Գլխավոր տեղեկություն
Համար
N 1763-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 13.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1763-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.03.24 N 447-Լ)

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 28.03.24 N 447-Լ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.

2) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.

4) ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2023 թվականի նոյեմբերի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։

(3-րդ կետը փոփ. 07.12.23 N 2142-Լ)

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ հիմնադրամի միջոցով ապահովել տվյալների փոխանակումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանի հետ, իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, սակայն տվյալ աջակցության համար դիմելու իրավունք ունեցող անձանց, սույն որոշման շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու համար, օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական:

(4-րդ կետը փոփ. 17.11.23 N 2002-Լ)

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), իսկ տրված տվյալների փոփոխությունները՝ հետագա ամիսների ընթացքում՝ առնվազն շաբաթական պարբերականությամբ՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը։

(5-րդ կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ, լրաց., փոփ. 28.03.24 N 447-Լ)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։

(6-րդ կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ)

7. (կետն ուժը կորցրել է 07.12.23 N 2142-Լ)

8. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

9. Սույն որոշման 8-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 28.03.24 N 447-Լ)

1. Սույն միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.02.24 N 299-Լ)

4) հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց:

(1-ին կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ, 17.11.23 N 2002-Լ, փոփ. 29.02.24 N 299-Լ, լրաց. 28.03.24 N 447-Լ, փոփ. 10.10.24 N 1608-Լ)

2. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, ամիսների համար։

(2-րդ կետը փոփ. 28.03.24 N 447-Լ)

2.1․ Մինչև 18 տարեկան երեխան սույն միջոցառման շահառու է, եթե նրան դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում է միջոցառման շահառու։

(2.1-ին կետը լրաց. 28.03.24 N 447-Լ)

3. Սույն միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխայի համար ամսական դրամական աջակցությունը տրամադրվում է նրա ծնողին կամ խնամակալին կամ հոգաբարձուին (այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող): Ընդ որում, եթե երեխան ծնվել է մինչև ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը, ապա երեխայի համար դիմելու (դիմումը խմբագրելու) դեպքում՝ դիմելու օր է դիտարկվում ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը։

(3-րդ կետը լրաց. 29.02.24 N 299-Լ)

4. Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք չունեցող շահառուի դեպքում, բացառությամբ սույն կետի 1.1-ին ենթակետի՝ 50000 դրամ.

1.1) սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 50000 դրամ նաև այն դեպքերում, երբ շահառուն Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից․

2) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող շահառուի դեպքում՝ 10000 դրամ:

(4-րդ կետը լրաց. 29.02.24 N 299-Լ, խմբ., փոփ. 28.03.24 N 447-Լ)

(հավելվածը լրաց. 09.11.23 N 1943-Լ, 17.11.23 N 2002-Լ, փոփ., լրաց. 29.02.24 N 299-Լ, փոփ., լրաց., խմբ. 28.03.24 N 447-Լ, փոփ. 10.10.24 N 1608-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 28.03.24 N 447-Լ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 28.03.24 N 447-Լ)

2. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձինք չեն հանդիսանում սույն միջոցառման շահառու։

(2-րդ կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ, 17.11.23 N 2002-Լ, փոփ. 29.02.24 N 299-Լ, լրաց. 28.03.24 N 447-Լ, փոփ. 10.10.24 N 1608-Լ)

3. Ամսական դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

4. 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ամսական դրամական աջակցությունը վճարվում է (անձի տվյալները ներառվում են վճարման նախնական ցուցակ) անկախ անձի համար դիմում ներկայացված լինելու կամ անձի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվելու հանգամանքից։

(4-րդ կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ)

5. Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար շահառուն ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

2) իր կամ իր խնամակալության տակ գտնվող մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ անչափահաս շահառու) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) և

ա. եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ անչափահաս շահառուի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը կամ հոգաբարձուն,

բ. անչափահաս շահառուի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն.

3) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում վճարային քարտ չունենալու կամ վճարային քարտի փոփոխության դեպքում.

5) փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).

6) փաստացի բնակության վայրի հասցեն։

(5-րդ կետը փոփ 07.12.23 N 2142-Լ, 29.02.24 N 299-Լ, խմբ. 28.03.24 N 447-Լ)

6. Դիմումով ներկայացված տվյալներն առցանց ռեժիմում համեմատվում (համադրվում) են բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման տվյալների հետ, և մերժվում կամ հաշվառվում կամ հաստատվում է դիմումը։

7. (կետն ուժը կորցրել է 07.12.23 N 2142-Լ)

8. Դիմումը մերժվում է այն անձի մասով, ում՝

1) տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

3) տվյալներն առկա չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության միջոցառում) շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում.

4) տվյալներն առկա են միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում, սակայն ժամանակավոր բնակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձ։

(8-րդ կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ, 17.11.23 N 2002-Լ, փոփ. 07.12.23 N 2142-Լ, 29.02.24 N 299-Լ, փոփ., խմբ. 28.03.24 N 447-Լ, փոփ. 10.10.24 N 1608-Լ)

9. Դիմումը մերժվում է դիմումով ներկայացված այն անձի համար, ում համար առկա է սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը։

(9-րդ կետը փոփ. 07.12.23 N 2142-Լ)

10. Դիմումը հաշվառվում է, իսկ դրանով ներկայացված անձանց տվյալները (ում համար առկա չէ սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը) ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ։ Դիմումը չի հաշվառվում, եթե դրանով ներկայացված բոլոր անձանց համար առկա է սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը։

(10-րդ կետը փոփ. 07.12.23 N 2142-Լ)

11. (կետն ուժը կորցրել է 07.12.23 N 2142-Լ)

12. Ծառայությունը դիմումով ներկայացված՝

1) անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում անչափահաս շահառուի մասով դիմումը մերժվում է։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ.

2) անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու (խնամակալ (հոգաբարձու) ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ, հակառակ դեպքում՝ անչափահաս շահառուի մասով դիմումը մերժվում է։

(12-րդ կետը փոփ. 07.12.23 N 2142-Լ, 28.03.24 N 447-Լ)

13. (կետն ուժը կորցրել է 07.12.23 N 2142-Լ)

14. (կետն ուժը կորցրել է 07.12.23 N 2142-Լ)

15. (կետն ուժը կորցրել է 07.12.23 N 2142-Լ)

16. Դիմումը մերժելու կամ հաշվառելու կամ հաստատելու մասին անմիջապես ինքնաշխատ էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։

17. Դիմումը հաշվառելու դեպքում տվյալ դիմումով ներկայացված շահառուների տվյալները, սույն կարգի 8-րդ կետի հաշվառմամբ, ներառվում են տվյալ ամսվա վճարման նախնական ցուցակ, եթե համադրման օրվա դրությամբ անձը չի հանդիսանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձ։ Հակառակ դեպքում անձի տվյալները չեն ներառվում վճարման նախնական ցուցակ։

(17-րդ կետը լրաց. 09.11.23 N 1943-Լ, 17.11.23 N 2002-Լ, փոփ. 07.12.23 N 2142-Լ, 29.02.24 N 299-Լ, լրաց. 28.03.24 N 447-Լ, փոփ. 10.10.24 N 1608-Լ)

18. Սույն կարգի 17-րդ կետով, իսկ հոկտեմբեր ամսվա համար՝ 4-րդ կետով սահմանված կարգով վճարման նախնական ցուցակ ներառված անձանց տվյալները հիմնադրամն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ այդ անձանց սահմանահատման վերաբերյալ տվյալներ ստանալու համար։

(18-րդ կետը փոփ. 28.03.24 N 447-Լ)

19. Սահմանահատման վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո վճարման նախնական ցուցակ ներառած շահառուների տվյալները համեմատվում (համադրվում) են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման և անշարժ գույքի պետական ռեգիստրի տվյալների հետ, և շահառուների տվյալները (անչափահաս շահառուի դեպքում՝ նաև ծնողի տվյալները) ներառվում են վճարման ցուցակ։

(19-րդ կետը փոփ. 28.03.24 N 447-Լ)

20. Դիմումը մերժվում է՝

1) այն անձի մասով, ում մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

2) այն անձի մասով, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում:

3) (ենթակետն ուժը կորցրել է 28.03.24 N 447-Լ)

(20-րդ կետը լրաց. 07.12.23 N 2142-Լ, փոփ. 29.02.24 N 299-Լ, 28.03.24 N 447-Լ)

21. Դիմումը մերժվելու դեպքում՝ ներկայացվում է նոր դիմում, իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց դեպքում՝ սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից, բացառությամբ սույն կարգի 21.1-ին կետով սահմանված դեպքի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու չհանդիսացող անձանց դեպքում՝ սկսած 2024 թվականի ապրիլ ամսվանից, բացառությամբ սույն կարգի 21.1-ին կետով սահմանված դեպքի։

(21-րդ կետը լրաց. 07.12.23 N 2142-Լ, փոփ. 29.02.24 N 299-Լ, խմբ. 28.03.24 N 447-Լ)

21.1․ Ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում: Ընդ որում, սույն կետով սահմանված շահառուների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բացակայության սկիզբը և ավարտը) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինը՝ շահառուի համաձայնությունը ստանալուց հետո։

(21.1-ին կետը լրաց. 07.12.23 N 2142-Լ, փոփ. 21.12.23 N 2295-Լ, խմբ. 29.02.24 N 299-Լ, լրաց. 10.10.24 N 1608-Լ)

22. Սույն միջոցառման շրջանակներում ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերի) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող շահառուին և նրա ընտանիքի անդամներին (ամուսին, անչափահաս երեխա)՝ 10000 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերի) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք չունեցող շահառուին՝ 50000 դրամի չափով։

(22-րդ կետը փոփ. 29.02.24 N 299-Լ, լրաց. 28.03.24 N 447-Լ)

23. Ամսական դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 2 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ շահառուի վճարային քարտի բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրել է շահառուի վճարային քարտի վերաբերյալ տվյալներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանին չբավարարելու դեպքում։

(23-րդ կետը խմբ. 17.11.23 N 2002-Լ, լրաց. 28.03.24 N 447-Լ)

23.1. Ամսական դրամական աջակցությունը կանխիկ եղանակով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայփոստ) միջոցով վճարվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ չվճարված գումարը Հայփոստը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը:

(23.1-ին կետը լրաց. 17.11.23 N 2002-Լ)

24. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում շահառուն կարող է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական ստանալու համար:

(24-րդ կետը փոփ. 17.11.23 N 2002-Լ)

25. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

26. Շահառուն պարտավոր է ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն (այդ թվում՝ նաև անչափահաս շահառուին նշանակելը մերժելուն): Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավել վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը՝ ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները՝ առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր։

(27-րդ կետը լրաց. 21.12.23 N 2295-Լ, փոփ. 28.03.24 N 447-Լ)

28. Ծառայությունը սույն կարգի 27-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար։

(28-րդ կետը լրաց. 21.12.23 N 2295-Լ)

29. Ծառայությունը սույն կարգի 28-րդ կետի համաձայն՝ համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին՝ մերժված դիմումները հաստատելու համար։

(29-րդ կետը լրաց. 21.12.23 N 2295-Լ)

(հավելվածը լրաց. 09.11.23 N 1943-Լ, փոփ., խմբ., լրաց. 17.11.23 N 2002-Լ, փոփ., լրաց. 07.12.23 N 2142-Լ, 21.12.23 N 2295-Լ, փոփ., խմբ. 29.02.24 N 299-Լ, փոփ., լրաց., խմբ. 28.03.24 N 447-Լ, փոփ., լրաց. 10.10.24 N 1608-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ