«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 հունվարի 2011 թ. |
N 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա), դ) ենթակետերը, 2-րդ մասի բ), ե), ժդ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 345-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը», լրացնել 2.18 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.18 Ծառայություն մատուցողին տրամադրված համարներն Օպերատորի կողմից գործարկվում են միայն դրանց մուտքային զանգի հնարավորությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայություն մատուցողը բավարար հիմքեր է ներկայացնում Հանձնաժողովին այն մասին, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները:»:
2. Ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել բավարար հիմքեր առ այն, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները.
2) ընդունել ի գիտություն, որ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում բավարար հիմքեր չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխություն կկատարի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի համարների զբաղեցման պայմաններում` սահմանելով միայն մուտքային զանգի հնարավորություն:
(2-րդ կետը փոփ. 22.06.11 N 301-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |