«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1064-Ն
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ՈՒ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ճԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ՈՒ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը, հիմնական խնդիրները և գործունեության ապահովումը:
2. Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգը (այսուհետ` համակարգ) հանդիսանում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման միջոցառումների իրականացման բաղկացուցիչ մասը: Համակարգի առջև դրված խնդիրների կատարումը պարտադիր է այդ համակարգում ներառված մարմինների և կազմակերպությունների համար:
3. Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակներում համակարգի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին): Համակարգի անմիջական ղեկավարումը, ըստ գործառույթների, իրականացնում են համապատասխան վերադաս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
4. Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության իրականացման նպատակներն են`
ա) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս շրջակա միջավայրի օբյեկտների (հողի, օդի, ջրի, բուսածածկույթի, սննդամթերքի, սննդահումքի, անասնակերի) ռադիոակտիվ, քիմիական ու մանրէական աղտոտվածության ժամանակին որակական ցուցանշումը (ինդիկացիա).
բ) շրջակա միջավայրից, սննդամթերքից, անասնակերից, սննդահումքից վերցված փորձանմուշներում` լաբորատոր պայմաններում անալիտիկ մեթոդներով ռադիոակտիվ, քիմիական նյութերի ու մանրէների քանակական որոշումը, ինչպես նաև լաբորատոր փորձաքննության անցկացումն ու եզրակացության տրամադրումը.
գ) մշտական հսկողության արդյունքների հիման վրա ռադիոակտիվ, քիմիական ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներից բնակչության և գյուղատնտեսության պաշտպանության առաջնահերթ միջոցառումների անցկացումը:
5. Համակարգն ունի 3 մակարդակ`
ա) հանրապետական,
բ) մարզային,
գ) համայնքային:
Հանրապետական մակարդակը ներառում է պետական կառավարման մարմինները, նրանց ենթակա կազմակերպությունները, հիմնարկները, որոնց գործունեությունը համապատասխան ոլորտում անմիջականորեն համակարգում է լիազոր մարմինը:
Մարզային մակարդակը ներառում է մարզերում գործող մշտական հսկողության համակարգի հիմնարկները, կազմակերպությունները, որոնց գործունեությունը համակարգում են լիազոր մարմնի մարզային ստորաբաժանումները:
Համայնքային մակարդակը ներառում է համայնքներում գործող մշտական հսկողության համակարգի հիմնարկները, կազմակերպությունները, որոնց գործունեությունը համակարգում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումները:
6. Լիազոր մարմնի ստորաբաժանումները համակարգում են համակարգի գործունեությունը, հսկում են համակարգի մարմինների պատրաստականությունը և ղեկավարում դրանց աշխատանքներն արտակարգ իրավիճակներում` բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս, ինչպես նաև կազմակերպում են այդ հիմնարկների մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը:
Լիազոր մարմնի ստորաբաժանումներն ապահովում են նաև համակարգի մարմինների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների` արտակարգ իրավիճակներում գործող մասնագիտացված ստորաբաժանումների հետ:
Լիազորված մարմնի ենթակայությունից դուրս գտնվող կազմակերպությունների հետ հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով:
II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
7. Համակարգի մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են 3 ռեժիմով`
ա) ամենօրյա աշխատակարգի` խաղաղ ժամանակ, նորմալ ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի պայմաններում, մշտական հսկողությունն իրականացվում է այն խնդիրների ծավալով, որոնք սահմանվում են տվյալ հիմնարկի համար` վերադաս մարմնի կողմից: Մշտական հսկողության արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է վերադաս մարմին.
բ) բարձր պատրաստականության աշխատակարգի` ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական (համաճարակային) իրավիճակի, հիդրոօդերևութաբանական ցուցանիշների վատթարացման պայմաններում: Օդում, ջրում, հողում, բուսածածկույթում, սննդամթերքում, անասնակերում, սննդահումքում ճառագայթային, քիմիական նյութերի ու մանրէների այնպիսի քանակներ հայտնաբերելու դեպքում, որոնք գերազանցում են ֆոնային ցուցանիշները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող մանրէների հայտնաբերման դեպքում և կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների ծագման ժամանակ տեղեկություններն անհապաղ ներկայացվում են լիազոր մարմնի ստորաբաժանում և վերադաս մարմին` ըստ ենթակայության: Այնուհետև, պարբերաբար, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ զեկուցվում է կապի առկա ուղիներով: Տեղեկատվական փաստաթղթերի ձևերը և լրացման կարգը համակարգի յուրաքանչյուր մարմնի համար սահմանվում են վերադաս մարմնի կողմից և համաձայնեցվում լիազոր մարմնի հետ.
գ) լիակատար պատրաստականության աշխատակարգի` շրջակա միջավայրի օբյեկտներում, անասնակերում և սննդահումքում ճառագայթաակտիվության ֆոնային ցուցանիշների ու քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող մանրէների հայտնաբերման ժամանակ, մարդկանց և կենդանիների շրջանում վտանգավոր վարակիչ հիվանդություններով խմբակային հիվանդացման կամ այդ հիվանդությունների բռնկումների, շրջակա միջավայրի բարձր աղտոտվածության դեպքում անհապաղ տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում և վերադաս մարմին` անմիջապես կամ դեպքից ոչ ուշ, քան 2 ժամ անց` օգտագործելով համապատասխան փաստաթղթերը և կապի առկա ուղիները: Հետագա տեղեկատվությունը հաղորդվում է յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կամ ավելի հաճախ:
III. ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Համակարգում ներառվում են`
ա) լիազոր մարմնի քիմիական, ճառագայթաչափական և կենսաբանական լաբորատորիան.
բ) հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնները.
գ) «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և անասնապահական պետական տեսչությունը.
դ) «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
ե) բույսերի պաշտպանության ծառայությունները.
զ) շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը, հիդրոօդերևութաբանական ծառայությունները, կայանները և դիտակետերը.
է) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական գիտական հաստատությունները.
ը) քիմիական և մանրէաբանական արտադրության, ինչպես նաև սննդի արդյունաբերության օբյեկտների լաբորատորիաները` անկախ կազմակերպական-իրավական ձևից.
թ) ստանդարտացման և սերտիֆիկացման լաբորատորիաները.
ժ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության արտաքին դոզաչափական լաբորատորիան:
9. Համակարգում ներառվում են վերադաս և ենթակա մարմինները:
10. Վերադաս մարմինների խնդիրներն են`
ա) վարակիչ հիվանդությունների հարուցիչների և թունավորումների հայտնաբերումը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերով շրջակա միջավայրի օբյեկտների, ջրի, սննդամթերքի, անասնակերի և սննդահումքի վարակվածության որոշումը.
բ) սպառնալիքի և արտակարգ իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի, ջրի, անասնակերի, սննդահումքի քիմիական, ճառագայթային և մանրէներով վարակվածության մասին տեղեկատվության հավաքումը, ընդհանրացումն ու վերլուծությունը.
գ) համակարգի ենթակա մարմինների համար նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակումը.
դ) համակարգի ենթակա մարմինների մեթոդական ղեկավարումը` լաբորատոր հետազոտությունների բոլոր տեսակներն անցկացնելիս.
ե) մասնագետների վերապատրաստման կազմակերպումը:
Համակարգի մարմինները հանդիսանում են մշտական կամ մեկ ժամ պատրաստականության բերման ժամկետով բարձր պատրաստության օբյեկտներ:
11. Համակարգի վերադաս մարմինների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան պետական կառավարման մարմինների ներկայացմամբ` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:
12. Լիազոր մարմնի քիմիական, կենսաբանական և ճառագայթային լաբորատորիայի խնդիրներն են`
ա) համակարգի պատրաստականության վիճակի հսկումն ու նրա աշխատանքի կազմակերպամեթոդական ղեկավարումը` կապված շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի, անասնակերի, ջրի, սննդահումքի քիմիական, ճառագայթային նյութերով և մանրէներով վարակվածության դիտարկման ու լաբորատոր հսկողության անցկացման հարցերի հետ.
բ) համակարգի մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.
գ) համակարգի գործունեության համակարգումն ու փոխգործողության կազմակերպումը քիմիական, ճառագայթային նյութերի և վարակիչ հիվանդությունների հարուցիչների հսկման մեթոդների գործառական կատարելագործման խնդիրներում.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային, քիմիական նյութերով և մանրէներով վարակվածության մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծությունը և ընդհանրացումը.
ե) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի կանխատեսումը և դրա նորմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
զ) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հսկողության օպերատիվ կազմակերպումն ու իրականացումը համակարգի մարմինների ուժերով.
է) համակարգի մարմինների կողմից կիրառվող լաբորատոր հսկողության մեթոդների և միջոցների գնահատումը.
ը) մասնակցությունը միջազգային ծրագրերին.
13. Քիմիական, ճառագայթային և մանրէաբանական գիտական հաստատությունների խնդիրներն են`
ա) շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի, անասնակերի, հումքի ռադիոակտիվ վարակվածության, քիմիական նյութերով ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներով աղտոտվածության ցուցանշման (ինդիկացիա) և հայտնաբերման մեթոդների մշակումը.
բ) համակարգի վերադաս մարմիններին մեթոդական օգնության ցուցաբերումը` ճառագայթային, քիմիական նյութերով և մանրէներով վարակվածության գնահատման գործում.
գ) քիմիական, ճառագայթային և մանրէաբանական իրավիճակի գնահատման և կանխատեսման աշխատանքներին մասնակցությունը.
դ) սեփական լաբորատորիաների բազայի վրա նեղ մասնագիտացված անալիտիկ հետազոտությունների անցկացումը.
ե) մշտական հսկողության համակարգի մարմինների մասնագետների վերապատրաստումը:
14. Հիդրոօդերևութաբանական ծառայությունների (այդ թվում` ռադիացիոն մոնիտորինգի) և շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի խնդիրներն են`
ա) հանրապետության տարածքում ռադիոակտիվ ճառագայթման դոզայի և հզորության չափումները.
բ) մթնոլորտի, բաց ջրամբարների ու տեղանքի մարտական և ուժեղ ներգործող թունավոր նյութերով վարակվածության որոշումը.
գ) ճառագայթային և քիմիական վարակվածության սահմանների որոշումը.
դ) շրջակա միջավայրի օբյեկտներում ռադիոնուկլիդների տեսակարար և ծավալային ակտիվության որոշումը.
ե) մասնագետների վերապատրաստումը:
15. Հիդրոօդերևութաբանական կայանների և դիտակետերի խնդիրներն են`
ա) օդերևութաբանական հրապարակների տեղակայման վայրում ռադիոակտիվ ճառագայթման հզորության չափումների կատարումը.
բ) օդում, ջրում, հողում թունավոր նյութերի առկայության որոշումը.
գ) օդի, բաց ջրամբարների, մերձգետնյա մթնոլորտային շերտի աերոզոլային փորձանմուշները վերցնելը և հետագա հետազոտման համար վերադաս մարմին ներկայացնելը:
16. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարմինների խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոններին մեթոդագործնական օգնության ցուցաբերումը.
բ) վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով սննդահումքի, սննդամթերքի, խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների ու փորձագիտական ուսումնասիրությունների, անհրաժեշտ միջոցառումների մշակումը և իրականացումը.
գ) վարակիչ հիվանդություններով խմբակային հիվանդացման և այդ հիվանդությունների բռնկումների օջախներում սանիտարահամաճարակային հետազոտության անցկացումը.
դ) կիրառված կենսաբանական զենքի մանրէի տեսակի որոշումը.
ե) վարակիչ հիվանդությունների հարուցիչների որոշումը` շրջակա միջավայրի օբյեկտներից` սննդամթերքի, խմելու ջրի, սննդի, ինչպես նաև հիվանդ մարդկանց, և դիակներից վերցված փորձանմուշներում.
զ) հայտնաբերված մանրէների շտամների և տոքսինների նույնականացման (իդենտիֆիկացիա) անցկացումը.
է) ճառագայթային, քիմիական նյութերով և վարակիչ հիվանդությունների հարուցիչներով վարակված սննդամթերքի, խմելու ջրի, սննդահումքի սանիտարական փորձագիտական հետազոտությունների անցկացումը` տալով եզրակացություն դրանց հետագա օգտագործման պիտանիության մասին.
ը) ստուգվող օբյեկտներից վերցված փորձանմուշներում ռադիոնուկլիդների տեսակարար և ծավալային ակտիվության որոշումը.
թ) ստուգվող օբյեկտներից վերցված փորձանմուշներում քիմիական թունավոր նյութերի առկայության որոշումը:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների և տեսչության ենթակայության փորձագիտական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կապված հարցերը որոշվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
18. «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության խնդիրներն են`
ա) վարակիչ հիվանդության օջախում սանիտարահամաճարակաբանական հետախուզության անցկացումը.
բ) յուրահատուկ ցուցանշման (ինդիկացիա) արդյունքում տարբեր փորձանմուշներից ստացված միկրոօրգանիզմների շտամների ցուցանշման (ինդիկացիա) անցկացումը.
գ) բնական օջախ ունեցող հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարցերով մեթոդական օգնության ցուցաբերում.
դ) կասկածելի արդյունքների դեպքում համապատասխան կենտրոններին փորձանմուշների հանձնումը` վերջնական եզրակացության նպատակով լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար:
19. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության խնդիրներն են`
ա) կենդանիների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը.
բ) վարակիչ հիվանդություններով կամ նյութափոխանակման խախտումների և օրգանիզմի գործունեության այլ շեղումների հետ կապված հիվանդություններով հիվանդ կենդանիների հայտնաբերումը.
գ) կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը.
դ) կենդանական ծագման մթերքի (միս, կաթ, ձու, մեղր, պահածոներ) և հումքի, անասնակերից ու հողից վերցված նմուշների փորձաքննության կազմակերպումը.
ե) օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով բեռների փոխադրումների ժամանակ անասնաբուժասանիտարական պահանջների ապահովումը.
զ) ենթակա մարմիններին մեթոդական օգնության ցուցաբերումը:
20. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային ներկայացուցչությունների, սահմանային հսկիչ անասնաբուժական կետերի, տրանսպորտային անասնաբուժասանիտարական տեղամասերի հետ կապված հարցերը որոշվում են վերադաս մարմնի կողմից:
21. Բույսերի պաշտպանության ծառայության խնդիրներն են`
ա) գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների զարգացման ախտորոշումը.
բ) գյուղատնտեսական մշակաբույսերի բուժասանիտարական վիճակի կանխատեսումը.
գ) բույսերի պաշտպանության նպատակով առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.
դ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունը.
ե) բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս իրավաբանական և ֆիզիկական անձանց աջակցելը.
զ) գյուղահողատեսքերի, մթերքի և ջրի թունաքիմիկատներով վարակվածության որոշումը:
22. Բույսերի պաշտպանության ծառայության մարզային ներկայացուցչությունների հետ կապված հարցերը որոշվում են վերադաս մարմնի կողմից:
23. Քիմիական և մանրէաբանական արտադրության, ինչպես նաև սննդի արդյունաբերության օբյեկտների լաբորատորիաների խնդիրներն են`
ա) օբյեկտի տարածքում գտնվող ջրամբարներում թունավոր նյութերի հայտնաբերումը.
բ) օբյեկտի արտադրանքում, հումքում թունավոր նյութերի և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերումը և որոշումը.
գ) տարբեր փորձանմուշներում թունավոր նյութերի առկայության որոշումը.
դ) փորձանմուշներ վերցնելը և համապատասխան վերադաս մարմիններ ուղարկելը` հետագա հետազոտությունների համար:
24. Համակարգի մարմինները պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը`
ա) հիմնարկի կանոնադրություն,
բ) հաստիքացուցակ,
գ) պատրաստության բերման և ռազմական դրության անցման պլաններ,
դ) նախապատրաստման և զարգացման պլան,
ե) անձնակազմի ազդարարման սխեմա,
զ) մասնագետների գործառական պարտականություններ,
է) մարդկանց, կենդանիների և բույսերի հատուկ վտանգավոր հիվանդությունների ցանկ,
ը) քիմիական արդյունաբերության օբյեկտներում օգտագործվող ուժեղ ներգործող թունավոր նյութերի ցանկ,
թ) քիմիական, ճառագայթային և կենսաբանական հետախուզության անցկացման հրահանգ,
ժ) շրջակա միջավայրի աղտոտվածության մասին ազդարարման կարգ,
ժա) տեղեկատվության հաղորդման կարգ,
ժբ) շրջակա միջավայրից փորձանմուշներ վերցնելու կարգ,
ժգ) թունավոր նյութերի, ճառագայթային միջոցների և մանրէների հայտնաբերման մեթոդներ,
ժդ) օդում, ջրում, հողում, սննդամթերքում, անասնակերում թունավոր նյութերի, ռադիոակտիվ նյութերի թույլատրելի քանակների նորմատիվներ,
ժե) վերահսկվող տարածքի քարտեզ` համապատասխան քիմիական, ճառագայթային ու մանրէաբանական իրադրության (հնարավոր իրադրության) նշման համար,
ժզ) քիմիական, ճառագայթային ու մանրէաբանական իրադրության հետախուզության և դիտարկման մատյան,
ժէ) աշխատանքի անվտանգության հրահանգ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |