ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1589(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 29.06.2007 թվականի թիվ Տ-1311 վճռի դեմ՝ ըստ «Ատոմսերվիս» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) դիմումի ընդդեմ ծառայության՝ ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ ընկերությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ծառայության 27.07.2006 թվականի թիվ 1014401 ստուգման ակտի 15-րդ կետը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.06.2007 թվականի վճռով ընկերության դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ընկերությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասը և 244-րդ հոդվածի 5-րդ կետը, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել «Առողջության համար վնասակար աշխատանքներ և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.12.2003 թվականի թիվ 1907-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ՀՀ աշխատանքային տեսչության գրությունն այն մասին, որ ընկերության կողմից իրականացված աշխատանքները չեն հանդիսանում աշխատանքի վնասակար պայմաններ կամ առանձնապես ծանր ու վտանգավոր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է ավելի բարձր տարիֆային դրույքով, քան նորմալ պայմաններում: Վճարման չափը որոշվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:
«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում գործատուների կողմից աշխատողներին տրվում են հավելումներ՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով և չափերով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50 տոկոսի չափով:
Նշված նորմերը վերաբերում են աշխատանքային նորմալ պայմաններից շեղումների դեպքերին, իսկ Հայկական ատոմակայանում սարքավորումների տեղադրման, կարգավորման և փորձարկման աշխատանքներ կատարելը չի կարող դիտվել շեղում աշխատանքի նորմալ պայմաններից, քանի որ ՀՀ կառավարության 11.12.2003 թվականի թիվ 1907-Ն որոշմամբ հաստատված «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ցանկում» նշված աշխատանքները նախատեսված չեն: Հետևաբար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասը և 244-րդ հոդվածի 5-րդ կետը, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սույն գործով կիրառելի չեն:
2) Դատարանը խախտել է ՀՀ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերությունները:
Ի հիմնավորումն այս պնդման՝ բողոք բերած անձն իրավական փաստարկներ չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 29.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության աշխատակիցները 07.07.2006 թվականից մինչև 27.07.2006 թվականը ընկերությունում կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:
2) Ստուգման արդյունքում 27.07.2006 թվականին կազմվել է թիվ 1014401 ակտը, որով շահութահարկի և պարտադիր սոցիալական վճարների գծով արձանագրվել են խախտումներ և ընկերությանն առաջադրվել է վճարման համպատասխանաբար 3.910.000 և 8.270.300 դրամի հարկային պարտավորություններ՝ ներառյալ նշանակված տույժերն ու տուգանքները, ընդամենը՝ 12.180.400 ՀՀ դրամ:
3) Ընկերության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ «Հայկական ԱԷԿ» թիվ 2 էներգաբլոկի 2-րդ կոնտուրի համակարգերի նորմալ շահագործման ջերմային փորձարկումներ, «Հայկական ԱԷԿ» թիվ 2 բլոկի հերմետիկ շինությունների համակարգերի փորձարկումների անցկացում, «Հայկական ԱԷԿ» թիվ 2 էներգաբլոկի էլեկտրիֆիկացման ամրակների հաղորդակների հարմարաբերում, «Հայկական ԱԷԿ» թիվ 2 էներգաբլոկի 2-րդ կոնտուրի համակարգերի սարքավորումների և խողովակաշարերի ջերմային մեկուսացման փորձարկման և անձնագրավորման անցկացում:
4) Նշված աշխատանքների կատարումը ստուգողների կողմից դիտվել է որպես նորմալ աշխատանքային պայմաններից շեղումներ և այդ հիմքով արձանագրվել են խախտումներ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի առաջին հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ աշխատանքային տեսչությունը հայտնել է, որ ՀՀ կառավարության 11.12.2003 թվականի թիվ 1907-Ն որոշման մեջ ընդգրկված աշխատանքների համար նախատեսված իրավունքից օգտվում են միջուկային ռադիացիոն անվտանգության տեսչության և էներգետիկայի աշխատողները, իսկ 11.08.2005 թվականի թիվ 1384-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածում ընդգրկված աշխատանքների համար նախատեսված վնասակարության հավելում ստանալու իրավունքից օգտվում են միայն ԱԷԿ-ի աշխատողները, որոնց կողմից աշխատանքային օրվա ընթացքում կատարած աշխատանքների ամբողջ ծավալը ընդգրկում է նրանց հիմնական աշխատաժամանակը: Գործում առկա սույն փաստաթուղթը Դատարանի կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 244-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է ավելի բարձր տարիֆային դրույքով, քան նորմալ պայմաններում կատարված աշխատանքի համար: Վճարման չափը որոշվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:
Նույն օրենսգրքի 244-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները, մասնավորապես աշխատողների համար ապահովել առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները:
«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում գործատուների կողմից աշխատողներին տրվում են հավելումներ՝ նույն օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով և չափերով:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատողներին հավելումների կամ աշխատանքի վարձատրությունը ավելի բարձր տարիֆային դրույքով վճարելու նախապայման է հանդիսանում աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայությունը:
Սույն գործի փաստերի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության աշխատողների կողմից իրականացված աշխատանքների վնասակար կամ դրանց իրականացման ընթացքում աշխատանքային պայմանների նորմալ աշխատանքային պայմաններից շեղումների առկայության հանգամանքը ոչ ստուգման ակտում և ոչ էլ սույն գործի դատաքննությամբ չի ապացուցվել:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 11.12.2003 թվականի թիվ 1907-Ն որոշմամբ հաստատված ցանկում այդ աշխատանքները ուղղակի նշված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել այդ որոշման պահանջները:
2) Բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձն ի հիմնավորումն իր պնդման որևէ իրավական փաստարկ չի ներկայացրել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ տնտեսական դատարանի 29.06.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 29.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |