Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հոդ.43
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.01.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հունվարի 2010 թ.

 թիվ 2-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱԶՄԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՋԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ մասերը, 149-րդ հոդվածի 4-րդ մասը և 152-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը» կանոնակարգ 4/10-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. հունվարի
ք. Երևան

 
 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունվարի 19-ի

թիվ 2-Ն որոշմամբ

ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱԶՄԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՋԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/10

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնային արժեթղթերը հանձնելու առաջարկը, մասնավորապես.

1) արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կառուցվածքը և դրանում ներառվող տեղեկությունները,

2) արժեթղթերը հանձնելու առաջարկի, դրա պայմանների փոփոխությունների հրապարակման ընթացակարգը,

3) թողարկողի դիմումի հիման վրա կարգավորվող շուկայում արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման դեպքում արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը և պայմանները,

4) հանձնելու ենթակա բաժնային արժեթղթերի շուկայական գնի հաշվարկման կարգը և պայմանները,

5) արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) թողարկող` բաժնետիրական ընկերություն, որի` կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն հանդիսանում են արժեթղթերը հանձնելու առաջարկի առարկա,

2) հայտարարագիր` փաստաթուղթ, որը ներառում է սույն կանոնակարգով նախատեսված արժեթղթերը հանձնելու առաջարկի վերաբերյալ տեղեկությունները և կից փաստաթղթերը,

3) կառավարման մարմին` խորհուրդ (տնօրենների խորհուրդ, դիտորդ խորհուրդ) և (կամ) գործադիր մարմին (կոլեգիալ գործադիր մարմին՝ վարչություն, տնօրինություն և (կամ) միանձնյա գործադիր մարմին՝ տնօրեն, գլխավոր տնօրեն, գործադիր մարմնի լիազորությունները այլ անձի պատվիրակվելու դեպքում` կառավարող ընկերություն կամ կառավարիչ),

4) արժեթղթերի արդար գին` այն գինը, որով բաժնետոմսերի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ բաժնետոմսերը, իսկ բաժնետոմսերի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ բաժնետոմսերը ձեռք բերել:

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4. Հայտարարագիրը կազմված է.

1) Հայտարարագրի դիմային էջից։

2) Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրում ներառվող տեղեկություններից` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

3) Սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կից փաստաթղթերից:

5. Հայտարարագրի դիմային էջն առնվազն պետք է ներառի.

1) Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի անվանումը (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը (իրավաբանական անձի դեպքում)։

2) «ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» բառերը։

3) Արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման ժամանակահատվածը (սկզբի և ավարտի ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ)), որը չի կարող պակաս լինել 15 օրից և ավելի` 60 օրից):

6. Հայտարարագրում ներառվում են հետևյալ կից փաստաթղթերը.

1) արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի իրավասու մարմնի` արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման մասին որոշման պատճենը (իրավաբանական անձի դեպքում),

2) եթե հայտարարագիրը ներկայացնող անձն ունի արժեթղթերը հանձնելու առաջարկի հետ կապված համատեղ գործելու համաձայնություն այլ անձանց հետ, ապա համատեղ գործելու գրավոր համաձայնության պատճենը,

3) պահառուի կողմից տրամադրված քաղվածք` արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձին պատկանող` թողարկողի կողմից թողարկված հանձնելու ենթակա արժեթղթերի վերաբերյալ (նման արժեթղթեր ունենալու դեպքում),

4) արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի կողմից ձեռքբերված թողարկողի արժեթղթերի գնման գինը հավաստող փաստաթղթերի պատճենները,

5) հայտարարագրում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը հավաստող այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ (արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի հայեցողությամբ):

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից արժեթղթերը հանձնելու առաջարկի նախնական համաձայնությունն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման սկիզբը, արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը հրապարակում է արժեթղթերը հանձնելու առաջարկը սույն կանոնակարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունների՝ իր ինտերնետային կայքում (առկայության դեպքում) հրապարակման, ինչպես նաև սույն կանոնակարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված կարգով արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին հայտարարության հրապարակման միջոցով: Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի ցանկության դեպքում, ինչպես նաև սեփական ինտերնետային կայքի բացակայության դեպքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը սույն կանոնակարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները հրապարակում է ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում կամ առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:

8. Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը հրապարակում է արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին հայտարարություն իր ինտերնետային կայքում (առկայության դեպքում), ինչպես նաև ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում, առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, հանրապետական տարածում ունեցող հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հայտարարության (գովազդի) հրապարակման միջոցով: Ընդ որում, հայտարարությունը ներառում է նաև այն հասցեները, որտեղից կարելի է ձեռք բերել հայտարարագիրը էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

9. Կենտրոնական բանկը կարող է պահանջել, որպեսզի արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին հայտարարությունը հրապարակի նաև լրացուցիչ այլ միջոցներով:

10. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանների փոփոխությունները՝ Կենտրոնական բանկի կողմից հավանություն ստանալու պահից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը հրապարակում է հայտարարագրի լրացումը իր ինտերնետային կայքում (առկայության դեպքում): Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի ցանկության դեպքում, ինչպես նաև սեփական ինտերնետային կայքի բացակայության դեպքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը հայտարարագրի լրացումը հրապարակում է ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում կամ առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

11. Սույն գլուխը կարգավորում է արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը և պայմանները հաշվետու թողարկողի դիմումի հիման վրա կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման դեպքում:

12. Արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկը պետք է ներկայացվի թողարկողի այն բաժնետերերի կողմից, որոնք կողմ են քվեարկել կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման որոշմանը: Ընդ որում, կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման որոշմանը կողմ քվեարկած բաժնետերերը ընտրում են ներկայացուցիչ, որը կիրականացնի արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկն իրենց անունից:

13. Արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի արդյունքում ներկայացուցչի կողմից ձեռքբերված արժեթղթերը բաշխվում են կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման որոշմանը կողմ քվեարկած բաժնետերերի միջև համամասնորեն` ըստ յուրաքանչյուր բաժնետիրոջը պատկանող բաժնային արժեթղթերի` կողմ քվեարկած բոլոր բաժնետերերին պատկանող բաժնային արժեթղթերի ընդհանուր քանակի մեջ տեսակարար կշռի, եթե բաժնետերերի փոխհամաձայնությամբ արժեթղթերի բաշխման այլ կարգ սահմանված չէ:

14. Սույն գլխով սահմանված արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի դեպքում իրենց արժեթղթերը կարող են վաճառել այն բաժնետերերը, ովքեր կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման որոշմանը դեմ են քվեարկել, ձեռնպահ են մնացել կամ չեն մասնակցել քվեարկությանը:

15. Կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման հարցի քննարկման նպատակով բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկություններից թողարկողի բաժնետերերին ներկայացվում են նաև հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի դիմումի հիման վրա կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման հետևանքով նախատեսվող արժեթղթերը հանձնեու պարտադիր առաջարկի մասին դրույթ,

2) կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման պատճառները,

3) բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով թողարկողի կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները,

4) թողարկողի կառավարման մարմինների կազմում նախատեսվող փոփոխությունների մասին, ինչպես նաև թողարկողի ապագա գործունեության մասին տեղեկություններ,

5) հանձնելու ենթակա արժեթղթերի առաջարկվող գինը և դրա որոշման մեթոդաբանությունը:

16. Սույն կանոնակարգի 15-րդ կետի համաձայն ներկայացվող տեղեկությունները թողարկողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական բանկ, ինչպես նաև հրապարակում է իր ինտերնետային կայքում (առկայության դեպքում): Թողարկողը կարող է նշված տեղեկությունները հրապարակել նաև ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում, առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով և այլ միջոցներով:

17. Կարգավորվող շուկայում թողարկողի արժեթղթերի առևտրի թույլտվության դադարեցման դրական որոշման դեպքում այդ որոշման մեջ նշվում է նաև թույլտվությունը դադարեցնելու դեպքում արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

18. Արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման դեպքում արժեթղթերի շուկայական գնի հաշվարկման կարգը հետևյալն է. արժեթղթերը հանձնելու առաջարկի շուկայական գինը նշված երկու գներից առավելագույնն է.

1) արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացմանը նախորդող վերջին 12 ամսվա ընթացքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող տվյալ անձի կողմից նույն դասի արժեթղթերի համար վճարված ամենաբարձր գինը,

2) արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացմանը նախորդող վերջին 6 ամսվա ընթացքում կարգավորվող շուկայում նույն դասի արժեթղթերի միջին կշռված գինը:

19. Այն դեպքում, երբ արժեթղթերով կարգավորվող շուկայում գործարք չի իրականացվել կամ իրականացվել է ոչ սույն կանոնակարգի 18-րդ կետում նշված ժամկետներում, ապա արժեթղթերի շուկայական գինը հետևյալ արժեքներից մեկն է.

1) այն արժեքը, որը հավասար է ընկերության զուտ ակտիվները հարաբերած տեղաբաշխված բաժնային արժեթղթերի քանակին, կամ

2) անկախ գնահատողի կողմից բաժնային արժեթղթերի գնահատված արժեքը:

20. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել, որպեսզի վերանայվի սույն կանոնակարգի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված կարգերով որոշված գինը հետևյալ դեպքերում.

1) երբ արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի գինը սահմանվել է գնորդի և վաճառողի միջև կնքված նախնական պայմանագրով,

2) երբ տեղի են ունեցել հանձնելու ենթակա արժեթղթերի գնային չարաշահումներ նախորդ 1 տարվա ընթացքում,

3) երբ արժեթղթերի շուկայական գները կտրուկ փոփոխվել են բացառիկ իրադարձությունների արդյունքում, կամ

4) երբ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով բաժնային արժեթղթերի արդար գին չի սահմանվել:

21. Կենտրոնական բանկի պահանջով վերանայված ցանկացած գին պետք է լինի հիմնավորված: Ընդ որում, գնի վերանայման ժամանակ առնվազն հաշվի են առնվում.

1) արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացմանը նախորդող 6 ամսվա ընթացքում տվյալ արժեթղթերի միջին կշռված գինը կարգավորվող շուկայում,

2) թողարկողի զուտ ակտիվների արժեքը,

3) անկախ գնահատողի կողմից բաժնետոմսերի գնահատված արժեքը, կամ,

4) ֆինանսական վերլուծության մեջ օգտագործվող այլ տեղեկատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Արժեթղթերը հանձնելու առաջարկի որոշման մասին տեղեկանալու պահից հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան արժեթղթերը հանձնելու առաջարկի հրապարակումը, թողարկողի խորհուրդը պարտավոր է տեղեկացնել իր աշխատակիցների արհմիությանը (արհմիության բացակայության դեպքում` աշխատակիցների կողմից լիազորված արհմիությանը կամ աշխատակիցներին) այդ մասին: Թողարկողի խորհուրդը հայտարարագրի հրապարակումից անմիջապես հետո պետք է իր աշխատակիցների արհմիությանը (արհմիության բացակայության դեպքում՝ աշխատակիցների կողմից լիազորված արհմիությանը կամ աշխատակիցներին) տրամադրի արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագիրը:

23. Սույն կանոնակարգի 24-ից 27-րդ կետերով սահմանված պահանջները տարածվում են թողարկողի խորհրդի վրա, եթե թողարկողի խորհուրդը նախատեսում է հայտնել իր կարծիքը արժեթղթերը հանձնելու առաջարկի վերաբերյալ:

24. Թողարկողի խորհուրդը հայտարարագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում թողարկողի ինտերնետային կայքում (առկայության դեպքում) հրապարակում է իր կարծիքը արժեթղթերը հանձնելու առաջարկի վերաբերյալ՝ սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխան: Թողարկողի խորհուրդը կարող է հրապարակել իր կարծիքը նաև ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում, առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով:

25. Թողարկողի խորհուրդը հայտնում է արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին իր կարծիքը թողարկողի աշխատակիցների արհմիությանը (արհմիության բացակայության դեպքում` աշխատակիցների կողմից լիազորված արհմիությանը կամ աշխատակիցներին), որը պետք է ունենա խորհրդատվական, այլ ոչ թե պարտադրական բնույթ:

26. Այն դեպքում, երբ թողարկողի խորհուրդը մինչև իր կարծիքը հրապարակելը թողարկողի աշխատակիցների արհմիությունից (արհմիության բացակայության դեպքում` աշխատակիցների կողմից լիազորված արհմիությունից կամ աշխատակիցներից) ստացել է արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին կարծիք, ապա այդ կարծիքը խորհրդի` արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին կարծիքի հետ մեկտեղ հրապարակվում է թողարկողի ինտերնետային կայքում (առկայության դեպքում):

27. Արժեթղթերը հանձնելու առաջարկի մասին թողարկողի խորհրդի և աշխատակիցների արհմիության (արհմիության բացակայության դեպքում` աշխատակիցների կողմից լիազորված արհմիության կամ աշխատակիցների) կարծիքների պատճենները (նման կարծիքի տրամադրելու դեպքում) սույն գլխի համաձայն՝ հրապարակմանը զուգահեռ ներկայացվում են Կենտրոնական բանկ:

28. Սույն գլխով սահմանված պարտականությունները կատարելիս թողարկողի խորհուրդը պետք է գործի՝ ելնելով թողարկող ընկերության, ինչպես նաև բաժնետերերի շահերից:

 

 Հավելված 1

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունվարի 19-ի
թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը,
առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը,
առաջարկի շուկայական գնի
հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի
իրականացման կարգը
արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում,
արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին
ցանկացած հրապարակային
առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը»
կանոնակարգ 4/10-ի

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի անվանումը (անունը, ազգանունը), գրանցման վայրի հասցեն (բնակության վայրի հասցեն), կապի միջոցները (հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն),

2) թողարկողի անվանումը, գրանցման վայրի հասցեն, կապի միջոցները (հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն), թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի քանակը` ըստ դասերի,

3) արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման ժամանակաշրջանը,

4) հանձնելու ենթակա արժեթղթերի բնութագրիչները (ծածկագիրը, անվանական արժեքը, թողարկված ընդհանուր քանակը),

5) արժեթղթերի նվազագույն և առավելագույն ծավալը (քանակային և տոկոսային արտահայտությամբ), որն արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը ցանկանում է ձեռք բերել,

6) հանձնելու ենթակա արժեթղթերի դիմաց վճարման սկզբունքները (ինչ միջոցներով են վճարվելու` դրամական միջոցներով և (կամ) արժեթղթերով), վճարման ընթացակարգը,

7) հանձնելու ենթակա արժեթղթերի գնման գինը, ընդ որում՝ եթե արժեթղթերը հանձնելու ոչ պարտադիր առաջարկի դեպքում վճարումը կատարվելու է արժեթղթերով (դրամական միջոցներով և արժեթղթերով միաժամանակ), ապա գնման գինը ներկայացվում է հանձնելու ենթակա մեկ արժեթղթի դիմաց տրամադրվող արժեթղթերի քանակով (արժեթղթերի քանակով և դրամական միջոցներով),

8) հանձնելու ենթակա արժեթղթերի գնման գնի որոշման մեթոդաբանությունը, հիմնավորումը,

9) հանձնելու ենթակա արժեթղթերի դիմաց արժեթղթերով վճարվելու դեպքում վճարման համար նախատեսված արժեթղթերի բնութագրիչները, մասնավորապես.

ա. տվյալ արժեթղթերի թողարկողի անվանումը, գրանցման վայրի հասցեն, կապի միջոցները (հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն, ինտերնետային կայքի հասցեն),

բ. տվյալ արժեթղթերի դասը, ծածկագիրը, անվանական արժեքը,

գ. տվյալ արժեթղթերով հավաստվող իրավունքները և պարտավորությունները,

դ. արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի կողմից հանձնելու ենթակա արժեթղթերի դիմաց տրամադրման ենթակա արժեթղթերի քանակը,

ե. կարգավորվող շուկաները, որտեղ առևտրին տվյալ արժեթղթերը թույլատրված են,

զ. տվյալ արժեթղթերի ազդագրի կամ դրանց առնչվող այլ տեղեկությունների ձեռքբերման աղբյուրները,

10) արժեթղթերը հանձնելու առաջարկի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ` ֆինանսավորման աղբյուրները և միջոցների բնույթը (փոխառությամբ վերցված միջոցներ, սեփական միջոցներ և այլն), ընդ որում, փոխառությամբ վերցված միջոցներով վճարելու դեպքում նշվում է, թե արդյոք փոխառությունը ապահովագրված է երաշխիքով, երաշխավորությամբ, գրավով կամ այլ միջոցներով. առկայության դեպքում նշվում են դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ,

11) թողարկողի կանոնադրական կապիտալում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի բաժնեմասը (առկայության դեպքում)` արտահայտված արժեթղթերի քանակով, ինչպես նաև տոկոսային արտահայտությամբ (ձայնի իրավունք տվող և ձայնի իրավունք չտվող բաժնեմասերը ներկայացվում են առանձին-առանձին),

12) արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի կանոնադրական կապիտալում թողարկողի բաժնեմասը` արտահայտված արժեթղթերի քանակով, ինչպես նաև տոկոսային արտահայտությամբ (առկայության դեպքում),

13) արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի մտադրությունները թողարկողի ապագա գործունեության վերաբերյալ (վերակազմակերպում, լուծարում, թողարկողի անձնակազմում, կառավարման մարմինների կազմում փոփոխություններ, կապիտալի ներգրավման քաղաքականություն, շահաբաժնային քաղաքականություն, կանոնադրության փոփոխության մտադրությունները, պարգևավճարները և այլ խթանները), թողարկողի և կառավարման մարմինների ու աշխատակիցների պարտավորությունների վերաբերյալ և թողարկողի արժեթղթերը ապագայում ցուցակելու վերաբերյալ,

14) եթե հայտարարագիրը ներկայացնող անձն ունի արժեթղթերը հանձնելու առաջարկի հետ կապված համատեղ գործելու համաձայնություն այլ անձանց հետ, այդ համաձայնության էական պայմանները, որոնք սահմանում են համատեղ գործելու համաձայնությամբ հանդես եկող անձանց պարտականությունները արժեթղթերը հանձնելու առաջարկի ձախողման դեպքում (առկայության դեպքում),

15) դրույթ այն մասին, թե արդյոք հայտարարագրի ներկայացմանը նախորդող վերջին 5 տարվա ընթացքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության խախտման համար ենթարկվել է պատասխանատվության, արդյոք զրկված չէ առևտրային, տնտեսական, ֆինանսական, իրավական ոլորտներում գործելու իրավասությունից,

16) դատական կամ այլ գործընթացները, որոնք ազդել են կամ կարող են ազդել արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի գործունեության վրա,

17) միջոցները, որով արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը նախատեսում է հրապարակել արժեթղթերը հանձնելու առաջարկի վերաբերյալ տեղեկությունները,

18) այլ տեղեկություններ (արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի հայցողությամբ),

19) հավաստիացում հայտարարագիրը կազմող անձի (անձանց) կողմից, որ հայտարարագրում ներառված տեղեկությունները ճշգրիտ և ստույգ են, չեն պարունակում բացթողումներ:


 

 Հավելված 2

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունվարի 19-ի թիվ 2-Ն որոշմամբ
հաստատված «Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների

փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու
պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության

դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած

հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը» կանոնակարգ 4/10-ի

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_______________________________________________________ -ի
(թողարկողի անվանումը, կազմակերպական - իրավական ձևը)

խորհուրդը, արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձից`
 _________________________________________________________ից
(արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի անվանումը (անունը, ազգանունը), կազմակերպական - իրավական ձևը (իրավաբանական անձի դեպքում))

ստանալով արժեթղթերը հանձնելու կամավոր (պարտադիր) առաջարկի հայտարարագիրը, ________20_____ թվականի նիստի ընթացքում կայացրել են հետևյալ որոշումը.

1. Խորհրդի կարծիքը արժեթղթերը հանձնելու առաջարկի վերաբերյալ։

 

2. Խորհրդի կարծիքը արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի

պլանների և մտադրությունների (թողարկողի հետ կապված) վերաբերյալ.

 

1) արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման հնարավոր ազդեցությունը թողարկողի գործունեության վրա,

 

2) արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացման հնարավոր ազդեցությունը թողարկողի կազմում զբաղվածության մակարդակի վրա,

 

3) արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի ռազմավարական ծրագրերի վերաբերյալ կարծիք և դրա ազդեցությունը թողարկողի կազմում զբաղվածության մակարդակի, աշխատակազմի գործունեության վրա:

 

3. Խորհրդի կարծիքը թողարկողի արժեթղթերի գնման գնի վերաբերյալ:

 

4. Թողարկողի բաժնետերերին ուղղված խորհուրդը արժեթղթերը հանձնելու առաջարկի

ընդունման կամ մերժման վերաբերյալ` համապատասխան հիմնավորումներով: Խորհուրդ

չտրամադրելու դեպքում, պետք է նշվեն չտրամադրման պատճառները:

 

5. Դրույթ այն մասին, թե արդյոք թողարկողի խորհրդի անդամների և արժեթղթերը

հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի միջև առկա է արժեթղթերը հանձնելու

առաջարկի իրականացման վերաբերյալ գրավոր պայմանագիր:

 

6. Դրույթ այն մասին, թե արդյոք թողարկողի խորհրդի անդամների և արժեթղթերը

հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի կառավարման մարմինների միջև առկա է գրավոր պայմանագիր` ուղղված թողարկող ընկերությունը միասնական կառավարելու

քաղաքականությանը (կիրառելիության դեպքում):

 

7. Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող իրավաբանական անձի

կանոնադրական կապիտալում թողարկողի խորհրդի անդամների ձայնի իրավունք տվող

արժեթղթերի քանակը (կիրառելիության դեպքում):

 

8. Թողարկողի խորհրդի անդամների քանակը և սույն կարծիքին նրանց քվեարկության

արդյունքները.

 

1) օրենքով պահանջվող խորհրդի անդամների քանակը (սահմանված լինելու դեպքում),

 

2) նիստին մասնակցած խորհրդի անդամների քանակը,

 

3) սույն կարծիքին կողմ քվեարկած խորհրդի անդամների քանակը,

 

4) սույն կարծիքին դեմ քվեարկած խորհրդի անդամների քանակը:

 

9. Այլ տեղեկություններ (թողարկողի խորհրդի անդամների հայեցողությամբ):

 _______________

(Անձի անուն, ազգանուն)

 _____________

      (պաշտոն)

 _____________

(ստորագրություն)

 

_____________ 20 թ.

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան