Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2003-01.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերը և վճարման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ապահովադիր՝ սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:

 

Հոդված 2.

Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  II


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3.

Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

 

1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք՝ իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները).

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5.Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:

(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 26.12.00 ՀՕ-132, խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 4.

Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 26.12.00 ՀՕ-132, խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  III


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5.

Սոցիալական վճարների դրույքաչափերը

 

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 20,000 դրամ 5,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ 5,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
100,000 դրամից ավելի 17,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները: 

3. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4. (մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար՝ գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց., խմբ. 06.07.00 ՀՕ-74, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-132, խմբ., լրաց. 02.04.02 ՀՕ-319, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 6.

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

1.Գործատուները սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են վճարում ամսական եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. (մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 25-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հայտարարագրի ձևը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

4. Գործատուն յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն: Հաշվետվության ձևը, լրացման կարգը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0.15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում գործատուն վճարում է սոցիալական վճար` նրա մոտ տվյալ պահին ձևավորված միջին աշխատավարձի նկատմամբ սույն օրենքի համաձայն հաշվարկված սոցիալական վճարի 12-ապատիկի չափով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով: Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի և հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:

9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

(6-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266,  լրաց. 06.07.00 ՀՕ-74,  խմբ., փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-132, լրաց., փոփ. 02.04.02 ՀՕ-319, փոփ., խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-499-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 7.

Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին վերադարձնելու կարգը

 (վերնագիրը խմբ.14.12.98 ՀՕ-266)

 

Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ` առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին` դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ` վերադարձման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:

(7-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266,  փոփ. 26.12.00 ՀՕ-132)

 

 

Գ Լ ՈՒ Խ  IV


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 8.

Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովում է լիազորված մարմինը, որը կուտակված միջոցները, մինչև պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը, ուղղում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը:

Սոցիալական վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող լիազորված մարմնի տարեկան բյուջեն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.04.02 ՀՕ-319)

 

 

Հոդված 9.

Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է`

ա) գործատուների վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները), ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց մոտ` սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

ե) պետական գրանցում ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ:

(9-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266,  լրաց. 06.07.00 ՀՕ-74, լրաց., փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  V


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

 

Հոդված 10.

Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

 

1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:

(10-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 11.

Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.

գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`

ա) գրանցվել և հաշվառվել լիազորված մարմնում.

բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Գործատուի և անհատ ձեռներեցի (ձեռնարկատիրոջ) կողմից հաշվապահական հաշվառում չվարելը կամ այնպիսի խախտումներով վարելը կամ սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ սոցիալական վճարների հիմք համարվող այլ փաստաթղթերում այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք առաջացրել են կամ կարող էին առաջացնել սոցիալական վճարների նվազեցում կամ անհնար են դարձնում սոցիալական վճարների չափի հաշվարկը, ապա գանձման ենթակա սոցիալական վճարների չափը սահմանվում է նախորդ հավասար ժամանակահատվածի սոցիալական վճարների կրկնապատիկի չափով, իսկ խախտում թույլ տված անձինք ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 12.

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման կարգը

 

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(12-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 13.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը լրաց.14.12.98 ՀՕ-266)

 

Գ Լ ՈՒ Խ  VI


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 14.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(հոդվածը համարվել է 14-րդ` 14.12.98 ՀՕ-266)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-179