ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի |
Գործ ՎԲ - 178/07 |
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
|
Դատավորներ՝ Մ. Խաչատրյան, Մ. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
26 հոկտեմբերի 2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղար՝ |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ | ||
հավատարմագրված փաստաբան՝ |
Վ. Գևորգյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով տուժող Ռուզաննա Չուբարի Զաքարյանի կողմից հավատարմագրված փաստաբան Վ.Գևորգյանի միջոցով բերված վճռաբեկ բողոքը դատապարտյալներ Նարեկ Արտաշեսի Ղազարյանի և Արման Գագիկի Համբարձումյանի վերաբերյալ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի դատավճռի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի օգոստոսի 3-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Նարեկ Արտաշեսի Ղազարյանին և Արման Գագիկի Համբարձումյանին 2007 թվականի մարտի 11-ին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը 2007 թվականի հունիսի 14-ի դատավճռով Ն.Ղազարյանին և Ա.Համբարձումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:
Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը նույն դատավճռով վճռել է ամբաստանյալ Ա.Համբարձումյանից հօգուտ տուժող Ռուզաննա Զաքարյանի բռնագանձել 2.017.900 (երկու միլիոն տասնյոթ հազար ինը հարյուր) դրամ՝ որպես գողությամբ պատճառված գույքային վնասի հատուցման ենթակա գումար:
Հայցը հանցագործության պատճառով կրած վնասների մասով թողնվել է առանց քննության:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Ա.Համբարձումյանի և տուժող Ռ.Զաքարյանի վերաքննիչ բողոքների հիման վրա 2007 թվականի օգոստոսի 3-ի դատավճռով Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի դատավճիռն Ա.Համբարձումյանի մասով փոփոխել է՝ բավարարելով նրա վերաքննիչ բողոքը: Ա.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Վերաքննիչ դատարանը նրա նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Ա.Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանը 2007 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:
2. Գործի փաստական հանգամանքները.
Նարեկ Ղազարյանը Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, տուժող Ռուզաննա Զաքարյանին պատկանող հասարակական սպասարկման օբյեկտից գողություն կատարելու նպատակով 2007 թվականի փետրվարի 9-ին գիշերը հանցավոր համաձայնության է եկել Արման Համբարձումյանի հետ: Վերջինս հսկել է օբյեկտի շրջակայքը, իսկ Ն.Ղազարյանը գազատար խողովակի վրայով բարձրացել է հարակից խանութի տանիք, բաց թողնված պատուհանից մուտք է գործել երկրորդ հարկ՝ խաղասրահ, ապա իջել է դրամափոխանակման կետ: Նախապես իր հետ վերցված պտուտակահանով կոտրել է դրամափոխանակման կետի դռան ապակին, բացել է դռան կողպեքը և մտել ներս: Նույն պտուտակահանով կոտրել է չհրկիզվող պահարանի կողպեքը, բացել դուռը և այնտեղից հափշտակել ընդհանուր թվով 72 կտոր ոսկեղեն՝ 2.061.900 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև 3.583.000 ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ 50 եվրո, 1.314 ԱՄՆ դոլար, 1.120 ռուսական ռուբլի և մնացածը ՀՀ դրամ, վերջինիս մեջ՝ 2-3 կգ մետաղադրամ:
3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Նարեկ Ղազարյանի և Արման Համբարձումյանի վերաբերյալ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը ենթակա են բեկանման հետևյալ պատճառաբանությամբ:
Ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ համապարտ պարտականության դեպքում պարտատիրոջ իրավունքները սահմանող 362-րդ հոդվածը: Մասնավորապես, այդ հոդվածի պահանջներից չի բխում այն, որ գողությամբ տուժող Ռ.Զաքարյանին պատճառված վնասի չվերականգնված մասը ենթակա է բռնագանձման ամբաստանյալ Ա.Համբարձումյանից՝ 2.017.900 ՀՀ դրամի չափով՝ նկատի ունենալով, որ դեռևս մինչդատական վարույթում Ն.Ղազարյանի կողմից հատուցվել է 3.562.000 ՀՀ դրամ, համապարտության հաշվարկից՝ ավելին: Պարտապաններից մեկի կողմից պարտավորության գումարն ամբողջությամբ կամ մեծ մասով մարելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի համաձայն, չի նշանակում, որ մյուս պարտապանն ընդհանրապես կարող է ազատվել պարտավորության կատարումից:
Անընդունելի է նաև վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Ա.Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելու հիմքեր չկան, քանի որ նա վերաքննիչ դատաքննության ընթացքում վերականգնել է տուժողին պատճառված և վերականգնման համար իր վրա դրված 2.017.900 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամը՝ պարտավորվելով վերականգնել մնացած 1.017.900 ՀՀ դրամը մեկ ամսվա ընթացքում: Ըստ վճռաբեկ բողոքի հեղինակի՝ փաստորեն, վերաքննիչ դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելը արդարացնելու համար դատավճռի հիմքում դրել է դատապարտյալի ոչնչով չապահովված և չերաշխավորված խոստումն այն մասին, որ իբր նա 1.017.900 ՀՀ դրամը տուժողին պարտավորվում է վճարել մեկ ամսվա ընթացքում:
Այնուհետև վճռաբեկ բողոքում նշվում է, որ անտեսելով Ն.Ղազարյանի և Ա.Համբարձումյանի կողմից ծանր հանցագործություն կատարելու հանգամանքը՝ առաջին ատյանի դատարանը նրանց նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ, իսկ վերաքննիչ դատարանը Ա.Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատիժն անհիմն կերպով պայմանականորեն չի կիրառել:
Այսպիսով, վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է դատապարտյալներ Նարեկ Ղազարյանի և Արման Համբարձումյանի վերաբերյալ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը բեկանել և փոփոխել՝ նրանց նկատմամբ նշանակել համաչափ խիստ պատիժ, ինչպես նաև համապարտության կարգով նրանցից բռնագանձել գողությամբ տուժող Ռուզաննա Զաքարյանին պատճառված և չփոխհատուցված 1.017.900 ՀՀ դրամը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն»:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի՝
«1. Պարտատերերի համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:
2. Համապարտ պարտապաններից մեկի լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից:
3. Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել»:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի՝
«1. Պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:
2. Եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա՝
1) համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք՝ հանելով իր բաժինը.
2) համապարտ պարտականությունը կատարած պարտապանին համապարտ պարտապաններից մեկի չվճարածը հավասար բաժիններով ընկնում է չվճարած պարտապանի և մնացած պարտապանների վրա»:
ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված համապարտ պատասխանատվության ինստիտուտը կանոնակարգող իրավադրույթների վերլուծությունից բխում է, որ տուժողի առջև պատասխանատու են բոլոր պարտապանները: Համապարտ պատասխանատվության դեպքում վնաս կրած անձն իրավունք ունի պահանջ ներկայացնելու ինչպես բոլոր պարտապաններին համատեղ, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին, այդ թվում՝ այն պարտապանին, ով ի վիճակի է փոխհատուցել նրա կրած վնասները: Այլ կերպ՝ համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Ավելին՝ համապարտ պարտապանները պարտապան են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
Սույն գործով տուժող Ռ.Զաքարյանին դատապարտյալներ Ն.Ղազարյանի և Ա.Համբարձումյանի կողմից վնասը պատճառվել է համատեղ, ուստի նրանք՝ իբրև համապարտ պարտապաններ, տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
Այս առումով, անհիմն է առաջին ատյանի դատարանի դատավճռում տեղ գտած հետևությունն այն մասին, որ «…հանցագործությամբ պատճառված գույքային վնասը ենթակա է հատուցման համապարտության կարգով, սակայն նկատի ունենալով, դեռևս մինչդատական վարույթում Ն.Ղազարյանի կողմից հատուցվել է 3.562.000 ՀՀ դրամ, համապարտության հաշվարկից՝ ավելին, ուստի և գողությամբ պատճառված վնասի չվերականգնված մասը, որը կազմում է 2.082.900 ՀՀ դրամ, ենթակա է բռնագանձման 2.017.900 ՀՀ դրամի չափով ամբաստանյալ Ա.Համբարձումյանից…»:
Անընդունելի է նաև հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի չվերականգնված մասը համապարտության կարգով չբռնագանձելը վերաքննիչ դատարանի կողմից: Վերջինիս հետևության հիմքում ընկած է փաստարկն այն մասին, որ Ա.Համբարձումյանը վերաքննիչ դատաքննության ընթացքում վերականգնել է տուժողին պատճառված և վերականգնման համար իր վրա դրված 2.017.900 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամը՝ պարտավորվելով վերականգնել մնացած 1.017.900 ՀՀ դրամը մեկ ամսվա ընթացքում:
Վերը շարադրվածից հետևում է, որ անկախ այն բանից, թե պարտապաններից մեկի կողմից պարտավորության գումարի որքան մասն է վերականգնվել, տուժողին պատճառված և չփոխհատուցված վնասը, կոնկրետ դեպքում՝ 1.017.900 ՀՀ դրամը համապարտության կարգով ենթակա է բռնագանձման երկու պարտապաններից՝ Ն.Ղազարյանից և Ա.Համբարձումյանից:
Այսպիսով, նկարագրված պայմաններում չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիշյալ դրույթները՝ ինչպես Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչը հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում:
Ինչ վերաբերում է դատապարտյալներ Ն.Ղազարյանի և Ա.Համբարձումյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակելու խնդրանքին, ապա այն ենթակա չէ բավարարման, քանի որ բողոքաբերը չի մատնանշել այն հիմնարար խախտումները, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Վերը նշված դատավարական իրավունքի խախտումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանելու և փոփոխելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գործով կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
Դատապարտյալներ Նարեկ Արտաշեսի Ղազարյանի և Արման Գագիկի Համբարձումյանի վերաբերյալ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը բեկանել և փոփոխել քաղաքացիական հայցի մասով:
Դատապարտյալներ Նարեկ Արտաշեսի Ղազարյանից և Արման Գագիկի Համբարձումյանից համապարտության կարգով բռնագանձել 1.017.900 ՀՀ դրամ հօգուտ տուժող Ռուզաննա Չուբարի Զաքարյանի՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Դատավճիռների մնացած մասը թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Տ. Սահակյան | |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Մ. Սիմոնյան | ||
Ս. Օհանյան |