ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1296-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 443-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը սերտորեն ներդաշնակեցված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթների հետ և դրանց հիմքում ընկած են 2005 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը» փաստաթուղթը և դրանից բխող` Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական խնդիրն է՝ հիմնվելով միջազգային հանրության կողմից որդեգրած հասարակության և, մասնավորապես, էներգետիկայի կայուն զարգացման սկզբունքների վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով` ձևակերպել Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական նպատակները և որոշել դրանց հասնելու ծրագրային հիմնարար ուղղությունները:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրային հիմնարար ուղղություններն են`
1) ապահովել ցածր գներով հուսալի էներգամատակարարում՝ բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը.
2) խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում Հայաստանի անվտանգությունն ու տնտեսությունը կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների ու քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգառեսուրսները և միջուկային էներգիան.
3) ապահովել Հայկական ԱԷԿ-ի (այսուհետ` ՀԱԷԿ) անվտանգ շահագործումը մինչև ներառյալ 2016 թվականը կամ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել նոր միջուկային հզորությամբ և շահագործումից հանել՝ առանց անընդունելի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և էներգետիկ անվտանգության բնույթի ազդեցությունների.
4) ապահովել բնապահպանորեն կենսունակ էներգամատակարարում՝ հիմնված կայուն զարգացման սկզբունքների վրա և Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական պարտավորություններին համահունչ.
5) կառուցել ֆինանսապես կենսակայուն էներգահամակարգ` էներգիա մատակարարող բոլոր կառույցների տնտեսապես արդյունավետ գործունեությամբ և մասնավոր կապիտալի մասնակցությամբ.
6) կառուցել արտահանման կողմնորոշում ունեցող և ավելացված արժեք ստեղծող էլեկտրաէներգետիկական համակարգ:
II. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
4. Էներգետիկ անվտանգությունը դիտարկվում է, որպես երկրի, դրա քաղաքացիների, հասարակության և տնտեսության բոլոր պահանջների բավարարման համար անհրաժեշտ վառելիքաէներգետիկ պաշարների հնարավոր ցածր գներով կայուն և հուսալի մատակարարման երաշխիք՝ բնականոն զարգացման, ինչպես նաև արտակարգ պայմաններում արտադրության այնպիսի եղանակներով, որոնք շրջակա միջավայրի վրա ունեն նվազագույն ազդեցություն։
5. Էներգետիկ անվտանգությունը կապահովվի և որևէ մատակարարից կախումը կնվազեցվի, եթե Հայաստանը տարատեսակի էներգիայի աղբյուրները և ծրագրավորի վառելիքի պահեստավորում և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն: Էներգիայի աղբյուրների նման տարատեսականացումը, որն առանձնակի կարևոր է ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման պարագայում, կմեծացնի նաև Հայաստանի հնարավորությունը՝ սակարկելու առաքումների առավել նպաստավոր գներ և պայմաններ, և հնարավորինս կկանխի գների կտրուկ աճը։
6. Էներգետիկ աղբյուրների տարատեսականացումը պահանջում է նաև մատակարարման ուղիների բազմազանեցում։ Հայաստանի համար այսօր մատակարարման ուղիների բազմազանեցման միակ իրատեսական ճանապարհն Իրան-Հայաստան գազատարն է և էլեկտրաէներգետիկ համակարգի զուգահեռ աշխատանքի վերականգնումը տարածաշրջանի այլ էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ։
7. Հայաստանի տնտեսական գործունեության առկա մակարդակը կարելի է ապահովել զգալիորեն ավելի սակավ էներգիա սպառելով և վառելիքի ներկրումից առավել ցածր կախվածություն ունենալով՝ ապահովելով էներգետիկ անկախության ավելի բարձր մակարդակ։ Սա նշանակում է, որ Հայաստանի պետական անվտանգությունն ու տնտեսության ճյուղերի մրցունակությունը կարելի է խթանել՝ բարձրացնելով էներգիայի սպառման արդյունավետությունը։
8. Եվ վերջապես, Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կբնութագրվի ինչպես ներքին վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման աստիճանով ու էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ատոմային էներգիայի մասնաբաժնի առկայությամբ (ատոմային էներգիան միջազգայնորեն ընդունվում է հավասարազոր սեփական էներգառեսուրսներին), այնպես էլ էներգախնայողության ներուժի օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ:
9. Այսպիսով, Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդրում կարևորվում են էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հետևյալ ուղղությունները`
1) վերականգնվող էներգառեսուրսների օգտագործում և էներգախնայողություն.
2) ատոմային էներգետիկա.
3) էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացում և տարածաշրջանային ինտեգրացում.
4) բնապահպանական անվտանգության ապահովում.
5) սոցիալական քաղաքականության, ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության ապահովում:
10. Հայաստանի համար էներգետիկ անվտանգության ապահովման սկզբունքներով նախանշված էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը հետևյալն է`
1) առաջնահերթություն տալ և մոտակա 15-20 տարիների ընթացքում առավելագույնս յուրացնել էլեկտրաէներգիայի արտադրության սեփական վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը, որը կարող է կազմել շուրջ 4,7 մլրդ կՎտ.ժ, այդ թվում`
ա. հիդրոէներգետիկա - ~ 3,6 մլրդ կՎտ.ժ, որից արդեն իսկ յուրացված է մոտ 1,8 մլրդ կՎտ.ժ,
բ. հողմաէներգետիկա - ~ 1,1 մլրդ կՎտ.ժ:
Թվարկված հզորությունների արտադրանքը հիմնականում կրում է սեզոնային բնույթ: Այս գնահատման մեջ դեռևս բացակայում է երկրաջերմային էներգառեսուրսների հաշվին էլեկտրաէներգիայի հնարավոր արտադրության մասնաբաժինը.
2) էլեկտրաէներգիայի մնացած մասի արտադրությունն իրականացնել ատոմային նոր էներգաբլոկով և ջերմային, այդ թվում` համակցված ցիկլով աշխատող բլոկներով էլեկտրակայաններում:
11. Հայաստանի համար էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի նշված համամասնությունը միակն է: Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների զարգացման ծրագրերը պետք է պատասխանեն միայն անհրաժեշտ արտադրող հզորությունների և դրանց թողարկման ժամկետների որոշման հետ կապված հարցերին` որպես ելակետ ընդունելով տնտեսության էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը, տարածաշրջանային համագործակցության խնդրում էներգահամակարգի դերը և սոցիալական բնույթի խնդիրները:
III. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ
12. Հայաստանի ազգաբնակչության և եվրոպական համայնքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է պարտավորություն ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման վերաբերյալ։ ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերումն անհրաժեշտաբար կառաջացնի համապատասխան փոխարինող հզորությունների պահանջ։ Մինչև ատոմակայանի փակումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրին։ Այսուհանդերձ, կայանի փակումը մոտ ապագայում իրատեսական չէ՝ հաշվի առնելով ծախսերը և էներգամատակարարման տարատեսակ աղբյուրների բացակայությունը։ Ներկայիս նվազագույն ծախսերով էներգամատակարարման ծրագրային հետազոտումներն ապացուցում են, որ ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերումը զգալիորեն կբարձրացնի սպառման սակագները, ինչպես նաև երկրի հետագա կախվածությունը ներկրվող գազից։
13. Մինչև 2016 թվականը ներառյալ ՀԱԷԿ-ի շահագործման համար պահանջվում է նվազեցնել նման որոշման հետ կապված բոլոր հնարավոր վտանգները։ Կայանն ունի բնապահպանության հետ կապված պարտավորություններ, սակայն այն չի համարվում օդի աղտոտման աղբյուր։ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար մինչ օրս ներդրվել է ավելի քան 80 մլն ԱՄՆ-ի դոլար, այնուամենայնիվ այն դեռևս չի համապատասխանում անվտանգության ներկայիս միջազգային ստանդարտների պահանջներին։ Անվտանգության բարձրացման հետ կապված գործերն ավարտելու համար անհրաժեշտ են նոր գումարներ (շուրջ 40 մլն ԱՄՆ-ի դոլար): Բացի դրանից, այդ աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի ամեն տարի կատարել մի քանի միլիոն դոլարի ներդրում՝ անվտանգության մակարդակի պահպանման նպատակով։ Կայանի ծերացման հետ կապված անվտանգության հարցերը, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման և անվտանգության կուլտուրայի հարցերը նույնպես պահանջում են սևեռուն ուշադրություն և ֆինանսավորում։
14. ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելուց հետո Հայաստանը կկորցնի իր էներգամատակարարման անվտանգության ներկայիս մակարդակը։
15. Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման օգտին է խոսում նաև միջուկային վառելիքի և բնական գազի գների աճի տենդենցների կանխատեսումները մինչև 2050 թվականը: Բնական գազի գնի անկասելի աճի պարագայում, որը պայմանավորված կլինի բնական գազի պաշարների նվազմամբ և արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ, միջուկային վառելիքի գինը կարող է դիտարկվել համեմատաբար կայուն:
16. Բնական գազի գներն իրենց վրա կրում են հում նավթի համաշխարհային գների ազդեցությունը, որոնք զգալիորեն աճել են սկսած 2003 թվականից: Տարածաշրջանային շուկայի պայմանները և Ռուսաստանի արևմտյան սահմանին բնական գազի գները նույնպես աճի տենդենց են ցուցաբերում: Բնական գազի գինը հիմնական որոշող գործոնն է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքի կանխատեսման գործում: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պատվերով և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցությամբ մշակված Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագիրը քննարկում է բնական գազի գների աճի չափավոր (տարեկան միջին գնի աճ` մոտ 4.88 % սահմանին) և բարձր (տարեկան միջին գնի աճ` մոտ 5.63 % սահմանին) սցենարներ Հայաստանի համար` հիմնվելով Ռուսաստանի արևմտյան սահմանին նախատեսված գների վրա: Թեև Իրան-Հայաստան գազամուղը կարող է մրցունակություն ապահովել Հայաստան մատակարարվող գազի համար, սակայն անհավանական է, որ Իրանից ստացվող գազի գինն էականորեն ցածր լինի Ռուսաստանից ստացվող գազի գնից:
17. Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ մոտակա 20 տարվա ընթացքում միջուկային վառելիքի արժեքը կաճի տարեկան 3 %-ով:
18. Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագրի արդյունքներն արձանագրում են`
1) մինչև 2016 թվականը ՀԱԷԿ-ի շարունակական շահագործման համար տնտեսական այլընտրանք չկա: Սակայն, նրա շարունակական շահագործումը պետք է հիմնավորվի երաշխիքով, որ կայանը լիովին կֆինանսավորվի` պահպանման և անվտանգությանն ուղղված բարեփոխումներ կատարելու համար.
2) 2016 թվականին Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերվի 2016 թվականին և գոյություն ունեցող հնացած ջերմային հզորությունները (Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երի բոլոր բլոկների տարիքը 2016 թվականին կլինի 40 տարվանից ավելի) շահագործումից հանվեն.
3) ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի ընդլայնումն իրագործելի չէ` երկարաձգման ծառայության ժամկետի կարճության և ներդրման արժեքի համեմատության արդյունքների տնտեսապես ոչ բավարար լինելու պատճառով.
4) Հայաստանի ոչ մի (առկա կամ նոր) հիդրոէլեկտրակայան հնարավորություն չունի գործելու որպես բազիսային բեռ բավարարող հզորություն` իրենց ջրամբարների սահմանափակ հզորության պատճառով: Նվազագույն ծախսերով բազիսային բեռի հզորության արտադրման տարբերակը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար հանդիսանում է միջուկային կամ ջերմային կայանում արտադրությունը.
5) պետական մասնակցությամբ պլանավորվում է կառուցել 208 ՄՎտ հզորությամբ միայն մեկ ջերմային էներգաբլոկ, որը շահագործման կհանձնվի մինչև այս տասնամյակի վերջը.
6) պլանավորված Մեղրի հիդրոէլեկտրակայանը (140 ՄՎտ տեղակայված հզորությամբ) չի կարողանա ծառայել Հայաստանի բեռը բավարարելու համար այս դիտարկվող ժամանակահատվածում (ՀԷԿ-ի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն նրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան).
7) նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը նվազագույն ծախսերով միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի ապահովում է նաև էներգետիկ անվտանգության ու անկախության, ինչպես նաև բնապահպանական անհրաժեշտ մակարդակ:
19. Հիմնվելով գազի և միջուկային վառելիքի գների աճի իրականացված վերլուծության, ինչպես նաև ռազմավարական և տնտեսական քննարկումների վրա` առաջարկվում են`
1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանել ատոմային նոր էներգաբլոկի կառուցումից և թողարկումից անմիջապես հետո.
2) իրականացնել ՀԱԷԿ-ի տարածքի համապարփակ անվտանգության և շրջակա միջավայրի գնահատում` որոշելու տարածքի համապատասխանությունը շահագործումից դուրսբերման և նոր ատոմակայան կառուցելու պահանջներին.
3) մշակել շահագործումից դուրսբերման համակողմանի պլան, որը պետք է պատրաստ լինի ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման գործընթացի մեկնարկումից 5 տարի առաջ.
4) սեփական միջոցներով ու դոնոր կազմակերպությունների օգնությամբ լիովին ֆինանսավորել անվտանգության բարեփոխումները և ՀԱԷԿ-ին անհրաժեշտ ներդրումները` մինչև 2015 թվականը ներառյալ` այն անվտանգ շահագործելու համար.
5) մշակել գործողությունների պլան` ուղղված մինչև 1000 ՄՎտ միավոր հզորության նոր ատոմային էներգաբլոկների ֆինանսավորման սխեմայի և կառուցման հետ կապված խնդիրների լուծմանը` ներառյալ կայանի չափերի և հետագայում շահագործումից դուրսբերման հետ կապված հարցերի լուծումը և, նկատի ունենալով Հայաստանում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման պարագայում վերջինիս ազդեցությունն ատոմային ռեակտորի տիպի ընտրության վրա:
IV. ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄԸ
20. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության հիմնարար ուղղությունների կարևորագույն մասն է հանդիսանում էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացման, տարածաշրջանային ինտեգրացման և էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների վերլուծությունը և գնահատումը:
21. Հարավային Կովկասի երկրներին, Իրանին և Թուրքիային վերաբերող նյութերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ այդ երկրներն ընտրել են էլեկտրաէներգետիկական համակարգերի զարգացման ինքնաբավարարման սկզբունքը: Սա անխուսափելիորեն կհանգեցնի առկա էներգահաշվեկշռի՝ մեզ համար անցանկալի փոփոխությանը: Բացի դրանից, Կասպից ծովի ավազանի էներգետիկ ռեսուրսները կարտահանվեն Հայաստանի տարածքը շրջանցող արևելք-արևմուտք վառելիքատրանսպորտային մայրուղիներով, որը ևս կհանգեցնի էլեկտրաէներգիայի արտահանման տեսակետից Հայաստանի դերի նվազմանը:
22. Ապագայում տարածաշրջանում ի հայտ կգա բավականին կոշտ մրցակցություն՝ էներգետիկ շուկայում գործունեություն ծավալելու համար: Ակնհայտ է, որ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական առավելություններ կստանա այն երկիրը, որն առավել առաջ ընկած տեմպերով կկարողանա իրականացնել իր զարգացման ծրագրերը` հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերում: Այլ կերպ ասած, այս երկրների վարած քաղաքականության հիմքում պետք է դրված լինի արտասահմանյան ներդրումների համար գրավիչ քաղաքական-տնտեսական միջավայրի ստեղծումը: Վերջինս առանձնահատուկ նշանակություն է ստանում այնպիսի կապիտալատար ոլորտի զարգացման համար, ինչպիսին է էլեկտրաէներգետիկան:
23. Իրանից եկող գազատարը կայուն այլընտրանքային ճանապարհ է Ռուսաստանի և Վրաստանի տարածքով անցնող միակ գազատարի համար։ Գազատարի կառուցումը հիմնավորված է և ունի հեռանկարային ռազմավարական նշանակություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն պետք է այլընտրանքային գազատարի սկսված շինարարությունն իր բարեհաջող ավարտին արժանացնի։
24. Քանի որ Հայաստանի ձմեռային պիկային բեռնվածությունը բավարարելու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրության մի մասն ստացվում է հանածո վառելիքից, և, քանի որ բնական գազի մեծածավալ օգտագործումը բնակչության և արդյունաբերության կողմից խիստ ցանկալի է, Հայաստանը պետք է բավարար տարողությամբ պահեստարաններ ունենա՝ դիմակայելու ներկրման անսպասելի ընդհատումներին։ Պահեստարանները, ինչպես նաև պահեստարանից ներս և դուրս վառելիքի տեղափոխման սարքավորումները պետք է հուսալի լինեն։
25. Տարածաշրջանային ինտեգրացմանը վերաբերող մի նկատառում ևս. ապագայում տարածաշրջանային էներգետիկ շուկաների սպասարկման համար ծավալվելիք մրցակցության մեջ առաջնային տեղ կարող է զբաղեցնել այն երկիրը, որը կունենա ոչ թանկարժեք բազիսային էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն՝ ատոմային էլեկտրակայանում, դրանով իսկ նվազեցնելով ՋԷԿ-երից վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար նյութերի արտանետմամբ պայմանավորված բացասական ներգործությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև բնապահպանական պարտադիր վճարների մեծությունը:
26. Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ 2004 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած Նախարարների խորհրդակցության կողմից հիմնադրվեց և ներկայումս իր զարգացումն է ստանում Եվրամիության, Կասպից ծովի տարածաշրջանի պետությունների և նրանց հարևան երկրների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Վերջինիս հիմնական խնդիրն է նշված տարածաշրջաններից վառելիքաէներգետիկ պաշարների (հիմնականում` նավթ ու բնական գազ) անարգել և բոլոր ներգրավված երկրների համար շահավետ մեխանիզմների կիրառմամբ տարանցման ապահովումը դեպի Եվրամիություն:
27. Հայաստանը տվյալ համագործակցության շրջանակներում չի դիտարկվում որպես վառելիքաէներգետիկ պաշարներ արտահանող երկիր: Սակայն, մենք անպայմանորեն պետք է օգտագործենք նման պաշարների տարանցման համար մեր աշխարհագրական նպաստավոր դիրքը, ներկայումս գործող ու ընդլայնման հնարավորություն ունեցող ստորգետնյա գազապահեստարանի առկայությունը և ապահովենք նման տարանցումների իրականացման երաշխիք հանդիսացող գործընկերության և համագործակցության համաձայնագրով նախատեսված օրենսդրական, քաղաքականության և ինստիտուցիոնալ համապատասխանեցման գործընթացի շուտափույթ իրականացումը: Վերջինս կնպաստի Հայաստանի էներգահամակարգի ներուժի առավելագույնս օգտագործմանը Կասպյան տարածաշրջանի, այդ թվում` նաև Իրանի` վառելիքաէներգետիկ պաշարների դեպի Եվրոպա տարանցման հարցում և հնարավորություն կընձեռի եվրահանձնաժողովի կողմից այդ նպատակով նախատեսվող ներդրումների ներգրավմանը:
28. Ակնհայտ է, որ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական առավելություններ ստանալու նպատակով Հայաստանն առավել առաջ ընկած տեմպերով պետք է իրականացնի իր զարգացման ծրագրերը` հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող և բարձր ավելացված արժեք ստեղծող այնպիսի ճյուղում` ինչպիսին էլեկտրաէներգետիկան է:
29. Այս վերջին դրույթները մեկ անգամ ևս ապացուցում են էլեկտրաէներգիայի արտադրության բազիսային հզորությունների ստեղծման անհրաժեշտությունը` միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի էներգահամակարգի ներգրավումը ինչպես Կասպյան, այնպես էլ Սևծովյան երկրների միացյալ էներգահամակարգերում:
V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
30. Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է մի փուլում, երբ նրա էներգահամակարգը դադարել է լինել պետության սոցիալական քաղաքականությունն իրականացնող անմիջական գործիք և դարձել է մի համակարգ, որտեղ մասնավոր սեփականատերերին պատկանող ընկերությունները ջանում են բարձրացնել արդյունավետությունը՝ շահույթ ստանալու և զարգացման համար ներդրումներ գրավելու նպատակով։
31. Նոր հզորությունների տեղադրմամբ, ինչպես նաև Հանրապետության համար ռազմավարական նշանակություն կրող խոշոր ծրագրերի իրականացմամբ պայմանավորված սպառման սակագների աճի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ջանքեր ներդնի այդ ծրագրերի իրականացման համար «փափուկ» վարկեր և հնարավորին չափով դրամաշնորհներ ներգրավելու ուղղությամբ: Հայաստանի պարագայում նոր խոշոր հզորությունների կառուցումը և խոշոր ծրագրերի իրականացումն առևտրային վարկերի ներգրավմամբ` չի կարող արդարացված լինել:
32. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տնտեսապես ընդունելի ու կայուն եղանակով գազաբաշխիչ ցանցի ընդլայնումը և գազամատակարարման ապահովումը դրա կարիքն ունեցող բոլոր սպառողների համար անպայմանորեն կնպաստի ջերմամատակարարման վերականգնման հետ կապված հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում` ջերմային և էլեկտրական էներգիաների համակցված արտադրության զարգացմանը (շուկայական տնտեսության մեխանիզմներով թելադրված մրցակցության պայմաններում), ինչպես նաև ինքնավար ու բաշխված (ապակենտրոնացված) արտադրողներին աջակցմանը:
33. Ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության ապահովմանն ուղղված հիմնական միջոցառումները պետք է լինեն`
1) էներգետիկ շուկայի զարգացման շարունակական գործընթացի իրականացումը.
2) մասնավորեցման սկսված գործընթացի ավարտը՝ տարբեր երկրների ֆիրմաների ներգրավմամբ խրախուսելով մրցակցությունը մասնավոր ընկերությունների միջև և թույլ չտալով էներգետիկ հզորությունների կոնցենտրացումը մեկ սեփականատիրոջ մոտ.
3) ներդրումների համար նպաստավոր օրենսդրական և տնտեսական միջավայրի զարգացումը և մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը.
4) ներդրողների և սպառողների համար հավասարակշռված սակագնային քաղաքականության վարումը.
5) աստիճանական անցման ապահովումը կարգավորվողից դեպի մրցակցային շուկա:
34. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերի Հայաստանում կիրառելի էներգետիկ ուսումնասիրությունների համաշխարհային նորագույն զարգացումներին և դրանց արդյունքների ներդրումներին`
1) էներգախնայողության բնագավառում.
2) էներգետիկ շուկայի զարգացման բնագավառում.
3) փոքր հզորության այլընտրանքային էներգաարտադրության բնագավառում.
4) նավթի ու գազի, հանածո վառելիքի հետազոտման ու արդյունահանման բնագավառում.
5) ատոմային էներգաբլոկները շահագործումից հանելու նոր տեխնոլոգիաների բնագավառում:
VI. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
35. Այսպիսով, երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ներկայիս մակարդակը պահպանելու համար նախատեսվում է մինչև 2025 թվականն իրականացնել ստորև աղյուսակում նշված միջոցառումները:
36. Աղյուսակում թվարկված էներգետիկ հզորությունների մեջ իրենց թվային արտահայտությունը չեն ստացել երկրաջերմային, կենսագազի, արևային (ջերմային և ֆոտովոլտաիկ) և վերականգնվող էներգիայի այլ հնարավոր ձևերի աղբյուրների ներուժը, ինչպես նաև բիոէթանոլի ստացմանն ուղղված միջոցառումների, նավթի ու բնական գազի շարունակվող հետազոտումների հնարավոր արդյունքները: Սակայն այդ ներուժի արդյունավետ օգտագործումը նույնպես գտնվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից վարվող քաղաքականության ուշադրության ներքո:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը
Աղյուսակ
NN |
Միջոցառումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքները |
Կատարման ժամկետները |
Իրականացման ֆինանսական աղբյուրները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Փոքր ՀԷԿ-երի (մինչև 260 ՄՎտ հզորությամբ) կառուցումը |
հանրապետության հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, լրացուցիչ շուրջ 600 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն ի լրումն ներկայիս ~200 մլն կՎտ.ժ-ի |
մինչև 2025 թվականը` ըստ տարիների որոշակի բաշխմամբ ՀՀ ՀԾԿՀ-ի տված լիցենզիաների համաձայն արդեն կառուցվում են 58 ՓՀԷԿ-եր` 143,6 ՄՎտ հզորությամբ և շուրջ 525 մլն կՎտ.ժ արտադրությամբ: |
մասնավոր ներդրումներ |
2. |
Լոռի բերդ ՀԷԿ-ի (60 ՄՎտ հզորությամբ) կառուցումը |
հանրապետության հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
թողարկումը 2015 թվականին |
պետական աջակցությամբ «փափուկ» վարկային միջոցներ ըստ գերմանական «ՖԻԽՏՆԵՐ» ընկերության մշակած ՏՏՀ-ի շուրջ 80 մլն եվրո |
3. |
Շնող ՀԷԿ-ի (75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ) կառուցումը |
հանրապետության հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 300-ից մինչև 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
թողարկումը մինչև 2015 թվականը |
մասնավոր ներդրումներ գնահատումների 2 տարբերակ` «ՀԱՐԶԱ» ընկերություն - ~100 մլն (300 մլն կՎտ.ժ) և «ՋԵՆԵՐԱԼ ԷԼԵԿՏՐԻԿ ՀԱՅԴՐՈ» ընկերություն - ~160 մլն (440 մլն կՎտ ժ) ԱՄՆ-ի դոլար |
4. |
Մեղրի ՀԷԿ-ի (140 ՄՎտ հզորությամբ) կառուցումը |
հանրապետության հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 800 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
թողարկումը մինչև 2014 թվականը Էլեկտրաէներգիայի այդ քանակն արտահանվելու է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ), մինչև Իրանի կողմից կատարված ներդրումների վերադարձը: |
ԻԻՀ-ի կողմից տրամադրվող վարկ` շուրջ 240 մլն ԱՄՆ-ի դոլար գումարով Ներկայումս ավարտվում են բանակցությունները ԻԻՀ-ի հետ` ֆինանսավորման սխեմայի համաձայնեցման շուրջ: |
5. |
Հողմակայանների (200 ՄՎտ հզորությամբ) կառուցումը |
հանրապետության հողմաէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 525 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
մինչև 2025 թվականը` ըստ տարիների որոշակի բաշխմամբ 2008 թվականին «ԳԻՐՐԻԵՏ» ընկերության կողմից ընդհանուր 90 ՄՎտ-ից առաջին փուլում կներդրվի 25 ՄՎտ հզորություն: |
մասնավոր ներդրումներ |
6. |
Երևանի ՋԷԿ-ում 208 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող գազատուրբինային էներգաբլոկի կառուցումը |
շուրջ 1,4 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
թողարկումը 2011 թվականին |
Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված վարկ և սեփական միջոցներ ~208 մլն ԱՄՆ-ի դոլար |
7. |
Հրազդանի ՋԷԿ-ի մինչև 440 ՄՎտ հզորությամբ 5-րդ էներգաբլոկի կառուցման ավարտը |
շուրջ 2,8 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
թողարկումը 2009 թվականին |
ֆինանսավորումը` Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ընկերության կողմից ~180 մլն ԱՄՆ-ի դոլար |
8. |
Հայկական ԱԷԿ-ի մինչև 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկի կառուցումը |
շուրջ 7,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
թողարկումը 2016 թվականին ԱՄՆ-ի ՄԶԳ-ի փորձագետների կողմից ատոմային էներգաբլոկի կառուցման ՏՏՀ-ի մշակումը կավարտվի 2008 թվականի սեպտեմբերին: |
ֆինանսավորումը` ~2 մլրդ ԱՄՆ-ի դոլար, այլ պետությունների և մասնավոր ընկերությունների կողմից գտնվում է քննարկման փուլում |
9. |
Էլեկտրաէներգիայի հաղորդող ցանցի արդիականացման սկսված գործընթացի ավարտը |
Իրան - 400 կՎ` երկշղթա, Վրաստան - 400 կՎ միջհամակարգային նոր գծերի կառուցում, Գյումրի-2 ենթակայանի վերակառուցում: Տարածաշրջանային ինտեգրացման հնարավորության ապահովում |
աշխատանքների իրականացումը 2008-2011 թվականներին Մշակված է Վրաստան - 400 կՎ ՕԳ-ի նախագիծը և մշակման փուլում է Իրան - 400 կՎ` երկշղթա ՕԳ-ի նախագիծը: |
գերմանական KfW բանկի 14,6 մլն եվրո (Գյումրի-2) և 20,4 մլն եվրո (Վրաստան 400 կՎ ՕԳ) և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրվող ~ 90 մլն ԱՄՆ-ի դոլար վարկեր |
10. |
Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի արդիականացումը և սպասարկման որակի բարձրացումը |
առևտրային և տեխնիկական կորուստների նվազեցում` մինչև միջազգայնորեն ընդունված չափանիշները |
աշխատանքների իրականացումը 2008-2025 թվականներին` շարունակական |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից |
11. |
Իրան-Հայաստան գազատարի երկրորդ փուլի կառուցումը |
հանրապետություն բնական |
աշխատանքների ավարտը |
ֆինանսավորումը` Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ընկերության կողմից |
12. |
Գազամատակարարման փոխադրող և բաշխող համակարգերում ներդրումների իրականացումը |
բնակչության գազամատակարարման ամբողջական գործընթացի ավարտում |
աշխատանքների ավարտը մինչև 2010 թվականը |
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից |
13. |
Բնական գազի ստորգետնյա պահեստարանի 150 մլն խոր. մ հասանելի ծավալի վերականգնումը |
գազամատակարարման հուսալիության աստիճանի բարձրացում |
աշխատանքների ավարտը 2009 թվականին Իրականացվելու է «Գազ ԴԵ Ֆրանս» ընկերության կողմից: |
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից` շուրջ 5 մլրդ դրամ |
14. |
Բնական գազի ստորգետնյա պահեստարանի ծավալի ընդլայնումը |
տարածաշրջանային էներգաշուկաների զարգացման միտումներին ներդաշնակեցում |
աշխատանքների իրականացումը մինչև 2025 թվականը Ներկայումս ընթանում են նախնական հետազոտություններ ծավալի հնարավոր և անհրաժեշտ ընդլայնման գնահատման ուղղությամբ: |
պետական աջակցությամբ «փափուկ» վարկային միջոցներ |
15. |
Ջերմամատակարարման վերականգնումը` երկրաջերմային, կենսագազի, արևային և վերականգնվող էներգիայի այլ հնարավոր ձևերի առավելագույնս օգտագործմամբ |
հանրապետության բնակչության ջերմամատակարարման կարիքների ապահովում |
աշխատանքների իրականացումը շարունակական` մինչև 2015 թվականը |
պետական սուբսիդիաներ, տնտեսական այլ արտոնություններ, պետության աջակցությամբ «փափուկ» վարկային միջոցներ, մասնավոր ներդրումներ |
16. |
Էներգախնայողություն ապահովող շարունակական բնույթ կրող միջոցառումների լայնածավալ ներդրման կազմակերպումը |
էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խթանում ՀՀ կառավարության հավանությանն արժանացած էներգախնայողության ազգային ծրագրի իրականացում |
աշխատանքների իրականացումը շարունակական` համաձայն պետական կառավարման մարմինների առաջարկների հիման վրա մշակվելիք միջոցառումների |
պետական սուբսիդիաներ, տնտեսական այլ արտոնություններ, պետության աջակցությամբ «փափուկ» վարկային միջոցներ, մասնավոր ներդրումներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |