գործող աշխատանքային մարմիններն են` Կազմակերպության Քարտուղարությունը և Միացյալ շտաբը: Կազմակերպության միջխորհրդարանական համագործակցության մարմին է հանդիսանում Կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը:
Դիտարկվող Արձանագրությունից բխում է, որ Քարտուղարությունն իրականացնում է Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական, իսկ Միացյալ շտաբը` պաշտպանության նախարարների խորհրդի գործունեության կազմակերպչական և տեղեկատվական-վերլուծական ապահովումը, պատասխանատու է Կազմակերպության ռազմական բաղադրիչի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման համար (հոդվածներ 18 և 181):
Միաժամանակ հարկ է նշել, որ Արձանագրությամբ սահմանվում են Կազմակերպության գլխավոր քարտուղարի` իբրև Կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնատար անձի, նշանակման կարգը, իրավական կարգավիճակը, գործունեության ոլորտները, ինչպես նաև նրա հիմնական գործառույթները: Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, իրականացնում է Քարտուղարության ղեկավարումը, համակարգում է Կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների գործունեությունը (հոդված 17):
Կանոնադրության 12-րդ հոդվածում կատարված լրացման արդյունքում Կազմակերպության բարձրագույն մարմինը` Հավաքական անվտանգության խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ սահմանափակ ձևաչափով` պայմանով, որ անդամ պետություններից ոչ մեկը չի առարկում որոշման ընդունման նման կարգի և կոնկրետ որոշման դեմ: Սահմանափակ ձևաչափով որոշման ընդունման համար չքվեարկած անդամ պետությունը պատասխանատվություն չի կրում ընդունված որոշման հետևանքների համար:
Համաձայն Կանոնադրության 24-րդ հոդվածի փոփոխության` Կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների ֆինանսավորումն իրականացվում է Կազմակերպության բյուջեի միջոցների հաշվին, բացի դրանից, կարող են ներգրավվել նաև արտաբյուջետային միջոցներ /բացի փոխառու միջոցներից/:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-Կազմակերպության անդամ այլ պետությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում հավաքական պաշտպանության և հավաքական պաշտպանության իրավունքի իրագործում, ներառյալ Կազմակերպության կոալիցիոն (հավաքական) ուժեր, տարածաշրջանային (միավորված) զորքերի (ուժերի) խմբավորումներ, խաղաղապահ ուժերի միավորված համակարգեր և դրանց կառավարման մարմիններ, ռազմական ենթակառուցվածքի ստեղծում ապահովող հավաքական անվտանգության գործուն համակարգի ձևավորման ուղղությամբ,
-փոխգործակցել ռազմատեխնիկական (ռազմատնտեսական) համագործակցության, զինված ուժերին, իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական, հատուկ տեխնիկայով և հատուկ միջոցներով ապահովման, զինվորական կադրերի և ազգային զինված ուժերի, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համար մասնագետների պատրաստման ոլորտներում,
-միջոցներ ձեռնարկել Կազմակերպության շրջանակներում անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող ճգնաժամային իրավիճակներին արձագանքման համակարգի ստեղծման և գործառման համար,
-փոխգործակցել անդամ պետությունների հետ պետական սահմանների, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, բնածին և տեխնածին բնույթի իրավիճակներից, ինչպես նաև ռազմական գործողությունների վարման ընթացքում կամ հետևանքով առաջացող վտանգներից բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտներում /հոդվածներ 7 և 8/:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկանքի` Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:
4. Արձանագրության հետազոտության արդյունքները վկայում են, որ դրանով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին և նպատակներին:
Անհրաժեշտ է նշել, որ Արձանագրության հայերեն տեքստում տեղ են գտել ոչ ճիշտ թարգմանություններ, մասնավորապես, «ինքնիշխանություն» բառի փոխարեն օգտագործվել է «ինքնավարություն» բառը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 28 հունիսի 2011 թ.
Վ. Հովհաննիսյան
ՍԴՈ-982