ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 650-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գյուղատնտեսական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով հողօգտագործողներին հատկացնելու համար:»:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Բելառուսի Հանրապետության «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերություններից տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու կազմակերպություններին համապատասխան պայմաններով տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` պետական աջակցության այլ նպատակներով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900,0 մլն դրամի փոխանցումը «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին, որից 600,0 մլն դրամը` գումարային և գյուղատնտեսական տեխնիկայի տեսքով, որը ենթակա է վերադարձման մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը: 150,0 մլն դրամը կհատկացվի ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման սուբսիդավորմանը: Մնացած 150,0 մլն դրամը կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմանը և շահառուների տրամադրմանը, որը երեք ամսվա ընթացքում հայտերի բացակայության դեպքում, սակայն ոչ ուշ, քան 2015 թվականի սեպտեմբերի 1-ը, կվերադարձվի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(2-րդ կետը փոփ. 27.03.14 N 384-Ն, 11.09.14 N 1017-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մշակել և ներկայացնել առաջարկություն տրակտորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրելու պայմանների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 26 Երևան |