Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2013-19.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.02/10(454) Հոդ.88
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.02.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 փետրվարի 2013 թ. 

ք. Երևան

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՐՅԱՆ ՎԵՐՑՄԱՆ, ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) արյան հավաքման դեպքում բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ քանակությամբ արյան վերցման, պիտակավորման և հետազոտության ուղարկելու կարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) արտագնա պայմաններում դոնորական արյան հավաքման պահանջները` համաձայն Հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի փետրվարի 8-ի

N 07-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՐՅԱՆ ՎԵՐՑՄԱՆ, ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կարգավորում է դոնորական արյան հավաքման դեպքում բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ քանակությամբ արյան վերցման, պիտակավորման և հետազոտության ուղարկելու հետ կապված հարաբերությունները:

2. Դոնորական արյան հավաքումն իրականացվում է արյան դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպություններում, ինչպես նաև արտագնա պայմաններում` դոնորական արյան բաղադրամասերի պահանջարկը բավարարելու և պաշարների համալրման նպատակով, սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված պահանջների համաձայն:

3. Դոնորական արյան հավաքումը, արյան բաղադրամասերի անջատումը ֆիզիկական մեթոդներով իրականացվում է ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 811-Ն որոշման համաձայն:

4. Ամբողջական արյան վերցման (այսուհետ` արյունատվություն) գործընթացը դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) բուժաշխատողի կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորական արյան հավաքման մատյանը, ստուգվում է արյան հավաքման համար նախատեսված պարկերի պիտանելիությունը (դեֆեկտների կամ հակամակարդիչ լուծույթի տեսանելի փոփոխության առկայության դեպքում խոտանվում է համակարգը սահմանված կարգի համաձայն,) պարկերի պիտակների վրա նշվում է դոնորական արյան հավաքման մատյանի կարգահամարը, դոնորի անունը, ազգանունը, արյունատվության օրը, ամիսը, տարին,

2) բուժաշխատողի կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված փորձանոթների գրանցման մատյանը, փորձանոթների վրա` փորձանոթների գրանցման մատյանի կարգահամարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորական արյան հետազոտությունների իրականացման ուղեգիրը,

3) արյան հավաքման պարկերի պիտանելիության ժամկետի և ամբողջականության կրկնակի ստուգումից հետո, բուժաշխատողի կողմից ընդհանուր խողովակի վրա կապվում է երկու թույլ հանգույցներ հակամակարդիչ լուծույթ պարունակող պարկից 15 և 25 սանտիմետր հեռավորության վրա (հանգույցների միջև խողովակի երկարությունը` 10 սանտիմետր է),

4) հակամակարդիչ լուծույթ պարունակող պարկը տեղադրվում է կշեռք-ճոճանակի վրա` արյան ծավալը հսկելու և պարկի մեջ պարունակվող հակամակարդիչ լուծույթն արյան հետ հավասարաչափ խառնելու համար,

5) դոնորին առաջարկվում է օճառով լվանալ իր արմնկային ծալքերը, ընտրվում երակը և ծակման տեղից 10 սանտիմետր բարձր դրվում և ձգվում է լարանը,

6) ընտրված երակի 4 սանտիմետր և ավելի մաշկի տարածքը մշակվում է հականեխիչ լուծույթով` երկու անգամ 30 վայրկյան ընդմիջումով, երակը ծակվում է համակարգի ընդհանուր խողովակի ասեղով,

7) հավաքվում է պարկի պիտակի վրա նշված քանակի արյուն, ձգվում է նախապես դրված հանգույցները, փորձանոթի (վակուտայներ) մեջ հավաքվում է 10 միլիլիտր արյուն հետազոտությունների իրականացման համար և կտրվում է խողովակը վերին հանգույցից 1,5-2 սանտիմետր վեր, հեռացվում է ասեղը, կետածակման տեղում դրվում է մանրէազերծ խծուծ և ճնշող վիրակապ` բացատրելով դոնորին, որ ճնշող վիրակապը պետք է թողնել երկու ժամից ոչ պակաս,

8) արյան պարկը վերցվում է կշեռքից և դրվում ցենտրիֆուգայի բաժակի մեջ՝ դեմ առ դեմ գտնվող բաժակները պետք է հավասարակշռված լինեն (հստակորեն հավասարակշռված բաժակների առկայությունը լավացնում է արյան բաժանումը) և ցենտրիֆուգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի թիվ 811-Ն որոշմամբ սահմանված կարգով,

9) արյան պարկը հանվում է ցենտրիֆուգայից և տեղադրվում պլազմաբաժանիչի (պլազմաէքստրակտորի) մեջ՝ խուսափելով կտրուկ շարժումներից արյուն պարունակող պարկը տեղափոխելու ժամանակ, որպեսզի չխախտվի պլազմայի և բջիջների անջատման սահմանը,

10) կապվում է երկու թույլ հանգույց արյան պարկից դեպի դատարկ պարկը տանող խողովակի վրա` մեկը արյան պարկին մոտ, մյուսը` դատարկ պարկին մոտավորապես 10 սանտիմետր հեռավորության վրա, զգուշությամբ պլազման տեղափոխվում է դատարկ պարկի մեջ թողնելով 1.0 սանտիմետր պլազմայի շերտ էրիթրոցիտային զանգվածի վրա, պլազմայի անհրաժեշտ ծավալը ստանալուց հետո ձգվում են նախապես դրված թույլ հանգույցները և հեռացվում էրիթրոցիտային զանգված պարունակող պարկը պլազմաբաժանիչից, խողովակը կտրվում է երկու կողմից հանգույցներին մոտ (խողովակների փակման համար կարող են օգտագործվել այլ միջոցներ, որոնք կիրառվում են ըստ արտադրող հիմնարկների հրահանգների):

5. Արյան հետազոտությունների իրականացման համար դոնորական արյան փորձանմուշներն ուղարկվում են համապատասխան լաբորատորիաներ դոնորական արյան հետազոտությունների իրականացման ուղեգրի, դոնորի բժշկական թերթիկ/ակտիվ դոնորի բժշկական քարտի հետ միասին: Փորձանմուշները մինչ լաբորատորիա ուղարկելը պահպանվում են սառնարանում +2 +60C ջերմաստիճանում: Փորձանմուշները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի N 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների համաձայն:

6. Մինչ հետազոտությունների արդյունքների ստացումը արյան բաղադրամասերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգի համաձայն:

7. Եթե հետազոտման արդյունքները թույլ են տալիս համարել դոնորական արյունն օգտագործման համար պիտանի, պատասխանատու բժիշկը լրացնում և ստորագրում է էրիթրոցիտային զանգվածի և պլազմայի պարկերի վրա փակցվող լրացուցիչ պիտակները, որոնց վրա նշվում են հետևյալ տվյալները`

1) արյան բաղադրամասը պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը,

2) արյունատվության համարը,

3) խմբային և ռեզուս պատկանելիությունը,

4) բաղադրամասի անվանումը և քանակը,

5) պատրաստման ամսաթիվը,

6) պիտանիության ժամկետը,

7) պատասխանատու բժշկի ազգանունը և ստորագրությունը:

8. Եթե հետազոտման արդյունքները թույլ չեն տալիս համարել դոնորական արյունն օգտագործման համար պիտանի, այդ դոնորական արյունից ստացված բաղադրամասերը ենթարկվում են խոտանման սահմանված կարգի համաձայն:

9. Արյան բաղադրամասերը ստացվում են նաև դոնորական աֆերեզի (պլազմաֆերեզ, թրոմբոֆերեզ) միջոցով:

10. Դոնորական պլազմաֆերեզը գործընթաց է, որի ժամանակ ամբողջական արյունից ստանում են պլազմա` վերադարձնելով դոնորին արյան ձևավոր տարրերը: Պլազմայի հեռացված ծավալը լրացվում է 0.9% նատրիում քլորիդի լուծույթով:

11. Ընդհատվող եղանակով դոնորական պլազմաֆերեզի գործընթացը՝

1) հեղուկների ներարկման համար նախատեսված համակարգով ծակվում է 0.9% նատրիում քլորիդի (տաքացված մինչև մարմնի ջերմաստիճանը) լուծույթի պարկը և հեռացնելով օդը` խողովակը լցվում է լուծույթով,

2) արյան հավաքման համար նախատեսված ամեն պարկի վրա գրվում է դոնորի անուն-ազգանունը և առաջարկվում է, որ վերջինս ստորագրի պարկերի վրա,

3) արյան հավաքման գործընթացը իրականացվում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն,

4) արյան բաղադրամասերի անջատման ընթացքում դոնորին ներարկվում է նախապես պատրաստված ֆիզիոլոգիական լուծույթը՝ առաջին 5 րոպեների ընթացքում ֆիզիոլոգիական լուծույթը ներարկվում է արագ կաթիլներով, հետագայում` րոպեում 30-40 կաթիլ,

5) արյան բաղադրամասերի անջատումից հետո դոնորի անուն-ազգանունով և ստորագրությամբ նշագրված էրիթրոցիտային զանգվածի պարկը ցույց է տրվում դոնորին, որպեսզի նա համոզվի, որ նրան փոխներարկվում է իր սեփական էրիթրոցիտային զանգվածը, էրիթրոցիտային զանգված պարունակող պարկի մեջ ավելացվում է 100 միլիլիտր ֆիզիոլոգիական լուծույթ (ռեոլոգիական հատկությունը լավացնելու համար) և զգուշությամբ խառնվում է պարկի պարունակությունը, ծակվում է պարկն արյան փոխներարկման համար նախատեսված համակարգով, համակարգը լցվում է էրիթրոցիտային զանգվածով և այն միացվում է ընդհանուր խողովակին, նախապես մշակելով այդ հատվածը ախտահանիչ լուծույթով: Ֆիզիոլոգիական լուծույթի համակարգը փակվում է և կրկնակի նույնականացում կատարելուց հետո բացվում է էրիթրոցիտների ուղին, կատարվում է կենսաբանական փորձը և արյան անհամատեղելիության կլինիկական նշանների բացակայության դեպքում փոխներարկումը շարունակվում է,

6) էրիթրոցիտային զանգվածի փոխներարկումից հետո կարելի է սկսել ամբողջական արյան երկրորդ պարկի հավաքումը:

12. Չընդհատվող աֆերեզի եղանակով (պլազմաֆերեզ, թրոմբոֆերեզ) արյան բաղադրամասերի ստացումն իրականացվում է ավտոմատ սարքերի միջոցով՝ սարքի օգտագործման ուղեցույցի համաձայն:

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի փետրվարի 8-ի

N 07-Ն հրամանի

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ԱՐՏԱԳՆԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ

 

1. Արտագնա պայմաններում դոնորական արյան հավաքումն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

1) երկու բժիշկ,

2) երեք բուժքույր,

3) կրտսեր բուժաշխատող,

4) վարորդ:

2. Աշխատանքային խմբի թիվը կարող է փոփոխվել կապված նախատեսվող արյունատվության ծավալից:

3. Դոնորական արյան հավաքումն իրականացվում է արյան հավաքման շարժական կայանում (մասնագիտացված ավտոմեքենա, որը հագեցված է սույն պահանջների 5-րդ կետով նախատեսված սարքավորումներով, նյութերով և պարագաներով) կամ տարածքում, որտեղ հնարավոր է կազմակերպել դոնորի ընտրություն/զննումը, փաստաթղթերի ձևակերպումը և արյունատվությունը, ընդ որում դոնորների ընտրության/զննման տարածքը պետք է լինի առանձնացված:

4. Հատկացված տարածքը պետք է լինի մաքուր, լուսավոր, ջեռուցվող, ապահովված լինի հոսող ջրով, էլեկտրական հոսանքով:

5. Հատկացված տարածքում արյունատվության կազմակերպման համար անհրաժեշտ են՝

1) սարքավորումներ` կշեռք-ճոճանակ, զոդիչ, +2+60 C ջերմաստիճան ապահովող ջերմամեկուսիչ արկղեր (կոնտեյներներ), դոնորական բազկաթոռ (ծալվող) կամ բժշկական թախտ, ավտոնոմ էլեկտրամատակարարման սարք, հեմոգլոբինը որոշելու սարք,

2) նյութեր` հականեխիչ լուծույթ, սպիրտ, հակաշոկային դեղեր, բամբակ, բինտ, բախիլներ,

3) պարագաներ` արյան հավաքման պարկեր, փորձանոթներ, լարան, սավաններ, ծածկոց:

6. Արյան հավաքման պահից մինչև արյան մշակումը (արյան բաղադրամասերի ստացումը) ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 6 ժամը:

7. Դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով տրվող սնունդ (2000-2200 կիլոկալորիա) յուրաքանչյուր դոնորի հաշվարկով:

8. Աշխատանքային խմբի, սարքավորումների, նյութերի և պարագաների տեղափոխման համար փոխադրամիջոց:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.02.2022, N 08-Ն 19.02.2022, N 07-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան